Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.11.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0210 Ն. 29.11.22

 

29 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել կարգավորվող շուկայում առևտուրը՝ ապահովելով կարգավորվող շուկայում առևտրին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ կարգավորման միանման պահանջներ, բարձրացնել վարկային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «դ2» կետերը և 3.1-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետի «զ» ենթակետում «բացառությամբ սույն կանոնակարգի 7.1-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաև կանխիկ ձևով գնել և/կամ վաճառել արտարժույթ սույն կանոնակարգի 8.4-րդ կետով սահմանված դեպքում» բառերով։

2) Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.

 

«գ. ապահովված հիպոտեկային պարտատոմսեր՝ «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.»:

 

3) Կանոնակարգի 6.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

4) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.8-րդ, 6.9-րդ, 6.10-րդ և 6.11-րդ կետերով.

«6.8. Վարկային կազմակերպությունները, երաշխիք (երաշխիքներ) տրամադրելու դեպքում, պարտավոր են ունենալ երաշխիքի տրամադրման և սպասարկման գործառույթը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն երաշխիքի տրամադրման և սպասարկման պայմանները։

6.9. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ։ Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով։

6.10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

6.11. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։»։

 

5) Կանոնակարգի 7-ից 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ԳԼՈՒԽ 2.1

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

7. Սույն կանոնակարգի իմաստով կարգավորվող շուկա է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով սահմանված համակարգը։

7.1. Սույն կանոնակարգի իմաստով՝ տեղաբաշխող է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված անձը։

7.2. Սույն կանոնակարգի իմաստով՝ շուկա ստեղծող է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի ««Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ը հաստատելու մասին» թիվ 288-Ն որոշմամբ հաստատված «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված անձը։

7.3. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են կարգավորվող շուկայից դուրս իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել, իրենց հաշվին և իրենց անունից ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կնքել միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:

7.4. Վարկային կազմակերպությունները կարող են մասնակցել կարգավորվող շուկայում առևտրին օրենսդրությամբ նախատեսված գործարքներ իրականացնելու համար միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 300 միլիոն դրամ։

7.5. Այն վարկային կազմակերպությունները, որոնք մասնակցում են կարգավորվող շուկայում առևտրին, արժեթղթերով կնքված գործարքների մասով պետք է վարեն գրանցումներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ի գլուխ 13-ով սահմանված պահանջների համաձայն։

 

ԳԼՈՒԽ 2.2

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

 

7.6. Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կանոնակարգին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել։

7.7. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել միայն վարկային կազմակերպության մասնակիցների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի:

7.8. Վարկային կազմակերպությունները (բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով փոխառություն ներգրավել միայն կարգավորվող շուկայում:

7.9. Վարկային կազմակերպությունների՝ կարգավորվող շուկայում գնված պարտատոմսերի հետագա վերավաճառքը իրականացվում է միայն կարգավորվող շուկայում:

7.10. Պարտատոմսերը կարգավորող շուկայում տեղաբաշխելու` սույն գլխով սահմանված պահանջը չի տարածվում տեղաբաշխման շրջանակներում տեղաբաշխողի կողմից կամ շուկա ստեղծողի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով վարկային կազմակերպությունից կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ձեռքբերման դեպքերի վրա, եթե դա նախատեսված է այդ արժեթղթերի առաջարկի ազդագրով:

7.11. Վարկային կազմակերպությունները կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ոչ հրապարակային տեղաբաշխում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձանց, իրենց մասնակիցների, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակում, ընդ որում, նման պարտատոմսերը պետք է պարունակեն «Փոխանցելի չէ ֆիզիկական անձանց» մակագրությունը:

 

ԳԼՈՒԽ 2.3

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

7.12. Խնայողական միությունները և վարկային միությունները չեն կարող պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել:

7.13. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները (այսուհետ` թողարկող վարկային կազմակերպություն) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել, եթե Կենտրոնական բանկում վարկային կազմակերպությունների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ՝ Պատասխանատու ստորաբաժանում) կողմից առկա չէ այդ գործընթացի վերաբերյալ առարկություն:

7.14. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու մտադրություն ունեցող թողարկող վարկային կազմակերպությունը մինչ հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ազդագրի ներկայացումը Կենտրոնական բանկ, դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու մտադրության մասին:

7.15. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով Կենտրոնական բանկ դիմում կարող է ներկայացնել այն թողարկող վարկային կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ (սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ).

1) դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ կիրառվել են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները,

2) ընդհանուր կապիտալը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ:

7.16. Պատասխանատու ստորաբաժանումը բավարարում է թողարկող վարկային կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) թողարկող վարկային կազմակերպությունը դիմումը ներկայացնելուն նախորդող վերջին վեց ամսվա ընթացքում չի խախտել վարկային կազմակերպությունների համար սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը (սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ),

2) վերջին մեկ տարվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպությունը թույլ չի տվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների էական խախտումներ,

3) թողարկող վարկային կազմակերպությունում առկա են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու հետևանքով առաջացող նոր (լրացուցիչ) ռիսկերի զսպման և կառավարման համապատասխան մեխանիզմներ, ընթացակարգեր (վարկերի տրամադրման, պարտատոմսերի թողարկման, իրացվելիության կառավարման),

4) պարտատոմսերի թողարկումը չի պարունակում ռիսկեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության համար:

7.17. Պատասխանատու ստորաբաժանումը կարող է մերժել թողարկող վարկային կազմակերպության պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու վերաբերյալ դիմումը 30-օրյա ժամկետում` վերջինիս ուղարկելով գրություն` հստակ նշելով մերժման հիմքերը: 30-օրյա ժամկետում մերժելու վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, թողարկող վարկային կազմակերպության կողմից պարտատոմսերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման դիմումը համարվում է բավարարված:

7.18. Որոշակի տեղեկություններ ստանալու համար, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ, սույն կանոնակարգի 7.14-րդ կետով սահմանված դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7.19. Թողարկող վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել դիմումը բավարարված համարվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքում թողարկող վարկային կազմակերպությունը պարտավոր է կրկին Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կարգի 7.14-րդ կետով նախատեսված դիմումը:

7.20. Պատասխանատու ստորաբաժանման կողմից թողարկող վարկային կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու դեպքում, թողարկող վարկային կազմակերպությունը կրկին կարող է սույն կանոնակարգի 7.14-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնել Կենտրոնական բանկ ոչ շուտ, քան նախորդ դիմումը մերժելու օրվանից 3 ամիս հետո:

7.21. Թողարկող վարկային կազմակերպությունը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելիս պարտավոր է պարտատոմս թողարկելու ազդագրում ներառել դրույթ այն մասին, որ.

1) պարտատոմսերի մարումը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից,

2) պարտատոմսերի մեկից ավելի փուլերով տեղաբաշխում իրականացնելու դեպքում այդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվը (նորմատիվները) խախտելու դեպքում հաջորդ տեղաբաշխման (տեղաբաշխումների) իրականացումը սահմանափակվելու է։

7.22. Թողարկող վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, եթե տվյալ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվում է մեկից ավելի փուլերով և այդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում վարկային կազմակերպությունը խախտում է սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա վարկային կազմակերպությանը չի թույլատրվում իրականացնել հաջորդ տեղաբաշխումը (տեղաբաշխումները) մինչ սույն կանոնակարգի 7.23-րդ կետով սահմանված պայմանի ապահովումը։

7.23. Վարկային կազմակերպությունը կարող է իրականացնել տվյալ թողարկման պարտատոմսերի հաջորդ տեղաբաշխումը (տեղաբաշխումները), եթե սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվը կամ նորմատիվները խախտելուն հաջորդող 6 ամսվա ընթացքում չի խախտում սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը։

7.24. Թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ, ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում մերժման վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, շարունակում են կիրառվել սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները` մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, 7.14-րդ կետով նախատեսված դիմումը բավարարված համարվելու օրվանից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12%:

 

ԳԼՈՒԽ 2.4

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

8. Վարկային միություններն ու խնայողական միությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.1. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս կամ եթե փոխառության գումարը կազմում է առնվազն 30 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.2. Լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից 30 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի փոխառություն ներգրավելու դեպքում լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև նմանատիպ փոխառության ամբողջությամբ մարումը: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.3. Սույն կանոնակարգի 8.1-րդ կետով սահմանված պահանջները չեն տարածվում սույն կանոնակարգի 7.13-րդ կետի համաձայն պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքերի վրա:

 

ԳԼՈՒԽ 2.5

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Վարկային կազմակերպությունները կարող են կանխիկ ձևով գնել և/կամ վաճառել արտարժույթ, բացառությամբ վարկային միությունների և խնայողական միությունների, որոնք կանխիկ ձևով կարող են գնել և/կամ վաճառել արտարժույթ միայն այն դեպքում և այն չափով, որն անհրաժեշտ է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար:

9.1. Եթե լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ (բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի առուվաճառքն իրականացվում է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար), ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ։

9.2. Վարկային կազմակերպություններն արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 ՀՀ դրամի շրջանակներում:»։

6) Կանոնակարգի 23-րդ կետի 13-րդ ենթակետում «ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող» բառերը փոխարինել «առաջին խմբի մեջ մտնող» բառերով:

7) Կանոնակարգի 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

8) Կանոնակարգի 43.1-րդ կետում «ՍԴՌ-ի» բառը փոխարինել «հատուկ փոխառության իրավունքի (SDR)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ

Ն. Երիցյան 

 

2022 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան