Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «օրինակելի ուսումնական պլանը» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և» բառերը փոխարինել «գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ» բառերով.

2) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա, որի համաձայն՝ դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:»:

 

Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ մասերով.

«12. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:

13. Կամավոր ատեստավորման գործընթացում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։»:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինել «մարզերի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մինչև տվյալ առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տնօրենը ապահովում է ուսուցչի մասնակցությունը մասնագիտական զարգացման կարիքի հիման վրա իրականացվող վերապատրաստմանը:».

 3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:»։

 

 Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետի «և տնօրենի նշանակման կարգը» բառերը փոխարինել «, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.5-րդ կետով.

«12.5) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը և կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.»:

 

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 26.11-րդ կետը «պետական ուսումնական հաստատություններ» բառերից առաջ լրացնել «մարզերի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը «օգոստոսի 20-ը,» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։ Կամավոր ատեստավորումն անցած և ատեստավորված անձը կարող է տվյալ կամ այլ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում իրականացնել (շարունակել) մանկավարժական աշխատողի գործունեությունը։ Կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած և, անկախ պատճառներից, չմասնակցած ուսուցիչների մասնագիտական գործունեությունը դադարեցվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ 2023 թվականի ժամանակացույցի՝ տվյալ առարկայի կամավոր ատեստավորմանը հաջորդող օրվանից:» բառերով:

 

Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-244-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան