ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ԳԴ3/0001/11/14 |
ԳԴ3/0001/11/14 |
Նախագահող դատավոր՝ Գ.Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. ԴԱնիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ |
Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ |
2015 թվականի հունիսի 5-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմող «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ Մ.Ավագյանի և Ա.Բադալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) ներկայացուցիչ Մ.Ավագյանը բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի` 2014 թվականի հունիսի 13-ի որոշումը (այսուհետ նաև` Որոշում):
Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժվել է:
2. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Մ.Ավագյանը և Ա.Բադալյանը:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի 2014 թվականի հունիսի 13-ի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` «Որոշման (...) օրինակ[ն] ուղարկել (...) տուժողի ներկայացուցիչ Միքայել Ավագյանին` (...) պարզաբանելով սույն որոշման բողոքարկման կարգը» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 25-31):
5. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի 2014 թվականի հունիսի 13-ի` թիվ 7/27-1-973 ուղեկցական գրության համաձայն` «Միքայել Լեոնիդի Ավագյանին (...) ուղարկվում է Վարդենիսի քննչական բաժնում քննվող թիվ 31106713 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման [օրինակը]: Միաժամանակ պարզաբանվում է, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք բողոքարկել վերադաս դատախազին կամ դատարան» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 7):
6. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման համաձայն` «(...) բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վիճարկելու արտադատական` դատախազին բողոքարկելու կարգը, ուստի [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ առանց անդրադառնալու բողոքի հիմքերին պետք է կայացնել այն մերժելու մասին որոշում» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 61-63):
7. 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի` Վերաքննիչ դատարանին ուղղված գրության համաձայն` «Ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված թիվ 31106713 քրեական գործով տուժող /արդշինինվեստբանկ/ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանի միջնորդություն-բողոքը` իր կողմից բերված վերաքննիչ բողոքին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, էջ 24):
8. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման համաձայն` «(...) քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, թույլ են տալիս հիմնավոր համարել, որ Ա.Մկրտչյանը տեղյակ չի եղել, ինչպես նաև որևէ առնչություն ու մասնակցություն չի ունեցել Օ.Ավագյանի կողմից կատարված չարաշահումներին, Օ.Ավագյանի ցուցմունքներն այս մասով անարժանահավատ են, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնելու, իրեն արդարացնելու նպատակ են հետապնդում, բացի այդ, Ա.Մկրտչյանի մեղավորությունը հիմնավորելու ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները, սակայն, բացի Օ.Ավագյանի ցուցմունքից` այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, հերքվել են Օ.Ավագյանի ցուցմունքում այս մասով նշված փաստերը, ինչպես նաև սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
Ըստ բողոքաբեր կողմի հայտարարության` հարցի վերաբերյալ առկա է նաև քաղաքացիական հայց` ուղղված վնասի վերականգնմանը: Պատճառված 6 մլն 700 հազ. դրամ վնասը մաս-մաս վերականգնվել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ուսումնասիրելով վարույթում առկա նյութերը գալիս է հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, օբյեկտիվորեն գնահատվել են գործով ձեռք բերված, ինչպես նաև բողոքաբերի ներկայացրած ապացույցները» (տե՛ս նյութեր, հատոր 2, էջ 62-71):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձինք գտել են, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բողոքաբերների պնդմամբ` ստորադաս դատարանների որոշումներն անհիմն են, չպատճառաբանված և հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844, Վճռաբեկ դատարանի թիվ ՍԴ3/0045/01/13, թիվ ԵՔՐԴ/0295/01/08, թիվ ԵԿԴ/0081/01/11, թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումներին:
Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկների` բողոքի հեղինակները փաստել են, որ Առաջին ատյանի դատարանը դիմողի ներկայացուցչի բողոքը մերժել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պահանջի խախտման պատճառաբանությամբ, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ այդ պահանջը հակասահմանադրական է ճանաչվել: Վերաքննիչ դատարանն իր հերթին իրականացրել է բողոքի` ըստ էության քննություն` դրանով իսկ դուրս գալով վերաքննության սահմաններից:
10. Բողոքաբերները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել որոշ փաստական հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ բողոք բերած անձանց` գործում առկա նյութերով հերքվում են ստորադաս դատարանի դատողություններն առ այն, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասը վերականգնվել է:
Բացի այդ, բողոքի հեղինակները գտել են, որ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկների առկայության պայմաններում հիմնազուրկ են Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է բազմակողմանի քննություն և օբյեկտիվորեն գնահատվել են գործով ձեռք բերված ապացույցները:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմողի ներկայացուցիչները խնդրել են կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզաբանելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության, ինչպես նաև վերաքննության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Վարույթն իրականացնող մարմնի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզաբանելը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն այն պարագայում, երբ ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից Որոշման բողոքարկման ընթացակարգը պարզաբանելու իր պարտականությունը պատշաճ կատարելու հարցը:
14. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(...) Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: (...)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները (…):
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»:
Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը:
(…) [Ք]րեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ իր կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների և անգործության դեմ բողոք ներկայացնելու իրավունքի մասին: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների և անգործության դեմ բողոք ներկայացնելու իրավունքը:
(…) [Ք]րեական դատավարության ընթացքում դատավարության մասնակցի վերաբերյալ համապատասխան դատավարական փաստաթղթեր կազմելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրանցում պարզաբանի նաև, թե որ մարմին, ինչ ժամկետում և ինչ կարգով կարող են բողոքարկվել այդ փաստաթղթերը: (…) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակցին վերոնշյալ պարզաբանումները չտրամադրելը հանգեցնում է վերջինիս իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման» (տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-16-րդ կետերը):
15. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:
Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`
- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,
- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկելու օրենքով նախատեսված ընթացակարգը բողոքաբերի կողմից չի պահպանվում այդ մարմնի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով, յուրաքանչյուրի համար արդյունավետ իրավական պաշտպանություն ապահովելու` պետության պարտավորության լույսի ներքո դատարանը պետք է պատշաճ գնահատական տա մինչդատական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու, այն է` որոշման բողոքարկման կարգն ու ժամկետը չպարզաբանելու կամ սխալ պարզաբանելու հանգամանքին:
Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած անբարեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատարանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախտումը և բողոքը քննարկի ըստ էության: Մնացած դեպքերում դատարանը, առանց բողոքն ըստ էության քննարկելու, պետք է ճանաչի վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան որոշումը բողոքարկելու ընթացակարգը պարզաբանելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը և արձանագրի դրա հետևանքով անձի` իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը խախտվելու հանգամանքը: Վերջինս իրավական հնարավորություն կտա անձին իրավունքների պաշտպանության այլ եղանակներով վերականգնելու իր խախտված իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, անձի կողմից իրավասու մարմիններին դիմելու դեպքում դատարանի այդպիսի որոշումը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի այդ մարմինները ձեռնարկեն ողջամիտ և բավարար միջոցներ` թույլ տրված խախտումը վերացնելու համար:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է մի կողմից անձի` միջազգային-իրավական և սահմանադրաիրավական նորմերով նախատեսված իրավունքների արդյունավետ պաշտպանության, մյուս կողմից` այդ պաշտպանությունն իրականացնելիս օրինականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի կողմից 2014 թվականի հունիսի 13-ին կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որտեղ պարզաբանված չեն նշված որոշման բողոքարկման կարգն ու ժամկետները: Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմինը կից գրությամբ դատավարության մասնակիցներին պարզաբանել է, որ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ դատարան (տե՛ս սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերը):
Նման պայմաններում տուժողի ներկայացուցիչը Որոշումը բողոքարկել է Առաջին ատյանի դատարան` առանց պահպանելու դրա բողոքարկման արտադատական կարգը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված` դատախազին բողոքարկելու կարգը, մերժել է դիմողի բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):
Այնուհետև` 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, դիմող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանը Որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Նշված բողոքը դատախազության կողմից ուղարկվել է Վերաքննիչ դատարան` «վերաքննիչ բողոքին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր հերթին, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, որևէ դատական սխալ չի արձանագրել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետը):
17. Մեջբերված փաստերից հետևում է, որ առաջին ատյանի դատարանը, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, այն մերժել է բողոքաբերի կողմից որոշումը բողոքարկելու արտադատական կարգը պահպանած չլինելու հիմնավորմամբ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքարկման արտադատական կարգը չպահպանելը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) դատական վարույթում չվերացվող բողոքարկման կարգի խախտում է: Այսպես` ընդհանուր կանոնի համաձայն` մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումները դատարան բողոքարկելու պայման է այն նախապես դատախազին բողոքարկելը: Այս առումով Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(...) Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականությունը վիճարկելու [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արտադատական] կարգը՝ որպես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման միջոց, հստակ սահմանված է օրենքով, որևէ բացառություն չի նախատեսում և նպատակ է հետապնդում քրեական դատավարության մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց համար առավել արդյունավետ ձևով ապահովելու դատական պաշտպանության իրավունքի անխափան իրականացումը:
(…)
[Մ]ինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման նախապայման դատախազական հսկողության սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետ վերացնելու օրենսդրի կամքով: Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկողական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավաչափ նպատակ. անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ՝ հնարավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից» (տե’ս Արմեն Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 18-19-րդ կետերը):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե քրեական դատավարության մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից չի պահպանվել նշված որոշումը վիճարկելու արտադատական կարգը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) (տե'ս mutatis mutandis Հայկ Մելքոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշման 12-րդ կետը, Արմեն Գրիգորյանի վերաբերյալ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 21-րդ կետը):
Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բողոքաբերի կողմից վարույթն իրականացնող մարմնի որոշման բողոքարկման արտադատական կարգը չի պահպանվում այդ մարմնի անբարեխղճության հետևանքով, դատարանը, ելնելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներից, առանց բողոքն ըստ էության քննարկելու, պետք է ճանաչի վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան որոշումը բողոքարկելու ընթացակարգը պարզաբանելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը և արձանագրի դրա հետևանքով անձի` իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը խախտվելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատարանի այդպիսի որոշումը` անձի կողմից դատախազին դիմելու դեպքում հիմք է, որպեսզի դատախազը իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի բողոքարկելու բաց թողնված ժամկետը և օրենքով սահմանված կարգով քննարկի բողոքը:
18. Սույն որոշման 16-րդ կետում վերլուծված փաստական հանգամանքները դիտարկելով 14-15-րդ և 17-րդ կետերում շարադրված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված չէ այն պարագայում, երբ ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից Որոշման բողոքարկման ընթացակարգը պարզաբանելու իր պարտականությունը պատշաճ կատարելու հարցը:
Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածներով երաշխավորված` անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում:
18.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պահանջը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշման եզրափակիչ մասից հետևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումները կամ գործողությունները դատարան բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազին բողոքարկված լինելու պարտադիր պայմանը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական չի ճանաչվել: Հետևաբար բողոք բերած անձանց վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում:
18.2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանի միջնորդություն-բողոքի վերաբերյալ դատախազ Ս.Շհոյանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված գրությանը: Մասնավորապես, նշված գրությամբ դատախազը Վերաքննիչ դատարան է ուղարկել բողոքաբերի ներկայացուցիչ Մ.Ավագյանի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդություն-բողոքը «իր կողմից բերված վերաքննիչ բողոքին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար» (տե’ս սույն որոշման 7-րդ կետը): Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որ նորմով է ղեկավարվել և որ լիազորության շրջանակում է գործել դատախազը` իրեն հասցեագրված բողոքը քննարկելու փոխարեն այն «վերահասցեագրելով» Վերաքննիչ դատարանին, ավելին` վերջինիս «հանձնարարելով» այն «կցել վերաքննիչ բողոքին և լուծել համատեղ ընթացքը»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է նորմ, որը դատախազին կօժտեր նման լիազորությամբ, որպիսի պայմաններում դատախազ Ս.Շհոյանի կողմից ներկայացուցիչ Մ.Ավագյանի բողոքը քննության չառնելու, այն Վերաքննիչ դատարան ուղարկելու և գրությամբ տվյալ դատարանին «ցուցումներ» տալու փաստերը վկայում են այն մասին, որ դատախազ Ս.Շհոյանի գործողությունները զուրկ են որևէ իրավական հիմքից, հետևաբար քննարկվող գրությունն իրենից ներկայացնում է իրավական որևէ կարգավիճակ չունեցող և իրավական հետևանքներ չառաջացնող փաստաթուղթ:
II. Վերաքննության սահմանները.
19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքն ըստ էության քննարկված չլինելու պայմաններում արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու էր քննարկել բողոքի հիմքերը և դրա արդյունքում կատարել եզրահանգումներ:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն`
«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»:
Մեջբերված կարգավորումները դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկբունքի դրսևորումներ են: Այս սկզբունքից բխում է, ի թիվս այլնի, որ վերաքննիչ դատարանը` որպես վերանայող ատյան, գործի էության վերաբերյալ չի կարող ավելի լայն լիազորություններ ունենալ, քան առաջին ատյանի դատարանը (տե’ս Ռ.Արշալույսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի որոշման 21-րդ կետը):
Ի ապահովումն վերոգրյալ սկզբունքի` օրենսդիրը վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահել հաստատված համարելու նոր փաստական հանգամանք հետևյալ դեպքերում`
1. երբ դա հնարավոր է առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա,
2. երբ հետազոտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ վերաքննիչ դատարան ներկայացված լրացուցիչ ապացույցներ:
21. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքի ըստ էության քննություն չի իրականացրել և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ որևէ հետևության չի հանգել` Որոշումը վիճարկելու արտադատական կարգը պահպահված չլինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Նման պայմաններում, առանց անդրադառնալու Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վիճարկելու արտադատական կարգը, ինչը բացառում է բողոքի ըստ էության քննությունը, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է բողոքի հիմքերին, գնահատման ենթարկել նյութերը և եզրահանգումներ է կատարել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների, ինչպես նաև նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունների մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
22. Նախորդ կետում վերլուծված փաստերը գնահատելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքն ըստ էության քննարկված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննարկել բողոքի հիմքերը և դրա արդյունքում կատարել եզրահանգումներ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, այն է` առանց օրենքով սահմանված հիմքերի իրականացրել է դիմողի ներկայացուցչի բողոքի ըստ էության քննություն և կատարել եզրահանգումներ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանը չուներ նման լիազորություն (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը): Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջների խախտում:
23. Հիմք ընդունելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, գործի արդարացի քննության իրավունքների խախտմանը: Վերջիններս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի փաստական հանգամանքների և դրանց տրված գնահատականների վերաբերյալ բողոքաբերների բարձրացրած հարցերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դիմող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Մ.Ավագյանի և Ա.Բադալյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|