ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1158-Ն
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՈՒԴԻՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 15 |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՈՒԴԻՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի՝ մինչև 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները աուդիտը կազմակերպելու, 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անցկացման համար էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով 3 կողմերի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հավասար թվով ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
2. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 օրվա ընթացքում խմբակցության ղեկավարի և քարտուղարի ստորագրությամբ հաստատված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (reception@gov.am) կարող է ներկայացնել իր կողմից առաջադրվող անձի տվյալները՝ նշելով նաև նրա էլեկտրոնային փոստային հասցեն և բջջային հեռախոսահամարը:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո 1 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունն իր ղեկավարի և քարտուղարի ստորագրությամբ հաստատված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (reception@gov.am) կարող է ներկայացնել իր կողմից առաջադրվող անձանց տվյալները՝ նշելով յուրաքանչյուրի էլեկտրոնային փոստային հասցեն և բջջային հեռախոսահամարը: Ընդ որում «Հանրապետական» խմբակցությունը կարող է ներկայացնել այն քանակությամբ անձանց, որ հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը լինի հավասար:
4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո 1 օրվա ընթացքում հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար բանակցային ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակությունը ներկայացնող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքի գերակայություն», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություններն իրենց համատեղ ստորագրությամբ հաստատված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (reception@gov.am) կարող են ներկայացնել իրենց կողմից առաջադրվող անձանց տվյալները՝ նշելով նրանց էլեկտրոնային փոստային հասցեները և բջջային հեռախոսահամարները: Ընդ որում, նրանց առաջադրած անձանց թիվը պետք է լինի ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված անձանց ընդհանուր թվին:
5. Հանձնաժողովի անհատական կազմը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում բոլոր կողմերից առաջադրած յուրաքանչյուր անձի տվյալները ստանալու հաջորդող օրը:
6. Հանձնաժողովը համարվում է կազմավորված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ առաջադրելու համար սույն կարգով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդ օրվանից:
7. Հանձնաժողովի անդամները իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
8. Հանձնաժողովի առանձին անդամի կողմից իր գործառույթների իրականացման անհնարինության կամ հանձնաժողովից դուրս գալու դեպքում տվյալ անդամին առաջադրած կողմը երկօրյա ժամկետում կարող է սույն որոշմամբ սահմանված կարգով ներկայացնել նոր անդամի:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Հանձնաժողովի նպատակը ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակման կազմակերպելը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելը և էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելն է:
10. Հանձնաժողովը պետք է իրագործի իր նպատակներից բխող հետևյալ խնդիրները՝
1) մրցութային կարգով մասնագիտացված կազմակերպության (կազմակերպությունների) ընտրություն, որը պատասխանատու կլինի հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով տեսանկարահանելու և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումն իրականացնելու համար.
2) մրցութային կարգով մասնագիտացված կազմակերպության ընտրություն, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման մշտադիտարկումը հեշտացնելու նպատակով կմշակի մոբիլ սարքի ծրագրային հավելված, որը հնարավորություն կտա տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց, ամփոփմանը զուգընթաց, ինքնուրույն իրականացնել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմ ձայների հաշվարկ: Ծրագրային հավելվածը պետք է հնարավոր լինի անվճար ներբեռնել համացանցից՝ մասնագիտացված կազմակերպության կամ նրա վկայակոչած կայքից.
3) գնումների պլանի հաստատում.
4) մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի կազմակերպմանը հավանություն տալը՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնումը կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում.
5) դոնոր կազմակերպությունների փորձագետներին ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու վերաբերյալ առաջարկության ներկայացում.
6) էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքի մշտադիտարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկության ներկայացում:
11. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, իսկ պատվիրատուի ղեկավարի գործառույթները վերապահվում են հանձնաժողովին: Վերջինս ձևավորում է հանձնաժողովի անդամ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան որակավորում ունեցող, երեք անդամից բաղկացած գնումների համակարգող խումբը: Այդ խմբում մեկական անդամ առաջադրվում են`
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից.
3) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:
12. Խմբի անդամը կարող է փոխարինվել մեկ այլ անդամով նրան նշանակողների կողմից:
13. Նշված խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) կազմակերպում և համակարգում է գնումների գործընթացը.
2) գնումների շրջանակներում կազմում և հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
14. Եթե հանձնաժողովի անդամների թիվը գերազանցում է ինը, ապա հանձնաժողովն իր կազմից ընտրում է առավելագույնը ինն անդամից բաղկացած խումբ (յուրաքանչյուր կողմը ներկայացնող և գնումները համակարգող խմբի անդամ չհանդիսացող երեքական անդամով), որը հանձնաժողովի նախագահի որոշմամբ հաստատվում է որպես գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով: Հակառակ դեպքում հանձնաժողովը նաև գնահատող հանձնաժողով է: Գնահատող հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում և հաստատում է գնման հայտը, հայտարարության ու հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում հրավերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).
6) ընդունում է գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի կատարման արդյունքները:
15. Գնումները համակարգողը և գնահատող հանձնաժողովն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ իրենց վերապահված այլ գործառույթներ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են իր գործառույթների իրականացման, ինչպես նաև գործունեության ընթացքում առաջացած հարցերի լուծման համար:
17. Հանձնաժողովի նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ և իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
18. Առանձին դեպքերում հանձնաժողովի անդամների ընդհանուր համաձայնությամբ որոշումները կարող են կայացվել էլեկտրոնային եղանակով՝ առանց հանձնաժողովի նիստ հրավիրելու: Այս դեպքում որոշման նախագիծը որոշումն ընդունելուց առնվազն 3 օր առաջ ուղարկվում է հանձնաժողովի անդամներին: Նշված ժամանակահատվածում վերջինիս վերաբերյալ հանձնաժողովի անդամների կողմից կարծիք չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական: Էլեկտրոնային եղանակով կայացված որոշումների վերաբերյալ կազմվում է տեղեկանք, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:
19. Հանձնաժողովի նիստի անցկացման օրվա մասին ծանուցումը, նիստի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվում է գումարվող նիստից առնվազն 24 ժամ առաջ՝ էլեկտրոնային եղանակով՝ հանձնաժողովի անդամների տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով:
20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում հանձնաժողովի նախագահի կողմից:
21. Հանձնաժողովի նիստերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն իրականացնում է նիստերի կազմակերպման տեխնիկական սպասարկումը:
22. Գնահատող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են սույն կարգի 15-20-րդ կետերով սահմանված կարգով:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
23. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
24. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը, իսկ անձամբ վարելու անհնարինության դեպքում նիստերի վարումը լիազորում է հանձնաժողովի մեկ այլ անդամի.
2) առաջադրում է նիտի օրակարգը.
3) ներկայացնում է հանձնաժողովի միասնական մոտեցումները գործընկեր կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
4) գնման ընթացակարգի արդյունքում հաղթողի հետ կնքում է պայմանագիր.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշմամբ սահմանված դեպքում ընդունում է որոշումներ:
25. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) ներկայացնում է առաջարկներ հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.
3) հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում իրեն առաջադրած կողմի ներկայացուցիչներին.
4) իրականացնում է հանձնաժողովի որոշումներից և հանձնաժողովի՝ սույն կարգով սահմանված խնդիրներից բխող այլ գործառույթներ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
26. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի կատարման արդյունքներն ընդունելուն հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |