ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 702-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խնամքի կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագրի կնքման կանոնները` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացու անձնագրում հատուկ նշում կատարելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 1
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի ամբողջական (միակտոր) երկաթբետոնե կառուցվածք ունեցող հիմնական, միջանկյալ (լրացուցիչ) և կենտրոնական սահմանային նշաններով, որոնց հիմնական գույնը սպիտակ է՝ համաձայն ձևի:
2. Հիմնական սահմանանշանի վերևամասի ներփորված հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի չափերը 190 x 190 մմ են: Այն պատրաստվում է արույրե (պլաստիկ) կերպարանվող ձուլվածքից կամ այլ նյութից: Զինանշանից ներքև գրվում է սահմանային նշանի համարը, իսկ համարից ներքև պատկերվում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները:
3. Հիմնական սահմանանշանի հերթական համարը թվերով գրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գույների միջնամասում:
4. Պետական սահմանի գծանշումը կատարվում է սահմանանշանների համակցմամբ, որոնք տարբերվում են ընդհանուր կառուցվածքով և տեղանքում տեղադրման բնույթով`
1) ցամաքում պետական սահմանը գծանշվում է երկու հիմնական և մեկ կենտրոնական սահմանանշաններով: Երկու հիմնական սահմանանշանների միջև, միջանկյալ մասում, տեղադրվում է լրացուցիչ սահմանանշանը` սահմանն առավել ճիշտ ու դիտարկելի դարձնելու նպատակով: Բոլոր սահմանանշանները պետք է գտնվեն տեսանելի հեռավորության վրա`
ա. հիմնական սահմանանշանը տեղադրվում է տեղանքի առավել տեսանելի վայրերում,
բ. հիմնական սահմանանշաններին տրվում է հերթական համար, իսկ լրացուցիչ սահմանանշանին` հերթական կոտորակային համար: Համարիչում գրվում է հիմնական սահմանանշանի համարը, իսկ հայտարարում` լրացուցիչ սահմանանշանի հերթական համարը,
գ. սահմանանշանները տեղադրվում են իրար դիմաց` սահմանագծից 2,5 մ հեռավորության վրա,
դ. կենտրոնական սահմանանշանը, ի տարբերություն մյուսների, տեղադրվում է ճիշտ սահմանագծի վրա: Ընդ որում, սահմանանշանների պատկանելությունն ամրագրվում է միջազգային պայմանագրերով.
2) ջրավազաններում պետական սահմանը գծանշվում է խարսխանիշ լողակներով, իսկ ափերին` ցամաքում` հիմնական կամ լրացուցիչ սահմանանշաններ տեղադրելով.
3) գետերում պետական սահմանը գծանշվում է երկու սյուներից կազմված սահմանանշաններով, որոնք տեղադրվում են գետի հակառակ ափում` հեղեղումներից ապահով վայրում.
4) ցամաքային տեղամասից գետային տեղամաս (և հակառակը) սահմանի անցման տեղերում օգտագործվում են չորս սահմանանշաններ` երեք լրացուցիչ և մեկ կենտրոնական: Ընդ որում, երկու լրացուցիչ ու կենտրոնական սահմանանշանները տեղադրվում են այն ափին, որտեղ սահմանը ցամաքից անցնում է ջրային, իսկ մեկ լրացուցիչ սահմանանշանը` հակառակ ափի ցամաքային սահմանագծի ծածկագծի վրա.
5) երեք պետությունների սահմանների կցատեղում տեղադրվում է հիմնական սահմանանշան: Այդ սահմանանշանների կառուցվածքը և դրանց տեղադրման ու պահպանման կարգը սահմանվում են միմյանց հետ ընդհանուր սահմաններ ունեցող սահմանակից պետությունների կողմից: Այդ նշանները, որպես կանոն, պետք է ունենան իրենց պայմանական անվանումները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԽՆԱՄՔԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահման) սահմանանշանների պահպանումը, դրանց վերահսկողական զննումները, սահմանի երկայնքով թափանցիկ, սանիտարական շերտի ստեղծումն ու դրա խնամքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ զորքեր) պարտավոր են իրականացնել սահմանային նշանների հսկողությունն ու սահմանի երկայնքով թափանցիկ սանիտարական շերտի ստեղծումն ու դրա խնամքը:
II. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ
3. Պետական սահմանի սահմանանշանների տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով:
4. Պետական սահմանի սահմանանշանների վերահսկողական զննումն իրականացվում է սահմանապահ վերակարգի միջոցով` սպայի ղեկավարությամբ: Ելնելով պահպանվող տեղամասի իրադրության առանձնահատկություններից՝ սահմանապահ ջոկատի պետը որոշում է ստուգումների հաճախականությունը:
5. Պետական սահմանում ստուգումներ իրականացնելու լիազորություններ ունեցող մարմինները սահմանակից պետության սահմանապահների հետ փոխադարձ պայմանավորվածության հիման վրա անցկացնում են համատեղ ստուգումներ, նախապես դրա մասին գրավոր ծանուցելով սահմանակից պետություններին: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմվում է երկու օրինակ արձանագրություն` հայերենով, սահմանակից պետության լեզվով և (կամ) փոխադարձ համաձայնությամբ` կողմերի համար ընդունելի այլ լեզվով:
6. Պետական սահմանի հիմնական, միջանկյալ և կենտրոնական սահմանանշանների խնամքն իրականացվում է` համաձայն միջազգային պայմանագրերով որոշված պատկանելության:
7. Սահմանապահ զորքերը վերանորոգում են իրենց կցված սահմանանշանները` դրա մասին տեղյակ պահելով սահմանակից պետության համապատասխան սահմանապահներին, առանց վերջիններիս ներկայացուցչի ներկայության: Այլ դեպքերում սահմանանշանների վերականգնումն իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:
8. Սահմանանշանների անհայտացման կամ վնասման դեպքում վերականգնումն իրականացնում է սահմանակից այն պետությունը, որին դրանք կցված են` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
9. Արտակարգ իրավիճակների (տարերային աղետ և այլն) դեպքում թույլ է տրվում իրականացնել սահմանանշանների տեղաշարժ` առանց սահմանի փոփոխման: Նշված տեղաշարժերը կատարվում են սույն կարգին և միջազգային պայմանագրերին համապատասխան:
10. Նոր տեղում սահմանանշանների տեղադրման աշխատանքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն` հայերենով, սահմանակից պետության լեզվով և (կամ) փոխադարձ համաձայնությամբ` կողմերի համար ընդունելի այլ լեզվով: Նոր տեղում տեղադրված յուրաքանչյուր նշանի համար կազմվում է արձանագրություն և տեղադրման նկարագիր:
11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` սահմանապահ զորքերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանանշանների պահպանությունն ապահովելու, ինչպես նաև սահմանանշանների տեղափոխության, վնասման և ոչնչացման համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
12. Սահմանապահ զորքերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել սահմանային ջրային ավազանների ափերի միտումնավոր քանդումը (ոչնչացումը) կանխելու ուղղությամբ:
III. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԹԱՓԱՆՑԻԿ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ
13. Սահմանապահ զորքերի կողմից ցամաքային պետական սահմանի երկայնքով սահմանագծից դեպի սահմանային շերտի խորքը, ըստ սահմանանշանների տեղադրության, մինչև 50 մետր լայնությամբ ստեղծվում է թափանցիկ սանիտարական շերտ, որտեղ կարող են կառուցվել ինժեներական արգելափակոցներ, սահմանային ճանապարհներ, կամուրջներ, դիտաշտարակներ և այլ ինժեներական-տեխնիկական կառույցներ:
14. Պետական սահմանի երկայնքով թափանցիկ սանիտարական շերտի խնամքն իրականացվում է սահմանապահ վերակարգի միջոցով` սպայի ղեկավարությամբ, սահմանանշանների տեսանելիությունը սահմանափակող ծառերի, բուսականության, խոշոր քարերի հեռացման միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ` ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահման) անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ` հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ) միջև համագործակցությունը` պետական սահմանի անցման կետերում նրանց գործունեությունը կանոնակարգելու, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման նկատմամբ հսկողական ու վերահսկողական գործառույթների իրականացման համար:
(1-ին կետը փոփ. 18.08.16 N 844-Ն)
2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում (այսուհետ` անցման կետ) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման նկատմամբ հսկողության և վերահսկողության հաջորդականությունն արտացոլվում է անցման կետի տեխնոլոգիական սխեմայում:
II. ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. Պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացնում են սահմանապահ զորքերը:
4. Պետական սահմանով բացթողված ապրանքների և մաքսային հսկողության ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս ԱՊՊԱ պայմանագրի կնքման վերաբերյալ գրավոր ծանուցման տրամադրումն իրականացնում են մաքսային մարմինները:
Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտականությունը, համաձայն որի արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ կտրոն չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը, մաքսային մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) կողմից համարվում է կատարված, եթե այդ մարմինները (դրանց պաշտոնատար անձինք) իրականացրել են սույն կանոններով նախատեսված գործողությունները:
5. Սահմանապահ զորքերը պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառումն ու գրանցումն իրականացնում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգի միջոցով, որի շահագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
6. Անցման կետում անձանց կողմից պետական սահմանը հատելու վերաբերյալ սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում կատարվում են համապատասխան նշումներ:
Պետական սահմանը հատող անձանց անձնագրերում` նշումների (վիզաների) համար նախատեսված էջում, դրվում է 42 x 25 մմ չափսերով ամսաթիվ-կնիքի դրոշմ, որը, կախված պետական սահմանի անցման կետի տեսակից, լինում է օդային՝ համաձայն N 1 ձևի, երկաթուղային՝ համաձայն N 2 ձևի և ավտոմոբիլային՝ համաձայն N 3 ձևի: Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿ», «ARMENIA BS» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու ամսաթիվը, ստուգիչ համարը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը (երկու կողմում), ինչպես նաև պատկերված են Արարատ լեռը և համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետի տարբերանշանը:
7. Անցման կետում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձինք ձեռնարկում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցներ` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողումն արագ կազմակերպելու և դրանց անհիմն ուշացումները բացառելու նպատակով:
8. Բեռնատար տրանսպորտային միջոցների և դրանցով փոխադրվող բեռների ու այլ գույքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հնարավորության դեպքում առանձին հոսքուղիներում:
9. Հոսքուղիներում գտնվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց իջեցման անձանց նկատմամբ սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական վերահսկողությունների և մաքսային հսկողության վրա ծախսվող ժամանակը չպետք է գերազանցի`
1) ավտոբուսների համար`
ա. միկրոավտոբուսների համար` 30 րոպե,
բ. մինչև 30 տեղանոց ավտոբուսների համար` 40 րոպե,
գ. մինչև 40 տեղանոց ավտոբուսների համար` 50 րոպե,
դ. 40 և ավելի տեղանոց ավտոբուսների համար` 60 րոպե.
2) բեռնատար ավտոմոբիլների համար`
ա. արագ փչացող բեռներ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների համար` 20 րոպե,
բ. վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների համար` 30 րոպե,
գ. այլ բեռնատար ավտոմոբիլների համար` 40 րոպե.
3) թեթև մարդատար ավտոմոբիլների համար` 15 րոպե.
4) գնացքների համար` կախված գրաֆիկից, երթուղուց, շարժակազմից` 15-40 րոպե.
5) բեռնատար գնացքների և օդանավերի համար` երկաթուղային կայարանի կամ օդանավակայանի աշխատանքի տեխնոլոգիային համապատասխան, որը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի կայանման ժամանակը:
Անհրաժեշտության դեպքում, ավտոմոբիլային անցման կետերում` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի լրացուցիչ վերահսկողություն և հսկողություն իրականացնելու նպատակով, թույլատրվում է ժամանակի գերազանցում, բայց ոչ ավելի, քան հինգ ժամ: Այս դեպքում տրանսպորտային միջոցը հանվում է հոսքուղուց և կայանվում այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:
10. Անցման կետում ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Այն դեպքում, երբ պետական սահմանով Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթակա է պարտադիր ապահովագրման, սակայն ներմուծելիս առկա չէ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա մաքսային մարմինները (նրանց պաշտոնատար անձինք) ավտոտրանսպորտային միջոցը ներմուծողին տրամադրում են ԱՊՊԱ պայմանագրի կնքման վերաբերյալ գրավոր ծանուցում՝ համաձայն N 4 ձևի:
Մաքսային մարմնի (նրա պաշտոնատար անձի) կողմից ԱՊՊԱ պայմանագրի կնքման վերաբերյալ գրավոր ծանուցումը տրամադրվում է ներմուծողի ստորագրմանը 2 օրինակից: Ստորագրված օրինակներից մեկը տրամադրվում է ներմուծողին, իսկ մյուսը կցվում է մաքսային փաստաթղթերին:
12. Սույն կանոնների 11-րդ կետում նշված դեպքում ավտոտրանսպորտային միջոցի ներմուծողն ԱՊՊԱ պայմանագիր է կնքում ապահովագրական ընկերությունների հետ պետական սահմանի մաքսային կետին հարող տարածքում գործող այդ ընկերություննների մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով: Ներմուծողն ԱՊՊԱ կտրոնը պետք է ձեռք բերի մաքսային կետից դուրս գալուց անմիջապես հետո:
IV. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Սահմանապահ զորքերն իրականացնում են`
1) պետական սահմանով, բացառությամբ օդանավակայանների, բացթողնվող տրանսպորտային միջոցի, կենդանիների, բեռների և այլ գույքի սահմանային վերահսկողություն.
2) պետական սահմանի անցման կետի ռեժիմի պահպանում և հսկողություն:
14. Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են պետական սահմանով բացթողնվող անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի մաքսային հսկողություն և մաքսային ձևակերպումներ:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է պետական սահմանով բացթողնվող անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի սանիտարական-կարանտինային վերահսկողություն:
16. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական սահմանով բացթողնվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարահամաճարակային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապրանքների անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն:
(16-րդ կետը խմբ. 18.08.16 N 844-Ն)
17. Ավտոմոբիլային և երկաթուղային անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում`
ա. սանիտարական-կարանտինային վերահսկողություն (անհրաժեշտության դեպքում),
բ. սահմանային վերահսկողություն,
գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
դ. մաքսային հսկողություն.
2) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում`
ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
բ. մաքսային հսկողություն,
գ. սահմանային վերահսկողություն:
(17-րդ կետը խմբ. 18.08.16 N 844-Ն)
18. Օդային անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում`
ա. սանիտարական-կարանտինային վերահսկողություն (անհրաժեշտության դեպքում և միայն անձանց նկատմամբ),
բ. սահմանային վերահսկողություն,
գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
դ. մաքսային հսկողություն.
2) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում`
ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
բ. մաքսային հսկողություն,
գ. սահմանային վերահսկողություն,
դ. ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողություն:
(18-րդ կետը խմբ. 18.08.16 N 844-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Ձև N 2
Ձև N 3
Ձև N 4
Ծանուցում ԱՊՊԱ-ի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համաձայն` պետական սահմանով ՀՀ տարածք Ձեր կողմից վարելու միջոցով ներմուծված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրման: Ուստի Դուք պարտավոր եք՝ 1) ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել ԱՊՊԱ պայմանագիր` ապահովագրական ընկերության մաքսային կետին հարող տարածքում գործող մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով. 2) ԱՊՊԱ պայմանագրի հետ Ձեզ տրամադրված ԱՊՊԱ կտրոնը փակցնել ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու ներքևի աջ անկյունում: Դուք կարող եք ԱՊՊԱ պայմանագիր կնքել 3 ամսվանից մինչև 1 տարի ժամկետով: Բացառության կարգով ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել նվազագույնը 10 օր ժամկետով միայն այն ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնք վարելու միջոցով ՀՀ տարածք են ներմուծվում. ● ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «Տարանցիկ փոխադրում» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով կամ ● ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից` վաճառքի համար: Առանց ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ավտոտրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք 100 000 դրամի չափով: |
Уведомлениее об ОСАГО Согласно законадательству РА ответственность, возникающая при использовании автотранспортного средства, импортируемого через государственную границу РА по средством вождения, подлежит обязательному страхованию. Для соблюдения вьшестоящей нормы необходимо: 1) Заключить контракт об обязательном страховании автогражданской ответственности (ОСАГО) с одной из страховых компании через их филиалы и страховых агентов действующих на ближащей территории таможенного пункта РА, 2) Прикрепить выданный Вам контрактом по ОСАГО купон в нижнем правом углу лобового стекла автотранспортного средства. Вы можете приобрести контракт по OСАГО сроком от 3-х месяцев до 1 года. В качестве исключения контракт по ОСАГО можно приобрести со сроком начиная с 10 дней для автотранспортных средств, которые импортируются на территорию РА по средством вождения в следующих случаях: ● В режимах: “транзитная перевозка” и “ временньй импорт” предусмотренных по Таможенному кодексу РА или ● Со стороны юридических лиц и частных предпринимателей с целью продажи автотранспортного средства. За использование автотранспортного средства без контракта по ОСАГО назначается штраф на сумму |
Notice on MTPL Compulsory Insurance According to Armenian legislation the liability arising from use of a motor vehicle imported by you by driving through the state border of Armenia is subject to compulsory insurance. Therefore, you are obliged to 1) Sign a Motor Third Party Liability Compulsory Insurance (MTPL) contract with one of the insurance companies through their branches or agents operating near the customs office; 2) Post the coupon provided with the MTPL contract on the bottom right corner of the windshield of your motor vehicle; You can sign an MTPL contract for a term of 3 months up to 1 year. As an exception, an MTPL contract can be signed for a minimum term of 10 days for motor vehicles, imported to the territory of Republic of Armenia by driving, in following cases: ● under the customs regimes of “transit transfer” and “temporary import” defined by the Customs Code of Armenia ● Imported by legal entities and individual entrepreneurs for the purpose of sales. Driving the motor vehicle without an MTPL contract is subject to a 100, 000 AMD fine. |
Ծանուցվել եմ` ____________ ----/----/20-- Я уведомлен(а) ___________----/----/20--
I have been informed _________----/----/20--
(հավելվածը փոփ., խմբ. 18.08.16 N 844-Ն)