Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1396-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-281-13.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-281-13.09.2019-ՊԻ -011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

    

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-281-13.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 116-րդ հոդվածում նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն՝ որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին, բացառությամբ այն անձանց, ովքեր ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան և սեռը փոխած անձի:

Անդրադառնալով նախագծով նախատեսվող այն կարգավորմանը, որի համաձայն՝ նույն սեռի ներկայացուցիչները, որոնք ամուսնացել են նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան որդեգրելու իրավունք չունեն, ներկայացնում ենք հետևյալ նկատառումները.

Օրենսգրքի՝ երեխային որդեգրելու կարգը սահմանող 113-րդ հոդվածի համաձայն՝ որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը:

Երեխային որդեգրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամուսնացած լինելու պարտադիր պահանջ ամրագրված չէ: Այսինքն՝ ստացվում է, որ երեխա որդեգրելու իրավունք ունի յուրաքանչյուր չափահաս անձ՝ անկախ ամուսնացած լինելու հանգամանքից, ով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Այս առումով նախագծով նախատեսված հիշյալ կարգավորումներն անհրաժեշտ է դիտարկել երկու տեսանկյունից՝ արդյո՞ք ներկայացվել է համատեղ դիմում այնպիսի անձանց կողմից, ովքեր ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան, թե՞ նման անձանցից մեկի կողմից:

Այն դեպքում, երբ որդեգրման դիմումը ներկայացվում է ամուսինների կողմից համատեղ, ապա նախ որդեգրելու համար անձինք պետք է հաշվառվեն որպես որդեգրել ցանկացող անձ: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է հաշվառվել որպես որդեգրող:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը …»: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերը չեն կիրառվում այն դեպքում, եթե նման կիրառումը հակասում է Հայաստանի Հանրապետության իրավակարգին (հանրային կարգին)։ Այդ դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն ամրագրել է կամքի ինքնավարության հիման վրա տղամարդու և կնոջ միմյանց հետ ամուսնության իրավունքը, հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող, ամուսնության մեջ գտնվող նույն սեռի օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիմումը՝ որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառվելու մասին, դեռևս հաշվառման փուլում կմերժվի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգին համապատասխան, քանի որ վերջիններս Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով ամուսիններ համարվել չեն կարող:

Հետևաբար Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունն արդեն իսկ բացառում է նույն սեռի ներկայացուցչի հետ ամուսնացած անձանց կողմից երեխային համատեղ որդեգրելու հնարավորությունը, ուստի նախագծի ընդունման անհրաժեշտությունը սույն մասով բացակայում է:

Նախագծի մյուս կարգավորումները վերաբերում են այն դեպքերին, երբ որդեգրման դիմում ներկայացվում է նույն սեռի ներկայացուցչի հետ ամուսնության մեջ գտնվող անձի կողմից միանձնյա (ոչ համատեղ), ինչպես նաև սեռը փոխված անձի կողմից:

Այս դեպքում հարկ ենք համարում նշել, որ ինչպես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումը նախատեսում են օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման բարդեցված ընթացակարգ, որի ընթացքում վեր է հանվում երեխայի լավագույն շահը: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ երեխայի որդեգրումն իրականացվում է դատական կարգով, որտեղ նույնպես դատարանի կողմից գնահատվում է որդեգրումը երեխայի շահերից բխելը:

Հետևաբար, գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամբողջովին վերանայվում է երեխայի պաշտպանության համակարգը, որի շրջանակներում մշակվում է նաև որդեգրման գործընթացի բարեփոխման հայեցակարգը։ Նշված հարցերը նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի օրակարգում են։

Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագիծը ներկայացված տարբերակով ընդունելու նախաձեռնությունից՝ ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան