ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 սեպտեմբերի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀՈՐԻԶՈՆ-2020. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (2014-2020)» ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 28.07.2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր /2014-2020/» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու համար, որի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտությունների տարածքի հասանելիությանը և նորարարական Միության ձևավորմանը:
Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 7 հոդվածից, ինչպես նաև Համաձայնագրին կից երեք հավելվածներից՝ Հավելված I. «Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության կարգը և պայմանները», Հավելված II. «Ծրագրում (2016-2020) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոններ» և Հավելված III. «Ծրագրին Հայաստանյան մասնակիցների ֆինանսական վերահսկողությունը»:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● մասնակցել Ծրագրով նախատեսված գործունեությանը՝ Համաձայնագրով սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան,
● Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար կատարել ֆինանսական ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջե,
● գործադրել բոլոր ջանքերը Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակից գիտական աշխատողների ազատ տեղաշարժը և կեցությունը դյուրացնելու, ինչպես նաև նշված գործունեության համար նախատեսված ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար,
● ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գնված կամ ՀՀ ներմուծված ապրանքները և ծառայությունները, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են Համաձայնագրի շրջանակներում գործունեության առնչությամբ կնքված դրամաշնորհի համաձայնագրերի համաձայն, ազատվեն մաքսային տուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից,
● Համաձայնագրին համապատասխան կատարել ՀՀ ներդրումը, իսկ ներդրման վճարման ցանկացած ուշացման պարագայում վճարել չվճարված գումարի նկատմամբ տույժերը,
● երաշխավորել, որ աուդիտ կատարելու նպատակով Հանձնաժողովի գործակալները, Աուդիտորների եվրոպական դատարանը և Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք հասանելիություն կունենան տեղանքին, աշխատանքներին և փաստաթղթերին (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով), ինչպես նաև պահանջվող ողջ տեղեկատվությանը` պայմանով, որ հասանելիության այս իրավունքը կամրագրվի ՀՀ մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում,
● երաշխավորել, որ Համաձայնագրի պատշաճ իրականացման համար ՀՀ իրավասու մարմինները պարբերաբար փոխանակեն տեղեկատվություն, եթե դա չի արգելվում ՀՀ կանոններով և կանոնակարգերով,
● ապահովել, որպեսզի ՀՀ կառավարության կողմից նշանակված մարմինը Հանձնաժողովի կողմից անձանց համար դրամական պարտավորություններ սահմանող որոշումների հարկադիր կատարման նպատակով Հանձնաժողովի անունից դիմի հայկական դատական ատյան, ինչպես նաև դրա մասին տեղեկացնի Հանձնաժողովին:
3. Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|