Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-39-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը

 

1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) շենքերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա՝ միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային միջոցառումներին՝ այդ կազմակերպություններում ընդունված ընթացակարգերին և գործելակերպին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման ժամանակ և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների դատական նիստերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

5. Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:

6. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

7. Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

9. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-39-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան