050.0063.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 1999 թվականի |
թիվ 63 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» լրամշակված տարբերակին (կցվում է), որում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի բանկերի ասոցիացիայի առաջարկությունները և դիտողությունները:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ`
------------------------- Տ. Սարգսյան |
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
------------------------- Վ. Խաչատրյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի և կանոնակարգում է ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգումը, հնարավոր կորուստների համար ընդհանուր և հատուկ պահուստավորումը, անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման հարցերը:
(1.1 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
1.2. Սույն կարգի նպատակներն են`
ա) շահութահարկի հաշվարկման նպատակով սահմանել համախառն եկամտի նվազեցումները` ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով.
բ) բանկային գործունեությունը կարգավորող տնտեսական նորմատիվների հաշվարկման համար օգտագործվող բանկի ընդհանուր կապիտալի և ակտիվների մեծության վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության ստացումը:
1.3. Ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստավորման պատասխանատվությունը կրում են բանկերը:
1.4. Սույն կարգի նպատակներից ելնելով`
ա) բանկերը ձևավորում են ընդհանուր պահուստ` ստանդարտ ակտիվների և հատուկ պահուստ` խնդրահարույց (հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի) ակտիվների համար.
բ) ակտիվների հնարավոր կորուստների համար պահուստավորումն իրականացվում է ըստ ակտիվների դասակարգման չափանիշների.
գ) սահմանվում են ակտիվների դասակարգման օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներ:
(1.4 կետը փոփ. 13.03.01 N 67)
1.5. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին` ճշգրտելու ակտիվների դասակարգումը և (կամ) պահուստավորումը՝ սույն կարգին համապատասխան:
(1.5 կետը փոփ. 29.06.10 թիվ 147-Ն)
2. Սահմանումներ
Սույն կարգի իմաստով`
2.1. Վարկեր և դեբիտորական պարտքեր (այսուհետև` ակտիվներ) են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, բանկերում (բացառությամբ` ՀՀ կենտրոնական բանկի) ներդրված ավանդներ (այդ թվում` նաև բանկային ոսկով)), ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պահանջները, բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները և (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) և սառեցված հաշիվները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները), ինչպես նաև բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները
(2.1 կետը խմբ. 13.03.01 N 67)
2.2. Ակտիվների դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն կարգի 3.11 կետի.
1) ստանդարտ, 2) հսկվող, 3) ոչ ստանդարտ, 4) կասկածելի, 5) անհուսալի
(2.2 կետը խմբ. 13.03.01 N 67)
2.3. Ընդհանուր պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է ստանդարտ ակտիվների գծով` ընդհանուր պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների և ծախսերի մասին» հաշվետվությունում` ելնելով ակտիվների գծով ապագա, բայց դեռևս չպարզաբանված (չբացահայտված) կորուստներ առաջացման հավանականությունից:
2.4. Հատուկ պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով` հատուկ պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների և ծախսերի մասին» հաշվետվությունում` ելնելով վերոհիշյալ ակտիվների գծով, պարզաբանված (բացահայտված) կորուստների առաջացման հավանականությունից:
(2.4 կետը լրաց. 13.03.01 N 67)
2.5. Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը) հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով կուտակված, սակայն դեռևս փաստացի չհավաքագրված տոկոսին (և (կամ) տուժանքին) հակակշիռ գրանցված պահուստն է: Այն ձևավորվում է ակտիվը չաշխատող դասակարգելիս նրա գծով արդեն իսկ հաշվեգրված տոկոսների (և (կամ) տուժանքի) և հետագայում դրանց (տոկոսների (և (կամ) տուժանքի)) հաշվեգրումների չափով պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին:
(2.5 կետը խմբ. 30.07.03 N 260-Ն)
2.6. Չաշխատող են այն ակտիվները, որոնց.
ա) հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից
բ) տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության (վարկի) գումարին) կամ
գ) պայմանները վերանայվել (վերաֆինանսավորվել) կամ էլ փոխանցվել են նոր փոխատվության (վարկի) գումարին:
Բոլոր չաշխատող ակտիվները գրանցվում են որպես ոչ կուտակային (ֆինանսական հաշվետվության կազմման նպատակահարմարությունից ելնելով` դրամարկղային մեթոդով):
Այն ակտիվները, որոնց համար սահմանված չեն (պայմանագրում նշված չեն) մարման նախապես որոշված ժամկետներ (պայմաններ), համարվում են չաշխատող ակտիվներ, եթե ակտիվի ձևավորման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում չի մարվել ակտիվի սկզբնական գումարի առնվազն 25%-ը: Սույն պարբերությունում նշված դեպքերում 90-օրյա ժամկետին հաջորդող օրվանից սկսած ակտիվը համարվում է չաշխատող և շարունակում է դիտարկվել չաշխատող մինչև ակտիվի ամբողջական մարումը:
Տոկոսների հաշվեգրման դադարեցման համար չաշխատող ակտիվների գումարը հաշվարկելիս, հիմք է ընդունվում պարտքի հիմնական գումարի գծով փոխառուի չմարված պարտավորության գումարը, այլ ոչ թե վերջինիս ժամկետանց մասը:
(Պարբերությունը հանվել է 13.03.01 N 67)
(2.6 կետը խմբ., լրաց. 13.03.01 N 67, փոփ., խմբ. 29.06.10 թիվ 147-Ն)
2.7. Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների խմբին են դասվում այն ակտիվները, որոնք բավարարում են ներքոհիշյալ բոլոր պայմաններին միաժամանակ`
ա) ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, բյուջետային երաշխիքով և
բ) ապահովված չեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և
գ) ապահովված չեն փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (գործարար ծրագրեր, պայմանագրեր և այլն), ինչպես նաև այլ հիմնավոր փաստաթղթերով և
դ) չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար:
Եթե ակտիվը մասամբ է ապահովված սույն կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով և միաժամանակ բավարարում է սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված պայմաններին, ապա ակտիվի չապահովված մասը դիտարկվում է որպես ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվ:
(2.7 կետը խմբ. 13.03.01 N 67, փոփ., լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.7.1. ՀՀ կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից ակտիվի (կամ դրամ մասի) դասակարգումն ըստ 2.7. կետի «ա»-ից «դ» ենթակետերի կարող է փոխվել:
(2.7.1 կետը լրաց. 13.03.01 N 67)
2.7.2. Սույն կարգի 2.7-րդ կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով չապահովված և սույն կարգի 2.7-րդ կետի «դ» ենթակետում նշված պայմաններին բավարարող ակտիվները, որպեսզի համարվեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ կամ այլ հիմնավոր փաստաթղթերով ապահովված և չդիտարկվեն բլանկային, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի բանկի գործառնությունները կանոնակարգող այն ներքին իրավական ակտերը, որոնցում սահմանված են սույն կետում նշված ակտիվների ձևավորման գործընթացները և փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար:
Մինչև ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկերն այդ իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվները կարող են դիտարկել ոչ բլանկային:
Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:
Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում` բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:
Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:
Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:
Եթե սույն կետում նշված ակտիվները ձևավորվել են Կենտրոնական բանկ ներկայացված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս կամ բանկում բացակայում են նման ներքին իրավական ակտերը, ապա բանկը` ակտիվները ոչ բլանկային չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու նպատակով, պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ ապահովվածությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Մինչև Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացություն ստանալն այդ ակտիվները կարող են բանկի կողմից դիտարկվել ոչ բլանկային, իսկ բացասական եզրակացություն ստանալու դեպքում պետք է դիտարկվեն բլանկային` Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:
Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:
(2.7.2 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.7.3. Սույն կարգի 2.7-րդ կետում նշված դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պահանջների վրա:
(2.7.3 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.7.4. Եթե բանկի կողմից տեղաբաշխված ակտիվը միաժամանակ բավարարում է սույն կարգի 2.7-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով սահմանված պայմաններին և ապահովված է միայն սույն կարգի 2.7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, ապա տվյալ ակտիվը պետք է դասակարգվի՝ հիմք ընդունելով ստորև նշված դասերից ամենախիստը.
1) երաշխիք կամ երաշխավորություն տրամադրող իրավաբանական անձի վերաբերյալ բանկերի նկատմամբ ունեցած դասակարգված պարտավորությունների (առկայության դեպքում) գծով բանկերի կողմից տրված միասնական ամենախիստ դասը,
2) տվյալ փոխառուի (պարտապանի) գծով սույն կարգի 3.4-րդ կետում նշված առավել խիստ չափանիշը:
(2.7.4 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.8. Տոկոսների կապիտալացումը գործընթաց է, որի արդյունքում չվճարված տոկոսները, պայմանագրի համաձայն, դրանց վճարման կամ վարկի մարման օրը գումարվում են ակտիվի չմարված մասին:
2.9. Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ էլ պայմանները վերանայվել են այլ կերպ` փոխառուի (պարտապանի) համար առավել նպաստավոր ուղղությամբ, որը պայմանավորված է նրա վատ ֆինանսական դրությամբ և (կամ) նրա պարտքը մարելու կարողությամբ:
2.10. Վերաֆինանսավորված ակտիվներ են համարվում.
1) այն ակտիվները, որոնց մի մասի մարումը, պայմանավորված փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական դրությամբ և (կամ) փոխառուի (պարտապանի)` բանկի նկատմամբ առկա պարտավորությունները մարելու ոչ բավարար կարողությամբ, իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների հաշվին` անկախ այն հանգամանքից, թե նոր պարտավորությունները ձևավորվել են նույն բանկում, թե այլ բանկերում,
2) այն ակտիվները, որոնք ուղղվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված ակտիվների (կամ դրանց մի մասի) մարմանը:
(2.10 կետը խմբ. 29.06.10 թիվ 147-Ն)
2.10.1. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության հիմնավոր կարծիքով վերաֆինանսավորված ակտիվների (կամ դրանց մասերի) դասակարգումը կարող է փոխվել:
(2.10.1 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.10.2. Բանկի ակտիվների պայմաններն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայելու դեպքում, որպեսզի այդ ակտիվները Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նշված գործառնությունները կանոնակարգող բանկի ներքին իրավական ակտերը, որոնցում պետք է նշվեն ակտիվների պայմանների վերանայման այնպիսի սկզբունքներ և գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս ակտիվների պայմանների վերանայում փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական վիճակի պայմաններում՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար:
Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացություն ստանալը, եթե ակտիվների պայմանները վերանայվել են այդ ներքին իրավական ակտերին համապատասխան, ապա այդ ակտիվները կարող են չդիտարկվել վերանայված պայմաններով:
Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:
Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:
Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:
Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:
Եթե բանկն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայել է ակտիվների պայմանները սույն կետում նշված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս, ապա որպեսզի այդ ակտիվները սույն կարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ ակտիվների գծով փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր՝ այդ ակտիվները վերանայված պայմաններով չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու համար: Մինչև Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկը կարող է սույն պարբերության մեջ նշված ակտիվները չդիտարկել վերանայված պայմաններով, իսկ Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում` այդ ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:
Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:
(2.10.2 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
2.11. Սույն կարգի դրույթները չեն տարածվում 1000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող ակտիվների վրա:
(2.11 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3. Ակտիվների դասակարգումը
3.1. Բանկերն առնվազն ամիսը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները` սույն կարգի 7.2 կետի համաձայն` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ամսվա վերջին բանկային օրը».
(3.1 կետը խմբ. 13.03.01 N 67, փոփ. 29.06.10 թիվ 147-Ն)
3.2. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի
(3.2 կետը խմբ. 13.03.01 N 67)
3.3. Ակտիվների դասակարգումը հիմնված է սույն կարգում սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների վրա:
(3.3 կետը փոփ. 29.06.10 թիվ 147-Ն)
3.4. Այն դեպքում, երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ, ինչպես նաև սույն կարգի 3.4.1-րդ կետով սահմանված չափանիշներով ակտիվների դասակարգման ընթացքում առկա են տարբերություններ, ապա բանկի համար առաջնային է առավել խիստ չափանիշը:
(3.4 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.4.1. Բանկն իր փոխառուին տրամադրված վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգումը պետք է իրականացնի ելնելով բոլոր բանկերի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերի և դեբիտորական պարտքերի գծով առկա միասնական ամենախիստ դասից` առաջնորդվելով տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված վարկերի և դեբիտորական պարտքերի ժամկետանց օրերի քանակի վերաբերյալ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրից կամ վարկային բյուրոյից ստացված տեղեկատվությամբ` համաձայն սույն կարգի 3.11 կետի օբյեկտիվ չափանիշների:
(3.4.1 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.5. Օբյեկտիվ չափանիշները հիմնված են սույն կարգի 2.6 կետով նախատեսված պայմանների վրա:
(3.5 կետը խմբ. 13.03.01 N 67)
3.6. Սուբյեկտիվ չափանիշները հիմնված են բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության դատողությունների և մասնագիտական կարծիքի վրա: Վերոհիշյալ դատողությունները պետք է համարժեք լինեն սույն կարգում սահմանված ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի ակտիվների սահմանումների հետ:
(3.6 կետը խմբ. 13.03.01 N 67)
3.7. Ստանդարտ ակտիվների պորտֆելն իրենից ներկայացնում է համախառն և դասակարգված ակտիվների տարբերությունը: Ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն և խնդրահարույց չեն (այդ թվում` ակտիվները, որոնց գծով վճարումներ չեն իրականացվել մինչև 90 օր ժամանակահատվածում): Որպես կանոն, ստանդարտ ակտիվներին բնորոշ են հետևյալ հայտանիշները.
ա) փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը կասկած չի հարուցում, և
բ) առկա է ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը:
Ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն (գրավով, երաշխիքով, երաշխավորությամբ, ֆինանսական հոսքերով և այլն) պայմանագրով սահմանված հիմնական գումարի և տոկոսների գծով մարումները (վճարումները) կատարելու համար: Ստանդարտ ակտիվների գծով ձևավորվում է միայն ընդհանուր պահուստ:
(3.7. կետը փոփ., խմբ. 29.06.10 թիվ 147-Ն)
3.7.1. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք չնայած սպասարկվում են սկզբնական պայմանագրի համաձայն, սակայն տեղի է ունեցել փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում կամ ի հայտ են եկել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում հնարավոր է փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում, որի արդյունքում կարող է վտանգվել ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը:
(3.7.1 կետը խմբ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
3.8. Ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում` կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վատ դրության կամ նրա պարտքը մարելու անկարողության հետ: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ ներառվում են`
ա) ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնարավոր չէ փոխառուի (պարտապանի) դրամական միջոցների անբավարար հոսքի պատճառով.
բ) սեփական կապիտալի և ներգրավված միջոցների միջև հարաբերակցության` սույն կարգի 7.2 կետով բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համաձայն, անբավարար աստիճան ունեցող փոխառուի (պարտապանի) վարկերը, կանխավճարները և փոխառուի (պարտապանի) նկատմամբ այլ պահանջները.
գ) այն ակտիվները, որոնք փոխառուն (պարտապանը) չի կարող մարել նախնական պայմանավորվածության համաձայն, և որոնք փոխառուի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետևանքով վերանայումների ու դրանց շուրջ տարվող բանակցությունների առարկա են: Այսինքն` ակտիվի մարման առաջնային աղբյուրները բավարար չեն, և բանկը պետք է դիմի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, որպիսիք են` գրավի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վերաֆինանսավորումը) կամ կապիտալի նոր աղբյուրների հայթայթումը և այլն:
Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ ռիսկեր, որոնք նվազեցնում են ակտիվի ամբողջական մարման հավանականությունը:
Ոչ ստանդարտ ակտիվներին կարող են դասվել նաև այն ակտիվները, որոնց հետ կապված է սովորականից ավելի մեծ ռիսկ` կապված փոխառուի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության կամ ակտիվը (կամ դրա մի մասը) ոչ նպատակային օգտագործելու հետ:
Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պարզելու համար պետք է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները`
ա) ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վերանայումները (վերաձևակերպումները) առանց դրա զգալի մարման.
բ) փոխառուի (պարտապանի) կողմից ավելի նպաստավոր պայմաններով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հանդես գալը` կապված վերջինիս ֆինանսական վիճակի հետ.
գ) ոչ համարժեք գրավի առկայությունը:
(3.8 կետը փոփ. 13.03.01 N 67, փոփ., խմբ., լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.9. Կասկածելի ակտիվներն ունեն ոչ ստանդարտ ակտիվների բոլոր հատկանիշները, սակայն առավել խնդրահարույց են, ինչի արդյունքում դրանց հավաքագրումը տվյալ պահին դառնում է չափազանց դժվար կամ անհնար: Կասկածելի ակտիվների դեպքում զգալի կորուստների հավանականությունը բարձր է, բայց կորուստների չափերը պարզ չեն, ինչը հիմնականում պայմանավորված է մի շարք կարևոր և հատուկ գործոններով, որոնք կարող են բարելավել այս ակտիվի վիճակը: Այսպիսով, այս ակտիվի դասակարգումը որպես անհուսալի հետաձգվում է մինչև վերջինիս հետ կապված հանգամանքների հստակեցումը:
3.10. Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի և ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլևս նպատակահարմար չէ: Այս դասակարգումը չի նշանակում, որ ակտիվը հնարավոր չէ վերականգնել ապագայում, բայց դրա հաշվապահական ճանաչումը տվյալ պահին պետք է լինի որպես արժեզրկված ակտիվ:
(3.10 կետը խմբ. 13.03.01 N 67)
3.11. Ակտիվների դասակարգման չափանիշներն ամփոփվում են ստորև բերված աղյուսակում: Սույն կարգի 2.6-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգման առանձնահատկությունները սահմանվում են սույն կարգի 3.15-3.17-րդ կետերով.
Ակտիվի դասը |
Օբյեկտիվ չափանիշ |
Սուբյեկտիվ չափանիշ |
Ստանդարտ | Ակտիվն աշխատող է և գտնվում է սպասարկման ընթացքում համաձայն պայմանագրի* | Համապատասխանում է սույն կարգի 3.7 կետում տրված ստանդարտ ակտիվի սահմանմանը |
Հսկվող | Չաշխատող է մինչև 90 օր | Համապատասխանում է սույն կարգի 3.7.1 ենթակետում տրված հսկվող ակտիվի սահմանմանը |
Ոչ ստանդարտ | Չաշխատող է 91-180 օր |
Համապատասխանում է սույն կարգի 3.8 կետում տրված ոչ ստանդարտ ակտիվի սահմանմանը |
Կասկածելի | Չաշխատող է 181-270 օր | Համապատասխանում է սույն կարգի 3.9 կետում տրված կասկածելի ակտիվի սահմանմանը |
Անհուսալի | Չաշխատող է 271 և ավելի օր | Համապատասխանում է սույն կարգի 3.10 կետում տրված անհուսալի ակտիվի սահմանմանը |
_________
* Սույն կարգի իմաստով պայմանագիր համարվում է սկզբնական պայմանագիրը (ներառյալ գրավի պայմանագիրը)
(3.11 կետը խմբ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
3.12. Սույն կարգի 3.11 կետում նշված չաշխատող օրերի հաշվարկը սկսվում է կարգի 2.6 կետի համաձայն:
3.13. Սույն կարգի 2.6-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգումն իրականացվում է հիմք ընդունելով դասակարգման օրվա դրությամբ ակտիվի գծով առկա առավելագույն ժամկետանց օրերի քանակը:
(3.13 կետը լրաց. 13.03.01 N 67, խմբ. 29.06.10 թիվ 147-Ն)
3.14. Փոխառուի (պարտապանի) կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման դեպքում, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ակտիվի գծով պայմանագրային պարտավորությունների չկատարմանը, ակտիվը բանկի կամ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման փաստը բացահայտելու օրվանից սուբյեկտիվ չափանիշով պետք է դասակարգվի ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի` հաշվի առնելով սույն կարգով սահմանված համապատասխանաբար ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի ակտիվների սահմանումները:
(3.14 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.15. Սույն կարգի 2.9-րդ և 2.10-րդ կետերում նշված ակտիվները այդ ակտիվների պայմանների վերանայման դեպքում ակտիվի դասակարգման օրը դասակարգվում են ոչ ստանդարտ, եթե սույն կարգի 3.4-րդ կետի համաձայն ավելի խիստ դաս առկա չէ: Ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է ստորև բերված աղյուսակի համաձայն.
Ակտիվի դասը Օբյեկտիվ չափանիշ Ոչ ստանդարտ վերանայված կարգավիճակում է մինչև 90 օր Կասկածելի վերանայված կարգավիճակում է 91-180 օր Անհուսալի վերանայված կարգավիճակում է 181 և ավելի օր
Եթե սույն կարգի համաձայն` ակտիվների վերանայման պահին ակտիվները դասակարգված են ոչ ստանդարտ կամ կասկածելի, ապա այդ ակտիվները կարող են մնալ նույն դասում, եթե համապատասխանում են սույն կարգում սահմանված համապատասխանաբար «ոչ ստանդարտ» կամ «կասկածելի» ակտիվների սահմանումներին: Սույն մասում նշված ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է սույն կարգի 3.11-րդ կետին համապատասխան:
(3.15 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.16. Բանկերը Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ կարող են ներկայացնել սույն կարգի 2.9-րդ և 2.10-րդ կետերում նշված ակտիվների պայմանների վերանայումից հետո ակտիվների հետագա դասակարգման վերաբերյալ իրենց ներքին իրավական ակտերը, որոնց համաձայն` ներքին իրավական ակտերում նշված պայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի ակտիվների դասի հետագա բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է առնվազն սահմանվեն սկզբնական պայմանագրի նկատմամբ վճարումների (մարումների) քանակի և հիմնական գումարի մարման ծավալի ողջամիտ նվազագույն մեծություններ, ինչպես նաև ցանկացած երկու հաջորդական մարումների միջև ընկած ողջամիտ առավելագույն ժամկետներ, որի պարագայում, վերանայված պայմանագրի համաձայն սպասարկվելու դեպքում, հնարավոր կլինի ակտիվի դասի բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է նախատեսվի, որ ավելի բարձր (բարելավված) դասով դասակարգելու պահին ակտիվը պետք է բավարարի համապատասխան դասի ակտիվի համար սույն կարգով սահմանված չափանիշներին: Ներքին իրավական ակտերը չեն կարող վերաբերել այն ակտիվներին, որոնք նախկինում վերանայվել են առնվազն մեկ անգամ, ինչպես նաև այն ակտիվներին, որոնք վերանայման պահին դասակարգված են եղել ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի:
Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, ակտիվները կարող են դասակարգվել այդ ներքին իրավական ակտերին համապատասխան:
Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:
Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգեն սույն կարգի 3.15-րդ կետով սահմանված կարգով` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում` բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:
Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:
Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգվեն սույն կարգի 3.15-րդ կետով սահմանված կարգով` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան դասակարգված ակտիվների վրա:
Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվության չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:
(3.16 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.17. Սույն կարգի 3.16-րդ կետում նշված ներքին իրավական ակտեր չունենալու դեպքում, ակտիվի վերանայման պայմանները կամ ակտիվի վերանայումից հետո վերանայված պայմանագրի սպասարկման պայմանները սույն կարգի 3.16-րդ կետում նշված ներքին իրավական ակտերին չհամապատասխանելու դեպքում, ակտիվների դասակարգումն իրականացվում է սույն կարգի 3.15-րդ կետին համապատասխան:
(3.17 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
3.18. Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվը շարունակում է մնալ նույն դասում այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխություն տեղի չի ունեցել կամ չեն առաջացել սույն կարգի 3.4-րդ կետի համաձայն առավել խիստ չափանիշով դասակարգելու հիմքերը: Ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխության դեպքում բանկերն ինքնուրույն են փոփոխում (այդ թվում` բարելավում) ակտիվի դասը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նախապես սահմանվել են այդ ակտիվի հետագա դասակարգման չափանիշները, ժամկետները և կարգը:
(3.18 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
4. Ընդհանուր եվ հատուկ պահուստավորում
4.1. Յուրաքանչյուր բանկ ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում է առանձին հաշիվներ` ընդհանուր և հատուկ պահուստների համար: Այդ պահուստների մեծությունը ճշգրտվում է ակտիվների յուրաքանչյուր դասակարգման ամսաթվին` սույն կարգի 3.1 կետին համապատասխան, բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների, որոնց գծով պահուստները ճշգրտվում են ակտիվի ձևավորման պահին:
(4.1 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
4.2. Բանկերը ձևավորում են հատուկ պահուստ հետևյալ չափերով.
1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում.
ա. հսկվող ակտիվների համար` 10%,
բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` 20%,
գ. կասկածելի ակտիվների համար՝ 50%,
դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%:
2) Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում.
ա. հսկվող ակտիվների համար` 12%,
բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` 24%,
գ. կասկածելի ակտիվների համար՝ 60%,
դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%:
(4.2 կետը խմբ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
4.3. Բանկերը ձևավորում են ընդհանուր պահուստ` ստանդարտ ակտիվների գումարի 1 տոկոսի չափով:
4.4. Ելնելով սույն կարգի 7.2-րդ կետին համապատասխան բանկերի կողմից մշակված ներքին կանոնակարգերից, բանկերն ինքնուրույն, առանց Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության համաձայնությունը ստանալու, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին ստանդարտ ակտիվների համար՝ մինչև 2%-ը, իսկ հատուկ պահուստին՝ հետևյալ չափերով.
1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում.
ա. հսկվող ակտիվների համար` մինչև 15%-ը,
բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` մինչև 25%-ը,
գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչև 70%-ը:
2) Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում.
ա. հսկվող ակտիվների համար` մինչև 18%-ը,
բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` մինչև 30%-ը,
գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչև 85%-ը:
(4.4 կետը խմբ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
4.5. Եթե ակտիվը ճանաչվում է անհուսալի, ապա այն ակտիվի դասակարգման օրը պետք է դուրս գրվի բանկի հաշվեկշռից` «հատուկ պահուստի» հաշվին, և շարունակվի հաշվառվել բանկի հետհաշվեկշռային հաշիվներում (այսուհետ` ծանուցման հաշիվներ), բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների (կամ դրանց մասերի), որոնք առանց դասակարգման դուրս են գրվում բանկի հաշվեկշռից ակտիվի ձևավորման պահին: Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված, սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվների դիմաց պահուստների ճշգրտումը Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության պահանջով կարող է իրականացվել Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նշված օրը:
(4.5 կետը խմբ. 29.06.10 թիվ 147-Ն)
4.6. Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին որոշակի գումարով պահուստ ձևավորել կոնկրետ ակտիվի կամ ակտիվների խմբի համար` առանց ակտիվի (ակտիվների) դասակարգման:
(4.6 կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
5. Տոկոսի (եվ (կամ) տուժանքի) հաշվեգրման դադարեցում
5.1. Սույն կարգում սահմանված չաշխատող ակտիվները, այդպիսին դասակարգվելուց սկսած, պետք է հաշվառեն ոչ կուտակային մեթոդով, ինչը նշանակում է, որ այն տոկոսը (և (կամ) տուժանքը), որը կուտակվել է, բայց չի հավաքագրվել, այլևս չի կարող գրանցվել որպես տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք): Այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկոսները (և (կամ տուժանքները) պետք է գրանցվեն «չճանաչված տոկոսային եկամտի (և (կամ) տուժանքի)» հաշվին: Տոկոսի (և (կամ) տուժանքի) հաշվեգրումը շարունակվում է, սակայն այն այդուհետ չի գրանցվում որպես տոկոսային եկամուտ մինչև ակտիվի դասակարգումը ստանդարտ:
(5.1 կետը փոփ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
5.2. Այն տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք արդեն հաշվեգրվել են, սակայն չեն հավաքագրվել միևնույն (հաշվետու) ժամանակաշրջանի ընթացքում, պետք է «տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանքներ)» հաշվից փոխանցվեն «չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:
5.3. Այն տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք հաշվեգրվել են նախորդ ժամանակաշրջանի ընթացքում, սակայն չեն հավաքագրվել, ճանաչվում են որպես ծախս` գրանցվելով «չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:
5.4. (5.4 կետն ուժը կորցրել է 29.06.10 թիվ 147-Ն)
5.5. Հաշվեգրված, բայց դեռևս չգանձված տոկոսները (և (կամ) տուժանքները), որոնք գրանցվում են «չճանաչված տոկոսային եկամուտ» հաշվում, ենթակա են հաշվեկշռից դուրսգրման` համապատասխան ակտիվը անհուսալի ճանաչելու (կամ ամբողջությամբ մարելու) պահին: Անհուսալի ճանաչելու դեպքում հաշվեկշռից դուրս գրելուց հետո բանկը հաշվառում է հաշվեգրված, բայց դեռևս չգանձված տոկոսները ծանուցման հաշիվներում և կարող է շարունակել տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվարկումը` համապատասխան ծանուցման հաշիվներում:
(5.5 կետը խմբ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
5.6. Եթե ակտիվի մարման պահին նրա գծով հաշվարկված տոկոսները գրանցված են «տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանք)» հաշվին, ապա ակտիվի մարման պահից սկսած ակտիվի գծով հաշվեգրված տոկոսները սույն կանոնակարգի 2.6 կետում նախատեսված պայմանները տեղի ունենալուց հետո դուրս են գրվում հաշվեկշռից, և դրանց հաշվեգրումը կարող է շարունակվել ծանուցման հաշիվներում:
(5.6 կետը լրաց. 13.03.01 N 67)
6. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների եվ տոկոսների դուրս գրումը
6.1. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս. 6.1.1. հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված ակտիվը կամ դրա մի մասը` թղթակցելով «հատուկ պահուստ» հաշվի հետ.
6.1.2. վերականգնված ակտիվը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:
6.2. Ակտիվների հերթական դասակարգումը և պահուստների ճշգրտումներն իրականացնելիս, բանկն ընդհանուր և հատուկ պահուստներում առկա ավելցուկային մնացորդներն ուղղում է եկամուտների հաշվին:
6.3. Ծանուցման հաշիվներում հաշվառվող տոկոսների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս.
6.3.1. հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված տոկոսը կամ դրա մի մասը` թղթակցելով «տոկոսային եկամուտ» հաշվի հետ.
6.3.2. վերականգնված տոկոսը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:
6.4. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից.
(Պարբերությունն ուժը կորցրել է 10.07.08 թիվ 207-Ն)
(6.4 կետը լրաց. 25.03.08 թիվ 74-Ն, փոփ. 10.07.08 թիվ 207-Ն)
6.4.1. բանկի կողմից ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) զիջելու (կամ ներելու) կամ
6.4.2. ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:
6.4.3. փոխառուի (պարտապանի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:
(6.4.3. կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
6.5. Եթե բանկի հաշվեկշռում հաշվառվող ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) բանկի կողմից այլ անձի անհատույց զիջվել են (կամ ներվել) մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և (կամ) հաշվեկշռից դուրս գրվելը, դրանք չեն հանդիսանում շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ:
(Պարբերությունն ուժը կորցրել է 10.07.08 թիվ 207-Ն)
(Պարբերությունն ուժը կորցրել է 10.07.08 թիվ 207-Ն)
(6.5 կետը փոփ. 13.03.01 N 67, լրաց. 25.03.08 թիվ 74-Ն, փոփ. 10.07.08 թիվ 207-Ն)
6.5.1. Եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ծանուցման հաշիվներից մինչև սույն կարգի 6.4.2-րդ կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ավարտը կամ սույն կարգի 6.4.3-րդ կետում նշված փոխառուի (պարտապանի) լուծարվելը ակտիվի (կամ դրա մի մասի) անհատույց զիջման կամ ներման արդյունքում, որով փոխառուի (պարտապանի) նկատմամբ բանկի պահանջի իրավունքը դադարել է, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով:
(6.5.1. կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
6.5.2. Եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ բանկի իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով, բացառությամբ եթե ակտիվի (կամ դրա մի մասի) գումարը չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:
(6.5.2. կետը լրաց. 29.06.10 թիվ 147-Ն)
6.6. Սույն կարգի 6.4 և 6.5 կետերում նախատեսված դեպքերում բանկը պարտավոր է 7-օրյա ժամկետում այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
(6.6 կետը փոփ. 13.03.01 N 67, 29.06.10 թիվ 147-Ն)
7. Անցումային դրույթներ եվ կարգը գործողության մեջ դրվելը
7.1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 19.12.1997 թ. համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» և 20.05.1998 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգերը:
7.2. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում բանկերը պարտավոր են մշակել վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ` սույն կարգի դրույթներին համապատասխան:
7.3. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից մինչև հաշվետու ժամանակաշրջանի (ամսվա) ավարտը բանկերն իրենց ակտիվները դասակարգելուց հետո հաշվարկում են պահուստի այն մեծությունը, որն անհրաժեշտ է խնդրահարույց ակտիվների (ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի) համար և մինչ սույն կարգն ուժի մեջ մտնելը ձևավորված պահուստի գումարն ամբողջությամբ տեղափոխում հատուկ պահուստին, իսկ ստանդարտ ակտիվների համար ձևավորում են ընդհանուր պահուստ: Այն դեպքում, երբ հատուկ պահուստին ուղղվող գումարները գերազանցում են անհրաժեշտ մեծությունը, ավելցուկային միջոցներն ուղղվում են ընդհանուր պահուստին, իսկ վերջինս անհրաժեշտ մեծությունը գերազանցելու դեպքում ավելցուկային գումարներն ուղղվում են բանկի եկամուտներին:
Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին դասակարգվում են ոչ միայն հաշվեկշռում, այլև ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները:
(7.3 կետը փոփ. 13.03.01 N 67)
7.4. Սույն կարգը սահմանված է բացառապես բանկային գործունեության կարգավորման և բանկի հարկային հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների, կամ վերջիններիս բաժնետիրոջ, կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և հաճախորդի (փոխառուի) միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման, ժամկետի երկարաձգման, տոկոսագումարների ու տուժանքների հաշվարկման, գրավի և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:
(Կարգը հաստատվել է 04.06.99 N 214-Ա որոշմամբ)