ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռ Քրեական գործ թիվ ՎԲ-04/12 |
ՎԲ-04/12 |
Նախագահող դատավոր՝ Հ. Ասատրյան | |
Դատավորներ` Ա. Հովհաննիսյան | |
Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դԱՆԻԵԼյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Կ. Մեժլումյանի |
2017 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սիլվա Վարազդատի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ դատապարտյալ Ս.Ասատրյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2001 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 15-100-րդ հոդվածի և 232-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 17228101 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2005 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Յուրի Գրիգորիի Վոլֆսոնը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 236-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի՝ 2005 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սիլվա Վարազդատի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով։
Նույն մարմնի՝ 2006 թվականի հունվարի 25-ի և փետրվարի 10-ի որոշումներով Յու.Վոլֆսոնին և Ս.Ասատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, Յու.Վոլֆսոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով։
2006 թվականի մարտի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով Ս.Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով։
Ս.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով։
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Յուրի Գրիգորիի Վոլֆսոնը։
3. Ամբաստանյալ Յու.Վոլֆսոնի և նրա պաշտպան Ա.Կարապետյանի, ամբաստանյալ Ս.Ասատրյանի և նրա պաշտպան Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռով ամբաստանյալ Յու.Վոլֆսոնի նկատմամբ նշանակված պատժի մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը փոփոխել է, իսկ ամբաստանյալ Ս.Ասատրյանի մասով դատական ակտը թողել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ս.Ասատրյանը, նրա պաշտպան, Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Կ.Մեժլումյանը։ Վճռաբեկ դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է։
5. Ս.Ասատրյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2017 թվականի ապրիլի 27-ին Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 3571/09) կայացրել է վճիռ` արձանագրելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
6. Դատապարտյալ Ս.Ասատրյանի պաշտպան Կ.Մեժլումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի հիշյալ վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի նոյեմբերի 29-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին։
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ս.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա «2001թ. նոյեմբերին իր մտերիմ Յուրի Վոլֆսոնին պատվիրել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ ավտոմեքենան պայթեցնելու միջոցով, սպանել իր և իր ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Մելիք Գասպարյանին՝ դրա դիմաց գումարային վարձատրություն կամ գույքային փոխհատուցում տալու պայմանով։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Յուրի Վոլֆսոնը 2001թ. դեկտեմբեր ամսին պատրաստել է էլեկտրական շղթայի միջոցով ավտոմեքենայի տատանումներից գործարկվող պայթուցիկ սարք, որը 2001թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 04-ի սահմաններում, մագնիսի միջոցով ամրացվել է Երևան քաղաքի Աճառյան 18 հասցեում գտնվող Մ.Գասպարյանի բնակության վայրի բակում կայանված «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 61 ԼԼ 637 պ/հ ավտոմեքենայի տակ՝ վարորդի նստատեղի ուղղությամբ, և այն բերելով մարտական աշխատունակ վիճակի՝ հեռացել է։
Նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, Մ.Գասպարյանի կողմից ավտոմեքենան գործարկելու հետևանքով պայթուցիկ սարքը գործի է դրվել ու պայթել, սակայն վերջինիս սպանությունը ավարտին չի հասցվել՝ հանցավորների կամքից անկախ հանգամանքներով, և Մ.Գասպարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս։
Պայթունի հետևանքով դիտավորությամբ վնասվել են նաև (...) գույքը՝ (...) ընդհանուր առմամբ նրանց պատճառելով 2.647.250 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 374)։
8. Վերաքննիչ դատարանը 2008 թվականի հունիսի 18-ի դատավճռով արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը, քննարկելով պաշտպան Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքի (...) փաստարկները, (...) գտնում է, որ սույն գործի քննության ընթացքում թույլ չեն տրվել քրեադատավարական կամ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և Ս.Ասատրյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արդարացման հիմքով բերված վերաքննիչ բողոքները հիմնավոր չեն, ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակման և առաջադրված մեղադրանքներում նրանց մեղավորությունը հաստատված լինելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված է և պատճառաբանված, հետևաբար բերված բոլոր վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց բավարարման(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթ 334)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերի պնդմամբ Եվրոպական դատարանի կողմից 2017 թվականի ապրիլի 27-ին Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։
Բողոք բերած անձը, մեջբերելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռի հիմնավորումները, նշել է, որ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերով խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը։ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Ս.Ասատրյանի մեղավորությունն ապացուցելու համար դատավճռի հիմքում դրել է դատարանում չհարցաքննված վկաներ Լ.Գյուրջյանի, Ա.Ադեյանի, Ա.Բաղդասարյանի, Ա.Աթանեցյանի՝ դատարանում չհետազոտված նախաքննական ցուցմունքները, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցաքննելու այդ վկաներին։
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը վերանայելու հիմք է։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։
(…)»։
Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09 որոշումները)։
13. Այսպես` Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, քանի որ դիմումատու Ս.Ասատրյանը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորությունից։
13.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առնչությամբ իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) Արդար դատաքննության հասկացությունը ենթադրում է, inter alia, մրցակցային դատավարության իրավունքը, ինչը քրեական գործի պարագայում նշանակում է, որ և΄ մեղադրանքի, և ΄ պաշտպանության կողմերին պետք է տրվի մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու հնարավորություն (…)։ Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ հնարավոր է, որ դատավարական այնպիսի իրավիճակը, որի դեպքում մի կողմի համար հակառակ կողմի համեմատ անբարենպաստ պայմաններ չեն ստեղծվում, այնուամենայնիվ հանդիսանա մրցակցային դատավարության իրավունքի խախտում, եթե տվյալ կողմին չի տրվել ներկայացված բոլոր ապացույցներին կամ փաստարկներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու հնարավորություն, ինչը թույլ կտար ազդել դատարանի որոշման վրա (…)։
(…) [Ո]րպես ընդհանուր կանոն, [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին տրվի վկայի՝ իր դեմ տված ցուցմունքի թույլատրելիությունը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու համարժեք և պատշաճ հնարավորություն՝ վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (…) Ոստիկանության կողմից հետաքննության կամ դատական քննության փուլերում ստացված ցուցմունքները որպես ապացույց օգտագործելն ինքնին չի հակասում վերոնշյալ դրույթներին՝ պայմանով, որ դրա արդյունքում պաշտպանության կողմի իրավունքները չեն խախտվել (…)։
Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (…) Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում։ Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ`
i) դատարանը նախապատրաստական փուլում նախ պետք է քննի այն հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար` հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես ընդհանուր կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` նրանց ներկայանալն ապահովելու համար.
ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (վերեւում հիշատակված), վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայանալ նաև այլ օրինական պատճառներով.
iii) այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել վարույթի նախորդ որեւէ փուլում, դատական քննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված ցուցմունքի գրավոր հաստատումը որպես ապացույց ճանաչելը պետք է ծայրահեղ միջոց լինի.
iv) չներկայացած վկաների` նախկինում տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ժամանակ պետք է ունենա իր դեմ ներկայացված ապացույցների թույլատրելիությունը վիճարկելու արդյունավետ հնարավորություն։
Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկաների տված ցուցմունքների ճշմարտացիությունը և հավաստիությունը` իր ներկայությամբ վկաներին բանավոր հարցաքննելու միջոցով` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.
v) «միակ կամ վճռորոշ ապացույցի սկզբունքի» համաձայն` այն դեպքում, երբ ամբաստանյալին դատապարտելու համար հիմք են ծառայում բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուցմունքները, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել դատավարության փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն սահմանափակվում են.
vi) այս համատեքստում «վճռորոշ» ցուցմունք պետք է նշանակի միայն այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունք, որը կարող է որոշել գործի ելքը։ Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա գնահատականն այն մասին` արդյոք այն վճռորոշ է, կախված կլինի հիմնավորող ապացույցների հավաստիությունից. որքան հավաստի են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը կհամարվի վճռորոշ.
vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի դատաքննության արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ վճռորոշ ապացույցի սկզբունքը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.
viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է ամբաստանյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելն ինքնըստինքյան չի հանգեցնի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման։ Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է դատական քննությունը հանգամանորեն ուսումնասիրի։ Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդ ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, դրանք մեծ ազդեցություն կունենան հավասարակշռության վրա, և անհրաժեշտ կլինեն դրանց հակակշռող բավարար գործոններ, այդ թվում` հուսալի դատավարական երաշխիքներ։ Ամեն դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը` դրանք որպես ապացույց ճանաչելու համար։ Սա թույլ կտա, որ դատապարտումը հիմնված լինի այդ ցուցմունքների վրա միայն այն դեպքում, երբ դրանք բավականաչափ հավաստի են` հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը։
(…) [Եվրոպական դատարանը նշում է, որ] վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննության արդարացի չլինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որոշիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձանագրելու հարցում։ Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է ուսումնասիրի բավարար հակակշռող գործոնների առկայությունը ոչ միայն այն գործերում, որոնց դեպքում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է եղել դիմումատուին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնց դեպքում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այդ ցուցմունքը կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները։ Հակակշռող գործոնների՝ դատաքննությունն արդար համարելու համար անհրաժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից։ Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առմամբ համարվի արդարացի (…)» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 52-55-րդ կետերը)։
14. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանը վերլուծության առարկա է դարձրել այդ չափանիշների՝ ներպետական դատարանների կողմից պահպանված լինելու հարցը։
14.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը նշել է. «(…) Վարչական շրջանի դատարանի դատավճռի մեջ նշված ապացույցներից բացի, Վերաքննիչ դատարանը հիմնվել է վկաներ Ա.Աթ.-ի, Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի և Ա.Բ.-ի նախաքննության ցուցմունքների վրա (…) և եկել է այն եզրահանգման, որ դիմումատուի՝ դատական քննության ժամանակ և իր վերաքննիչ բողոքում ներկայացրած արդարացումն արժանահավատ չէ։
(…)
Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Վարչական շրջանի դատարանի դատավճռում, որն այնուհետև ամբողջությամբ անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի կողմից այնքանով, որքանով այն վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը, անշուշտ նշվել են դիմումատուի մեղավորությունն ուղղակիորեն հաստատող այլ ապացույցներ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել հիմք ընդունել նաև վկաներ Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի նախաքննական ցուցմունքները՝ հաստատելու համար Վարչական շրջանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ դիմումատուն՝ հակառակ իր արդարացումներին, Մ.Գ.-ին սպանելու շարժառիթ է ունեցել, Դատարանը գտնում է, որ այդ ցուցմունքները նշանակություն են ունեցել գործի համար։ Ինչ վերաբերում է այդ ապացույցներին, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր էր մեղադրյալին իր պաշտպանությունը պատշաճորեն կազմակերպելու և իր բոլոր համապատասխան փաստարկները ներկայացնելու հնարավորություն ընձեռել։
(…)
Ճիշտ է, որ Վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորության վերաբերյալ նոր եզրակացության չի հանգել։ Այնուամենայնիվ, ունենալով Վարչական շրջանի դատարանի դատավճիռը փաստերի և օրենքի տեսանկյունից վերանայելու ամբողջական իրավասություն` Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումները կատարելիս ոչ միայն հիմք է ընդունել վկաների` Վերաքննիչ դատարանում չստուգված ցուցմունքները, այլ նաև խնդրո առարկա վկաները չեն հարցաքննվել Վարչական շրջանի դատարանի կողմից (…)։
Վարչական շրջանի դատարանն այդ ապացույցներին չի անդրադարձել նաև դիմումատուին դատապարտելիս։ Այս հանգամանքներում այն փաստը, որ Վերաքննիչ դատարանն անձամբ չի քննել այն վկաներին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուի դեմ, կարող էր մեծապես ազդել դիմումատուի պաշտպանության իրավունքների վրա» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 57, 60-61-րդ կետերը)։
14.2. Եվրոպական դատարանը նշել է նաև. «(…) [Վ]կա Լ.Գ.-ն, լինելով դիմումատուի դուստրը, ներպետական օրենսդրության համաձայն, ունեցել է ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իրավունք և օգտվել է այդ իրավունքից (…)։ Ուստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն վերլուծելու տեսանկյունից` Լ.Գ.-ն, օգտվելով մերձավոր ազգականի` դիմումատուի դեմ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իր օրինական իրավունքից, դիմումատուի վերաբերյալ գործով դատական քննությանը չներկայացած մյուս երեք վկաներից տարբեր կարգավիճակ է ունեցել։ Այնուամենայնիվ, չնայած այն փաստին, որ Լ.Գ.-ն օգտվել է ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու` օրենքով սահմանված իր իրավունքից, Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնվել է նրա նախաքննական ցուցմունքների վրա, որոնք նա տվել էր այն փուլում, երբ դիմումատուն վարույթում դեռեւս մեղադրյալի կարգավիճակ չուներ։
(…) Ինչ վերաբերում է վկաներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին և Ա.Աթ.-ին, ապա (…) այդ վկաները Վերաքննիչ դատարանի կողմից չեն հարցաքննվել։ Նրանք նաև չեն հարցաքննվել առաջին ատյանի դատարանի կողմից և ոչ էլ ընդգրկվել են դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում։ Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնվել է նախաքննության ընթացքում նրանց տված ցուցմունքների վրա, երբ մեղադրյալին դեռ որևէ մեղադրանք առաջադրված չի եղել, ինչի արդյունքում դիմումատուն զրկված է եղել նրանց ցուցմունքները վիճարկելու հնարավորությունից, մինչդեռ քրեական դատավարության ներպետական օրենսդրության համաձայն` Վերաքննիչ դատարանը չէր կարող հիմնվել վերաքննիչ վարույթին չներկայացած և առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաների ցուցմունքների վրա (…)» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 62-63-րդ կետերը)։
14.3. Անդրադառնալով չներկայացած վկաների ցուցմունքները «միակը և վճռորոշը» լինելու հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Դատարանի համար պարզ չէ` արդյոք վկաներ Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի եւ Ա.Աթ.-ի ցուցմունքները միակը և վճռորոշ են եղել, սակայն այն այդուհանդերձ համոզված է, որ դրանք նշանակալի դեր են ունեցել, և դրանք որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները (…)։ Դատարանը նշում է, որ պաշտպանության կողմի հնարավորությունների սահմանափակումը փոխհատուցելու համար որևէ դատավարական երաշխիք չի եղել։ Մասնավորապես, դիմումատուն նախաքննության ընթացքում այդպես էլ հնարավորություն չի ունեցել խնդրո առարկա վկաների ցուցմունքների թույլատրելիությունը վիճարկելու եւ հիմնավոր պատճառով չէր կարող այդպիսի պահանջ ներկայացնել դատական քննության ժամանակ, քանի որ այդ վկաները չէին ընդգրկվել դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում։ Ավելին, քանի որ խնդրո առարկա ապացույցները չէին հետազոտվել դռնբաց դատական քննության ժամանակ, պաշտպանության կողմը տեղյակ չէր անգամ, որ Վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորությունը հաստատելու համար հիմնվելու է այդ ապացույցների վրա (…)» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 64-րդ կետը)։
15. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «(…) վերոնշյալ դատողությունները բավարար են, որպեսզի Դատարանը գա այն եզրահանգման, որ տվյալ դեպքում խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը։
(…) Հետևաբար տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 65-66-րդ կետերը)։
16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը վերանայելու հիմք է։
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։
18. Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում վարույթը վերաբացելու առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, արձանագրել է. «(...) Դատարանը անհրաժեշտ է համարում նաև նշել, որ վճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարելու արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական բնույթի միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել իր ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (...)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (...)։
(...) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածներով նախատեսվում է ներպետական դատական ակտը վերանայելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (...)։ Ինչպես Դատարանը սահմանել է սույն գործին նման նախորդ գործերում՝ հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի գործի պատշաճ կարգով վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (...)» (տե՛ս Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 73-74-րդ կետերը)։
19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 12-ի և Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի հունիսի 18-ի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Սիլվա Վարազդատի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը վերանայել։
2. Դատապարտյալ Ս.Ասատրյանի մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հունիսի 18-ի դատավճիռը բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան