ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները, սահմանում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պայմաններն ու կարգը:
2. Սույն օրենքը չի կարգավորում բանկային հաշիվների, ինչպես նաև դեպոզիտների նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված հարաբերությունները:
3. Սույն օրենքը չի կարգավորում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի գրանցման հետ կապված հարաբերությունները:
4. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում պետական, ծառայողական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների վրա:
Հոդված 2. |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենսդրությունը |
1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով:
2. Շարժական գույքի նկատմամբ գրավի և այլ իրավունքների պարտադիր գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) շարժական գույք՝ անշարժ չհամարվող ցանկացած գույք, ներառյալ՝ կանխիկ դրամական միջոցները, ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը և գույքային իրավունքները, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, սեփականության իրավունքի պահպանմամբ առք ու վաճառքի իրավունքը, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, մեկ տարի և ավելի ժամկետով կնքված շարժական գույքի վարձակալության իրավունքը, կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները և թռչունները, ներմուծված, սակայն չմաքսազերծված շարժական գույքը և այլ շարժական գույք.
2) լիազոր մարմին՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմին.
3) ծանրաբեռնում՝ պայմանագրի կամ օրենքի ուժով ծագած՝ պարտապանի պարտավորության կատարման ապահովման միջոց, որն առաջացնում է շարժական գույքի նկատմամբ պարտատիրոջ գույքային իրավունք.
4) սահմանափակում՝ դատական ակտերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական հետապնդում իրականացնող մարմինների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմինների (այսուհետ՝ սահմանափակում կիրառող իրավասու մարմիններ) որոշումների հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների իրացման սահմանափակում.
5) գրանցում` շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում, ներառյալ՝ իրավունքների փոփոխում, դադարեցում.
6) միասնական գրանցամատյան (այսուհետ՝ Գրանցամատյան)՝ էլեկտրոնային տվյալների համակարգ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկություններ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ.
7) գույքացուցակ՝ պարտապանի՝ սույն օրենքով գրանցման ենթակա մեկից ավելի շարժական գույքի ցանկ.
8) առաջնային գրանցում՝ շարժական գույքը ծանրաբեռնելու վերաբերյալ Գրանցամատյանում կատարված գրանցում.
9) շարժական գույքի նույնականացում՝ շարժական գույքի տեսակների դասակարգմանը համապատասխանող թվային և այբբենական ձևով շարժական գույքը համարակալող անփոփոխ համարանիշ.
10) դիմող անձի ստորագրություն՝ դիմող անձի կողմից դիմումի վրա կատարված էլեկտրոնային ստորագրություն կամ թղթային դիմումի հիման վրա սպասարկման գրասենյակի կողմից կատարված էլեկտրոնային ստորագրություն.
11) սպասարկման գրասենյակ՝ լիազոր մարմնի՝ համացանցում բոլորին հասանելի ապահովված տիրույթ, սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում փաստաբան և փաստաբանական գրասենյակ, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ, որոնք իրականացնում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում:
(3-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-90-Ն)
Հոդված 4. |
Գրանցման նպատակը |
1. Գրանցման նպատակն է տեղեկատվություն հավաքելու միջոցով նպաստել՝
1) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների հետ կապված տեղեկատվության հասանելիությանը.
2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանի ստեղծմանը.
3) շարժական գույքի հետ կապված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների գրանցման և տեղեկատվության պահպանմանը.
4) շարժական գույքի հետ կապված նախապատվության իրավունքի իրացմանը.
5) վիճակագրական տվյալների հավաքմանը:
Հոդված 5. |
Գրանցամատյանում պահվող տեղեկությունների հրապարակայնությունը |
1. Գրանցամատյանի տեղեկատվությունը հրապարակային է:
2. Գրանցամատյանի գրանցումներին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր անձ:
3. Գրանցամատյանի տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած կարգով:
Հոդված 6. |
Գրանցամատյանի էլեկտրոնային վարումը և տեղեկությունների տրամադրումը |
1. Գրանցամատյանը վարում է լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով։ Լիազոր մարմինը գրանցման գործընթացներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով:
2. Լիազոր մարմնի գործառույթների իրականացման արդյունքում կայացվող ակտերը, Գրանցամատյանի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
3. Գրանցամատյանի տեղեկատվությունը թղթային կրիչի վրա տրամադրվում է անձի դիմումի հիման վրա։
Հոդված 7. |
Գրանցման համակարգի միասնականության սկզբունքը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով գրանցում իրականացնելու նպատակով սպասարկման գրասենյակի միջոցով դիմելու լիազոր մարմին:
Հոդված 8. |
Գրանցամատյանի տվյալների արդիականացման սկզբունքը |
1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից էլեկտրոնային կարգով վարվող և պահվող տվյալները ենթակա են գրառման նաև Գրանցամատյանում, ապա այդ տվյալները փոփոխվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև Գրանցամատյանում:
2. Ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. |
Պետական տուրքը և լիազոր մարմնի կողմից հավելյալ ծառայությունների վճարովիությունը |
1. Սույն օրենքով նախատեսված գրանցման և այլ ծառայությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է լրացուցիչ մատուցվող ծառայությունների տեսակները, որոնց դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:
(9-րդ հոդվածը խմբ. 14.11.19 ՀՕ-232-Ն)
Հոդված 9.1. |
Լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-232-Ն)
ԳԼՈՒԽ 2
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 10. |
Լիազոր մարմնի գործառույթները գրանցման կազմակերպման գործում |
1. Լիազոր մարմինը՝
1) կազմակերպում և իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումը.
2) իրականացնում է Գրանցամատյանի վարումը` հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը.
3) ապահովում է շարժական գույքի նույնականացումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ Գրանցամատյանից.
5) ապահովում է իր գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու հնարավորությունը:
2. Լիազոր մարմինը չի կրում պատասխանատվություն լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալների հավաստիության համար:
Հոդված 11. |
Լիազոր մարմնի գործառույթները |
1. Լիազոր մարմնի ղեկավարը՝
1) հաստատում է Գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, ներառյալ՝ տրամադրվող քաղվածքների ձևերը.
2) սահմանում է մարմնի կողմից արխիվային գործերի վարման և պահպանության կարգը:
ԳԼՈՒԽ 3
ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Լիազոր մարմին փաստաթղթեր ներկայացնելը |
1. Համացանցում բոլորին հասանելի լիազոր մարմնի կողմից վարվող ապահովված տիրույթում լրացվում են հետևյալ տվյալները.
1) դիմում՝ գրանցում կատարելու վերաբերյալ, որը պետք է բովանդակի՝
ա. (ենթակետն ուժը կորցրել է 06.03.20 ՀՕ-142-Ն)
բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը,
գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը.
դ. (ենթակետն ուժը կորցրել է 06.03.20 ՀՕ-142-Ն)
ե. նշում՝ գրանցվող իրավունքի տեսակի մասին,
զ. ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, պայմանները՝ գումարի չափը, ժամկետները, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ հատկանիշները կամ տվյալները,
է. գույքացուցակը, առկայության դեպքում,
ը. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
թ. դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
ժ. դիմող անձի էլեկտրոնային ստորագրությունը, սպասարկման գրասենյակ դիմում ներկայացնելու դեպքում՝ գրանցում կատարելու համար ներկայացվող դիմումը.
2) օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը՝ բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրված անդորրագիրը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ կատարում է վճարում վճարային քարտի կամ վիրտուալ վճարային քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. (մասն ուժը կորցրել է 06.03.20 ՀՕ-142-Ն)
3. Կողմերի ցանկությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել նաև պայմանագիրը և այլ փաստաթղթեր:
4. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում դիմողը պարտավոր է պայմանագրին համապատասխան նշել շարժական գույքի որոշիչ հատկանիշները կամ տվյալները։
(12-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
Հոդված 13. |
Լիազոր մարմնի կողմից գրանցումը մերժվելը |
1. Սույն օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ներկայացված դիմումը ինքնաշխատ համակարգի միջոցով մերժվում է, եթե դիմումը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Հոդված 14. |
Գրանցում |
1. Լիազոր մարմինը պարտավոր է իրականացնել գրանցումը, եթե դիմումը բավարարում է սույն օրենքով սահմանված պահանջները:
2. Գրանցումը կարող է իրականացվել նախքան ապահովված իրավունքի ծագումը կամ դրանից հետո:
3. Յուրաքանչյուր գրանցման դեպքում լիազոր մարմինն իրականացնում է հետևյալ գործողությունները.
1) իրականացնում է շարժական գույքի նույնականացում.
2) ստեղծում է գրառում, որը պարունակում է չկրկնվող համարը, գրանցման ամսաթիվը և ժամը.
3) ապահովում է գրանցման հասանելիությունը:
4. Լիազոր մարմինը դիմող անձին տրամադրում է գրանցման էլեկտրոնային գրառման օրինակը, ներառյալ՝ գրանցման համարը, գրանցման ամսաթիվը և ժամը:
5. Գրանցումն ուժի մեջ է մտնում Գրանցամատյանում գրառում կատարելու պահից:
Հոդված 15. |
Գրանցամատյանի վարումը |
1. Առաջնային գրառումը գրանցվում և դասակարգվում է Գրանցամատյանում՝ ըստ ապահովված իրավունքի առարկայի գրանցման համարի:
2. Առաջնային գրանցումը և դրան առնչվող բոլոր գրանցումները Գրանցամատյանում դասակարգվում են՝ դրանց միջև կապն ապահովելով:
Հոդված 16. |
Գրանցում իրականացնելու իրավասությունը |
Հոդված 17. |
Գրանցման բովանդակությունը |
1. Գրանցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) գրանցման տևողությունը.
2) ֆիզիկական անձ պարտապանի նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման վայրը.
3) իրավաբանական անձ պարտապանի անվանումը, գրանցման համարը, հաշվառման վայրը.
4) ապահովված անձի (պարտատիրոջ) նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման կամ գտնվելու վայրը.
5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաև պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).
6) գրանցման համարը:
2. Գրանցումը կարող է կատարվել մեկից ավելի պարտապանի (համապարտ պարտապանի) և մեկից ավելի ապահովված անձի (համիրավ պարտատիրոջ) վերաբերյալ:
3. Գրանցումը կարող է վերաբերել մեկից ավելի ծանրաբեռնվածությունների կամ մեկից ավելի պայմանագրերի կամ սահմանափակումների:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
Հոդված 18. |
Գրանցման տևողությունը և ժամկետի ավարտի հետևանքները |
1. Գրանցամատյանում գրանցումն ուժի մեջ է դրա մեջ նշված ժամկետում: Գրանցումն ուժը կորցնում է դրանում նշված ժամկետի ավարտին, եթե մինչև այդպիսի գրանցման ժամկետի ավարտը չի ներկայացվում դրա ժամկետը երկարաձգելու մասին դիմում:
2. Ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի վաճառքի, փոխանակման, այլ ձևով օտարման կամ վարձակալության դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ օտարումից հետո՝ անկախ ապահովված անձի՝ նման օտարմանը տեղյակ լինելու կամ համաձայնություն տալու հանգամանքից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու և ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:
3. Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, որի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում։
4. Գրանցումը չի տարածվում այն անձի վրա, որն ապահովված իրավունքի առարկան ձեռք է բերել հատուցման դիմաց:
(18-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
Հոդված 19. |
Փոփոխությունների գրանցումը և դրա ուժի մեջ մտնելը |
1. Գրանցումը կարող է փոփոխվել ապահովված անձի (պարտատիրոջ) դիմումով:
2. Եթե գրանցման փոփոխությամբ փոփոխվում է ապահովված իրավունքի առարկան, ապա այդ փոփոխությունը պետք է հիմնված լինի ապահովման պայմանագրի կամ այլ գրավոր պայմանագրի վրա:
3. Մեկից ավելի ապահովված անձի (պարտատիրոջ) մասին գրանցում կատարված լինելու դեպքում փոփոխությունը գործում է միայն փոփոխության գործարքի կողմ հանդիսացող պարտատիրոջ նկատմամբ:
4. Գրանցման փոփոխությունն ուժի մեջ է մտնում գրանցելու պահից:
5. Գրանցման փոփոխությունն իրավական ուժ չունի, եթե բացակայում են ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները:
6. Փոփոխության գրանցմամբ գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվում, եթե ժամկետի երկարաձգման վերաբերյալ հատուկ նշված չէ:
7. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է, և լրացուցիչ գրանցում չի պահանջվում։
Հոդված 20. |
Ժամկետը երկարաձգելու դիմումը |
1. Գրանցման ժամկետը կարող է երկարաձգվել միայն դիմումի ներկայացմամբ, որում նշվում են՝
1) առաջնային գրանցման համարը և շարժական գույքի համարը (առկայության դեպքում).
2) գրանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ պարտապանի գրավոր համաձայնությունը, եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով:
2. Ժամկետը երկարաձգելու մասին դիմումը կարող է ներկայացվել գրանցման ուժի մեջ լինելու ժամանակահատվածում։
3. Ժամկետը երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու դեպքում գրանցումը շարունակում է մնալ ուժի մեջ մինչև դիմումում նշված ժամանակահատվածը կամ այլ հիմքերով դադարումը:
(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
Հոդված 21. |
Առարկության գրանցումը |
1. Պարտապանը կարող է ներկայացնել իր նկատմամբ գրանցված ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմում, եթե գրանցումը հիմնված չէ փաստերի վրա կամ սխալ է գրանցված: Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումում նշվում են՝
1) շարժական գույքի համարը (առկայության դեպքում).
2) գրանցման ոչ ճիշտ լինելու վերաբերյալ հիմնավորումները։
2. Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումին կցվում է պահանջը հիմնավորող փաստաթուղթը:
3. Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումը գրանցվում է ապահովված իրավունքի գրանցման հետ համատեղ:
(21-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
Հոդված 22. |
Գրանցումը դադարեցնելը |
1. Գրանցման գործողության ժամկետը դադարեցվում է ապահովված անձի դիմումի հիման վրա, որում նշվում են գրանցման համարը և շարժական գույքի համարը (առկայության դեպքում):
2. Գրանցման գործողության ժամկետը դադարեցնելու մասին պարտապանը կարող է գրավոր դիմել ապահովված անձին (պարտատիրոջը)։ Պարտապանի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում ապահովված անձը (պարտատերը) պարտավոր է գրանցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացնել լիազոր մարմին, եթե պարտավորությունը կատարված է։
3. Գրանցված գրառումը դադարեցնում է գործողությունը և ճանաչվում է անվավեր դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:
(22-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-142-Ն)
ԳԼՈՒԽ 4
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. |
Անցումային և եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից։
2. Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն վերագրանցման:
3. Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինը ստեղծվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը։
4. Մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ կատարված գրանցումների վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով փոխանցվում են լիազոր մարմնին՝ ապահովելով համակարգի տվյալների թարմացումը ինքնաշխատ կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-263-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2022, ՀՕ-234-Ն | 01.07.2022, ՀՕ-263-Ն | |
06.03.2020, ՀՕ-142-Ն | 03.04.2020, ՀՕ-263-Ն | |
14.11.2019, ՀՕ-232-Ն | 21.12.2019, ՀՕ-263-Ն | |
16.01.2018, ՀՕ-90-Ն | 17.02.2018, ՀՕ-263-Ն | |
20.12.2017, ՀՕ-32-Ն | 18.01.2018, ՀՕ-263-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|