Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԳԴ4/0015/01/11

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
դատախազ Վ. ԴՈԼՄԱԶՅԱՆԻ
պաշտպան Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

2019 թվականի սեպտեմբերի 18-ին   

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Ավետիքի Մարտիրոսյանի և Արամ Ավետիքի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ Արթուր Ավետիքի Մարտիրոսյանի և Արամ Ավետիքի Մարտիրոսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի փետրվարի 23-ի դատավճռով Արամ Ավետիքի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` պատժի ժամկետի սկիզբը հաշվելով 2011 թվականի մարտի 12-ից։

ՀՀ Ազգային ժողովի՝ 2011 թվականի մայիսի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի կիրառմամբ՝ Արամ Ավետիքի Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է և թողնվել է կրելու 10 (տաս) տարի 1 (մեկ) ամիս 14 (տասնչորս) օր:

Արթուր Ավետիքի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` պատժի ժամկետի սկիզբը հաշվելով 2011 թվականի մարտի 11-ից։

ՀՀ Ազգային ժողովի՝ 2011 թվականի մայիսի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի կիրառմամբ՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է և թողնվել է կրելու 10 (տաս) տարի 1 (մեկ) ամիս 14 (տասնչորս) օր:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Հրաչյա Պետրոսյանը:

1.1 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Արթուր և Արամ Մարտիրոսյանները պայմանական վաղաժամկետ ազատվել են պատժի կրումից1:

2. Ամբաստանյալներ Արթուր և Արամ Մարտիրոսյանների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, ամբաստանյալ Հրաչյա Պետրոսյանի պաշտպան Արա Մաթևոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 23-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի հիշյալ դատավճռի դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը և ամբաստանյալ Հ.Պետրոսյանի պաշտպան Ա.Մաթևոսյանը: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ ներկայացված բողոքները վերադարձրել է:

4. Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ` արձանագրելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումներ2:

5. Դատապարտյալներ Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի հիշյալ վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

6. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 23-ի դատավճռով Արամ Մարտիրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասերով և Արթուր Մարտիրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ. «(…) 2009 թվականի նոյեմբերի 5-ին ժամը 13-ի սահմաններում, եղբորորդուն՝ Ալիկ Մարտիրոսյանին դիտողություն անելու չնչին առիթով, [Մարտիրոսյան եղբայրները] (…) իրենց հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հրաչյա Պետրոսյանի հետ, Գավառ քաղաքում վիճաբանել և ծեծի [են] ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ Վարդան Մուխսիխչոյանին, ով հաշվեհարդարի սպառնալիքներ տալով դիմել է փախուստի։ Դրանից հետո, Արամ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ Վարդան Մուխսիխչոյանի հարազատներն ու ընկերները շրջում են իրենց տան մոտակայքում, զինվելու նպատակով, օգտվելով իրենց ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից Արտավազդ Սաղաթելյանի հետ ունեցած հարաբերությունների բնույթից՝ պահանջելու եղանակով դրդել է վերջինիս Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող ռեստորանի աշխատասենյակ փոխադրել եղբայրների կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող՝ հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, «ՊՄ» տեսակի ատրճանակը, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտները և անհայտ տեսակի պայթուցիկ սարքը։ Այնուհետև, Մարտիրոսյան եղբայրներն ու Հրաչյա Պետրոսյանը վերոհիշյալ զենք զինամթերքը տեղադրել են Արթուր Մարտիրոսյանին պատկանող «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի, 03 SL 700 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահում, և զինված շրջել են Գավառ քաղաքում։ Նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Ազատության փողոցի «Պարտեզ» խանութի մոտ նկատելով Վարդան Մուխսիխչոյանի աներոջ` «Կոկո» մականունով Հակոբ Հովհաննիսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, 31 ՏՍ 311 պետհամարանիշի ավտոմեքենան` սրահում գտնվող Հակոբ Հովհաննիսյանին, նրա որդուն` Հովսեփ Հովհաննիսյանին և վերջինս ընկերոջը` Սպարտակ Զարգարաղոյանին սպանելու ուղղակի միասնական դիտավորությամբ` Արթուր Մարտիրոսյանը «ՊՄ» տեսակի ատրճանակով, Արամ Մարտիրոսյանն իր մոտ եղած թմբուկավոր ատրճանակով, իսկ Հրաչյա Պետրոսյանն «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ են արձակել հիշյալ մեքենայում գտնվող անձանց ուղղությամբ, որոնցից 14-ը դիպել է մեքենային, որից հետո դիմել են փախուստի: Սակայն, Արամ և Արթուր Մարտիրոսյանների և Հրաչյա Պետրոսյանի կամքից անկախ հանգամանքներով ավտոմեքենայում գտնվող անձինք չեն մահացել` Հովսեփ Հովհաննիսյանն ու Սպարտակ Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գավառի հիվանդանոց, որտեղ անմիջական բժշկական միջամտության շնորհիվ նրանց կյանքը հաջողվել է փրկել, այսինքն մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք [են] բերել, պահել ու կրել զենք և ռազմամթերք, մեկ ուրիշ անձի դրդել [են] ապօրինի կերպով զենք և ռազմամթերք փոխադրելուն, ինչպես նաև մի խումբ անձանց հետ կատարել [են] երկու և ավելի անձանց սպանության փորձ (…)»3:

8. Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Վ]երլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով ինչպես յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ, [վերաքննիչ դատարանը] հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Արամ Ավետիքի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Արթուր Ավետիքի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով (...) որակված են ճիշտ:

Նման պայմաններում, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ Արամ և Արթուր Մարտիրոսյանների շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքներում բերված պատճառաբանությունները` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու, ամբաստանյալներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին արդարացնելու և այլնի վերաբերյալ, անհիմն են, չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից և ներկայացված վերաքննիչ բողոքները բավարարելու հիմք համարվել չեն կարող: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի միջնորդությանը` ամբաստանյալներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ցուցմունք տալու հնարավորություն ընձեռնելու և այլնի վերաբերյալ, ապա վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն քրեական գործի քննության ընթացքում, այդ թվում նաև ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությամբ ամբաստանյալներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններն ունեցել են ցուցմունքներ տալու լիարժեք հնարավորություն, սակայն օգտվելով օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքից չեն ցանկացել ցուցմունքներ տալ, այսինքն ոչ թե զրկված են եղել ցուցմունքներ տալու հնարավորությունից, այլև իրենց իսկ ցանկությամբ չեն օգտվել նման հնարավորությունից, հետևաբար նշվածի վերաբերյալ պաշտպանության կողմի ներկայացված միջնորդությունը ևս անհիմն է և այն բավարարելու հիմքեր չկան (...)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերի պնդմամբ` Եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի` բողոք բերած անձը, մեջբերելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռի հիմնավորումները, նշել է, որ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով ներպետական դատարանները Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի մեղավորությունն ապացուցելու համար դատական ակտերի հիմքում դրել են դատարանում չհարցաքննված վկաներ Հովսեփ Հովհաննիսյանի, Մովսես Մովսիսյանի, Ստեփան Կիրակոսյանի, Գյուլնարա Սիմոնյանի և Արտավազդ Սաղաթելյանի նախաքննական ցուցմունքներն այն դեպքում, երբ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցաքննելու այդ վկաներին: Ըստ բողոքաբերի՝ եթե նույնիսկ այդ ապացույցները միակը չլինեին, առնվազն վճռորոշ դեր ունեին Մարտիրոսյանների մեղքը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ ապացուցված համարելու հարցում: Հետևաբար, բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները պարտավոր էին Արամ և Արթուր Մարտիրոսյաններին հնարավորություն տալ պատշաճ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 23-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի հուլիսի 20-ի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը վերանայելու հիմք է:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(...)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(...)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը5:

13. Այսպես` Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը վերահաստատել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առնչությամբ իր նախադեպային իրավունքի շրջանակում արտահայտված իրավական դիրքորոշումները6:

14. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանը նշել է. «(…) Մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու մեջ և դատապարտել է նրանց համապատասխանաբար տասներեք և տասներկու տարի ժամկետով ազատազրկման: Մինչդատական վարույթի ընթացքում իրականացված միակ առերեսումը եղել է Հ.Հ.-ի՝ որպես վկայի, և դիմումատուների միջև: Դիմումատուները խնդրել են, որ Հ.Հ.-ն և վկաներ Ա.Ս.-ն, Մ.Մ.-ն, Ս.Գ.-ն եւ Ս.Կ.-ն հարցաքննության համար կանչվեն և բերման ենթարկվեն առաջին ատյանի դատարան, սակայն նրանցից ոչ մեկը չի ներկայացել:

Ինչ վերաբերում է չներկայացած վկաների գրավոր ցուցմունքները որպես ապացույց օգտագործելուն, ապա Դատարանը բազմիցս նշել է, որ արդար դատաքննության պահանջներից մեկն այն է, որ մեղադրյալին տրվի այն դատավորի ներկայությամբ վկայի՝ իր դեմ տված ցուցմունքի թույլատրելիությունը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու հնարավորություն, որը վերջնական որոշում է կայացնելու գործի վերաբերյալ, քանի որ դատավորի դիտարկումները տվյալ վկայի վարքագծի վերաբերյալ և այն մասին, թե որքանով կարելի է վստահել նրան, կարող են հետևանքներ ունենալ մեղադրյալի համար»7:

14.1 Անդրադառնալով վկաների չներկայանալու հիմնավոր պատճառների առկայության հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Դատարանը վերահաստատում է, որ առաջին ատյանի դատարանի տեսանկյունից՝ վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր՝ դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Եթե վկայի չներկայանալու համար այդ իմաստով առկա են հիմնավոր պատճառներ, ապա դա նշանակում է, որ կան հիմնավոր պատճառներ կամ հիմնավորումներ՝ չներկայացած վկայի չստուգված ցուցմունքներն առաջին ատյանի դատարանի կողմից որպես ապացույց ընդունվելու համար: (…) Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, ներառյալ այն իրավիճակները, երբ վկային հնարավոր չէ հայտնաբերել:

(…) Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի՝ դատական քննությանը չներկայանալու պատճառը եղել է այն, որ հնարավոր չի եղել գտնել նրանց: Հավանաբար Հ.Հ.-ն և Ս.Կ.-ն դեռեւս գտնվում էին Հայաստանում, սակայն Ա.Ս.-ն, Մ.Մ.-ն և Ս.Գ.-ն մեկնել էին երկրից: Դատարանը նշում է, որ թեև առաջին ատյանի դատարանը մի քանի անգամ փորձել է ապահովել նրանց մասնակցությունը, նրան չի հաջողվել դա անել: Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել լրացուցիչ այլ միջոցներ Հ.Հ.-ին և Ս.Կ.-ին Հայաստանի տարածքում գտնելու համար, ինչպես նաև չի դիմել, օրինակ՝ միջազգային իրավական օգնության՝ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի և Ս.Գ.-ի գտնվելու վայրը պարզելու համար, ովքեր, ըստ երևույթին, գտնվում էին երկրից դուրս:

(…) Նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ այս անձանց չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, հիմնավոր պատճառի բացակայությունը դեռևս ոչինչ չի նշանակում: Թեև դա շատ կարեւոր գործոն է մյուս համապատասխան պնդումների հետ ընդհանուր հավասարակշռության մեջ դիտարկելու հարցում, այնուամենայնիվ, այն մի դիտարկում է, որն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի արդարացիության բացակայության մասին (…)»8:

14.2 Անդրադառնալով չներկայացած վկաների ցուցմունքների՝ «միակը և վճռորոշը» լինելու հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Մարզային դատարանի դատավճռով, որը հետագայում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ամբողջությամբ թողնվել է անփոփոխ, Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի ցուցմունքներից բացի, հղում է կատարվել նաև այլ ապացույցների: Դատավճռից պարզ է դառնում, որ Մարզային դատարանը նաև հաշվի է առել մինչդատական վարույթի և դատական քննության փուլերում ձեռք բերված՝ ավելի քան քսան վկաների ցուցմունքները, որպես նախաքննության մաս իրականացված առերեսումների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական և մատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը, քննչական փորձարարության արձանագրությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արձանագրությունները, Հ.Հ.-ի և երկրորդ դիմումատուի ավտոմեքենաների զննության արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, երկրորդ դիմումատուի ավտոմեքենայի պետհամարանիշը ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, մի քանի հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները և մանրաթելերի քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը:

(…)

Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի ցուցմունքները հիմնարար կերպով վերաբերելի էին գործին: Այս ապացույցների հիման վրա՝ ներպետական դատարանները պետք է որոշեին, թե արդյոք դիմումատուները մեղավոր էին սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու մեջ, թե՝ ոչ: Եթե նույնիսկ այս ապացույցը սույն գործով միակ ապացույցը չլիներ, այն առնվազն վճռորոշ դեր ուներ դիմումատուների ներգրավվածության հարցում: Դա այդպես է, հատկապես, որ դատարաններին հասանելի մյուս ապացույցները համոզիչ չեն եղել: Ավելին, ինչ վերաբերում է այդ ապացույցներին, ապա Մարզային դատարանը պարտավոր էր դիմումատուներին հնարավորություն տալ պատշաճ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը և առաջ քաշել իրենց բոլոր փաստարկները: Դրա փոխարեն դատարանն իր եզրակացություններում հիմնվել է այնպիսի վկաների ցուցմունքների վրա, որոնք երբևէ չեն հարցաքննվել դատական նիստի ժամանակ: (…) Այս հանգամանքներում այն, որ Մարզային դատարանն անձամբ չի լսել վկաներ Հ.Հ.-ին, Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին եւ Ս.Կ.-ին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուների դեմ, կարողացել է էապես ազդել դիմումատուների պաշտպանվելու իրավունքի վրա»9:

15. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «(…) Վերոնշյալ պնդումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ տվյալ գործում խախտվել է դիմումատուների արդար դատաքննության իրավունքը:

 (…) Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում»10:

16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը վերանայելու հիմք է:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո՞ք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

18. Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում վարույթը վերաբացելու առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, արձանագրել է. «(...) Դատարանը անհրաժեշտ է համարում նաև նշել, որ վճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարելու արդարացի փոխհատուցման կարգով շնորհվող գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական բնույթի միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել իր ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի իրատեսական հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ գոյություն ունեցած իրավիճակը (...): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (...):

(...) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածներով նախատեսվում է ներպետական դատական վարույթը վերսկսելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (...): Ինչպես Դատարանն արձանագրել է սույն գործին նման նախորդ գործերում՝ հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի գործի պատշաճ կարգով վերսկսելն ու վերանայելը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (...)»11:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարտիրոսյան ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի հուլիսի 20-ի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Անդրադառնալով Արթուր և Արամ Մարտիրոսյանների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Արթուր և Արամ Մարտիրոսյանները պայմանական վաղաժամկետ ազատվել են պատժի կրումից և ներկայումս բացակայում են վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության արդյունքում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումներն ու արդյունքում հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ, 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Արամ Ավետիքի Մարտիրոսյանի և Արթուր Ավետիքի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը վերանայել:

2. Արամ Ավետիքի Մարտիրոսյանի և Արթուր Ավետիքի Մարտիրոսյանի մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հուլիսի 20-ի որոշումը բեկանել և գործն այդ մասով ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 131-134:

2 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 18550/13:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 155-177:

4 Տե'ս քրեական գործ, հատոր 14, թերթեր 146-168:

5 Տե'ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

6 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 54-57-րդ կետերը:

7 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 59-60-րդ կետերը:

8 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 61-63-րդ կետերը:

9 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 65-66-րդ կետերը:

10 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 69-70-րդ կետերը:

11 Տե'ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 75-76-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան