ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՎԲ-06/15 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. ԱՎԱԳՅԱՆԻ | |
մասնակցությամբ փաստաբան |
Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻ | |
դիմողներ |
Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ | |
|
Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ |
2016 թվականի հունիսի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ Բագրատ Նապոլեոնի Նալբանդյանի, Արևիկ Բագրատի Նալբանդյանի և Նարինե Ալեքսանդրի Նալբանդյանի լիազորած անձ, փաստաբան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. Գեղարքունիքի մարզի դատախազի ավագ օգնական Յու.Իսկոյանի` 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Նարինե և Արևիկ Նալբանդյանների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2005 թվականի մարտի 25-ի որոշմամբ Նարինե, Բագրատ, Արևիկ Նալբանդյանների և պաշտպան Ս.Սաֆարյանի բողոքը թողել է առանց քննության:
2. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2005 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի մարտի 25-ի որոշումը թողել է անփոփոխ, այդ մասով վերաքննիչ բողոքները` առանց բավարարման, իսկ Գեղարքունիքի մարզի դատախազության 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքները` առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանվել է, և նյութերն ուղարկվել են նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ դատարանը 2005 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ա.Նալբանդյանի և պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի մարտի 25-ի որոշումը` Նարինե, Բագրատ և Արևիկ Նալբանդյանների և պաշտպան Ս.Սաֆարյանի բողոքն առանց քննության թողնելու մասին` բեկանել: Գեղարքունիքի մարզի դատախազության` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշումը հիշյալ անձանց կողմից բողոքարկելու բաց թողնված ժամկետը համարել է հարգելի և իրավունք վերապահել 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով բողոքարկելու:
Վերաքննիչ դատարանը 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման` հաստատելով Գեղարքունիքի մարզի դատախազի ավագ օգնական Յու.Իսկոյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշումը:
3. Նարինե, Բագրատ և Արևիկ Նալբանդյանների գանգատների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2015 թվականի մարտի 31-ին Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատներ թիվ 9935/06 և 23339/06) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը:
Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2015 թվականի մարտի 31-ի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների լիազորած անձ, փաստաբան Ս.Սաֆարյանը Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել:
4. Փաստաբան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա թիվ ՎԲ-06/15 նյութերը (նախկինում` թիվ ՔԳՀ-62(բ)05) Վճռաբեկ դատարան է ստացվել 2016 թվականի հունվարի 27-ին:
Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշման վերանայման վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2004 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ արձանագրվել է. «(…) Արևիկ և Նարինե Նալբանդյաններին ծեծի ենթարկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմումներում նշված փաստերը հերքվել են:
Շարադրված հանգամանքները հիմնավորվել են մարզի դատախազի տեղակալ Ֆեդրիկ Բաղդասարյանի, դատախազի օգնական Վարդան Հարությունյանի, դատախազության քննիչ Գագիկ Հովսեփյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վիկտոր Հակոբյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգո Մանուկյանի, նույն բաժանմունքի օպեր-լիազորներ Յուրիկ Մուրադյանի, Կարեն Մելիքյանի և ՁՊՎ-ի պետ Վանիկ Ալեքսանյանի բացատրություններով, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 30.08.04թ. տեղեկանքով այն մասին, որ Նարինե Նալբանդյանը «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորված անձանց պահելու վայր մուտք գործելու օրը (14.07.04թ.) ենթարկվել է բժշկական զննման և գանգատվել է հաճախակի զարկերակային ճնշման բարձրությունից, ոտքերի ցավերից, ոտնաթաթերի այտուցներից: Ոտնաթաթերի վրայի կապտուկները առաջացել են պատռված մազանոթների պատճառով առաջացած այտուցների հետևանքով (…)» (տե՛ս նյութեր, թերթ 12):
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է` «(...) ՀՀ քր. դատ. օր.-ի 185 հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան: Հետևաբար մեղադրյալներ Նարինե և Բագրատ Նալբանդյանների, վկա Արևիկ Նալբանդյանի և պաշտպան Սեդա Սաֆարյանի բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ նշված հարցի վերաբերյալ կայացվել է որոշում, որն էլ կարող է բողոքարկվել միայն վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան (...)» (տե՛ս նյութեր, թերթ 15):
7. Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշման համաձայն` «(...) Նախաքննական մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները, կայացրել է օրինական և հիմնավորված որոշում:
Արևիկ և Նարինե Նալբանդյաններին ծեծի ենթարկելու կամ նրանց նկատմամբ այլ կարգի բռնություն գործադրելու վերաբերյալ դիմումներում նշված փաստերը հերքվել են Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդրիկ Բաղդասարյանի, դատախազի օգնական Վարդան Հարությունյանի, դատախազության քննիչ Գագիկ Հովսեփյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վիկտոր Հակոբյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգո Մանուկյանի, նույն բաժանմունքի օպեր-լիազորներ Յուրիկ Մուրադյանի, Կարեն Մելիքյանի և ՁՊՎ-ի պետ Վանիկ Ալեքսանյանի բացատրություններով:
Նյութերում առկա է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից 30.08.04թ. տեղեկանքը, ըստ որի Նարինե Նալբանդյանը «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորված անձանց պահելու վայր մուտք գործելու օրը` 14.07.04թ., ենթարկվել է բժշկական զննման և գանգատվել է հաճախակի զարկերակային ճնշման բարձրությունից, ոտքերի ցավերից, ոտնաթաթերի այտուցներից: Ոտնաթաթերի վրայի կապտուկները առաջացել են պատռված մազանոթների պատճառով առաջացած այտուցների հետևանքով (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 6-7):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վկայակոչելով Եվրոպական դատարանի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` բողոքաբերն ընդգծել է, որ Արևիկ, Նարինե և Բագրատ Նալբանդյանների նկատմամբ թույլ են տրվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային խախտումներ, իրականացված քննությունը գնահատվել է անարդյունավետ, ուստի անհրաժեշտ է հարուցել դատական ակտի վերանայման վարույթ: Մասնավորապես, վերանայման է ենթակա Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը, որով հաստատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Յու.Իսկոյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Բողոքի հեղինակը նշել է, որ Բագրատ և Նարինե Նալբանդյանների մեղադրանքի հիմքում դրվել են նրանց նկատմամբ բռնության կիրառման արդյունքում ստացված ինքնախոստովանական ցուցմունքները: Բռնության կիրառումը վերջիններիս համար առաջացրել է ծանր հետևանքներ, հետևաբար ներպետական իրավասու մարմինները պարտավոր են իրականացնել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ քննություն:
Բողոքաբերը շեշտել է, որ Եվրոպական դատարանը քննարկվող գործով արձանագրել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ ունեցող հանգամանքներ, որոնց պետք է նոր քննությամբ քրեաիրավական գնահատական տրվի: Հետևաբար, ըստ բողոք բերած անձի` պետք է վերանայման վարույթ հարուցվի և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հաստատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանվի:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է հարուցել դատական ակտի վերանայման վարույթ, բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Եվրոպական դատարանի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռն արդյոք ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը վերանայելու հիմք է:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…):
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:
(…)»:
Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումները):
12. Այսպես` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Նարինե Նալբանդյանի (Երկրորդ դիմումատու) և Արևիկ Նալբանդյանի (Երրորդ դիմումատու) նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում, մինչդեռ Բագրատ Նալբանդյանի (Առաջին դիմումատու) նկատմամբ նման խախտում տեղի չի ունեցել, և բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի խախտում:
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական խախտում.
13. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Եվրոպական դատարանը վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած կայուն իրավական դիրքորոշումն առ այն, որ «(…) 3-րդ հոդվածը հանդիսանում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ինչպես օրինակ` ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, Կոնվենցիայով բացարձակ իմաստով արգելվում են խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժողի վարքագծից (…): 3-րդ հոդվածով որևէ բացառություն չի նախատեսվում, և Կոնվենցիայի 15–րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` չի թույլատրվում որևէ շեղում կատարել այդ պայմանից, նույնիսկ բնակչության կյանքին սպառնացող արտակարգ դրության դեպքում (…):
(…) Երբ Դատարանը գնահատում է 3-րդ հոդվածով նախատեսված խախտման մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ ապացույցները, այն գլխավորապես կիրառում է ապացուցման «ողջամիտ կասկածից դուրս» չափանիշը: Այնուամենայնիվ, նման ապացույցը կարող է բխել այն հանգամանքից, որ առկա են բավականաչափ ծանրակշիռ, հստակ և համապատասխանող հետևություններ կամ փաստի առկայության մասին վկայող նման անհերքելի կանխավարկածներ (…):
(…) Եթե պետական մարմիններն ամբողջությամբ կամ մեծամասամբ ծանոթ են խնդրահարույց իրադարձություններին, ինչպես օրինակ իրենց վերահսկողության տակ գտնվող ազատությունից զրկված անձանց դեպքում, ապա ազատությունից զրկված լինելու ընթացքում վնասվածքների առաջացման փաստի մասին կծագեն հիմնավոր կանխավարկածներ: Իսկապես, ապացուցման բեռը, այն է` տալ բավարար և համոզիչ բացատրություններ, կրում են իշխանությունները (…): Նույն կերպ, երբ անհատին առողջ վիճակում տանում են ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր, իսկ ազատվելիս նրա մոտ հայտնաբերվում են վնասվածքներ, ապա պետությունը պարտավորվում է վնասվածքների առաջացման մասին արժանահավատ բացատրություններ տալ (…): Այլապես, խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի կասկածները փարատվում են հօգուտ դիմումատուի, և այս կապակցությամբ հարց կարող է բարձրացվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 95-րդ, 97-98-րդ կետերը):
13.1. Վերոշարադրյալ դրույթները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանը նշել է, որ Երկրորդ և Երրորդ դիմումատուների ներկայացրած ապացույցները վկայում են քննարկվող ժամանակահատվածում նրանց մոտ մարմնական վնասվածքների առկայության մասին: Այսպես` ոստիկանության Վարդենիսի բաժնից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո Երկրորդ դիմումատուն հետազոտվել է բժշկի կողմից, և նրա մոտ հայտնաբերվել են ոտքերի վնասվածքներ: Կառավարությունը չի կարողացել բացատրել, թե ինչպես է Երկրորդ դիմումատուի մոտ առաջացել նման լուրջ այտուցվածություն, որը հանգեցրել է արյունատար անոթների վնասվածքի և կապտուկների, իսկ այն փաստարկը, որ այտուցվածությունն առաջացել է Երկրորդ դիմումատուի արյան բարձր ճնշման հետևանքով, չի հիմնավորվել որևէ բժշկական կամ այլ ապացույցով: Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Երկրորդ դիմումատուն ոստիկանության Վարդենիսի բաժնից ազատ է արձակվել ոտքերի բավականին լուրջ վնասվածքներով, ինչի կապակցությամբ Կառավարությունը որևէ արժանահավատ բացատրություն չի ներկայացրել:
Ինչ վերաբերում է 2004 թվականի հուլիսի 10-ին Երկրորդ դիմումատուի մասնակցությամբ անցկացված քննչական գործողության տեսագրությանը, ապա Եվրոպական դատարանը նշել է, որ այն ինքնին չի կարող դիտվել որպես բավարար ապացույց անազատության մեջ գտնվելու ընթացքում Երկրորդ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք չդրսևորելու վերաբերյալ` հատկապես, որ նրա մոտ հայտնաբերված վնասվածքները եղել են ոտքերի վրա և չէին կարող տեսանելի լինել տեսագրության մեջ: Եվրոպական դատարանը, անդրադառնալով 2004 թվականի հուլիսի 12-ի կալանքի նիստի ժամանակ Երկրորդ դիմումատուի կողմից տրված ցուցմունքներին, ընդգծել է, որ եթե ենթադրյալ վատ վերաբերմունքից տուժած անձը դրանից անմիջապես հետո որևէ բողոք չի ներկայացրել կամ, ինչպես սույն գործում, ժխտել է վատ վերաբերմունքի ենթարկված լինելու փաստը, ապա այն դեռևս չի կարող ծառայել որպես վատ վերաբերմունքի բացակայության մասին վկայող բավարար ապացույց, քանի որ տուժողի արած հայտարարությունների վրա կարող են լուրջ ազդեցություն ունենալ նման վատ վերաբերմունքի հետևանքով առաջացած սթրեսը, տրավման և վախը, հատկապես, երբ անձինք շարունակում են մնալ անազատության մեջ:
Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Երկրորդ դիմումատուի նկատմամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում դրսևորված վատ վերաբերմունքը հասել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դաժանության նվազագույն աստիճանի (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 99-103-րդ կետերը):
13.2. Երրորդ դիմումատուի կապակցությամբ Եվրոպական դատարանը փաստել է, որ 2004 թվականի հուլիսի 16-ին կատարված հետազոտության ընթացքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են արձանագրվել:
Եվրոպական դատարանն անընդունելի է համարել Կառավարության այն հայտարարությունը, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկական եզրակացությունը պատշաճ ապացույց չէ, քանի որ նրանում նշված չեն արձանագրված վնասվածքների պատճառները` շեշտելով, որ այդ փաստաթուղթը ներկայացվել է քրեական հետապնդման մարմիններին, ովքեր, սակայն, չեն վիճարկել դրա արժանահավատությունը կամ ճշգրտությունը, չեն հերքել այդ վնասվածքների և Երրորդ դիմումատուի` ոստիկանության Վարդենիսի բաժնում մնալու միջև հնարավոր կապը (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 104-105-րդ կետերը):
Ինչ վերաբերում է նրան, որ Երրորդ դիմումատուն հիվանդանոց է գնացել ոստիկանության բաժնից ազատվելուց միայն հինգ կամ վեց օր անց, Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ գործի քննության ժամանակ նա եղել է անչափահաս և ում ծնողները դեռևս կալանավորված են եղել: Դատարանը չի թերագնահատում այն չափազանց խոցելի իրավիճակը, որի մեջ հայտնվել էր երրորդ դիմումատուն, ինչպես նաև այն վախն ու տառապանքը, որ նա ամենայն հավանականությամբ վերապրել է գործի քննության ժամանակ, որի պատճառով էլ ազատ արձակվելուց անմիջապես հետո նա բողոքներ ներկայացնելու համար որևէ քայլ չի ձեռնարկել: Հետևաբար, և հաշվի առնելով այն փաստը, որ ուշացումը գործի հատուկ հանգամանքներում չի կարող դիտարկվել որպես ոչ խելամիտ ուշացում, Դատարանը չի ցանկանում որևէ մեծ կարևորություն տալ այս ուշացմանը, որն ամեն դեպքում չի կարող համարվել այնքան կարևոր, որ կասկածի տակ դնի երրորդ դիմումատուի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացրած գանգատը (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 106-րդ կետը):
Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ թե՛ ներպետական մակարդակում, թե՛ Դատարանում Երրորդ դիմումատուի` վատ վերաբերմունքի վերաբերյալ տված ցուցմունքները համապատասխանում են բժշկական եզրակացությունում առկա վնասվածքների նկարագրությանը, իսկ Երկրորդ դիմումատուն` երրորդ դիմումատուի մայրը, ազատությունից զրկված լինելու ընթացքում վատ վերաբերմունքի է արժանացել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ենթադրաբար նույն մարդկանց կողմից և նույն քրեական գործի շրջանակներում իրականացված քննության ընթացքում (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 107-108-րդ կետերը):
Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Հաշվի առնելով երկրորդ և երրորդ դիմումատուների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկությունները, խոստովանական ցուցմունքներ ստանալու համար նման վերաբերմունք ցուցաբերելու ոստիկանների ակնհայտ մտադրությունները, այն փաստը, որ երկրորդ և երրորդ դիմումատուները մայր ու աղջիկ են և հետևաբար, երկուսն էլ հավանաբար ուժգին տառապել են մեկը մյուսի կրած ցավից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ երրորդ դիմումատուն անչափահաս էր, Դատարանը գտնում է, որ խնդրո առարկա վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով կարող է որակվել որպես խոշտանգում» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 110-րդ և 112-րդ կետերը):
13.3. Ինչ վերաբերում է Առաջին դիմումատուին, ապա Եվրոպական դատարանը նշել է, որ գործի նյութերում չկա բժշկական բնույթի որևէ ապացույց, որը թույլ կտար եզրակացնել, որ դիմումատուն ենթարկվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 111-րդ կետը):
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում.
14. Եվրոպական դատարանը սույն գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված ընդհանուր իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Ե]րբ անհատը ներկայացնում է փաստարկված պահանջ առ այն, որ Ոստիկանությունը կամ պետական այլ մարմինները վատ վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ` խախտելով 3-րդ հոդվածը, ապա այդ դրույթով` զուգակցված Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված պետության ընդհանուր պարտավորության մասին դրույթի հետ, այն է` «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայում ...», ինքնին ենթադրվում է, որ պետք է իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն (…):
(…) Քննություն իրականացնելու պարտավորությունը «արդյունքի պարտավորություն չէ, այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգի մի եզրակացության, որը համապատասխանում է դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը: Այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ են, այն պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանը և, համապատասխան հիմքերի առկայության դեպքում` նրանց պատժին: Այսպիսով, վատ վերաբերմունքի մասին արժանահավատ հայտարարությունների վերաբերյալ քննությունը պետք է բազմակողմանի լինի: Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է անեն հապճեպ կամ անհիմն եզրակացություններ` իրենց քննությունը փակելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցները միջադեպի հետ կապված ապացույցներ ձեռք բերելու համար, որը, inter alia, ներառում է, վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննությունը և այլն: Հետաքննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (…):
(…) Վերջապես, Դատարանը վերահաստատում է, որպեսզի պետական մարմինների կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի առթիվ իրականացվող քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությունն ենթադրում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 118-120-րդ կետերը):
14.1. Վերոգրյալ դրույթները կիրառելով սույն գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Երկրորդ և Երրորդ դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին ներպետական մարմիններին ներկայացված պահանջները եղել են փաստարկված, իսկ Առաջին դիմումատուի դեպքում իրավիճակն այլ է եղել և պահանջել է առավել մանրամասն վերլուծություն։ Այսպես` թեև Առաջին դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին վկայող բժշկական բնույթի որևէ ապացույց չի եղել, այնուամենայնիվ, նրան մյուս երկու դիմումատուների հետ նույն ժամանակահատվածում տարել են ոստիկանության նույն բաժին և, ըստ երևույթին, հարցաքննել են իրավապահ մարմինների նույն աշխատակիցները։ Քննություն իրականացնող մարմինը տեղյակ է եղել Առաջին դիմումատուի` վատ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին պնդումներին` նույնիսկ եթե այդ պնդումներն ուղղակիորեն ինքը չի արել, այլ ներկայացրել են մյուս երկու դիմումատուներն ու նրա փաստաբանը: Հաշվի առնելով վերոնշյալը` Եվրոպական դատարանը գտել է, որ պետական մարմինները Առաջին դիմումատուի դեպքում նույնպես պարտավոր էին արդյունավետ քննություն իրականացնել (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 121-122-րդ կետերը):
14.2. Անդրադառնալով դիմումատուների նկատմամբ իրականացված քննության պատշաճությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Դատարանն ի սկզբանե նշել է, որ միակ հարցումը եղել է 2004 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի դատախազության արած հարցումը։ Հաշվի առնելով այն, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի նրանց ենթակաների գործողությունները, Դատարանը չի կարող նման քննությունը համարել անկախության և անկողմնակալության պահանջները բավարարող: Հարկ է նշել, որ քննություն իրականացնող մարմինները քննության ոչ մի փուլում չեն տրամադրել որևէ բացատրություն այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքները հավաստի, իսկ դիմումատուի ցուցմունքները` անվստահելի` չնայած, որ բժշկական բնույթի ապացույցները դիմումատուների օգտին էին: Քրեական գործի հարուցումը մերժող որոշումը պարունակում է որևէ պատճառաբանությունից զուրկ ընդհանրական եզրակացություններ (…)։ Այսպիսով, պարզվում է, որ քննություն իրականացնող մարմինը, առանց որևէ հիմնավորման, նախապատվությունը տվել է ոստիկանների կողմից տրամադրված ցուցմունքներին և դրանով, կարելի է ասել, չի ցուցաբերել անհրաժեշտ օբյեկտիվություն և անկախություն:
(…)
Ինչ վերաբերում է բժշկական բնույթի ապացույցներին, ապա Դատարանը նշում է, որ քննություն իրականացնող մարմինը պատրաստակամորեն ընդունել է այն բացատրությունը, որ երկրորդ դիմումատուի ոտքերի վրա կապտուկներն առաջացել են այտուցվածությունից` առանց նույնիսկ նախևառաջ փորձելու պարզել, թե ինչպես է առաջացել այտուցվածությունը: Լրացուցիչ բժշկական հետազոտություններ չեն նշանակվել, այս առնչությամբ չեն հարցաքննվել ոչ այդ եզրակացությունները տրամադրած բժիշկները, ոչ էլ որևէ այլ բժշկական փորձագետ: Երրորդ դիմումատուի դեպքում քննություն իրականացնող մարմինը նույնիսկ չի հետազոտել առկա բժշկական բնույթի ապացույցները, ինչպես օրինակ` 2004 թվականի հուլիսի 16–ին տրամադրված «Արմենիա» բժշկական կենտրոնի եզրակացությունները: Այսպիսով, պարզվում է, որ քննության որևէ փուլում այս ակնհայտ կարևոր ապացույցի վրա ուշադրություն չի դարձվել: Նույն կերպ, համապատասխան բժիշկները չեն հարցաքննվել և այս առնչությամբ որևէ լրացուցիչ բժշկական հետազոտություն չի նշանակվել: Վերջապես, առաջին դիմումատուի հետ կապված որևէ բժշկական հետազոտություն չի նշանակվել: Առաջին դիմումատուի դեպքում սա ավելի կարևոր էր` հաշվի առնելով այն, որ չկար նրա հետ կապված որևէ բժշկական բնույթի ապացույց։
(…) Դատարանը նաև նշում է, որ ո՛չ առաջին դիմումատուն, ո՛չ երրորդը երբևէ չեն հարցաքննվել վատ վերաբերմունքի մասին իրենց պնդումների առնչությամբ: Պարզվում է նաև, որ որևէ փորձ չի կատարվել` բացահայտելու և հարցաքննելու որևէ այլ հնարավոր վկայի, իսկ դիմումատուների և ենթադրյալ վատ վերաբերմունք դրսևորած անձանց միջև չի եղել որևէ առերեսում: Ինչ վերաբերում է տեղի ունեցած հարցաքննությանը, ապա Դատարանը գտնում է, որ նման բազմաթիվ դեպքերում հարցաքննվողներին պարզապես խնդրել են տրամադրել իրադարձությունների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները և որևէ հարց չի տրվել: Նույնիսկ այն քիչ դեպքերում, երբ քննիչը հարցեր է տվել, երբեք չի եղել մեկ ստանդարտ և ոչ կոնկրետ հարցից ավելի հարց (…)։ Ուստի պարզվում է, որ տվյալ հարցաքննությունները եղել են պարզապես ձևական, և Դատարանը չի կարող դրանք համարել լուրջ փորձ` պարզելու այն հանգամանքները, որոնց պարագայում դիմումատուները տուժել են կամ կարող են տուժած լինել վատ վերաբերմունքից (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 123-126-րդ կետերը):
14.3. Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին պնդումներն ավելի բարձր ատյանների վերանայմանը ներկայացնելու փորձերը նույնպես ապարդյուն են եղել, քանի որ գլխավոր դատախազություն ուղարկված բազմաթիվ բողոքներին տրվել են ձևական պատասխաններ, իսկ ներպետական դատարանները, մերժելով վատ վերաբերմունքի մասին ներկայացված բողոքները, հանգել են ակնհայտորեն ոչ ճիշտ եզրահանգումների: Հետևաբար դատարանները ևս չեն կարողացել իրականացնել պատշաճ և բազմակողմանի քննություն:
Վերոշարադրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանությունների կողմից վատ վերաբերմունքի մասին դիմումատուների պնդումների առնչությամբ արդյունավետ և պատշաճ քննություն չի իրականացվել, ուստի բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 128-130-րդ կետերը):
15. Հիմք ընդունելով Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ դիմումատուների` Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված համապատասխան իրավունքների խախտման փաստը և ղեկավարվելով Կոնվենցիոն պահանջներով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը վերանայելու հիմք է:
16. Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարելու արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրելու ընդհանուր և (կամ) անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումները և հնարավորինս շտկելու դրա հետևանքները (տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետ 249):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, ինչպես նաև Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված Դատարանի վճիռները կատարելու՝ պետությունների ստանձնած պարտավորությունից բխում է, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում վերջիններս պարտավորվում են ձեռնարկել այնպիսի անհատական միջոցառումներ, որոնք կդադարեցնեն իրավունքի խախտումը և հնարավորինս կապահովեն մինչև խախտումը եղած վիճակի վերականգնումը (restitutio in integrum), ինչպես նաև ընդհանուր բնույթի միջոցառումներ` ապագայում նմանատիպ խախտումները կանխելու նպատակով (տե՛ս, mutatis mutandis, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը): Թեև եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, պետությունները, որպես կանոն, ազատ են վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, mutatis mutandis, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98), այնուամենայնիվ, որոշ դեպքերում Եվրոպական դատարանը նպատակահարմար է գտել մատնանշել կոնկրետ միջոցառումների տեսակները, որոնք ամենապատշաճը կլինեն մինչև խախտումն առկա իրավիճակի վերականգնումը («restitutio in integrum») հնարավորինս ապահովելու համար (տե՛ս, Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 202, Broniowski v. Poland [GC], գանգատ թիվ 31443/96, կետ 194):
16.1. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում պետությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում պարտավորվում են իրականացնել արդյունավետ քննություն: Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և, հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103): Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով: Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները: Նման պարագայում խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, Gafgen v. Germany գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 22978/05, Krastanov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 50222/99):
17. Հաշվի առնելով «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 12-14.3-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թույլ տված խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և նոր քննության ուղարկելն է:
17.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկման առարկա հանդիսացող՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշման վերանայման արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի մարտի 25-ի ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բագրատ Նապոլեոնի Նալբանդյանի, Նարինե Ալեքսանդրի Նալբանդյանի և Արևիկ Բագրատի Նալբանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը վերանայել:
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի մարտի 25-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան Ս. Օհանյան
Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան