ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/3066/05/21 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/3066/05/21 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
2024 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աշոտ Նալբանդյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կարեն Վարդապետյան՝ ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Աշոտ Նալբանդյանին նախկինում զբաղեցրած՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի թիկունքի կոմունալ շահագործման պետի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք այլ պաշտոնում վերականգնելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու, Աշոտ Նալբանդյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, վճարելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աշոտ Նալբանդյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանը, որպես անվավերության հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը իրեն վերականգնել նախկինում զբաղեցրած՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի թիկունքի կոմունալ շահագործման պետի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք այլ պաշտոնում, և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.06.2022 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 15.11.2021 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն և փոփոխվել է՝ ՀՀ ոստիկանությունը պարտավորեցվել է Աշոտ Նալբանդյանին վճարել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Դատարանի 15.11.2021 թվականի վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Արթուր Առուստամյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։
Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել ՀՀ ոստիկանության պետի 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանին։ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել՝ թե Աշոտ Նալբանդյանը համարվում է ծառայությունից անհիմն ազատված, թե ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված։
Բացի այդ, Աշոտ Նալբանդյանի հարկադիր պարապուրդի համար գանձվող գումարը պետք է հաշվարկվեր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին համապատասխան, քանի որ չնայած հարկադիր պարապուրդի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներով՝ առկա են ոլորտը կարգավորող հատուկ իրավակարգավորումներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 07.09.2012 թվականի թիվ 452-Ա հրամանով Աշոտ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի (թիվ 1001 զորամաս) թիկունքի կոմունալ շահագործման ծառայության պետ (հատոր 1-ին, գ․թ․ 98)։
2. ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանով գնդապետ Աշոտ Նալբանդյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի (թիվ 1001 զորամաս) թիկունքի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնից՝ գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում (հատոր 2-րդ, գ.թ. 94)։
3. Աշոտ Նալբանդյանը 12․08․2016 թվականին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով իրեն արձակել ՀՀ ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 71)։
4. ՀՀ ոստիկանության պետի 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի համաձայն՝ Աշոտ Նալբանդյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ հանվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվից (հատոր 2-րդ, գ.թ. 96)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի հարաբերակցությանը, պարապուրդի ժամանակահատվածը որոշելու համար անհրաժեշտ վերաբերելի ապացույցների գնահատման առանձնահատկություններին, ինչպես նաև հետևյալ իրավական հարցադրմանը․ արդյո՞ք «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական փոխհատուցումը պետք է շարունակվի վճարվել նաև այն պահից հետո, երբ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված ոստիկանության ծառայողն իր նախաձեռնությամբ անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրական իրավունք է և իր ամրագրումն է գտել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի, այդ թվում՝ հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման իրավունքի անբաժանելի և կարևոր տարրն է կազմում աշխատավարձը, իսկ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատելու արգելքն առնչվում է նաև հանրային ծառայության հետ փոխկապակցված վարձատրությանը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշումը)։
Հանրային ծառայության անցնելու իրավունքն ածանցվում է անձի աշխատանքային իրավունքներից: ՀՀ Սահմանադրությունը «Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57-րդ հոդվածում ամրագրում է աշխատանքի ընտրության ազատությունը և ամրագրում է յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը:
Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է ինչպես անձի՝ աշխատանքային հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ազատ կամքը՝ աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այնպես էլ աշխատանքի տեսակի ընտրության իրավունքը և աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Վերջինս ներառում է նաև գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերություններն առանց հիմնավոր և օրինական պատճառի դադարեցնելու արգելքը, և տվյալ արգելքի խախտման դեպքում դատական և արտադատական պաշտպանությունը, այդ թվում՝ կրած վնասների հատուցումը։
Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է․ «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով հանրային ծառայության ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունները կարող են կարգավորվել նաև աշխատանքային իրավունքի նորմերով, սակայն միայն այն դեպքում, երբ հանրային ծառայությանը վերաբերող օրենսդրությամբ տվյալ հարաբերությունն սպառիչ կերպով կարգավորված չէ: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ հանրային ծառայության ոլորտում աշխատանքային հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, վերջինիս կարգավորումներն աշխատանքային օրենսդրության նկատմամբ ստանում են առաջնահերթ կիրառելիություն, իսկ աշխատանքային օրենսդրության դրույթներն այդ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սուբսիդիարության կարգով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս): Հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս):
Հանրային ծառայության առանձին տեսակ է նաև ՀՀ ոստիկանությունում ծառայությունը․ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ «Օրենք») 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն Օրենքով:
Հաշվի առնելով, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները սահմանված են ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության առանձնահատկությունների, ՀՀ ոստիկանության ծառայողների կարգավիճակի և գործառույթների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ աշխատանքային կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali) սկզբունքից։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն վերականգնել աշխատողի աշխատանքային իրավունքն այն դեպքում, երբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարել են առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։ Առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարման դեպքում աշխատողի իրավունքի վերականգնման համապատասխան կառուցակարգ է սահմանված ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում, այնպես էլ հանրային ծառայության առանձին ոլորտներ կարգավորող հատուկ օրենքներում, այդ թվում՝ սույն գործով կիրառելի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում։
Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:
Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: (․․․)»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, այնպես էլ Օրենքի 52-րդ հոդվածը սահմանում են աշխատանքային հարաբերությունները գործատուի նախաձեռնությամբ առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ դադարեցնելու փաստը դատական կարգով հաստատված համարվելու դեպքում աշխատողի իրավունքների, մասնավորապես, վարձատրության իրավունքի վերականգնման կառուցակարգը։ Ըստ այդմ՝ արձանագրելով, որ Օրենքի 52-րդ հոդվածն սպառիչ կերպով կանոնակարգում է ոստիկանության ծառայողին առանց օրինական հիմքի կամ օրենսդրության խախտմամբ զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունները և միաժամանակ հաշվի առնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանող հատուկ օրենքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը բացահայտված հարաբերակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր, որպիսի պայմաններում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի է հետևյալ խմբագրությամբ և բովանդակությամբ՝ «Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով։»։ Այլ կերպ՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված ծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում չվճարված աշխատավարձի չափով մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։
Ինչպես վերը նշվեց, և՛ Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, և՛ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակաուղղված են առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ աշխատանքային հարաբերությունները գործատուի կողմից դադարեցվելու դեպքում աշխատողի (տվյալ դեպքում՝ ոստիկանության ծառայողի) վարձատրության իրավունքի վերականգնմանը։ Հետևաբար, այն ժամանակահատվածը, որի համար շահագրգիռ անձը պետք է ստանա ոչ իրավաչափ ճանաչված իրավական ակտի (հրամանի) արդյունքում չստացված վարձատրությունը, անհրաժեշտ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ պայմանավորված տվյալ գործի փաստական հանգամանքներով, որոշել (հստակեցնել) նշված նպատակի համատեքստում։
Թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկադիր պարապուրդ հասկացության սահմանմանը, արձանագրել է, որ «(...) հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ (․․․) հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը (...)» (տե'ս, Վահե Վարդանյանն ընդդեմ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ գնահատելով «Ոստիկանությունում ծառայության մասին» 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը, արձանագրել է, որ վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ի հայտ է գալիս հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին փաստացի պատասխանատվության ենթարկելու հակասահմանադրական կարգ, քանզի նա, առանց իր մեղքի, ավելին՝ պետության կամ համայնքի «մեղքով», մի կողմից՝ փաստացի ենթարկվում է պատասխանատվության՝ ազատվելով պաշտոնից (արձակվելով ծառայությունից), մյուս կողմից՝ զրկվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք նրան կտրամադրվեին, եթե պետությունը կամ համայնքը գործեր իրավաչափ այն դեպքում, երբ Օրենքով սահմանված է դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն՝ եռամսյա ժամկետ, որը, ներառված լինելով ազատման պահից մինչև վերականգնվելն ընկած ժամանակահատվածում, այդուհանդերձ, վերջինից կարճ է:
ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումները Սահմանադրության 75-րդ հոդվածի առումով կարող են արդյունավետ լինել, եթե երաշխավորեն ոչ միայն համապատասխան պաշտոնում վերականգնվելը, այլև ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման հետևանքով չստացված եկամուտները. պետության կամ համայնքի «մեղքով» ազատման պահից մինչև վերականգնվելը ժամանակահատվածի շրջանակում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետի սահմանումը, թեև օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում է, այդուհանդերձ, չպետք է հանգեցնի փոխհատուցման ծավալների էական սահմանափակման:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը «ոչ իր մեղքով» մեկուսացվել է աշխատանքային հարաբերություններից։ Այլ կերպ՝ վարձատրության իրավունքը ենթակա է վերականգնման այն ժամանակահատվածի համար, երբ աշխատողն աշխատանքային հարաբերություններից մեկուսացված է եղել գործատուի նախաձեռնությամբ՝ վերջինիս կողմից ընդունված անօրինական հրամանի հիմքով։
Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը որոշելիս հարկ է պարզել, թե տվյալ աշխատողն աշխատանքային հարաբերությունների ընդհատումից հետո ընկած որ ժամանակահատվածում է աշխատանքային հարաբերություններից մեկուսացվել և վարձատրություն ստանալու հնարավորությունից զրկվել «ոչ իր մեղքով»։ Ըստ այդմ՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի մեջ չի կարող ներառվել այն ժամանակահատվածը, երբ աշխատանքային հարաբերությունների ընդհատումը պայմանավորված չի եղել աշխատանքից ազատելու անօրինական հրամանի ընդունման փաստով։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ոստիկանության ծառայողին փոխհատուցման են ենթակա այն ֆինանսական միջոցները, որոնք ոստիկանության ծառայողին կվճարվեին, եթե աշխատանքային հարաբերությունները չընդհատվեին պետության (գործատուի) ոչ իրավաչափ վարքագծի պատճառով, եթե գործատուն՝ տվյալ դեպքում պետությունը, գործեր իրավաչափ։ Այլ կերպ՝ ոստիկանության ծառայողին փոխհատուցումը վճարվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կրել է պետության (գործատուի) ոչ իրավաչափ վարքագծի բացասական հետևանքները, ինչը, ի թիվս այլնի, դրսևորվել է վարձատրությունից զրկվելու ձևով։
Ավելին, Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դրամական փոխհատուցումը տրամադրվում է «մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար»։ Այս դրույթի տառացի մեկնաբանությունից՝ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշման հաշվառմամբ, բխում է, որ մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցումը վճարվում է ամբողջ ծավալով, եթե առկա է վերականգնման փաստը, այն է՝ սահմանված ժամանակահատվածը եզրագծող փաստը։ Այս դրույթի մեկնաբանությունից տրամաբանորեն բխում է նաև, որ եթե անօրինական հրամանն անվավեր ճանաչելուց հետո մինչև վերականգնումը աշխատանքային հարաբերությունները դադարել են ոստիկանության ծառայողի նախաձեռնությամբ, ինչին այլևս օբյեկտիվորեն չի կարող հետևել վերականգնումը (վերականգնման հնարավորությունն օբյեկտիվորեն բացառվում է), ապա փոխհատուցման ժամանակահատվածը եզրագծող փաստի բացակայության պայմաններում (վերականգնման փաստ), փոխհատուցումը ենթակա է վճարման մինչև ծառայողի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարումը։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերը։ Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Օրենքի 45-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ոստիկանության ծառայողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարում են, ի թիվս այլնի, նաև վերջինիս նախաձեռնությամբ և ազատ կամաարտահայտության արդյունքում։ ՀՀ ոստիկանության ծառայողը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնում է իր իսկ նախաձեռնությամբ և ազատ կամքով։ Այս հիմքով ոստիկանության ծառայող-պետություն աշխատանքային հարաբերությունների դադարման պարագայում առկա է այն դեպքը, երբ այլևս օբյեկտիվորեն բացակայում է զբաղեցրած պաշտոնում վերականգնելու հնարավորությունը, այսինքն՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու հիմքով ծառայությունից ազատվելու պահից այլևս օբյեկտիվորեն չի կարող վրա հասնել Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամանակահատվածը եզրագծող փաստը՝ վերականգնման փաստը։
ՀՀ ոստիկանության ծառայողի նախաձեռնությամբ երկարամյա կենսաթոշակի անցնելու հիմքով ծառայությունից ազատվելու պահից սկսած ոստիկանության ծառայողի կողմից վարձատրություն չստանալն այլևս հետևանք չէ պետության ոչ իրավաչափ վարքագծի․ անկախ ոչ իրավաչափ կերպով պաշտոնից ազատվելու փաստից՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու պահից սկսած ոստիկանության ծառայողն այլևս ենթակա չէ վարձատրման՝ կենսաթոշակի անցնելու փաստի ուժով։ Այդ պահից սկսած ոստիկանության ծառայողը չի վարձատրվում ոչ թե պետության «մեղքով», այլ իր իսկ նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու արդյունքում։ Այլ կերպ՝ ոստիկանության ծառայողի նախաձեռնությամբ երկարամյա կենսաթոշակի անցնելու հիմքով ծառայությունից ազատվելու պահից սկսած դադարում է ոստիկանության ծառայողի՝ իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու իրավունքը (ծագում է կենսաթոշակ ստանալու իրավունքը), և ըստ այդմ՝ չի կարող ծագել նաև վարձատրության իրավունքի վերականգնման խնդիր։ Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախատեսված դրամական փոխհատուցումը պետք է վճարվի մինչև ոստիկանության ծառայողի երկարամյա կենսաթոշակի անցնելու պահը, և դրա վճարումը չի կարող շարունակվել այն պահից հետո, երբ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված ոստիկանության ծառայողն իր նախաձեռնությամբ անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։
Ի ամփոփումն վերոհիշյալի՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը պետք է որոշի այն ժամանակահատվածը, որի համար փոխհատուցումը ենթակա է վճարման՝ գնահատելով այն բոլոր ապացույցները, որոնք թույլ են տալիս պարզել այն ժամանակահատվածը, երբ վարձատրություն չստանալը պայմանավորված է եղել գործատուի ոչ իրավաչափ վարքագծով։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Աշոտ Նալբանդյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանը, և որպես անվավերության հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանն Աշոտ Նալբանդյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի թիկունքի կոմունալ շահագործման պետի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ վերականգնել համարժեք այլ պաշտոնում, Աշոտ Նալբանդյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Դատարանի 15.11.2021 թվականի վճռով Աշոտ Նալբանդյանի հայցը բավարարվել է։ Դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանը, քանի որ տվյալ հրամանում Աշոտ Նալբանդյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ իրավական և փաստական հիմք նշված չի եղել:
Բացի այդ, Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանն Աշոտ Նալբանդյանին նախկինում զբաղեցրած՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի թիկունքի կոմունալ շահագործման պետի պաշտոնում վերականգնել և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանը, նախ՝ սույն գործով կիրառելի չի համարել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը՝ նշելով, որ «(․․․) հիշյալ նորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հետ»:
Դատարանը գտել է, որ «(․․․) հայցվոր Աշոտ Նալբանդյանի խախտված իրավունքների վերականգնման նպատակով պետք է պատասխանող ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել վերջինիս վերականգնել նախկինում զբաղեցրած՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի թիկունքի կոմունալ շահագործման պետի պաշտոնում, և նրան հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Ընդ որում, (․․․) հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը չի ընդգրկում ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու այն ժամանակահատվածը, որի համար ծառայողին վճարվել է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը, իսկ ինչ վերաբերում է հայցվորի կողմից երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածին, ապա Դատարանը գտնում է, որ նշված ժամանակահատվածը թեև ընդգրկված է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի մեջ, այնուամենայնիվ նշված ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև վճարված կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը»:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով Դատարանի 15.11.2021 թվականի վճիռը, ևս կիրառելի չի համարել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը՝ հիմնավոր համարելով Դատարանի տեսակետն այն մասին, որ «հիշյալ դրույթով խոսքը գնում է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի մասին, որը, բնավ, չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող միջին աշխատավարձի հետ (հատուցմանը)»:
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «Դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, քանի որ տվյալ դեպքում դատական ակտով հաստատվել է, որ ծառայողն աշխատանքից ազատվել է առանց օրինական հիմքերի և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ինչը հանգեցրել է հայցվորի աշխատանքային իրավունքների խախտմանը, ինչպես նաև այն, որ սույն դեպքում առկա է աշխատանքային հարաբերությունների վերականգնման հնարավորություն՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հայցվորի օգտին պատասխանողից պետք է գանձվի միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Ընդ որում, միջին աշխատավարձը պետք է հաշվարկվի աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանի կողմից առհասարակ անդրադարձ չի կատարվել ՀՀ ոստիկանության պետի 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի գոյությանը, արձանագրել է, որ «սույն գործի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում բացառապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանի իրավաչափությունը, հետևապես Դատարանը չէր կարող դուրս գալ սահմանված հայցի առարկայի և հիմքերի շրջանակներից։ Ավելին, սույն գործով վեճը վերաբերում է հայցվորի առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով հանրային ծառայության պաշտոնից ազատելուն և նրա խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելուն, ինչը որևէ աղերս չունի ՀՀ ոստիկանության պետի 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի հետ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է նաև, որ աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են»:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախևառաջ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, ըստ որի՝ սույն դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը կիրառելի չէ։
Վճռաբեկ դատարանը, փաստում է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ թե նախատեսում է «լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունք», որը, ըստ Վերաքննիչ դատարանի, «չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող միջին աշխատավարձի հետ», այլ կարգավորում է նույն հարաբերությունները, ինչ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանելով անօրինական կերպով պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողի վարձատրության իրավունքի վերականգնման համապատասխան կառուցակարգ։
Հետևաբար, սույն դեպքում հայցվորի վարձատրության իրավունքը ենթակա էր վերականգնման ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի, այլ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում Օրենքի նշված նորմը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշման հաշվառմամբ, այսինքն՝ առանց փոխհատուցում ստանալու իրավունքի եռամսյա սահմանափակման դրույթի։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները՝ չհետազոտելով և չգնահատելով գործում առկա այն ապացույցները, որոնք անհրաժեշտ էին որոշելու համար այն ժամանակահատվածը, որի համար հայցվորին պետք է վճարվեր փոխհատուցում Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան։
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։
Նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ ոստիկանության պետի կողմից 22․08․2016 թվականին ընդունվել է թիվ 2171-Ա հրամանը, որի համաձայն՝ Աշոտ Նալբանդյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ հանվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվից։ Նշված հրամանն ընդունվել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու) և ՀՀ կառավարության 13․12․2002 թվականի թիվ 2043-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու» կարգի 3-րդ կետի և 7-րդ կետի «բ» ենթակետի իրավական հիմքով։
«Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (ուժը կորցրել է 16․12․2017 թվականին) սահմանում էր․ «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս. (…)»։
ՀՀ կառավարության 13․12․2002 թվականի թիվ 2043-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու» կարգի 3-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են ոստիկանության ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը: Նույն կարգի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է (․․․) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս։
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, որպես ոստիկանությունում ծառայությունից ազատվելու հիմք է սահմանում, ի թիվս այլնի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Աշոտ Նալբանդյանը ՀՀ ոստիկանության պետի 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանով արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ հանվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու հիմքով։
Ըստ պատասխանողի դիրքորոշման՝ 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածի համար հայցվորին այլևս փոխհատուցում ենթակա չէր վճարման։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ Դատարանի կողմից առհասարակ անդրադարձ չի կատարվել ՀՀ ոստիկանության պետի 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի գոյությանը, արձանագրել է, որ սույն գործի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում բացառապես ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանի իրավաչափությունը, հետևապես Դատարանը չէր կարող դուրս գալ սահմանված հայցի առարկայի և հիմքերի շրջանակներից։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերաքննիչ բողոքում պատասխանողը ՀՀ ոստիկանության պետի 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանը կարևորել է այն ժամանակահատվածը որոշելու համատեքստում, որի համար փոխհատուցումը ենթակա էր վճարման։ Պատասխանողի փաստարկը վերաբերում էր ոչ թե 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի իրավաչափությունը գնահատելուն, ինչն իրավամբ դուրս է սույն հայցադիմումի առարկայի շրջանակից, այլ այդ հրամանի՝ որպես ապացույցի գնահատմանը՝ այն ժամանակահատվածը որոշելու նպատակով, որի համար փոխհատուցումը ենթակա է վճարման հայցվորին։ Դատարանից չէր պահանջվում գնահատել 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի իրավաչափությունը, այլ պահանջվում էր վերջինիս՝ որպես հայցվորի երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու փաստի վերաբերյալ ապացույցի, հետազոտման և գնահատման արդյունքում որոշել դրանում արձանագրված՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու փաստի ազդեցությունը փոխհատուցումը վճարելու ժամանակահատվածի վրա։
Ըստ այդմ՝ ստորադաս դատարաններից պահանջվում էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան հետազոտել և գնահատել 22․08․2016 թվականի թիվ 2171-Ա հրամանը և դրա արդյունքում որոշել այն ժամանակահատվածը, որի համար փոխհատուցումը ենթակա էր վճարման հայցվորին։
Վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով հայցվորի՝ 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի հիման վրա երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու փաստի ազդեցությունն այն ժամանակահատվածի վրա, որի համար հայցվորին պետք է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխհատուցում վճարվի՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանով գնդապետ Աշոտ Նալբանդյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի (թիվ 1001 զորամաս) թիկունքի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնից՝ գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
Այնուհետև, Աշոտ Նալբանդյանը 12․08․2016 թվականին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով իրեն արձակել ՀՀ ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, և ի պատասխան նշված զեկուցագրի՝ 22․08․2016 թվականին թիվ 2171-Ա հրամանով Աշոտ Նալբանդյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ հանվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվից։
Վերն արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ոստիկանության պետի 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի ուժի մեջ մտնելուց հետո հայցվորին այլևս «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով փոխհատուցում վճարման ենթակա չէր, քանզի այդ պահից սկսած հայցվորի և պետության միջև աշխատանքային հարաբերությունների դադարման հիմքն այլևս ոչ թե դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչված՝ ՀՀ ոստիկանության պետի 30.05.2015 թվականի թիվ 1251-Ա հրամանն է, այլ հայցվորի նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու փաստն է։ Այլ կերպ՝ փոխհատուցումը ենթակա է վճարման մինչև ՀՀ ոստիկանության պետի 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար։
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետի 30․05․2015 թվականի թիվ 1251-Ա հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանն այս պահանջները բավարարելու հիմքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից դրված փաստարկները համարում է հիմնավոր և գտնում է, որ այդ պահանջների մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում թույլ չի տրվել։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, արձանագրում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ պատասխանող ՀՀ ոստիկանությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու մասով, բեկանել և փոփոխել․ հայցը՝ ՀՀ ոստիկանությանը Աշոտ Նալբանդյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, բավարարել մասնակի՝ ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Աշոտ Նալբանդյանին վճարել փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով՝ մինչև ՀՀ ոստիկանության պետի 22.08.2016 թվականի թիվ 2171-Ա հրամանի ուժի մեջ մտնելը։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2022 թվականի որոշումը՝ բողոքարկված և չբեկանված մասով, թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|