ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 365-Ա
«ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
1) կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության, այդ թվում` շինարարությունում գնագոյացման նորմատիվ ակտերի կազմման և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար (բացառությամբ շինարարական նյութերի) անհրաժեշտ տեղեկատվության մշակումը, տրամադրումն ու հրապարակումն է.
2) կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա. քաղաքաշինության բնագավառի նորմատիվային ակտերի մշակումը, լրամշակումը և մոտարկումը,
բ. շինարարությունում գնագոյացման համակարգի նորմերի և չափորոշիչների մշակումն ու լրամշակումը,
գ. գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանության մշակումը և մոտարկումը,
դ. քաղաքաշինության բնագավառի տեղեկատվության բազայի ստեղծումը և վերլուծումը,
ե. նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսի հաշվարկման նպատակով համապատասխան վերլուծությունների ու հաշվարկների հիման վրա կապիտալ ծախսերի և հիմնանորոգման համար կիրառվող նյութերի ցանկի կազմումը, դրանցից յուրաքանչյուրի տեսակի կշռի որոշումը,
զ. շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում աշխատավարձի և կապիտալ ներդրումների կառուցվածքում շինմոնտաժային աշխատանքների ծախսերի մասնաչափի հաշվարկումը:
3. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» ու «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մինչև 2014 թվականի օգոստոսի 30-ը հաստատել կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
2) մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպության պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 04.06.14 N 580-Ա)
5. Կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու ամրացվող գույքի կազմը և արժեքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը: Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը կազմակերպությանն են ամրացվում անհատույց օգտագործման իրավունքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 9 Երևան |