ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, |
ԵԿԴ/0244/01/17 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
25 օգոստոսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալբերտ Արթուրի Բոշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է թիվ 15160817 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Ալբերտ Արթուրի Բոշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Ալբերտ Բոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2017 թվականի հունիսի 13-ին Ա.Բոշյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: 2017 թվականի հունիսի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Ա.Բոշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով Ա.Բոշյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Բոշյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է՝ Ա.Բոշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից և առանց ապացույցների հետազոտում իրականացնելու, գնահատել է գործով ձեռք բերված ապացույցները, որի արդյունքում դատողություններ է արել արարքի սխալ որակման վերաբերյալ:
5.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ նույն վիճաբանության մյուս երեք մասնակիցների՝ Ա.Եղոյանի, Ռ.Գրիգորյանի և Մ.Բաբայանի նկատմամբ արագացված դատաքննության կարգով արդեն իսկ ոչ արդարացման հիմքով կայացվել է դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ: Բացի այդ, ինչպես մյուս ամբաստանյալները, այնպես էլ Ա.Բոշյանը, մեղսագրվող արարքներում իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել են գործի քննությունն իրականացնել արագացված կարգով, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:
5.2. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը բողոքի սահմաններից կարող է դուրս գալ միայն այն պայմաններում, երբ առանց ապացույցների հետազոտման, ակնհայտ փաստերի առկայությամբ կարող է հետևություններ անել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության մասին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի և բողոքը քննելու ժամանակ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, չհետազոտելով որևէ ապացույց, Ա.Բոշյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատական ակտ:
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 26-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ալբերտ Բոշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) [Ն]ա 2017թ. ապրիլի 6-ին՝ ժամը 00։00-ի սահմաններում, ընկերոջ՝ Մակիչ Բաբայանի հետ այցելել է Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18 պլյուս» ակումբ՝ զվարճանալու, որի ընթացքում ալկոհոլ են գործածել: Ժամը 05.20-ի սահմաններում ակումբի սանհանգույցի դիմաց նույն ակումբի այցելու Մակիչ Բաբայանը երկար հայացք է նետել Արամ Եղոյանի կողմ, ինչը վերջինիս դուր չի եկել ու հետագա պարզաբանումների համար դուրս են եկել ակումբի մուտքի դիմաց: Այդ ընթացքում վերջիններիս են միացել նաև Արամ Եղոյանի ընկեր Ռաֆիկ Գրիգորի Գրիգորյանն ու Մակիչ Բաբայանի ընկեր Ալբերտ Արթուրի Բոշյանը:
Արդեն ակումբի մուտքի առջև իրեն երկար նայելու կապակցությամբ Արամ Եղոյանը պարզաբանում է պահանջել Մակիչ Բաբայանից, որն արտահայտվել է հետևյալ արտահայտությամբ՝ «Ապե, երկար ես նայում», իսկ Մակիչ Բաբայանը պատասխանել է «Երկար եմ նայում, որ ջոգեմ ով է դեմս կանգնած», որի արդյունքում Ալբերտ Բոշյանը չնչին առիթն օգտագործելով, իր անձի առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, Ռ.Գրիգորյանի կողմից հարվածներ ստանալուց հետո ինքն էլ իր հերթին սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել վերջինիս, իսկ Մակիչ Բաբայանը՝ Արամ Եղոյանին, այնուհետև Արամ Եղոյանը ոտքով հարվածել ու գետնին է տապալել Մակիչ Բաբայանին, իսկ Ռաֆիկ Գրիգորյանը՝ Ալբերտ Բոշյանին, սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել գետնին ընկած Ալբերտ Բոշյանին ու Մակիչ Բաբայանին, որը նկատել է «18 պլյուս» ակումբում որպես դռնապան աշխատող Կամո Կիրակոսյանն ու գործով չպարզված մի աղջիկ, ովքեր փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն նրանց մոտ առաջացել է վախի մթնոլորտ, որից հետո օգնության են կանչել ակումբում եղած հաճախորդներին, ովքեր դուրս են եկել ակումբից, փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն վերջիններս սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ սահմանված համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցույց են տվել իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության՝ ակումբի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ակումբի հաճախորդների և աշխատակիցների ներկայությունն անտեսելով ու նրանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելով, շարունակել են իրենց խուլիգանական գործողություններն ու այն դադարեցրել են միայն տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցների միջամտությունից հետո, ովքեր դեպքի վայրից բերման են ենթարկել վիճաբանության մասնակիցներին»2:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Արամ Հայկի Եղոյանը, Ռաֆիկ Գրիգորի Գրիգորյանը, Մակիչ Կարապետի Բաբայանը և Ալբերտ Արթուրի Բոշյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Ի պատասխան Դատարանի հարցերին՝ ամբաստանյալները հայտարարել են, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրենց ճանաչում են մեղավոր։
(…)
Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում Դատարանն ապացուցված է համարում ամբաստանյալ Ալբերտ Արթուրի Բոշյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված և դատավճռի 1.7.-րդ կետում նկարագրված հանցավոր արարքի կատարումը, և փաստում է, որ վերջինս իր կատարած արարքի համար ենթակա է պատժի։
(…)
Վերոգրյալի ամփոփմամբ Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ալբերտ Արթուրի Բոշյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի համար ենթակա է ազատազրկման՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ինչն համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, ամբաստանյալին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (…)»3։
9. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Բոշյանի վերաքննիչ բողոքի համաձայն՝ «(…) Խնդրում եմ հաշվի առնել, որ ես ինձ առաջադրված մեղադրանքը ընդունել եմ, զղջացել եմ կատարածիս համար, նախկինում եղել եմ դատապարտված, սակայն 2013 թ. Համաներման ակտի կիրառմամբ ազատվել եմ պատժի կրումից։ Գտնում եմ, որ դատարանը չպետք է նախկին իմ դատվածությունը հաշվի առներ և ռեցիդիվի կանոններով պատիժ նշանակեր, քանի որ համաներման կիրառման դեպքում դատվածությունը վերացվել է։
(…) Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում եմ, որ իմ նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քր. Օր. 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը։ (…)։
Այսպիսով, գտնում եմ, որ դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, այն չի համապատասխանում ինձ վերագրվող հանցագործության ծանրությանը և իմ անձին (…)»4։
10. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ի]նչպես երևում է մեղադրանքի փաստական կողմի նկարագրությունից, մինչև Ռաֆիկ Գրիգորյանից դեմքի շրջանում բռունցքների հարվածներ ստանալը հասարակական կարգի խախտմանը միտված կամ ոչ իրավաչափ որևէ այլ վարքագծի դրսևորում ամբաստանյալ Ա.Բոշյանի կողմից չի դրսևորվել, այդպիսին նրան չի մեղսագրվել։ Միևնույն ժամանակ, մեղադրանքի փաստական կողմը չի ներառում ամբաստանյալ Ա.Բոշյանի կողմից հասարակական կարգի խախտմանը միտված կամ որևէ այլ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման կոնկրետ դրսևորում՝ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ոտքով հարվածելու միջոցով գետնին տապալվելուց և գետնին ընկած վիճակում ոտքերի ու ձեռքերի հարվածներ ստանալու ընթացքում, ընդհուպ մինչև ոստիկանների միջամտությամբ ծեծկռտուքի դադարեցվելը։ Փոխարենը մեղադրանքի փաստական կողմի նկարագրության մեջ ներառվել են ընդհանուր բնույթի վերացական ձևակերպումներ, ինչպիսիք են․ «(…) Ալբերտ Բոշյանը չնչին առիթն օգտագործելով, իր անձի առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, Ռաֆիկ Գրիգորյանի կողմից հարվածներ ստանալուց հետո ինքն էլ իր հերթին սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել վերջինիս, (…) փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն վերջիններս սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ սահմանված համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցույց են տվել իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության՝ ակումբի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ակումբի հաճախորդների և աշխատակիցների ներկայությունն անտեսելով ու նրանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելով, շարունակել են իրենց խուլիգանական գործողությունները (…)»։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Բոշյանի կողմից Ռաֆիկ Գրիգորյանից հարվածներ ստանալուց հետո իր հերթին նրան հարվածելուն, ապա նշվածը հանգեցնում է հենց նրան, որ ամբաստանյալ Ա.Բոշյանի վարքագիծը (պատասխան հարվածը) ուղղված է եղել կոնկրետ անձի՝ Ռաֆիկ Գրիգորյանին, և պայմանավորված է եղել հենց վերջինիս հակաօրինական վարքագծով։
Դրա հետ մեկտեղ, ինչպես հետևում է սույն որոշման 4-6-րդ կետերում մեջբերվածների համադրումից, վիճաբանությունն ու ծեծկռտուքն առաջացել է ոչ թե ամբաստանյալ Ա.Բոշյանի, այլ մյուսների ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով, և նրա մոտ խուլիգանական դրդումների առկայության մասին դատողություն անելու հիմքեր չկան։
(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բոշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ մեղավոր ճանաչելով՝ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հենց միայն առաջադրված մեղադրանքի ձևակերպումն ու դրանում ներառված փաստական հանգամանքներն ինքնին բացառում են ամբաստանյալ Ա.Բոշյանին վերագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշները։
Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների և դրանց՝ սույն որոշման 8-րդ կետում շարադրված մեկնաբանման լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում Առաջին ատյանի դատարանը ոչ միայն իրավասու էր, այլև՝ պարտավոր էր անդրադառնալ մեղադրանքի փաստական հանգամանքների իրավաբանական որակմանը, որպիսի մոտեցումը mutatis mutandis բխում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներից։
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Բոշյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրան դատապարտելով 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչն իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատավարության իրավունքի վերոնշյալ խախտումն ինքնին հանդիսանում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, և բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից վերադաս դատարանի կողմից դուրս գալու համար օրենսդրի կողմից նախատեսված սահմանափակ դեպքերից մեկը (…)։
Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա բեկանելու բողոքարկված դատական ակտը, ճանաչելու ամբաստանյալ Ա.Բոշյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու (...)»5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ա.Բոշյանին վերագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների բացակայության հիմքով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի համաձայն՝ «1.Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:
(…) 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`
1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և
2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և
3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:
3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ (…)»:
Նույն օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:
4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375․1 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:
5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում (…)»:
Արագացված դատական քննություն կիրառելու հիմքերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Շողակաթ Ամիրխանյանի և Գառնիկ Ֆարմանյանի գործով որոշման շրջանակներում, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ համաձայնվելն է։ Այլ կերպ՝ դատական քննության արագացված կարգ կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը կամ ամբաստանյալը համաձայն է կատարված արարքի փաստական հանգամանքների, մեղքի ձևի, շարժառիթների, արարքի իրավական գնահատականի, ինչպես նաև պատճառված վնասի բնույթի ու չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ6։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը. (...)»։
14. Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Միաժամանակ որպես մասնավոր շահի նկատմամբ հակակշիռ, հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռության ապահովման անհրաժեշտություն՝ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, եթե առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք (կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառելու դեպքերում)7: Ընդ որում, ինչպես հետևում է վերոգրյալից, վերաքննիչ դատարանի՝ վերանայման սահմաններից դուրս գալու սույն հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում8:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ․
- ամբաստանյալ Ա.Բոշյանը, համաձայնվելով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգը և հետևանքները։
- Առաջին ատյանի դատարանը, արագացված կարգի կիրառմամբ, ապացուցված է համարել ամբաստանյալ Ալբերտ Բոշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարումը և փաստել, որ վերջինս իր կատարած արարքի համար ենթակա է պատժի9։
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Բոշյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր նկատմամբ տուգանք նշանակելու կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով10։
- Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի սահմաններից, արձանագրելով, որ Ա.Բոշյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումն ու դրանում ներառված փաստական հանգամանքներն ինքնին բացառում են վերջինիս վերագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայությունը։
Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում Առաջին ատյանի դատարանը ոչ միայն իրավասու էր, այլև՝ պարտավոր էր անդրադառնալ մեղադրանքի փաստական հանգամանքների իրավաբանական որակմանը11։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Բոշյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումն ու դրանում ներառված փաստական հանգամանքներն ինքնին բացառում են վերջինիս վերագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ պատասխան հարված հասցնելը և վիճաբանության ու ծեծկռտուքի նախաձեռնող չլինելը խուլիգանության հանցակազմը բացառող անվերապահ հիմքեր չեն։ Հետևաբար, միայն գործի բոլոր հանգամանքների և ապացույցների հետազոտման արդյունքում հնարավոր կլիներ Ա.Բոշյանին վերագրվող արարքում սուբյեկտիվ կողմի առկայության կամ բացակայության վերաբերյալ հիմնավոր հետևություն անել։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արագացված դատական քննության պայմաններում, երբ ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում, արարքում հանցակազմի բացակայությունը պետք է կասկած չհարուցի։ Մինչդեռ, սույն դեպքում Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ Ա.Բոշյանին մեղսագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության վերաբերյալ, չի բխում վերջինիս առաջադրված մեղադրանքի ձևակերպումից, իսկ այդ հարցի վերջնական պարզումը՝ առանց գործում առկա ապացույցների հետազոտման, հնարավոր չէ։
17. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում, իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։
18. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր անդրադառնալ մեղադրանքի փաստական հանգամանքների իրավաբանական որակմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը չի բխում Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանիգործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումից12:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բոշյանին վերագրված արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների բացակայության հիմքով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռի օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 26-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք է:
20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննության առնի ամբաստանյալի վերաքննիչ բողոքը` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Ալբերտ Արթուրի Բոշյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Ալբերտ Արթուրի Բոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 199-200:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 131-135:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 2-8:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 106-117:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Շողակաթ Ամիրխանյանի և Գառնիկ Ֆարմանյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 որոշման 22-րդ կետը։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սվետլանա Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը։
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11, Իլլարիոն Նունուշյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՇԴ/0070/01/13, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Նվեր Մանուկյանի գործով 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ ԵԴ/0605/11/19 որոշումները։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշումը:
Նախագահող` Հ. ԱՍատրՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: