ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԼՄՆՑՅԱՆԸ ԵՎ ՍԼՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 41973/19 և 51266/19)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 փետրվարի 2023թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի հունվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Առաջին դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ն. Ռշտունին: Երկրորդ դիմումատուն ինքն է իրեն ներկայացրել։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։
5. Դիմումատուները բողոք են ներկայացրել քաղաքացիական գործերով վարույթների չափազանց երկար տևողության առնչությամբ։ Նրանք նաև այլ բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
6. Հաշվի առնելով գանգատների առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
7. Դիմումատուները հիմնականում բողոք են ներկայացրել այն առնչությամբ, որ խնդրո առարկա քաղաքացիական գործերով վարույթների տևողություններն անհամատեղելի են եղել «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ։ Նրանք հղում են արել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
8. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի գործի հանգամանքների լույսի ներքո և հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ գործի բարդությունը, դիմումատուների և համապատասխան իրավասու մարմինների վարքագիծը և այն, թե տվյալ վեճում դիմումատուների համար ինչն է դրված նժարին (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], [Frydlender v. France] [GC], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
9. Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի ([Fil LLC v. Armenia] թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 31) նախադեպային գործով Դատարանն արդեն հայտնաբերել է սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ խախտում:
10. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և որոշելով մերժել Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործը, §§ 62 և 65 և Վասիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia] [Committee], թիվ 20193/15 և ևս երկուսը, § 9, 2022 թվականի հունիսի 23), չի հայտնաբերել որևէ փաստ կամ փաստարկ, որը կարող է հիմնավորել ներպետական ատյաններում վարույթի ընդհանուր տևողությունը: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկա գործում վարույթների տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
11. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են, և դրանցով առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
12. Դիմումատուները ներկայացրել են այլ բողոքներ, որոնցով նույնպես Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն հարցեր են բարձրացվել՝ հաշվի առնելով Դատարանի ձևավորված վերաբերելի նախադեպային իրավունքը (տե՛ս կից աղյուսակը): Սույն բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Ըստ այդմ, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, գալիս է այն եզրահանգման, որ դրանցով բացահայտվում են նաև Կոնվենցիայի դրույթների խախտում՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործով իր կողմից արված եզրահանգումների լույսի ներքո (վերևում հիշատակված, §§ 49-50):
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
13. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
14. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործը, §§ 62 և 65), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն գանգատներով առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քաղաքացիական գործերով վարույթների չափազանց երկար տևողության մասով.
4. Վճռում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի ներքո ներկայացված մյուս բողոքների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից աղյուսակը).
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անյա Սիբերտ Ֆուա՝ |
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողություն)
Թիվ |
Գանգատ թիվ Ներկայաց-ման ամսաթիվը |
Դիմումա-տուի անունը Ծննդյան ամսաթիվը |
Ներկայա-ցուցչի անունն ու գտնվելու վայրը |
Վարույթի սկսման ամսաթիվը |
Վարույթի ավարտ-ման ամսաթիվը |
Ընդհանուր տևողությունը Ատյանները |
Ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքները |
Յուրաքան-չյուր դիմումատուի ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրաքան-չյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2 |
1. |
41973/19 2019 թվականի հուլիսի 30 |
Նաիրա ԼՄՆՑՅԱՆ 1965թ. |
Ռշտունի Նարինե Երևան |
2014 թվականի դեկտեմբե-րի 11 |
ընթացքի մեջ է |
ավելի քան 7 տարի, 11 ամիս և 28 օր երեքատյան |
Հոդված 13. Քաղաքացիա-կան գործով վարույթի չափազանց երկար տևողության համար իրավական պաշտպանու-թյան որևէ արդյունավետ միջոցի բացակայություն ներպետական իրավունքում: |
1,600 |
250 |
2. |
51266/19 2019 թվականի սեպտեմբերի 22 |
Գագիկ ՍԼՈՅԱՆ 1957թ. |
2011 թվականի 18 հուլիսի 18 |
2019 թվականի փետրվարի 27, վճիռը ի կատար է ածվել 2019 թվականի մայիսի 3-ին |
7 տարի, 7 ամիս և 10 օր |
Հոդված 13. Քաղաքացիա-կան գործով վարույթի չափազանց երկար տևողության համար իրավական պաշտպա-նության որևէ արդյունավետ միջոցի բացակայություն ներպետական իրավունքում: |
1,100 |
_____________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
