ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 23 ապրիլի 2024 թ.
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ին:
«Պետական տուրքի մասին» օրենքի՝ «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սահմանում է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
(…)
11) վերաքննիչ քաղա-քացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` |
|
ա. դրամական պահանջի գործերով |
վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից |
Վերոնշյալ հոդվածի վերնագիրը փոփոխվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-282-Ն օրենքով, խմբագրվել՝ 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-111-Ն և 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-177-Ն օրենքներով:
Իսկ նշված հոդվածի վիճարկվող դրույթները խմբագրվել են 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-277 օրենքով, լրացվել և փոփոխվել՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-219 օրենքով, փոփոխվել՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-282-Ն օրենքով, խմբագրվել՝ 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-111-Ն և 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-177-Ն օրենքներով:
Գործի քննության առիթը «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
«Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ Դիմող) Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը։ Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի սահմանադրականության հարցով դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի մասով դիմողի կողմից ներկայացված հարցը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, 2024 թվականի ապրիլի 23-ի ՍԴԱՈ-62 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասերով կարճել է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Գործի դատավարական նախապատմությունը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջն ուղղված է գումարի բռնագանձմանը, նույն գումարի բռնագանձմանը, ինչը «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է թիվ ԵԴ/3185/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի նման պահանջի բավարարումն ուղղված է «Փաստաբանական գրասենյակ Լև գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի հաշվանցմանը, ներկայացված պահանջի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի մասով, ինչպես նաև գումարի բռնագանձման պահանջների միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող էր ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորը, չօգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված իրավունքից, թիվ ԵԴ/14669/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում չներկայացնելով հակընդդեմ հայց, զրկվել է հետագայում այդպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է. վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2022 թվականի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վերադարձրել է, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ «(…) հայցադիմումով դատարան է ներկայացվել դրամական պահանջ՝ ընդհանուր 10.091.834.1 ՀՀ դրամի (9.000.000 ՀՀ դրամ + 1.091.834.1 ՀՀ դրամ), ինչպես նաև հայցադիմում ներկայացնելու օրվանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման վերաբերյալ: Հետևաբար սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 504.591,705 ՀՀ դրամ (10.091.834.1 ՀՀ դրամ x 5%): Մինչդեռ բողոքաբերը վճռաբեկ բողոքին կցել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար վճարված լինելու փաստը հավաստող ապացույց և չի ներկայացրել չվճարված մասով պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն»։
«Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ն, կրկին ներկայացված վճռաբեկ բողոքով անդրադառնալով պետական տուրքի վճարման հարցին, նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «թ» ենթակետից չի բխում, որ 20.000 ՀՀ դրամ պետական տուրք չի գանձվում ամբողջությամբ կամ մասնակիորեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով, որ այն չի բխի «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «թ» ենթակետից, որպիսի պայմաններում կստացվի, որ եթե բողոքարկվեր քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ապա պետք է դրամական պահանջով նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կիրառվեր, մինչդեռ օրենսդրական կարգավորման տրամաբանությունը հանգել է նրան, որ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կազմում է 20.000 ՀՀ դրամ։ Միաժամանակ ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն և նշել, որ եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ վերոնշյալ կարգավորումը սույն բողոքի նկատմամբ կիրառելի չէ, ապա խնդրում է պետական տուրքի մնացած մասի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ կայացվելիք եզրափակիչ դատական ակտով։
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 17-ի որոշմամբ «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ միջնորդությունը՝ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու մասին, մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրած անձը վկայակոչել է 504.591,705 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վճարելու հնարավորությունից զրկված լինելու փաստը: Ի հիմնավորումն վճարելու հնարավորության բացակայության՝ բողոքաբերը Վճռաբեկ դատարան է ներկայացրել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում Ընկերության հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն՝ առկա հաշիվների մնացորդները կազմում են՝ USD` 0,00, EUR` 0,00, AMD` 3.941,10:
Վճռաբեկ դատարանը բողոքաբերի գույքային դրությունը գնահատելիս հաշվի առնելով գործով ներկայացված դրամական պահանջի չափը (10.091.834.1 ՀՀ դրամ) և բողոքաբերի գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները՝ արձանագրում է, որ ներկայացված տեղեկանքը սույն գործի փաստերի հաշվառմամբ բավարար չէ բողոքաբերի անբարենպաստ գույքային դրության մասին հետևության հանգելու համար:
Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոքաբերը միջնորդել է կիրառել պետական տուրքի գծով արտոնություն, սակայն միջնորդությունը չի բովանդակում որևէ հիմնավորում և չի ուղեկցվում բողոքաբերի գույքային դրության վերաբերյալ բավարար ապացույցներով, որոնք հիմք կհանդիսանային պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու և պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու համար, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»։
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ հանգամանքը դիտարկելով վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ տրված նոր խախտում, վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը նշում է, որ օրենսդիրը, գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքների համար սահմանելով բազային տուրքի 10-ապատիկի չափով պետական տուրքի գումար, նպատակ է ունեցել տարանջատել գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման վարույթի համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը՝ հաշվի առնելով, որ բողոքարկվում են ոչ թե գործն ըստ էության լուծող դատական ակտեր, այլ գործի վարույթի ավարտման վերաբերյալ դատական ակտեր, որոնք թեև գործն ըստ էության լուծող դատական ակտեր չեն, սակայն եզրափակիչ դատական ակտեր են: Հետևաբար, ըստ դիմողի, եթե պետական տուրքի դրույքաչափերի միջև տարբերություն չի դրվում գործն ըստ էության լուծող դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման դեպքում, մասնավորապես՝ տվյալ դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման արդյունքում կայացված՝ գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտի և նույն գործով կայացվելիք վճռի՝ որպես գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտի միջև առաջանում է իրավական անորոշություն, այդ թվում՝ օրենսդրական բաց, որը համահունչ չէ Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին:
Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում են վճռաբեկ բողոք բերող անձի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ կապված պետական տուրքի գումարի զգալի չափի էական տարբերության հիմքով պետական տուրքի գումարը չվճարելու արդյունքում բողոքարկման իրավունքի սահմանափակման հետ, քանի որ գործին մասնակցող մի կողմի համար վերաքննիչ բողոք բերելու դրույքաչափը սահմանվել է 10.000 ՀՀ դրամ, իսկ մյուս կողմի համար հիշյալ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի համար հայցապահանջով պահանջվող դրամական գումարի 5 տոկոսը, ինչով գործին մասնակցող անձը մյուս կողմի համեմատ նույն հարցի վերաբերյալ վերադաս բարձր դատական ատյան դիմելու համար հայտնվում է անհավասար և նվազ բարենպաստ իրավիճակում:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) գտնում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ դրամական պահանջի գործերով («Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետ) և ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով («Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «թ» ենթակետ) վճարման ենթակա պետական տուրքի չափը:
Ըստ Պատասխանողի՝ օրենսդիրը, չսահմանելով գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված՝ որոշումը վերացնելու և գործը վերսկսելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար առանձին կարգավորում, առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ դա կարգավորված է ընդհանուր կանոնով, և չկա որևէ առանձնահատկություն՝ այդ որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկման դեպքում պետական տուրքի այլ դրույքաչափ սահմանելու համար:
Պատասխանողը պնդում է, որ տվյալ դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով հստակ սահմանված է բոլոր դեպքերում դատարաններին վճարվող պետական տուրքի չափերը, և որոշ դեպքերում սահմանվել են պետական տուրքի այլ չափեր, հետևաբար գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշմամբ վճռաբեկության կարգով բողոքարկման համար պետական տուրքի առանձնահատուկ կամ տարբերվող չափ չսահմանելը չի կարող գնահատվել որպես օրենսդրական բաց: Գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման համար պետական տուրքի չափը «Պետական տուրքի մասին» օրենքով հստակ սահմանված է և որևէ տարընկալում չի առաջացնում, և բավարար չափով առկա է կարգավորում, որը հնարավորություն է տալիս հստակեցնել վճարման ենթակա անհրաժեշտ պետական տուրքի չափը:
Պատասխանողը նշում է, որ վերադաս դատարանի քննության արդյունքում ստորադաս դատարանի կողմից ընդունված ակտը վերացնելը հետապնդում է ինքնուրույն նպատակ՝ տվյալ գործի քննության գործընթացում կողմերի համար առաջացնելով իրավական նոր հետևանքներ: Հետևաբար, դատական նման ակտի արդյունքում առաջանում են նաև տվյալ ակտի բողոքարկման հետ կապված նոր իրավահարաբերություններ, որը չպետք է նույնացնել գործի վարույթը կարճելու որոշման հետևանքների հետ:
Ելնելով վերոգրյալից՝ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:
4. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման համար հայցագնի ընդհանուր գումարից ելնելով պետական տուրքի վճարման պարտականության սահմանումը համահունչ է արդյո՞ք Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով սահմանված՝ անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքներին։
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում վիճարկվող դրույթը քննության առարկա է դարձնում միայն առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հարցի մասով, ձեռնպահ մնալով այդ հարցից դուրս նշված դրույթի սահմանադրականության ստուգումից:
5.1. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննարկել Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված՝ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության և դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքների հարաբերակցության համատեքստում։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացման երաշխավորման և ապահովման վերաբերյալ: Սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։
Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով:
(...) Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշում),
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել [2005 թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249 որոշում):
Դատական պաշտպանության իրավունքը, լինելով անձի սահմանադրական իրավունքների երաշխավորման և պաշտպանության հիմնարար կառուցակարգ, ինքնին հանդիսանում է նաև առանձին հիմնական իրավունք, որի իրացումն ու պաշտպանությունը, ինչպես մնացյալ հիմնական իրավունքների պարագայում, պետության պոզիտիվ պարտականությունն է: Նշվածի համատեքստում առանցքային է այն հարցը, թե որքանով է անձին հասանելի դատական ակտերի բողոքարկման իրավունքը՝ որպես դատական պաշտպանության իրավունքի կառուցակարգ։
Դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները հանգում են հետևյալին.
- «(...) սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է (դատական բողոքարկումը ([2005 թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշում),
- «(…) դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես՝ [2005 թ. փոփոխություններով] ՀՀ Սահմ․ 18, 19-րդ հոդվածներ),
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը» (2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշում)։
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է նաև դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրացման նախապայման հանդիսացող՝ օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը: Մասնավորապես` Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
- «Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը» (2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշում),
- «(…) դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները` կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ» (2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշում),
- «(…) չնայած պետական տուրքի դրույքաչափերի սահմանման` օրենսդրի լայն հայեցողությանը, այնուամենայնիվ, այդպիսիք իրավական պետությանը և վերջինիս հատկանիշ իրավունքի գերակայությանը հարիր կարող են համարվել, եթե դրանք լինեն համաչափ, արդարացի ու հիմնավորված, հաշվի առնեն և ապահովեն, որ`
- արդարադատության իրականացումը չպայմանավորվի և կանխորոշվի զուտ անձի գույքային հնարավորություններով կամ դրությամբ,
- դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար պետական տուրք վճարելու պայմանի սահմանումը չհետապնդի սոսկ ֆինանսական կայուն միջոցներ կամ եկամուտ ստանալու նպատակ, և որ արդարադատության իրականացման պայման չդիտարկվի առաջացած ծախսերն ամբողջապես և բացառապես անձանցից գանձելը (ստանալը),
- պետական տուրքի դրույքաչափը սահմանելիս պահպանվեն պետության կողմից ծառայության համար կատարված ծախսի և դրա դիմաց գանձման ենթակա եկամտի միջև ողջամիտ հարաբերակցությունը և համարժեքությունը» (2022 թվականի հուլիսի 1-ի ՍԴՈ-1655 որոշում):
Դատական ակտերի դեմ բողոք ներկայացնելու նախապայման հանդիսացող՝ օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության վերաբերյալ դիրքորոշումներ տեղ են գտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) վճիռներում։ Մասնավորապես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ արդարադատության իրականացման շահերի նպատակով անձի նկատմամբ արդարադատության մատչելիության համար ֆինանսական սահմանափակում դնելը կարող է արդարացվել, հետևաբար՝ դատարանը գտել է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործերով տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այնուամենայնիվ, դատարանը վերահաստատել է, որ վճարի չափը, որը գնահատվում է կոնկրետ գործի հատուկ հանգամանքների լույսի ներքո, ներառյալ՝ դիմումատուի՝ դրանք վճարելու կարողությունը, և դատավարության փուլը, որով սահմանվել է այդ սահմանափակումը, էական գործոններ են որոշելու, թե արդյո՞ք անձն օգտվում է դատարանի մատչելիության իր իրավունքից, թե՝ ոչ, և արդյո՞ք իր գործը լսվել է դատարանի առջև (Kreuz v. Poland, app. no. 28249/95, 19.06.2001, §59-60, Karahasanoglu v. Turkey, app. no. 21392/08, 16.03.2021, §134, Stankov v. Bulgaria, app. no. 68490/01, 12.07.2007, §52):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի նկատմամբ կարող են նախատեսվել սահմանափակումների տեսքով որոշակի պահանջներ։ Իրենց հերթին այդ պահանջները չպետք է հանգեցնեն դատական պաշտպանության իրավունքի ոչ համաչափ սահմանափակման։ Ի թիվս այլնի, նման սահմանադրական պահանջ է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա օրենքով սահմանված դեպքերում նախատեսված՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունը։ Փաստորեն, նշված սահմանադրական պարտականությունը գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, ի մասնավորի՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքի հետ սերտ կապի մեջ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված դեպքերում դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ պետական տուրքի վճարման հանգամանքով է պայմանավորված արդարադատություն իրականացնող մարմիններին դիմելու անձանց հնարավորությունը։ Ուստի՝ պետական տուրքի վճարման պարտականության նախատեսումը չի կարող ուղղված լինել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելուն կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելուն։ Ավելին՝ դատարան դիմելու, այդ թվում՝ ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականությունն այլ հավասար պայմանների դեպքում դատարանի մատչելիության իրավունքի լեգիտիմ սահմանափակում է: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է այն, որ նման սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում իրավակիրառողները ոչ մի դեպքում չպետք է այդ սահմանափակումներ նախատեսող նորմերին տան տարածական մեկնաբանություն։
Այդուհանդերձ, անհրաժեշտ է ապահովել ողջամիտ հավասարակշռություն դատավարության մասնակիցների դատական ակտերի բողոքարկման իրավունքի և դրա իրացման համար օրենքով սահմանված դեպքերում նախատեսված պետական տուրքի վճարման պարտականության միջև, ինչը հնարավոր է իրականացնել օրենսդրական այնպիսի կառուցակարգերի ամրագրմամբ, որոնք չեն հանդիսանա ոչ համաչափ միջամտություն վերջիններիս իրավունքներին և օրինական շահերին՝ հանգեցնելով դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտման։ Ուստի՝ օրենսդրի խնդիրն է մի կողմից՝ անձանց՝ պետական տուրք վճարելու պարտականության, և մյուս կողմից` դատարանում վերջիններիս իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու սահմանադրական իրավունքի իրացման կապակցությամբ արդյունավետ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի նախատեսումը։ Ըստ այդմ, օրենսդրին է պատկանում, ի թիվս այլնի, նաև պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումներ նախատեսելու լիազորությունը։ Ընդ որում, թեև սահմանադրական վերը նշված դրույթով՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով չի նախատեսվում պետական տուրքի վճարման վերաբերյալ մանրամասն կարգավորումներ՝ դրանք թողնելով օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում, այդուհանդերձ, պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող, օրենսդրի կողմից նախատեսվող կարգավորումները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակցի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման համար։ Ավելին՝ պետական տուրքի դրույքաչափի սահմանումը պետք է ապահովի ողջամիտ հարաբերակցություն պետական տուրքի հետապնդած լեգիտիմ նպատակի և սահմանված չափի միջև։ Հետևաբար՝ օրենսդրի կողմից պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ նախատեսվող կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դատավարության մասնակիցների կողմից իրենց բողոքարկման իրավունքը գործնականում իրականացնելու ողջամիտ պայմաններ:
5.2. Նկատի ունենալով այն, որ դատական ակտի բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության հետ, Սահմանադրական դատարանը սույն գործով քննության առարկա հարցի առնչությամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգավորումներին։
Այսպես՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է («Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածներ): Միաժամանակ օրենսդիրը դատավարական օրենսգրքերով պետական տուրքը դիտարկել է որպես դատական ծախսի տարատեսակ1՝ օրենքով սահմանված դեպքերում այն համարելով ինչպես դատարան դիմելու, այնպես էլ դատական ակտերի դեմ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքի նախապայման2։ Ըստ այդմ, նշված պարտականության կատարումը նախատեսել է դատական գործի քննության տարբեր փուլերի, այդ թվում՝ դատական ակտերի բողոքարկման փուլերի համար։
Սահմանադրական դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրք վճարելու պարտականությանը, նշել է, որ «[դրա] սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը» (2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1423 որոշում):
Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված իրավակարգավորումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ սահմանել է տարբեր կարգավորումներ՝ այն պայմանավորելով տարբեր հանգամանքներով, մասնավորապես՝ տարբերակման համար հիմք է ընդունվել՝
- ներկայացվող պահանջների բնույթը՝ ըստ այդմ առանձնացնելով դրամական և ոչ դրամական պահանջների առնչությամբ գանձվող պետական տուրքի դրույքաչափեր։ Մասնավորապես՝ դրամական պահանջների կապակցությամբ պետական տուրքի դրույքաչափը կազմում է վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10.000-ապատիկից։ Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը, 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշմամբ անդրադառնալով գույքային և ոչ գույքային (համապատասխանաբար դրամական և ոչ դրամական) պահանջների առնչությամբ սահմանված պետական տուրքի էությանը, նշել է․ «Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով»,
- դատական գործի վարույթային առանձնահատկությունները, մասնավորապես՝ օրենսդիրը, ելնելով կոնկրետ վարույթի առանձնահատկությունից, սահմանել է իրարից էապես տարբերվող պետական տուրքի դրույքաչափեր։ Օրինակ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը սահմանվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով, իսկ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար` բազային տուրքի 70-ապատիկի չափով։
- դատական ակտի տեսակը, մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է պետական տուրքի տարբեր դրույքաչափեր՝ ելնելով տվյալ եզրափակիչ դատական ակտի բնույթից, այսինքն՝ թե արդյո՞ք տվյալ դատական ակտով գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին տրվել է ըստ էության լուծում, թե՝ ոչ։ Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճն ըստ էության չլուծող վերաքննիչ քաղաքացիական դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելիս պետական տուրքի դրույքաչափ՝ հաստատագրված գումարի չափով, իսկ նյութաիրավական վեճին ըստ էության լուծում տվող եզրափակիչ դատական ակտերի դեպքում հիմք է ընդունվում ներկայացված նյութաիրավական պահանջի բնույթը, այսինքն՝ այն դրամական է, թե՝ ոչ դրամական3։
Այսպիսով, վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը որոշելիս պետք է նախևառաջ պարզել, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը հանդիսանում է գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ըստ էության լուծում տվող եզրափակիչ դատական ակտ, թե՝ ոչ։ Օրենսդրի կողմից նման տարբերակված կարգավորում նախատեսելու նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական տուրքի դրույքաչափը պետք է համարժեք լինի անձի կողմից դատարան ներկայացված պահանջին (այդ թվում՝ վերադասության կարգով ներկայացված բողոքում նշված պահանջին) և համապատասխանաբար դրա առնչությամբ պետության կողմից անձին մատուցված ծառայությանը։ Ըստ այդմ, գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ըստ էության լուծում տված դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման պարագայում պետական տուրքի դրույքաչափի բարձր չափ նախատեսելն արդարացված է՝ նկատի ունենալով նյութաիրավական վեճի ըստ էության լուծմանն ուղղված, դատարանի կողմից կատարված մի շարք գործողությունները։ Եվ հակառակը՝ նյութաիրավական վեճին ըստ էության լուծում չտվող դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման պարագայում պետական տուրքի դրույքաչափի բարձր չափ նախատեսելը կդիտարկվի ոչ համաչափ միջամտություն անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով, որ անձի վրա դրվելու է ֆինանսական ծանր բեռ՝ վերջինիս կողմից բարձրացված նյութաիրավական վեճին դատարանի կողմից ըստ էության լուծում չտրվելու պարագայում։ Հետևաբար՝ օրենսդիրը դատական ակտի բողոքարկման համար պետական տուրքի դրույքաչափ սահմանելիս պետք է ելնի անձի կողմից բողոքարկման իրավունքի գործարկման իրական հնարավորություն ստեղծելու նպատակից։
Նկատի ունենալով, որ սույն գործի շրջանակում բարձրացված հարցը վերաբերում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրականացման առնչությամբ սահմանված պետական տուրքի դրույքաչափին և դրա առնչությամբ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված հարցի առնչությամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքի իրացման համար պետական տուրք վճարելու պարտականության վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգավորումներին։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով սահմանել է եզրափակիչ դատական ակտերի տեսակները (5-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Նշված դրույթի ուսումնասիրությունից հետևում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, դրանում ներառել է նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումը։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից նշված կարգավորման նախատեսումը պայմանավորված է տվյալ դատական ակտի իրավական բնույթով, մասնավորապես՝ թեև նշված դատական ակտով դատական գործի շրջանակում բարձրացված նյութաիրավական վեճն ըստ էության լուծում չի ստանում, այդուհանդերձ, այդ դատական ակտը հիմք է հանդիսանում դատական գործով հարուցված վարույթն ավարտելու համար, ինչն էլ իր հերթին, որպես կանոն, արգելք է հանդիսանում հետագայում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ կրկին դատարան դիմելու համար։
Ըստ այդմ, օրենսդիրը «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանել է գործի վարույթը կարճելու մասին որոշումների բողոքարկման առնչությամբ պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը՝
- առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով,
- վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով։
Վերոնշյալ իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը, ելնելով գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բնույթից, դրանց վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման առնչությամբ սահմանել է պարզ պետական տուրք՝ հաստատագրված գումարի չափով, այն է՝ համապատասխանաբար բազային տուրքի 10-ապատիկի և 20-ապատիկի չափով: Այսինքն՝ օրենսդիրը պետական տուրքի դրույքաչափի նման սահմանման հարցում կարևորել է դատաքննության արդյունքը, այն է՝ դատարանի կողմից նշված դատական ակտերով գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ըստ էության լուծում չտալը։ Փաստորեն, օրենսդիրը գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման առնչությամբ պետական տուրքի նման դրույքաչափերի նախատեսմամբ որդեգրել է գործին մասնակցող անձանց դատական ակտերի բողոքարկման իրավունքը երաշխավորող մոտեցում։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդրի կողմից պետական տուրքի վճարման տեսքով որևէ կարգավորում չի նախատեսվել այն դեպքերի համար, երբ վճռաբեկության կարգով բողոքարկման առարկա է դառնում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը (համապատասխանաբար նշված հարցի առնչությամբ վերաքննիչ բողոքը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ)։
Մինչդեռ սույն գործով ներկայացված դիմումի հարուցման հիմք ծառայող դատական գործի շրջանակում Վճռաբեկ դատարանը «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ նշված կարգավորմամբ սահմանված պետական տուրքի դրույքաչափը վերաբերում է նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման համար նախատեսված պետական տուրքին (նկատի ունենալով հայցվորի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի դրամական պահանջ հանդիսանալու հանգամանքը)։ Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հիշյալ դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման համար նախատեսված պետական տուրքի չափի առնչությամբ եկել է հետևյալ եզրահանգման՝ «Տվյալ դեպքում հայցադիմումով դատարան է ներկայացվել դրամական պահանջ՝ ընդհանուր 10.091.834.1 ՀՀ դրամի (9.000.000 ՀՀ դրամ + 1.091.834.1 ՀՀ դրամ), ինչպես նաև հայցադիմում ներկայացնելու օրվանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման վերաբերյալ: Հետևաբար սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 504.591,705 ՀՀ դրամ (10.091.834.1 ՀՀ դրամ x 5%)»։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին իրավակիրառ պրակտիկայում տրված վերոնշյալ մեկնաբանությունն անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում հետևյալ պատճառաբանությամբ.
թեև «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը չի պարունակում որևէ կարգավորում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման համար պետական տուրքի վճարման և դրա դրույքաչափի վերաբերյալ, այդուհանդերձ «Պետական տուրքի մասին» 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին տրված դատական մեկնաբանությունն այնպիսին է, որ հենց այդ նորմով է նախատեսված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու դեպքերի համար պետական տուրք վճարելու անձանց պարտականությունը։
Իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում ստացվում է մի իրավիճակ, որ դրամական նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների վերաքննության կարգով բողոքարկման համար պետական տուրքի դրույքաչափը կազմելու է բազային տուրքի 10-ապատիկի չափով, իսկ նշված որոշման բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվելու է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ։ Նման պայմաններում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնող գործին մասնակցող անձը կրելու է ավելի նվազ պետական տուրքի տեսքով դատական ծախս, մինչդեռ դրա բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման դեպքում գործին մասնակցող մյուս անձը զգալի չափի դրամական պահանջ ներկայացված լինելու դեպքում կրելու է անհամեմատ ավելի բարձր պետական տուրքի վճարման պարտականություն։ Այսինքն՝ դատավարության տարբեր մասնակիցներ նույնանման հանգամանքներում իրենց բողոքարկման իրավունքն իրացնելիս հայտնվում են ոչ հավասար պայմաններում։ Բացի նշվածից, հնարավոր է նաև այնպիսի իրավիճակի առկայություն, որի պայմաններում դրամական նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների վերաքննության կարգով բողոքարկման համար գործին մասնակցող անձը վճարելու է պետական տուրք՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով, մինչդեռ նշված բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը չբավարարվելու դեպքում դատավարության նույն մասնակիցը վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար կրելու է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ պետական տուրքի վճարման պարտականություն։ Այսինքն՝ նշված իրավիճակում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման համար բարձր պետական տուրքի դրույքաչափի սահմանումը հանգեցնելու է վերջինիս բողոքարկման իրավունքի իրացման ոչ համաչափ ներգործության, ինչը չի բխում Սահմանադրությամբ սահմանված դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների նպատակից։ Ավելին՝ նման տարբերակված մոտեցումը, չունենալով որևէ սահմանադրաիրավական նպատակ, գործնականում կարող է հանգեցնել վերաքննիչ դատարանի վիճահարույց դատական ակտերը Վճռաբեկ դատարան չբողոքարկելուն՝ ֆինանսական անհամաչափ բեռ ենթադրող պետական տուրքի վճարման պարտականության պատճառով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը պետք է ապահովվի դատական ակտերի բողոքարկման բոլոր փուլերում։ Նշված հարցի վերաբերյալ կարգավորումները հատկապես կարևորվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ դատավարական օրենսգրքով դատական գործի քննության արդյունքում գոյացած բոլոր դատական ծախսերը գեներացվում և վերջնարդյունքում բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, որի արդյունքում դատական ծախսերը վճարում է դատավարության պարտվող կողմը։ Հատկանշական է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պետական տուրքի դրույքաչափը վերաբերում է գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ամբողջական, ըստ էության լուծում տված վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկմանը։ Այսինքն՝ նշված կարգավորման նպատակը դատարանների կողմից անձին մատուցված՝ գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ամբողջական, ըստ էության լուծում տալուն ուղղված ծառայության դիմաց որոշակի փոխհատուցումն է։ Մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում նշված դրույթին տրված մեկնաբանության պայմաններում անձը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման համար պետական տուրքի նշված դրույքաչափը վճարելուց հետո, ապագայում գործին մասնակից դարձած անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ամբողջական, ըստ էության լուծում տված վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկման դեպքում ևս կրի պետական տուրքի վճարման նույն չափի պարտականություն, ինչն արդեն իսկ կրել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման դեպքում։ Նման պայմաններում անձի կողմից բողոքարկման իրավունքի իրացումը կհանգեցնի նույն չափի պետական տուրքի բազմակի վճարման՝ ստեղծելով անձի կողմից իր բողոքարկման իրավունքը գործնականում իրականացնելու ոչ ողջամիտ պայմաններ։
Ելնելով վերոնշյալ դիրքորոշումներից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի կարգավորումները հանգում են հետևյալին.
- «Պետական տուրքի մասին» օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը սահմանվել է բազային տուրքի 10-ապատիկի չափով,
- «Պետական տուրքի մասին» օրենքով վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը սահմանվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով,
- «Պետական տուրքի մասին» օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի կոնկրետ դրույքաչափ սահմանված չէ,
- իրավակիրառ պրակտիկայում «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ նշված կարգավորմամբ սահմանված պետական տուրքի դրույքաչափը վերաբերում է նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքին (հայցվորի կողմից նյութաիրավական պահանջի դրամական պահանջ ներկայացված լինելու դեպքում),
- «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետը սահմանում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափը, որպիսի դրույքաչափի հաշվարկման համար հիմք է ընդունվում վճռաբեկ բողոքում վիճարկվող գումարի չափը։ Իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով բողոքաբերի կողմից վիճարկվում է ոչ թե որևէ գումարի չափ, այլ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու, այն է՝ գործի քննությունը (առանց գործին մասնակցող անձանց միջև առկա նյութաիրավական վեճին ըստ էության լուծում տալու) ավարտելու գործողությունը։
Վերոնշյալի արդյունքում Սահմանադրական դատարանը գալիս է այն եզրահանգման, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկելու համար պետական տուրքի դրույքաչափի վերաբերյալ որևէ կարգավորում նախատեսված չլինելու արդյունքում իրավակիրառ պրակտիկայում առաջացել է մի իրավիճակ, որպիսի դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկումը, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկումը ենթադրում են դատավարության մասնակցի համար ֆինանսական նվազ բեռ, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված համասեռ դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար դատավարության մասնակիցը պետք է կրի ֆինանսական էլ ավելի ծանր բեռ։
Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին տրված մեկնաբանությունն առ այն, որ նշված կարգավորմամբ սահմանված պետական տուրքի դրույքաչափը վերաբերում է նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքին (հայցվորի կողմից իր նյութաիրավական պահանջը դրամական պահանջի տեսքով ներկայացված լինելու դեպքում), հանգեցրել է անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների խախտման։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով սահմանված կարգավորումը չի տարածվում առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման վրա։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
___________________
1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդված։
2 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122, 127, 368, 371, 393 և 395-րդ հոդվածներ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74, 79, 134, 136, 158 և 160-րդ հոդվածներ։
3 Նշված ընդհանուր կանոնից առանձնացվել են հատուկ վարույթային առանձնահատկություն ունեցող դատական ակտերը։
Նախագահող` |
Ա. Դիլանյան |
23 ապրիլի 2024 թվականի ՍԴՈ-1726 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ««ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1726 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի 2024 թվականի ապրիլի 23-ի՝ ««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1726 որոշման վերաբերյալ։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված են որոշումների կայացմանն առնչվող այնպիսի ընթացակարգեր, որոնք, ի թիվս այլնի, ապահովում են որոշումների կայացմանը Սահմանադրական դատարանի դատավորի բովանդակային մասնակցությունը, ըստ այդմ՝ որոշումների կայացման օրինականությունը։ Մասնավորապես, այդպիսի կարգավորումների շարքին են դասվում նիստերի վերաբերյալ ծանուցումները, գործի նյութերին նախապես ծանոթանալու իրավասությունը, որոշման նախագծի տեքստը դատավորներին նախապես ուղարկելու պարտականությունը, նախագծի՝ գրավոր տարբերակով տրամադրումը, անհրաժեշտության դեպքում նախնական քննարկումների կազմակերպումը՝ քննվող գործի և կայացվող որոշման առնչությամբ դատավորի կողմից պատշաճ դիրքորոշում, համոզմունք ձևավորելու և ըստ այդմ քվեարկելու համար։
Սույն գործով որոշման նախագիծը դատավորներին է ուղարկվել նիստից մի քանի օր առաջ՝ 2024 թվականի ապրիլի 18-ին։ Նախնական քննարկումներ չեն եղել։ Խորհրդակցական սենյակում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընդունել զեկուցողի կողմից նախնական ներկայացված նախագծից ոչ թե խմբագրական, այլ բովանդակային առումով տարբերվող մեկ այլ որոշում։ Այնուհետև հայտարարվել է ընդմիջում, որի ժամանակ զեկուցողը պատրաստել է որոշման եզրափակիչ մասը, ներկայացրել այն դատավորներին խորհրդակցական սենյակում ընթացող նիստի ժամանակ։ Զեկուցողը բանավոր հայտնել է, թե որոշման տեքստում ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ դիմումում ներկայացված որոշ պահանջների մասով վարույթի կարճման առնչությամբ, որոնք բացակայել են ներկայացված նախագծում։ Իմ առաջարկությունը՝ մնալ խորհրդակցական սենյակում, ստանալ զեկուցողի կողմից ներկայացված համապատասխան փոփոխությունները ներառող նախագծի գրավոր տարբերակը և այնուհետև քվեարկել, Սահմանադրական դատարանի կողմից չի ընդունվել։
Ուստի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության պահին ինձ տրամադրված է եղել միայն որոշման եզրափակիչ, այլ ոչ խմբագրված որոշման նկարագրական ու պատճառաբանական մասերը, որոնք կազմում են որոշման էական և անքակտելի տարրերը, դեմ եմ քվեարկել որոշմանը՝ դրա վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու հնարավորության բացակայության պատճառով։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի, ինչպես նաև այդ եղանակով որոշումների ընդունմանը։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ |
Հ․ ԹՈՎՄԱՍՅԱՆ |
2 մայիսի 2024 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: