ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4757/02/16 Դատավորներ՝
Քաղաքացիական գործ
2019թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան
Ա. Մկրտչյան
Ա. Պետրոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
|
|
Ս. Միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի հունիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ապահովագրող)` ապահովագրական հատուցումը մերժելու որոշումն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ապահովագրողի կողմից 18.11.2016 թվականին կայացված ապահովագրական հատուցման մերժման վերաբերյալ SI/16-08637 որոշումը և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 295.000 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 07.08.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.08.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո ԻԱՄ-ի (այսուհետ՝ Բյուրո) կողմից ընդունված RL 1-001 կանոնի 63-րդ, 69-րդ, 77-րդ, 78-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ապահովագրողը պարտավոր էր մինչև 10.10.2016 թվականն Ընկերությանը տրամադրել փորձագիտական եզրակացության արդյունքները: Սույն պարագայում Բյուրոյի կողմից ընդունված RL 1-001 կանոնի 69-րդ կետով սահմանված ժամկետում (այն է՝ ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում) Ընկերությանը չի տրամադրել ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման և պատճառի փորձաքննության արդյունքները:
Վերաքննիչ դատարանը, քննելով Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, սահմանափակվել է` նշելով, որ ապահովագրական ընկերությունը հայցային դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նշանակել է փորձաքննություն, սակայն Վերաքննիչ դատարանը հրաժարվել է անդրադառնալ բողոքի մյուս մասերին, մասնավորապես այն հիմքին, որ Ապահովագրական ընկերությունը պարտավոր է դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել պատճառի եզրակացությունը, հակառակ դեպքում իրավասու չէր մերժելու ապահովագրական հատուցման տրամադրումը և պարտավոր էր որպես պատճառի փորձաքննություն հիմք ընդունել վթարի փաստով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կայացված եզրակացության արդյունքները:
Բացի այդ, փորձաքննության արդյունքների ծանուցում անվամբ փաստաթղթում չի նշվել, թե վթարին մասնակից որ տրանսպորտային միջոցն է վերանորոգված եղել, արդյոք երկու տրանսպորտային միջոցներն էլ վերանորոգված են եղել, թե դրանցից միայն մեկը, ինչի պայմաններում, Վերաքննիչ դատարանը, առանց պատշաճ հետազոտելու գործում առկա ապացույցները, գտել է, որ այնուամենայնիվ Ընկերությունը մինչև ապահովագրական հատուցման գործով որոշում կայացնելը, առանց ապահովագրողին տեղեկացնելու, վերանորոգել է տրանսպորտային միջոցը:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Ապահովագրողը հայցային դիմումը ստանալու պահից սկսած տասն աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությանը չի տրամադրել պատճառի փորձաքննության արդյունքները, այսինքն` օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում չի իրացրել իր իրավունքը, ինչպիսի պայմաններում այլևս զրկված էր թույլատրելի ապացույց ունենալու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 18.04.2016 թվականի թիվ HJ878965 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համաձայն` «YUTONG» մակնիշի 755 ОС 61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Տրանսպորտային միջոց) սեփականության իրավունքով պատկանում է սույն գործով հայցվոր Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 14):
2) 14.08.2016 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «YUTONG» մակնիշի 755 ОС 61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի և «ՎԱԶ 21063» մակնիշի 32 ՀՀ 950 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (հատոր 1-ին, գ.թ. 15):
3) ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 14.08.2016 թվականին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) գործերով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ՃՏՊ-ի տվյալների մասին արձանագրություն-համաձայնություն (այսուհետ՝ Արձանագրություն) (հատոր 1-ին, գ.թ. 15-17):
4) Արձանագրության 5.6-րդ կետում ՃՏՊ-ի առաջացման մեջ իրենց մեղավորության վերաբերյալ համաձայնություն բաժնում «ՎԱԶ 21063» մակնիշի 32 ՀՀ 950 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդն ընդունել է պատահարի առաջացման գործում իր մեղավորությունը, իսկ «YUTONG» մակնիշի 755 ОС 61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ընդունվել է պատահարի առաջացման գործում իր մեղքի բացակայությունը (հատոր 1-ին, գ.թ. 16):
5) Ընկերությունը 26.09.2016 թվականին Ապահովագրողին է ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ SI/16-08637 (SI282063) հայցային դիմում (հատոր 1-ին, գ.թ. 18):
6) Ապահովագրողը 26.09.2016 թվականին Ընկերության 26.09.2016 թվականի թիվ SI/16-08637 (SI282063) հայցային դիմումի հիման վրա նշանակել է գույքային վնասների գնահատման փորձաքննություն: Փորձաքննությունն ավարտվել է 26.09.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 22-24):
7) Ապահովագրողի կողմից 30.09.2016 թվականին նշանակվել է պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 80):
8) Համաձայն Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ ՍՊԸ-ի կողմից տրամադրված փորձաքննության արդյունքների մասին 10.11.2016 թվականի թիվ 424 Ծանուցման` պատվիրված RGS-03, N 4770 պատվերը հնարավոր չէ իրականացնել և առաջադրված հարցերին պատասխանել, քանի որ պատվիրված է կատարել հետքաբանական հետազոտություն, սակայն ընդհարմանը մասնակից ավտոմոբիլների զննությամբ պարզվեց, որ դրանց վնասված տեղամասերը վերանորոգված են, դրանց վրա առաջացած հետվթարային վնասվածքները պահպանված չեն (հատոր 1-ին, գ.թ. 79):
9) 11.11.2016 թվականին Ապահովագրողի կողմից փորձաքննությունների արդյունքների մասին ծանուցում է ուղարկվել Ընկերությանը կից տրամադրելով նաև 26.09.2016 թվականի թիվ SI/A16-08637 գույքային վնասների գնահատման հաշվետվությունը (եզրակացությունը) (հատոր 1-ին, գ.թ. 21):
10) 11.11.2016 թվականին Ապահովագրողի կողմից փորձաքննությունների արդյունքների մասին ծանուցում է ուղարկվել Ընկերությանը` կից տրամադրելով նաև 10.11.2016 թվականի թիվ 424 ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության հաշվետվությունը (եզրակացությունը) (հատոր 1-ին, գ.թ.53):
11) 18.11.2016 թվականին Ապահովագրողի կողմից կայացվել է Ապահովագրական հատուցման մերժման մասին թիվ SI/16-08637 որոշումը (հատոր 1-ին, գ.թ.27):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ապահովագրող ընկերությունը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում, եթե պատահարի մասնակիցը, մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը, առանց ապահովագրող ընկերությանը տեղեկացնելու վերանորոգել է պատահարի արդյունքում վնասված գույքը և չի ապացուցել չտեղեկացման անհնարինության փաստը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին (…):
Նույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ինչպես նաև նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերի: Փորձաքննության անցկացումը չպետք է տևի 15 աշխատանքային օրվանից ավելի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված դեպքերում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Բյուրոյի թիվ RL 1-001 կանոնների 69-րդ կետի համաձայն` բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ապահովագրողը տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից Պայմաններով նախատեսված դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և դիմումը ստանալուց (սույն կետի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը համարվում է ստացված Պայմանների և Բյուրոյի կանոնների համաձայն՝ տվյալ տեսակի վնասի հատուցման համար ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով Ապահովագրողի կողմից ստացվելու պահին) հետո`
1) ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովել ապահովագրական պատահարի առաջացման պատճառների և պատահարի արդյունքում տուժողին պատճառված վնասների փորձաքննությունը և փորձաքննության արդյունքների մասին ծանուցել տուժողին (նրա իրավահաջորդին), Ապահովադրին և ապահովագրված անձին՝ տրամադրելով այդ փորձաքննությունների վերաբերյալ փորձագետների եզրակացությունների (հաշվետվությունների) պատճենները և ծանուցման մեջ նշելով դրանք բողոքարկվելու կարգը, ժամկետները և պայմանները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Բյուրոյի թիվ RL 1-001 կանոնների 75-րդ կետի 6-րդ մասի համաձայն՝ ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման վճարումը մերժվում է (սույն կետի 1-ին կամ 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում նվազեցնում է վճարման ենթակա ապահովագրական հատուցումը) հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը կամ փորձաքննության արդյունքների վերաբերյալ ապահովագրական պատահարի մասնակիցների համաձայնության ձեռքբերումը առանց Ապահովագրողի համաձայնության մասնակի կամ ամբողջությամբ վերանորոգվել կամ ապամոնտաժվել է տուժողի պատահարի արդյունքում վնասված գույքը, իսկ վերանորոգումը կամ ապամոնտաժումը մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ իրավասու պետական մարմինների ցուցումով կամ հրահանգով պայմանավորված լինելու դեպքում տուժողը կամ նրա իրավահաջորդը գույքի վերանորոգման կամ ապամոնտաժման աշխատանքներն սկսելուց առնվազն մեկ օր առաջ չի տեղեկացրել այդ մասին Ապահովագրողին (Ապահովագրողի ներկայացուցչին) և չի ապացուցել չտեղեկացման անհնարինությունը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ընկերությունը 26.09.2016 թվականին Ապահովագրական ընկերությանն է ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SI/16-08637 հայցային դիմում: Ապահովագրական ընկերությունը 26.09.2016 թվականին` օրենքով սահմանված ժամկետում, հիմք ընդունելով թիվ SI/16-08637 (SI282063) հայցային դիմումը, նշանակել է գույքային վնասների գնահատման փորձաքննություն: Փորձաքննությունն ավարտվել է 26.09.2016 թվականին: Համաձայն եզրակացության` վթարի հետևանքով Ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցին պատճառված վնասի չափը կազմել է 295.000 ՀՀ դրամ: Փորձաքննության արդյունքների մասին ծանուցումն Ընկերությանն ուղարկվել է 11.11.2016 թվականին:
Պատահարի առաջացման պատճառները ճշտելու նպատակով Ապահովագրողը 30.09.2016 թվականին նշանակել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ ՍՊԸ-ին: Սակայն Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ ՍՊԸ-ի կողմից տրամադրված փորձաքննության արդյունքների մասին 10.11.2016 թվականի թիվ 424 Ծանուցման համաձայն` փորձաքննություն հնարավոր չէ իրականացնել և առաջադրված հարցերին պատասխանել, քանի որ պատվիրված է կատարել հետքաբանական հետազոտություն, սակայն ընդհարմանը մասնակից ավտոմոբիլների զննությամբ պարզվեց, որ դրանց վնասված տեղամասերը վերանորոգված են, դրանց վրա առաջացած հետվթարային վնասվածքները պահպանված չեն:
Վերաքննիչ դատարանն արդարացիորեն գտել է, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Ընկերությունը, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Բյուրոյի թիվ RL 1-001 կանոնների 75-րդ կետի 6-րդ մասը մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը, առանց Ապահովագրողի համաձայնության իրականացրել է վերանորոգման աշխատանքներ և չի ապացուցել, որ վերանորոգումը պայմանավորված է մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ կատարվել է իրավասու պետական մարմինների ցուցումով: Տվյալ պարագայում ևս Ընկերությունը պարտավորված էր վերանորոգումը սկսելուց առնվազն մեկ օր առաջ այդ մասին տեղյակ պահել Ապահովագրողին: Նշված փաստը ևս չի ապացուցվել Ընկերության կողմից:
Ընկերության կողմից Բյուրոյի կանոնները խախտելու արդյունքում անհնարին է դարձել ապահովագրական պատահարի իրական պատճառների բացահայտումը, և վիճելի են մնացել Ընկերության տուժող հանդիսանալու և 14.08.2016 թվականին տեղի ունեցած պատահարի արդյունքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հատուցման իրավունք ունենալու, իսկ պատասխանողի` հատուցման պարտավորություն ունենալու հանգամանքները:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն հիմքին, որ Ապահովագրական ընկերությունը պարտավոր է դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել պատճառի եզրակացությունը, հակառակ դեպքում իրավասու չէր մերժելու ապահովագրական հատուցման տրամադրումը և պարտավոր էր որպես պատճառի փորձաքննություն հիմք ընդունել վթարի փաստով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կայացված եզրակացության արդյունքները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ իրավացիորեն արձանագրվել է, որ պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն Ապահովագրողի կողմից նշանակվել է հայցային դիմումը 26.09.2018 թվականին ստանալուց հետո օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում՝ 30.09.2016 թվականին: Հետևաբար այս մասով անհիմն են բողոքաբերի փաստարկները:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Ընկերությունն իրավասու չէր իր սեփականատիրոջ լիազորություններն իրականացնելու առանց Ապահովագրողի համաձայնության` մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը կամ փորձաքննության արդյունքների վերաբերյալ ապահովագրական պատահարի մասնակիցների համաձայնության ձեռքբերումը:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2018 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան