ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/16 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հուլիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աննման Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Աննման Գրիգորյանի, երրորդ անձ Արուսյակ Գևորգյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աննման Գրիգորյանի ներկայացուցիչը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Աննման Գրիգորյանի սեփականության իրավունքն Երևան քաղաքի Մովսես Խորենացի 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 27.06.2019 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2019 թվականի որոշմամբ Աննման Գրիգորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է, և որոշվել է` Դատարանի 27.06.2019 թվականի վճիռը մասնակի՝ դիմումը մերժելու մասով, բեկանել և փոփոխել՝ թիվ ԵԿԴ/2333/02/16 քաղաքացիական գործի վարույթն ըստ դիմումի Աննման Գրիգորյանի, դատարանի որոշմամբ երրորդ անձ ներգրավված՝ Արուսյակ Գևորգյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, կարճել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննման Գրիգորյանը (ներկայացուցիչ Տաթևիկ Բուջատյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 182-րդ հոդվածը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների գնահատում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա, ինչի արդյունքում ոչ իրավաչափորեն հաստատված չի համարել գոյություն ունեցող այն փաստը, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացի 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ծագել է Աննման Գրիգորյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը դիմումն առանց քննության թողնելու փոխարեն կարճել է գործի վարույթը՝ զրկելով կողմերին հայցային վարույթով կրկին դատարան դիմելու և իրենց վեճը լուծելու հնարավորությունից, ինչը դատարանի մատչելիության իրավունքի խախտում է։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը, փոփոխել այն և դիմումը թողնել առանց քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
07.06.2016 թվականին Աննման Գրիգորյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ք. Երևան, Մովսես Խորենացու 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում ( նախկին հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացու 4-րդ նրբանցք, 63) գտնվող անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը: Դիմողի ներկայացուցչի միջնորդությամբ երրորդ անձ է ներգրավվել Արուսյակ Գևորգյանը: Գործի քննության ընթացքում Արուսյակ Գևորգյանն առարկել է դիմումի դեմ և խնդրել է մերժել այն՝ հաշվի առնելով, որ իր և դիմողի միջև առկա է վեճ նշված հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 4-8, 68-69, 119-120):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
- հատուկ վարույթով գործի քննության ընթացքում իրավունքի վերաբերյալ վեճ ծագելու դատավարական հետևանքներին` վերահաստատելով նախկինում կայացրած դիրքորոշումը.- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկությանը:
1. Իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Նախկին օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Նախկին օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Նմանատիպ իրավակարգավորումներ են նախատեսված նաև գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հայցային վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը՝ մասնավորապես նշելով, որ իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:
Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց: Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հատուկ վարույթում ենթակա չէ քննության որևէ նյութաիրավական պահանջ, այլ՝ տվյալ վարույթում հաստատման են ենթակա այնպիսի փաստեր, որոնք անհրաժեշտ են դիմումատուին՝ օրենքով իրեն վերապահված իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ` իրավունքի մասին վեճի բացակայությունը։ Դատարանը հետևություններ չի անում դիմողի խնդրանքով հաստատված փաստերից բխող իրավունքների և պարտականությունների մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա (տե՛ս, ըստ Ասատուր Հարությունյանի դիմումի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի, ըստ Աշոտ Սիմոնյանի դիմումի՝ թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի, ըստ Արտուշ Մնացականյանի դիմումի՝ թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի, ըստ Սեյրան Խաչատրյանի դիմումի` թիվ ԵԴ/3061/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումները):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Նախկին օրենսգրքի, այնպես էլ՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի որոշակի նպատակի համար, այսինքն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա իրացնել իր իրավունքները և օրինական շահերը: Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի առկայության դեպքում Նախկին օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն հայցն (դիմումը) առանց քննության թողնելու հիմք է:
Անդրադառնալով դատական կարգով հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ինչպես Նախկին օրենսգրքով, այնպես էլ՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է այդ փաստերի հնարավոր շրջանակը, սակայն այն սպառիչ չէ, և դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կարող է քննել իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ: Նման օրինակ կարող է հանդիսանալ անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից համապատասխան դիմումի ներկայացումը դատարան՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու վերաբերյալ փաստերի հաստատման մասին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը թվարկված հանգամանքներն իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր են, որոնց միաժամանակյա առկայությունը հանգեցնում է տվյալ անշարժ գույքի նկատմամբ շահագրգիռ սուբյեկտի սեփականության իրավունքի ծագմանը։ Ընդ որում, այն դեպքում, երբ նշված փաստերի հաստատման վերաբերյալ դիմումը հատուկ վարույթի կարգով քննելիս վեճ է ծագում իրավունքի մասին, դատարանը պարտավոր է դիմումը թողնել առանց քննության։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով շահագրգիռ անձի դատական պաշտպանության իրավունքը կարող է իրականացվել թե ընդհանուր հայցային, և թե հատուկ վարույթի կարգով։ Հատուկ վարույթի կարգով դատական պաշտպանության իրավունքի իրականացումն այս դեպքում կարող է կենսագործվել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վարույթում՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու մասին փաստերի հաստատման դիմումի ներկայացմամբ և քննությամբ։ Նման կառուցակարգը պետք է կիրառելի լինի բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը համոզմունք ունի առ այն, որ որևէ այլ անձ տվյալ գույքի վերաբերյալ հավակնություն չունի և բացառվում է իրավունքի վերաբերյալ վեճի ծագման հնարավորությունը կամ սեփականատերն անհայտ է։
Հակառակ պարագայում, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք ապահովելու անհրաժեշտությունից և դատական ռեսուրսներն արդյունավետ կերպով օգտագործելու պահանջից ելնելով՝ շահագրգիռ անձն իր իրավունքների դատական պաշտպանությունը պետք է նախաձեռնի և իրականացնի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելով տվյալ գույքի նկատմամբ հնարավոր հավակնություններ ունեցող անձանց նկատմամբ։
2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1)գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա են օրինական ուժ ստացած վճարման կարգադրություն, արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.
4) գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ.
6) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից.
8) վեճն ըստ էության սպառվել է.
9) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը.
10) հաշտարարության արդյունքով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին.
11) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ.
12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմի 1-11-րդ կետերով օրենսդիրը սահմանել է դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելու իմպերատիվ հիմքերը, իսկ 12-րդ կետով սահմանել է, որ գործի վարույթը ենթակա է կարճման նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Այսինքն՝ նշված իրավադրույթով օրենսդիրը, բացի 1-11-րդ կետերում թվարկված հիմքերից, սահմանել է նաև գործի վարույթն այլ հիմքերով կարճելու հնարավորություն, որոնք նախատեսված կլինեն կոնկրետ օրենքով: Որպես այդպիսի օրինակ կարելի է նշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով: Ամփոփելով վերոնշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված գործի վարույթը կարճելու հիմքը պետք է հստակ նախատեսված լինի օրենքով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Աննման Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Աննման Գրիգորյանի սեփականության իրավունքն Երևան քաղաքի Մովսես Խորենացի 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ:
Դատարանի 08.06.2017 թվականի արձանագրային որոշմամբ դիմումատուի միջնորդության հիմքով գործով երրորդ անձ է ներգրավվել Աննման Գրիգորյանի դուստրը` Արուսյակ Գևորգյանը:
Դատարանի 27.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ գործով բացակայում են վեճի առարկա գույքի նկատմամբ դիմողի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման իրավական և փաստական հիմքերը, ինչպես նաև ծագել է իրավունքի մասին վեճ:
Վերաքննիչ դատարանը 25.10.2019 թվականի որոշմամբ մասնակիորեն՝ դիմումը մերժելու մասով, բեկանել է Դատարանի 27.06.2019 թվականի վճիռը և անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ դատական կարգով կարող է հաստատվել արդեն ծագած և գոյություն ունեցող սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը, որի հետ չի կարող նույնացվել ձեռքբերման վաղեմության ուժով դեռևս գոյություն չունեցող սեփականության իրավունքի ճանաչումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման փաստը կարող է հաստատվել միայն հայցային վարույթի կարգով կայացված վճռով, ուստի տվյալ դեպքում առկա է դատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից բեկանման ենթակա լինելու անվերապահ հիմք, այն է՝ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմք:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Աննման Գրիգորյանի դիմումի և երրորդ անձ Արուսյակ Գևորգյանի առարկությունների բովանդակության ուսումնասիրությունից բխում է, որ Աննման Գրիգորյանը, դիմելով դատարան, ցանկացել է ճանաչել իր սեփականության իրավունքը ք. Երևան, Մովսես Խորենացու 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, որն ինքը բարեխղճորեն, բացահայտորեն և շարունակաբար տիրապետում է որպես իր սեփականություն, սակայն Աննման Գրիգորյանի և Արուսյակ Գևորգյանի միջև դիմումի քննության ընթացքում առաջացել է նյութաիրավական վեճ Երևան քաղաքի Մովսես Խորենացու 4-րդ նրբանցք, 63 ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ առկա (կամ ապագայում ծագող) իրավունքների վերաբերյալ: Ինչպես Դատարանը, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով առկա է վեճ իրավունքի մասին, կատարել են սխալ եզրահանգումներ գործի ելքի վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը, առանց վկայակոչելու գործի վարույթը կարճելու հիմք նախատեսող որևէ օրենք, որոշել է կարճել սույն գործի վարույթը, այն դեպքում, երբ արձանագրել է, որ սույն գործով առկա է վեճ իրավունքի մասին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դիմողի կողմից ներկայացված հաստատման ենթակա փաստի և սույն գործով երրորդ անձի իրավունքների միջև առկա է փոխադարձ կապ, և դիմումում նշված փաստի հաստատումը կարող է ազդել երրորդ անձի իրավունքների ծավալի վրա, հետևաբար՝ նշված փաստի հաստատումը կարող է իրականացվել միայն հայցային վարույթի կարգով: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ստորադաս դատարանում առկա է եղել վեճ իրավունքի մասին և դիմումը պետք է թողնել առանց քննության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 182-րդ հոդվածի 12-րդ կետի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմքի բացակայության պարագայում Վերաքննիչ դատարանը կարճել է սույն գործի վարույթը՝ արդյունքում խախտելով Դիմողի արդար դատաքննության իրավունքը:
Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և նույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի կրկնապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար հատուկ վարույթի գործերով պետական տուրքը գանձվում է բազային տուրքի ութապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հատուկ վարույթի գործերով պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը ենթակա է բեկանման և Աննման Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը թողնվում է առանց քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննման Գրիգորյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել.
- 2000 ՀՀ դրամ՝ որպես դիմումի ներկայացման համար նախապես չվճարված և Դատարանի 13.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,
- 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 15.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,
- 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և Վճռաբեկ դատարանի 17.03.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և Աննման Գրիգորյանի դիմումը՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, թողնել առանց քննության։
2. Աննման Գրիգորյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2000 ՀՀ դրամ՝ որպես դիմումի ներկայացման համար նախապես չվճարված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.03.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/16 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/16 |
|||||||
|
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/2333/02/16 քաղաքացիական գործով 27.07.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
«27» հուլիսի 2021թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 27.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Աննման Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Աննման Գրիգորյանի, երրորդ անձ Արուսյակ Գևորգյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և Աննման Գրիգորյանի դիմումը թողնել առանց քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 27.07.2021 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Աննման Գրիգորյանի պահանջը հատուկ վարույթով քննելու պայմաններում իր և Արուսյակ Գևորգյանի միջև վեճ ծագած լինելու հիմքով դիմումն առանց քննության թողնելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը:
2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) տարբերակում էր գործերի քննության հայցային և հատուկ վարույթներ: Եթե առաջինն իրենից ներկայացնում է հայցվորի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով այլ անձի՝ պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի քննություն և լուծում՝ ենթադրելով դատավարական հակադարձ կողմերի, հակադիր շահերի ու դրանց բախման, հետևաբար իրավական վեճի առկայություն, ապա հատուկ վարույթն իրավական վեճի բացակայության պայմաններում քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ օրենքով պահպանվող և իրավական բնույթ ունեցող շահերի պաշտպանության միջոց է: Իրավական վեճի բացակայության պատճառով հատուկ վարույթներում բացակայում է որևէ անձի դեմ ուղղված նյութաիրավական պահանջը, ուստի նաև՝ հակադիր շահերով օժտված հակադարձ կողմերը, և քննության առարկան միայն օրենքով վերապահված որոշակի իրավունք լիարժեք իրականացնելու համար դիմումատուին անհրաժեշտ փաստի հաստատումն է: Նույնպիսի տարբերակում նախատեսված է նաև գործող՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են՝
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի՝ ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի՝ որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Վկայակոչված իրավանորմերը վկայում են այն մասին, որ Նախկին օրենսգրքով սպառիչ թվարկված էին հատուկ վարույթի կանոններով քննության ենթակա գործերը, որոնց ցանկում ներառված չէին անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու փաստի հաստատմանը վերաբերող գործերը: Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված՝ սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող գործերը չեն նույնանում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը վերաբերող գործերի հետ: Եթե հատուկ վարույթի կարգով քննության ենթակա՝ սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող գործերը ենթադրում են դիմողի կողմից որոշակի գույքի տիրապետման փաստի հաստատում, ապա ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման գործերով քննության առարկան սեփականության իրավունքի ծագման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված առանձին հիմքով անշարժ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի ճանաչումն է:
Շարադրվածից բխում է, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Աննման Գրիգորյանի պահանջը չէր կարող քննվել հատուկ վարույթի կանոններով: Նշվածից նաև հետևում է, որ հատուկ վարույթի գործերի քննության կարգն ու իրավական հետևանքները սահմանող իրավանորմերը կիրառելի չեն հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործերի նկատմամբ: Այս դեպքում Վճռաբեկ դատարանն Աննման Գրիգորյանի դիմումն առանց քննության է թողել Նախկին օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի վկայակոչմամբ, համաձայն որի՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Այս իրավանորմն իրավունքի մասին վեճ ծագելու դեպքում հայցն առանց քննության թողնելու ձևով իրավական հետևանք է նախատեսում միայն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար (հայցային վարույթներում իրավունքի մասին վեճ միշտ առկա է), այսինքն՝ հատուկ վարույթների դեպքերում: Քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը հայցային վարույթի կարգով քննության ենթակա պահանջ է և այդ գործերով առկա չէ իրավաբանական փաստի հաստատում, ուստի որպես հետևանք Նախկին օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառումը հիմնավորված չի կարող համարվել:
Ներկայացված պատճառաբանությունները հիմք են տալիս արձանագրելու, որ այս գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը բխում է դատավարական նորմերի իրավակարագավորումներից, ուստի Վճռաբեկ դատարանը պետք է մերժեր Աննման Գրիգորյանի վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը:
Դատավոր Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: