ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում` ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը (եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից), կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը, «է» պարբերությունում նշված դեպքում՝ ծնողի գրավոր համաձայնությունը, «ը» պարբերությունում նշված դեպքում՝ ամուսնալուծության վկայականը: Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «է» պարբերություններում նշված՝ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունում ներառվում են համաձայնությունը տալու օրը, ամիսը, տարին, վայրը, երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև հավաստումը դրանում նշված հանգամանքներին համաձայն լինելու վերաբերյալ.».
2) 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ծնողների փոխադարձ» բառերը փոխարինել «ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը)» բառերով.
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» պարբերություններով՝
«է. ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,
ը. այդ երեխայի (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողները ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2021 թվական: