ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1173-Ն
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման բնագավառի հասարակական հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկերում ընդգրկված, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի (այսուհետ` պետական լիազոր մարմին) մասնագիտական խորհրդի կողմից ճանաչված ոչ նյութական մշակութային արժեքներին, որոնք ենթակա են ընդգրկվելու նշված պետական ցանկերում:
II. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
3. Պետական լիազոր մարմինը ոչ նյութական մշակութային արժեքների հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պետական ցանկերի (այսուհետ` պետական ցանկեր) տվյալների արդիականացման, ճշգրտման, լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային գիտարշավներ` համակարգված կերպով ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի ու բնակավայրերի տարածքները:
4. Արշավախմբի կազմում ընդգրկվում են անհրաժեշտ բնագավառների համապատասխան մասնագետներ` ազգագրագետներ, բանագետներ, երաժշտագետներ, պարագետներ, ժողովրդական արհեստագործության և ժողովրդական ստեղծագործության մասնագետներ, լուսանկարիչներ, նկարահանող օպերատորներ: Արշավախմբին մասնակցելու համար ընտրվում են այն մասնագետները, ովքեր ուսումնասիրել (ուսումնասիրում) և համակարգում են տվյալ տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ մատենագրական, արխիվային, տեղեկատվական, ուղեգրական, գիտահետազոտական և վավերագրական նյութերը:
5. Արշավախմբի կազմը հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից` գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած թեկնածությունների հիման վրա:
6. Գիտարշավի ընթացքում բացահայտված ոչ նյութական մշակութային արժեքին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր, ցանկեր և այլն) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում գրառվում, լուսանկարվում, տեսագրվում և ձայնագրվում են նկարագրական և բնութագրական տվյալները:
7. Գիտարշավի ավարտից հետո հավաքված նյութերը նույնականացվում են նախկինում գրանցված նույնանուն կամ նկարագրական տվյալների համընկնում ունեցող արժեքների հետ, արձանագրվում են ինչպես պահպանված, այնպես էլ կորսված բաղադրատարրերը, գրանցվում է գիտարշավի պահին առկա իրավիճակը:
8. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված նյութերի հիման վրա կազմվում է արժեքի վկայագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշման N 2 հավելվածի, որը համալրվում է լուսանկարչական վավերագրերով և տեսանյութերով:
9. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկությունները քննարկման է ներկայացնում մասնագիտական խորհուրդ:
10. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է պետական կառավարման մարմիններ և շահագրգիռ գիտական հաստատություններ` քննարկման:
11. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող որոշման նախագծին կից ներկայացնում է մասնագիտական խորհրդի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի և շահագրգիռ կազմակերպությունների եզրակացություններն ու առաջարկությունները:
12. Պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներակայացնել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին:
13. Պետական ցանկերից արժեքը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե այն բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ այլևս չի կենցաղավարում, և հնարավոր չէ վերականգնել դրա կենսունակությունը:
14. Պետական ցանկերում ընդգրկված արժեքների մասին տվյալները պարբերաբար (յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր բացահայտումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների: Նոր տվյալները վկայագրերում գրանցվում են առանձին ներդիրների վրա, որոնցում նշվում են դրանց աղբյուրները, կատարողը և գրանցման ժամանակը: Վկայագիրն ու ներդիրները համարակալվում են աճման հաջորդականությամբ:
15. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հաշվառումն ու հետազոտումը և պահպանությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը` միջազգային նորմերին համապատասխան` համագործակցելով օտարերկրյա համապատասխան պետական ու հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթական հաստատությունների, սփյուռքահայ կրոնական, մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունների և հայրենակցական միությունների հետ:
16. Ոչ նյութական մշակութային արժեքների հետազոտման, հաշվառման, նույնականացման, վավերագրման վերաբերյալ նյութերը և փաստաթղթերն անժամկետ պահվում են պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գիտական ու մշակութային պետական հաստատությունների արխիվներում: Դրանց հիման վրա պետական լիազոր մարմինն ստեղծում է Հայաստանի Հանրապետոււթյան և օտարերկրյա պետությունների տարածքներում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարան, կազմում և հրատարակում է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության համահավաք բազմահատորյակը:
17. Ոչ նյութական մշակութային ժառանգության համահավաքը հանրագիտական բնույթի բազմահատոր հրատարակություն է, որում, համաձայն «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բնագավառների, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Յուրաքանչյուր հատոր ընդգրկում է ամբողջական մեկ բնագավառ: Մեծածավալ նյութի առկայության դեպքում հատորը կարող է ներկայացվել առանձին պրակներով: Յուրաքանչյուր արժեք պետք է ներկայացվի գիտատեղեկատվական հոդվածով (պատմական ակնարկ` պատմական, ազգագրական, արվեստաբանական, ազգային և համամարդկային մշակութային, կրոնական, գիտական բնութագրում, ուսումնասիրության պատմություն, կենսունակության (նախնական գործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածությունը, զարգացումներն ու փոփոխությունները) մասին տեղեկույթ` վավերագրական նյութերով (լուսանկար, տեսանյութ), արժեքի վերաբերյալ առկա մատենագիտությամբ):
III. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության գործառույթներ կարող են իրականացնել ինչպես մշակույթի, գիտության և կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինները, տեղական ու տարածքային կառավարման մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գիտական, մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
19. Պետական լիազոր մարմինը մշակութային, գիտական, կրթական հաստատությունների ու կազմակերպությունների համաձայնությամբ կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագրեր` անհրաժեշտության դեպքում ընդգրկելով համապատասխան այլ պետական մարմիններ կամ հասարակական կազմակերպություններ:
20. Ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության յուրաքանչյուր բնագավառի առաջնահերթությունները, զարգացման հեռանկարները:
21. Հաշվի առնելով առանձին արժեքների կենսունակության նվազման միտումները` պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկ` դրանք ներառելու Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում:
22. Պետական լիազոր մարմինը մշակութային, գիտական, կրթական հաստատությունների հետ համատեղ մշակում և իրականացնում է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, կենսունակության պաշտպանության միջոցառումներ:
23. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
24. Ոչ նյութական մշակութային այն արժեքները, որոնք այլևս հնարավոր չէ բնական, սոցիալ-մշակութային միջավայրում պահպանել, պետք է սահմանված կարգով դրանց վերաբերյալ ամբողջ տեղեկույթը թանգարանայնացնել: Թանգարանը պահպանում, ինչպես նաև դրանք հասարակությանն է ներկայացնում նյութականացված կրիչների միջոցով` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:
IV. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
25. Ոչ նյութական մշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանը տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է տեղեկություններ ոչ նյութական մշակութային արժեքների (բնագավառի, տեղայնացման, տարածման շրջանի, դրանց կրողների, ձևավորման նախադրյալների, ժամանակաշրջանի, աղբյուրներում եղած հիշատակությունների, կենսունակության, գործառույթների, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածության, զարգացումների ու փոփոխությունների, էթնո-մշակութային և այլ առանձնահատկությունների) վերաբերյալ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին:
26. Գիտատեղեկատու շտեմարանը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքի «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջում և համալրվում ու շահագործվում է պետական լիազոր մարմնի կողմից:
27. Գիտատեղեկատու շտեմարանի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների գրանցումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովումն է:
28. Գիտատեղեկատու շտեմարանի վարման հիմնական խնդիրներն են`
1) տվյալների հավաստիության և ամբողջականության ապահովումը.
2) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, օգտագործման, զարգացումների ու փոփոխությունների, դրանց կրողների մասին տվյալների թարմացումը (մոնիթորինգ).
3) գիտատեղեկատու շտեմարանի փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը գիտական, մշակութային, կրթական հաստատությունների, ֆիզիկական անձանց արխիվների հետ.
4) տեղեկատվության տրամադրումը:
29. Տեղեկատվությունը տրամադրվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշման |
Ձև
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
1. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ____________________
___________________________________________________________
2. ԲՆԱԳԱՎԱՌԸ_________________________________________________
3. ԺԱՆՐԸ_____________________________________________________
4. ՈՃԸ_______________________________________________________
5. ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ, ՏԱՐԱԾՄԱՆ ՇՐՋԱՆԸ _______________________________
___________________________________________________________
6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ. ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ (հեղինակները) ________
___________________________________________________________
7. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
___________________________________________________________
8. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ ___
___________________________________________________________
___________________________________________________________
9. ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ_____________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
10. ԼԵԶՈՒՆ (երաժշտական, բանավոր կամ այլ) ____________________________
___________________________________________________________
11. ՄԱԿԱՐԴԱԿԸ ________________________________________________
Ավանդական ___________________________________________________
Ոճավորված ___________________________________________________
Վերականգնված կամ արդիականացված _________________________________
12. ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (առաջին կատարումն է, թե՞ ավանդական) _______
___________________________________________________________
13. ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԱՐՐԵՐԸ ______________________________
___________________________________________________________
14. ԵՐԲ, ՈՐՏԵՂ ԵՎ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ, ԱՐՏԱԴՐՎԵԼ ______
___________________________________________________________
15. ԴՊՐՈՑԸ ___________________________________________________
16. ԿՐՈՂԸ (տեղեկություններ) ________________________________________
Անունը, հայրանունը, ազգանունը ______________________________________
Տարիքը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________
17. Ծննդավայրը, բնակության վայրը ____________________________________
18. Կրթությունը _________________________________________________
19. Ազգությունը _________________________________________________
20. Արժեքին առնչությունը (սիրողական, մասնագիտական) ___________________
(վարպետի կամ ուսուցչի անունը, ազգանունը)
21. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂԻ ՄԱՍԻՆ _________________________
____________________________________________________________
22. ՏԵՂԵԿՈՒՅԹ ԳՐԱՆՑՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆԸ,
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ____________________________________________
____________________________________________________________
23. ԳՐԱՆՑՄԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ, ՎԱՅՐԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(գիտարշավ, անձնագրավորում) ________________________________________
(գրանցման պայմանները)
24. ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ______________________________________
25. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ_______________________________________
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան