ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2529-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-71517-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-71517-24 և 2024 թվականի հունիսի 20-ի թիվ Դ-78936-24 դիմումները, գնահատելով նշված դիմումներին կից և վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Թիվ Դ-71517-24 և թիվ Դ-78936-24 դիմումներին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բակում կայանված «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել է ծառից պոկված հատված, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:
Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին տրված թիվ 24-1402՝ հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության շրջական միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 08/ԼԱ/-737 գրությունը, խնդրել է փոխհատուցել «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառից պոկված հատված ընկնելու հետևանքով պատճառված վնասը:
2018 թվականի սեպտեմբերի 3-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KF807178 վկայագրի համաձայն՝ «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Գագիկ Հարությունյանի սեփականությունը:
Թիվ Դ-71517-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բակում 2024 թվականի մայիսի 16-ին կենսունակ թթենու՝ կենսունակ ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Գագիկ Հարությունյանին պատկանող «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա։
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին տրված թիվ 24-1402 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կազմված նյութերով արձանագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը քամու ազդող ուժի ներգործության արդյունքում (հավանաբար ծառի ճյուղի չորացած, ներսից քայքայված լինելու պատճառով) կոտրվելու և ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1402 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 608,000 (վեց հարյուր ութ հազար) ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության շրջական միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 08/ԼԱ/-737 գրության համաձայն՝ 2024 թվականի մայիսի 16-ի ցերեկային ժամերին Երևան քաղաքում, ըստ օդերևութաբանական ռադարի տվյալների, առկա է եղել հզոր ամպրոպային օջախ, որը քաղաքի առանձին հատվածներում կարող էր առաջացնել քամու ուժգնացում, քամու պոռթկումները՝ 20-23մ/վրկ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ սահմանված՝ քամու ուժի սանդղակի 9-րդ տողի համաձայն՝ քամու ուժգնության գնահատման Բոսֆորի սանդղակի 20.8-24.4մ/վրկ արագությամբ քամին բնութագրվում է «փոթորիկ», որի ժամանակ լինում են փոքր ավերածություններ:
Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Գագիկ Հարությունյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված հաղորդման կապակցությամբ 2024 թվականի մայիսի 16-ին կազմված զեկուցագիրը և հասցե այցելելու մասին տեղեկանքը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 08/ԼԱ/-737 գրությունը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1402 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Գագիկ Հարությունյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-71517-24 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1402 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հատված ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 608,000 (վեց հարյուր ութ հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Գագիկ Հարությունյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |