ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2017 թվականի N 9-Ա
«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նալբանդյան 28, պետական գրանցման համարը՝ 286.120.07382):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.
2) «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 13 Երևան |