ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍԵՐԱԽՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 նոյեմբերի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ադրբեջանական Հանրապետության, Վրաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգման մասին 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում` երկաթուղային տրանսպորտի բնագավառում Կողմերի համաձայնեցված գործունեության նպատակով: Այն բաց է այլ պետությունների միացման համար, որոնց տրանսպորտային ցանցն ունի տեխնոլոգիական ընդհանուր կապ:
Պայմանագրով Կողմերը պարտավորվել են համակարգել երկաթուղային տրանսպորտի բնագավառում կատարվող աշխատանքները, վարել համակարգված սակագնային քաղաքականություն, նպաստել ուղիղ տնտեսական կապերի հաստատմանը, իրականացնել համաձայնեցված սոցիալական քաղաքականություն և այլն:
Սույն պայմանագրում սահմանված է նաև դրա ուժի մեջ մտնելու, տևողության, գործողության դադարեցման և պայմանագրին միանալու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ադրբեջանական Հանրապետության, Վրաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգման մասին 1996 թվականի մայիսի 13-ին Սերախսում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
