ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2022 թվականի N 47-Լ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-124-23.12.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-124-23.12.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100000 ՀՀ դրամ։
Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը հայտնում է, որ.
1. ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս կապակցությամբ յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ նախատեսվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար:
2. Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, կարծում ենք, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք գործազրկության ներկայիս բարձր մակարդակը երիտասարդության և հասարակության ոչ փորձառու (low-skilled) ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին են վկայում նաև ԱՄԿ-ի, ՏՀԶԿ-ի, ԱՄՀի-ի և ՀԲ-ի համատեղ վերլուծության1 արդյունքները, ըստ որի նվազագույն աշխատավարձի օպտիմալ մեծությունը պետք է լինի միջին աշխատավարձի 25-35%-ի սահմաններում։
3. Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը չի անդրադարձել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափին՝ նախագծի ընդունումը կարող է ուղեկցվել նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների թվաքանակի աճով: Այս ռիսկերը էական կարող են լինել ՀՀ-ի դեպքում, որտեղ ըստ ԱՄԿ տվյալների2՝ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակն աշխարհում ամենաբարձրերից մեկն է (առանց գյուղատնտեսության ոլորտի` մոտ 25%, իսկ գյուղատնտեսության ոլորտը ներառյալ՝ ավելի քան 50%): Հաշվի առնելով նկարագրված ռիսկերը՝ բարեփոխման արդյունքում ակնկալվող դրական ազդեցությունները կարող են չեզոքացվել:
4. Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։ ՀՀ-ի դեպքում նշվածը կարևոր կարող է լինել, օրինակ, մշակող արդյունաբերության համար, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացողների մոտ մեծամասնությունը զբաղված է հենց այդ ոլորտում։
5. Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: Տարբեր վերլուծությունների համաձայն նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի3: Ընդ որում ազդեցության չափերը կախված են աշխատաշուկայի մրցակցության աստիճանից, աշխատողների բանակցային ուժից և աշխատաշուկայի հավասարակշռության դիրքից: Բացի դրանից, բնականաբար նվազագույն աշխատավարձի բարձրացման փոխանցումը գներին կարող է էականորեն տարբերվել ըստ տնտեսության հատվածների, որոնցից հատկապես նշանակալի գնային ազդեցություններ կարող են դիտարկվել հանրային սննդի և սպասարկման ոլորտներում, որտեղ առկա է ցածր աշխատավարձերով ոչ փորձառու աշխատողների կենտրոնացում:
6. Նախագծին կից ներկայացված hիմնավորումում նշված է՝
1) «Ըստ ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվության 3-րդ եռամսյակային գրաֆիկի2 փաստացի գնաճը 2021 թ. կազմել է 8.4%...»: Իրականում այն փաստացի ցուցանիշը չէ, այլ ՀՀ ԿԲ-ի «ծրագրային» ցուցանիշն է, ինչն արտացոլված է նաև տողատակով նշված հղմամբ հրապարակված ՀՀ ԿԲ-ի համապատասխան փաստաթղթում.
2) «Ավելի ճշգրիտ հաշվարկներ հնարավոր է իրականացնել միայն լիազոր մարմնի կողմից վարվող եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:»: Ըստ այդմ ստացվում է, որ նախագծով առաջարկվող փոփոխության համար անհրաժեշտ բոլոր հաշվարկները ճշգրիտ և վերջնական արված չեն:
Նշված պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար չէ:
7. Հարկ ենք համարում նշել, որ նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտ է բարձրացնել նաև՝
1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը.
2) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի չափը (սահմանվում է յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին օրենքով) և (կամ) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տոկոսային հարաբերակցությունը՝ հաշվի առնելով, որ օրինակ վերը նշված հոդվածով սահմանված է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:
Բացի դրանից, Օրենքի 3-9-րդ հավելվածներով ներկայացված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար Օրենքի 3-9-րդ հավելվածներով սահմանված են «2.1» գործակցից ցածր գործակից, նվազագույն ամսական աշխատավարձը 100000 ՀՀ դրամ սահմանելու պարագայում կստանան 100000 ՀՀ դրամից ցածր աշխատավարձ:
Ասվածից հետևում է, որ պետք է փաթեթով ներկայացվեր նաև վերը նշված օրենքում (օրենքներում) փոփոխությունների նախագիծ։
Միաժամանակ հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով: Ուստի նախագծի ընդունման դեպքում փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից կպահանջվի առնվազն վեցամսյա ժամանակահատված ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում սոցիալական վճարների ծրագրային ապահովման աշխատանքները կատարելու համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
________________
1 “Boosting Jobs and Living Standards in G20 Countries”, A Joint Report by the ILO, OECD, IMF, and the World Bank, 2012
2 “Women and Men in the Informal Economy: A Statistical Picture”, ILO, 2018
3 MacDonald D., Nilsson E., (2016), “The Effects of Increasing the Minimum Wage on Prices: Analyzing the Incidence of Policy Design and Context”, Upjohn Institute Working Paper 16-260