Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1396
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ 3/0099/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ 3/0099/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Խառատյան

Դատավորներ՝

Կ. Չիլինգարյան
Ա. Պետրոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

  

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Առլեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Մարտոյանի հայցի ընդդեմ Առլեն Պետրոսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին և հակընդդեմ հայցի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսինե Մարտոյանը պահանջել է կիրառել իր և Առլեն Պետրոսյանի միջև 30.01.2009 թվականին կնքված առոչինչ պայմանագրի իրավական հետևանքներ` Առլեն Պետրոսյանին պարտավորեցնել վերադարձնելու որպես կանխավճար ստացած 45.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև հօգուտ հայցվորի բռնագանձել պետական տուրքի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները 01.02.2009 թվականից մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Առլեն Պետրոսյանը պահանջել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի կարգով վավեր ճանաչել իր և Լուսինե Մարտոյանի միջև կնքված պայմանագիրը և վերջինից բռնագանձել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես գործարքը կնքելուց միակողմ հրաժարվելու դեպքում պայմանագրով նախատեսված տուժանք։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 28.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առլեն Պետրոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսինե Մարտոյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է հակընդդեմ հայցի հիմքերը, չի պարզել հակընդդեմ հայցով ներկայացված փաստական հանգամանքները։ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների կիրառման հնարավորությանը, ինչպես նաև չի պատճառաբանել առկա իրավահարաբերության դեպքում վկայակոչված նորմի չկիրառումը։ Մինչդեռ օրենսդիրը սահմանել է իրավունքի պաշտպանության, նմանօրինակ իրավահարաբերության կարգավորման հնարավորություն, երբ գնորդը, ցուցաբերելով անբարեխիղճ վերաբերմունք, հրաժարվում է պայմանագիրը նոտարական վավերացման ներկայացնելուց։

Բացի այդ, դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գրավոր ձևով կազմված պայմանագրով սահմանվել է նաև պայմանագրի կատարումից հրաժարվելու համար տուժանք` 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գործարքը կնքվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասարակ գրավոր ձևով և վավեր է։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն առոչինչ է, քանի որ այն չի ենթարկվել նոտարական վավերացման։ Թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանն արդարացիորեն կիրառել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետը, 302-րդ, 303-րդ, 304-րդ, 411-րդ հոդվածները, որոնք միաժամանակ հիմնավորում են հակընդդեմ հայցի անհիմն լինելը։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը, ապա այն սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ Առլեն Պետրոսյանը ստացել է միայն 45.000 ԱՄՆ դոլար կանխավճար, ուստի սույն գործով չի հանդիսանում գործարքը լրիվ կամ մասամբ կատարած կողմ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 11.05.2009 թվականին տրված թիվ 2372481 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Կենտրոն թաղամասի 3-րդ փողոցի թիվ 12 բնակելի տունը և հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Առլեն Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 40-41)։

2. 30.01.2009 թվականին Առլեն Պետրոսյանի և Լուսինե Մարտոյանի միջև կնքվել է «Հողամասի առուվաճառքի պայմանագիր» (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետի համաձայն` Պայմանագրի առարկան է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող 680 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 153 քմ մակերեսով տունը (հատոր 1-ին, գ.թ. 18)։

Պայմանագրի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` Պայմանագրի առարկայի գինը սահմանվել է 230.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից որպես կանխավճար վճարվել է 45.000 ԱՄՆ դոլար։ Պայմանագրով կողմերը սահմանել են նաև մնացած գումարի վճարման հետևյալ կարգը. 75.000 ԱՄՆ դոլար վճարվելու է 30.04.2009 թվականին, 30.000 ԱՄՆ դոլարը վճարվելու է տան վերջնական ավարտից և փաստաթղթերը գնորդի անունով գրանցելուց հետո` 30.06.2009 թվականին, իսկ 80.000 ԱՄՆ դոլարը` երկու տարվա ընթացքում` սկսած նոտարական գրանցման օրվանից (հատոր 1-ին, գ.թ. 18)։

Պայմանագրի 4-րդ կետի համաձայն` Պայմանագիրը խախտելու դեպքում խախտողը պարտավոր է վճարել 10.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 18)։

Պայմանագրի 5-րդ կետի համաձայն` Պայմանագրի նոտարական վավերացման ժամկետ է սահմանվել 30.04.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 18)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։ Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ)։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից թույլ չեն տրվել դատավարական նորմերի խախտումներ, քանի որ վճռի պատճառաբանական մասում Դատարանը կատարել է համապատասխան վերլուծություն` նշելով, որ առոչինչ գործարքի նկատմամբ կիրառելի չէ պայմանագրով նախատեսված տուժանք բռնագանձելու վերաբերյալ դրույթը։

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ չեն անդրադարձել հակընդդեմ հայցի հիմքերին, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը։ Ուստի Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այդ և այն հանգամանքը, որ սույն վճռաբեկ բողոքը ևս առավելապես կառուցված է այդ հիմքի շրջանակներում, հարկ է համարում հանգամանորեն անդրադառնալ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք։

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառողի պարտականությունն անշարժ գույքը գնորդին հանձնելն է, իսկ գնորդի պարտականությունը` այն ընդունելն է և դրա համար պայմանավորված գինը վճարելը։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել։ Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում։

Վերոնշյալից հետևում է, որ սույն գործով վաճառողը ստանալով կանխավճար, կարող է պահանջել գնորդից ընդունելու անշարժ գույքը և վճարել գույքի արժեքը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պայմանագրից։

Սակայն, սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Լուսինե Մարտոյանը մասնակի կատարել է գնորդի պարտականությունը և 45.000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է վճարել Առլեն Պետրոսյանին, մինչդեռ վերջինս, ունենալով մինչև գործարքի կնքումը որոշակի շինարարական աշխատանքներ կատարելու պարտավորություն, չի կատարել այն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց և պահանջել հատուցելու վնասները։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առլեն Պետրոսյանը չի հիմնավորել, որ իր մոտ ծագել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործարքը վավեր ճանաչելու պահանջի իրավունքը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առլեն Պետրոսյանը, գնորդից ստանալով կանխավճար, չի կատարել շինարարական աշխատանքներ կատարելու իր պարտականությունը, հետևաբար գնորդի կողմից գործարք չկնքելը իրավաչափ է, և կողմերի միջև գրավոր կնքված տուժանքի մասին համաձայնությամբ նախատեսված տուժանքը չպետք է կիրառվի։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի պահանջից, գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից հիշյալ դատավարական իրավունքի նորմերի խախտումը դատական ակտի բեկանման հիմք չէ, քանի որ չի հանգեցրել գործի սխալ լուծման, հետևաբար Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 1-ին ենթակետով սահմանված վճռաբեկ դատարանի լիազորությունը, այն է`գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ։ Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված կամ սխալ պատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան