ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1998 թվականի N 30
քաղ. Երևան
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի N 26 հոդվածը` հաստատել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. սեպտեմբերի 12-ի N 13 որոշման` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նիստերի անցկացման կարգի վերաբերյալ N 2 հավելվածը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ | Վ.Մովսեսյան |
Հավելված
| |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովն իր աշխատանքներն կազմակերպում է նիստերի միջոցով:
2. Նիստերը գումարվում են առնվազն երկու շաբաթը մեկ անգամ: Արտահերթ նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի (անդամների) նախաձեռնությամբ:
3. Պլանային նիստերը անցկացվում են յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Պլանային նիստերում սահմանված կարգով քննարկվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված եռամսյակային նախնական ծրագրում և (կամ) օրակարգում ընդգրկված լրացուցիչ հարցեր:
4. Քննարկման նախապատրաստվող փաստաթղթի և որոշման նախագծի մշակման աշխատանքները համակարգում է հանձնաժողովի նախագահը և յուրաքանչյուր նախագծի նախապատրաստման համար որպես պատասխանատու նշանակում հանձնաժողովի ստորաբաժանումների պետերից մեկին, իսկ անհրաժեշտության դեպքում` համակարգող նշանակում հանձնաժողովի անդամներից մեկին:
5. Հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը պատրաստվում է պատասխանատու ստորաբաժանումների կողմից:
6. Նախքան նախագահին ներկայացնելը, օրակարգում ընդգրկելու համար քննարկման ենթակա որոշումների նախագծերը` կից անհրաժեշտ փաստաթղթերով, պատասխանատուի կողմից ներկայացվում են ստորաբաժանումների պետերին` նշագրման: Նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում ստորաբաժանման ղեկավարը նախագծի վրա կատարում է նշումներ` հատուկ կարծիքի առկայության մասին և սահմանված կարգով նիստի քննարկմանը ներկայացնում որոշման նախագծի կամ կոնկրետ կետի (կետերի) այլընտրանքային տարբերակ:
7. Որոշման նախագծի այլընտրանքային տարբերակը նիստից առնվազն 3 օր առաջ ներկայացվում է հանձնաժողովի նախագահին, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալին և նրա հանձնարարությամբ նախօրոք տրամադրվում է հանձնաժողովի անդամներին և ստորաբաժանումների պետերին:
8. Հանձնաժողովի անդամները սեփական նախաձեռնությամբ կարող են մասնակցել հանձնաժողովի նիստի քննարկման համար նախապատրաստվող փաստաթղթերի մշակմանը, տալ կարծիք:
9. Հանձնաժողովի անդամները, ստորաբաժանումների պետերը նիստի օրակարգին վերաբերող առաջարկությունները ներկայացնում են հանձնաժողովի նախագահին նիստից առնվազն 5 օր առաջ: Նիստի վերջնական օրակարգը հաստատում է հանձնաժողովի նախագահը, և նիստից առնվազն 3 օր առաջ օրակարգում ընդգրկված որոշումների նախագծերը տրամադրվում են հանձնաժողովի անդամներին և ստորաբաժանումների պետերին:
10. Կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին առնչվող հարցի քննարկման դեպքում նիստից առնվազն երեք օր առաջ այդ մասին տեղեկացվում է տվյալ անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը: Նա իրավունք ունի ծանոթանալ նյութերին և որոշման նախագծին, արտահայտել իր կարծիքը կամ ելույթ ունենալ նիստում:
11. Այն որոշման նախագծերը, որոնց իրականացումը կարող է հանգեցնել հանձնաժողովի բյուջեով չնախատեսված ծախսերի, նիստերի քննարկմանն են ներկայացվում հանձնաժողովի գործերի կառավարիչի եզրակացության առկայության դեպքում:
12. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են հանձնաժողովի առնվազն երեք անդամ, այդ թվում` նախագահը կամ նախագահի տեղակալը:
13. Նիստում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
14. Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:
15. Նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Արձանագրությունների, որոշումների պատճենները 10-օրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին, անհրաժեշտության դեպքում` նշված փաստաթղթերը, ինչպես նաև դրանց քաղվածքները, ուղարկվում են շահագրգիռ անձանց և կազմակերպություններին:
16. Հանձնաժողովի նախնական եռամսյա ծրագիրը ենթակա է հրապարակման:
17. Նիստում ընդունված նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտեր» տեղեկագրում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
18. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, և ցանկացած շահագրգիռ կողմ կարող է ծանոթանալ քննարկվող հարցերին:
19. Շահագրգիռ անձանց, հասարակայնության ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել նիստերին, ներկայացնել տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում հանդես գալ ելույթով և արտահայտել սեփական կարծիքը:
20. Նիստերին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: