ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1748-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին պարբերությունը և 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան (այսուհետ` հաշվարկման բազա) կազմված է երեք բաղադրիչից`
1) հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար կարգավորվող գործունեության մասով հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքում առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: