ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5367/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5367/05/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Դատավորներ՝ |
Ա. Բաբայան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բենիկ Ազարյանի ընդդեմ Նախարարության` 29.05.2013 թվականի թիվ 1411229 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, և ըստ Նախարարության հակընդդեմ հայցի ընդդեմ Բենիկ Ազարյանի` 1.680.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բենիկ Ազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության 29.05.2013 թվականի թիվ 1411229 վարչական ակտը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Բենիկ Ազարյանից բռնագանձել 1.680.000 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.04.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 30-րդ և 124-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Բենիկ Ազարյանի գործունեությունը, տվյալ դեպքում ունենալով ձեռնարկատիրական գործունեությանը բնորոշ մի շարք հատկանիշներ, այդուհանդերձ, չի հանդիսանում ձեռնարկատիրական, քանի որ վերջինիս մոտ բացակայել է շահույթ ստանալու նպատակը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված պարտադիր հատկանիշներից մեկն է:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161(ՏԴ) որոշմանը, սակայն չիրականացնելով գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ տվյալ դեպքում Բենիկ Ազարյանի կողմից վիճելի գործունեությունն իրականացվել է իր իսկ կամքով և նախաձեռնությամբ, գործունեությունը կրել է պարբերական բնույթ, գործունեությունն ի սկզբանե իրականացվել է շահույթ ստանալու նպատակով, մատակարարված ապրանքը եղել է մեծաքանակ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Նախարարության հակընդդեմ հայցը՝ Բենիկ Ազարյանից վարչական ակտի հիման վրա 1.680.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Բենիկ Ազարյանի (մատակարար) և «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի (գնորդ) միջև 01.05.2011 թվականին կնքվել է չափազտված բազալտե խճի մատակարարման պայմանագիր, որի 1.1 կետով «մատակարարը պարտավորվել է սահմանված ժամկետում մատակարարել գնորդին բազալտե չափազտված խիճ, իսկ գնորդը պարտավորվել է այն ընդունել և վարձահատույց լինել» (հատոր 1-ին, գ.թ. 13):
2. Բենիկ Ազարյանը խճի մատակարարումը կատարել է 02.05.2011 և 15.08.2011 թվականներին և վաճառել է 3.240.000 ՀՀ դրամ արժողությամբ 1.200խմ խիճ (հատոր 2-րդ գ.թ. 75-76)։
3. Նախարարության օպերատիվ հետախուզության վարչության կողմից 29.05.2013 թվականին կազմվել է թիվ 1411229 արձանագրությունը, որի հիման վրա 29.05.2013 թվականին կազմվել է թիվ 1411229 վարչական ակտը` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ: Թիվ 1411229 վարչական ակտով Բենիկ Ազարյանին առաջադրվել է 1.680.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ ակտի 1-ին կետով՝ 1.620.000 ՀՀ դրամ՝ որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տուգանք, ակտի 2-րդ կետով՝ 60.000 ՀՀ դրամ՝ որպես «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամտային հարկ (հատոր 1-ին գ.թ. 7-12):
4. Ռաֆիկ Ներսիսյանի կողմից 12.06.2013 թվականին տրված հայտարարության և ստացականի համաձայն՝ իրեն պատկանող խճի վաճառքի դիմաց 2011 թվականի սեպտեմբեր և 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բենիկ Ազարյանից ստացել է 3.223.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
5. Բենիկ Ազարյանը 29.05.2013 թվականի թիվ 1411229 արձանագրության և վարչական ակտի վերաբերյալ առարկությամբ հայտնել է, որ «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ից ստացված գումարը փոխանցել է խճի սեփականատեր Ռաֆիկ Ներսիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 14):
6. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ա. Հասրաթյանին 04.04.2013 թվականին տրված բացատրությամբ Ռաֆիկ Ներսիսյանը հայտնել է, որ Բենիկ Ազարյանից տեղեկացել է, որ խճի 1խմ-ի արժեքը կազմում է «3.500 ՀՀ դրամի չափ», իսկ վաճառված խճի քանակությունը կազմել է «900խմ-ի չափ»: Միաժամանակ Ռաֆիկ Ներսիսյանը հայտնել է, որ 2011 թվականի սեպտեմբերին Բենիկ Ազարյանից խճի համար ստացել է 3.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 42-43):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձի գործունեության՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար անհրաժեշտ հատկանիշներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին նախադասության համաձայն` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական խնդրին: Մասնավորապես` թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանափակ տառացի մեկնաբանության արդյունքում անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում, կարող է մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեության տարր, և նման իրավիճակը գնահատելով որպես մարդու և քաղաքացու` միջազգային իրավական փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով (27.11.2005 թվականի խմբագրությամբ) երաշխավորված` իր գույքից անարգել օգտվելու, սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքի սահմանափակման իրական վտանգի առաջացման նախադրյալ, գտել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.
1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,
2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,
3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,
4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,
5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,
6. այլ առանձնահատուկ հատկանիշները (տե՛ս, Նունե Սահակյանն ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի թիվ 3-1161 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր հատկանիշ է անհատի՝ շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը, և ոչ թե փաստացի շահույթ (եկամուտ) ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ (եկամուտ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Սերգեյ Մկրտչյանի թիվ ՎԴ3/0169/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և հաշվի առնելով անձի կողմից իրականացվող գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու իրավական հարցի կարգավորման կարևորությունը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված պարտադիր հատկանիշների առկայությունը հավաստելու` անձի գործունեությունը ձեռնարկատիրական գնահատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բացահայտել վերոգրյալ հանգամանքների առկայությունը:
Ընդ որում, հաշվի առնելով, որ շահույթ ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրությունն անձի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու պարտադիր հատկանիշ է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիզիկական անձի կողմից պայմանագրի հիման վրա այլ անձին պատկանող ապրանքը վաճառելու գործունեությունը կարող է համարվել ձեռնարկատիրական, եթե բացահայտվում է վերջինիս կողմից շահույթ ստանալու նպատակ հետապնդելու՝ ի սկզբանե ունեցած մտադրությունը, և առկա են վերը նշված հանգամանքները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բենիկ Ազարյանի և «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի միջև 01.05.2011 թվականին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա Բենիկ Ազարյանը պարտավորվել է «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ին մատակարարել չափազտված բազալտե խիճ: Նշված պայմանագրի հիման վրա Բենիկ Ազարյանի կողմից 02.05.2011 թվականին և 15.08.2011 թվականին իրականացվել է ընդհանուր առմամբ 1.200խմ խճի մատակարարում: Պայմանագրով 1խմ խճի գինը սահմանվել է 2.700 ՀՀ դրամ: Բենիկ Ազարյանը վաճառված խճի դիմաց Ռաֆիկ Ներսիսյանին հանձնել է 3.240.000 ՀՀ դրամից պակաս գումար: Բենիկ Ազարյանը Ռաֆիկ Ներսիսյանին տեղեկացրել է, որ վաճառված խճի քանակությունը կազմել է մոտ 900խմ, իսկ 1խմ խճի գինը կազմել է մոտ 3.500 ՀՀ դրամ:
Դատարանը, հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ մեկ քաղաքացիաիրավական հատուցելի պայմանագրի կնքման և դրա կատարման արդյունքում տվյալ պայմանագրի կնքմամբ ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից ֆիզիկական անձի կողմից եկամուտ ստանալու փաստն ինքնին չի կարող դիտվել որպես անձի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեություն:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում Բենիկ Ազարյանի մոտ բացակայել է շահույթ ստանալու նպատակը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանման մեջ ներառված պարտադիր հատկանիշներից մեկն է, իսկ Բենիկ Ազարյանի մոտ շահույթ ստանալու նպատակի բացակայությունը բացառում է նրա գործունեությունը ձեռնարկատիրական որակելու հնարավորությունը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Բենիկ Ազարյանն ի սկզբանե մատակարարման պայմանագիրը կնքել է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով: Այդ հանգամանքը նախ հաստատվում է Բենիկ Ազարյանի կողմից խճի վաճառքից հետո խճի քանակության և գնի վերաբերյալ Ռաֆիկ Ներսիսյանին պայմանագրում նշված գնից և փաստացի մատակարարված քանակությունից տարբերվող այլ գին և քանակություն հայտնելու հանգամանքով: Այսպես, պայմանագրով 1խմ խճի գինը սահմանվել է 2.700 ՀՀ դրամ, և փաստացի մատակարարվել է 1.200խմ խիճ, մինչդեռ Բենիկ Ազարյանը Ռաֆիկ Ներսիսյանին հայտնել է 900խմ խիճը 3.500 ՀՀ դրամ գնով վաճառելու մասին, ինչը վկայում է Բենիկ Ազարյանի՝ շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու՝ ի սկզբանե ունեցած մտադրության մասին, քանի որ 900խմ խիճը 3.500 ՀՀ դրամ վաճառելու դեպքում խճի մատակարարումից հասույթը կազմում է 3.150.000 ՀՀ դրամ, իսկ 1.200խմ խիճը 2.700 ՀՀ դրամով վաճառելու դեպքում հասույթը կազմում է 3.240.000 ՀՀ դրամ: Շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու՝ ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը հիմնավորվում է նաև Բենիկ Ազարյանի հետագա գործողություններով, այն է՝ վերջինս 1.200խմ խճի վաճառքից ստացված ամբողջ գումարը չի փոխանցել Ռաֆիկ Ներսիսյանին: Մասնավորապես` մի դեպքում 04.04.2013 թվականին տրված բացատրությամբ Ռաֆիկ Ներսիսյանը հայտնել է, որ 2011 թվականի սեպտեմբերին Բենիկ Ազարյանից խճի համար ստացել է 3.000.000 ՀՀ դրամի չափ գումար, մյուս դեպքում արդեն 12.06.2013 թվականին հայտնել է, որ Բենիկ Ազարյանից 2011 թվականի սեպտեմբերին և 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին ստացել է 3.223.800 ՀՀ դրամ, այսինքն՝ չնայած Ռաֆիկ Ներսիսյանի կողմից տրված տարբեր բացատրություններում Բենիկ Ազարյանի կողմից ստացված գումարների մեծությունները տարբեր են, այնուամենայնիվ, բոլոր դեպքերում Ռաֆիկ Ներսիսյանի կողմից հայտնած գումարների չափերը պակաս են 1.200խմ խճի մատակարարումից ստացած վաճառքի գումարի չափից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մատակարարման պայմանագրով ապրանքի կոնկրետ քանակություն նշված չէ, իսկ գործում առկա գնման ակտերի համաձայն՝ խիճը մատակարարվել է 2011 թվականի մայիս ամսին՝ 700խմ և 2011 թվականի օգոստոս ամսին՝ 500խմ, որպիսի փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանին թույլ են տալիս եզրահանգելու, որ խճի մատակարարումը կրել է պարբերական բնույթ:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարված խիճը եղել է մեծաքանակ:
Վերը նշված փաստական հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են Բենիկ Ազարյանի գործունեությունը որպես ձեռնարկատիրական որակելու բավարար հիմքեր, մասնավորապես՝ Բենիկ Ազարյանի գործունեությունն ի սկզբանե իրականացվել է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով, կրել է պարբերական բնույթ, մատակարարվել է մեծաքանակ ապրանք:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկն առ այն, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, քանի որ Վերաքննիչ դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո գնահատելով նաև այն հանգամանքը, որ Բենիկ Ազարյանն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ունեցել կամ հարկային մարմիններում որպես ձեռնարկատեր հաշվառված չի եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ 29.05.2013 թվականի թիվ 1411229 վարչական ակտի 1-ին կետով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառումն իրավաչափ է, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով այն ենթակա չէր անվավեր ճանաչման, որպիսի հիմքով 29.05.2013 թվականի թիվ 1411229 վարչական ակտի 1-ին կետով Բենիկ Ազարյանին 1.620.000 ՀՀ դրամ առաջադրված տուգանքի բռնագանձման պահանջի մասով Նախարարության հակընդդեմ հայցը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն 29.05.2011 թվականի թիվ 1411229 վարչական ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին Բենիկ Ազարյանի հայցը բավարարելու և 1.620.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Նախարարության հակընդդեմ հայցը մերժելու մասերով Դատարանի 09.04.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը, քանի որ վճռաբեկ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն նշված մասերով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի կողմից ներկայացվել է մեկ ոչ գույքային պահանջ, իսկ հակընդդեմ հայցվորի կողմից՝ մեկ գույքային պահանջ:
Նկատի ունենալով, որ Նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում պահանջների բավարարված չափին համամասնորեն վճարած պետական տուրքն անհրաժեշտ է եղել վերջինիս դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 58.600 ՀՀ դրամը (10.000 ՀՀ դրամը՝ ոչ գույքային պահանջի մասով, իսկ 48.600 ՀՀ դրամը (1.620.000 ՀՀ դրամ*3)՝ գույքային պահանջի բավարարված մասով)՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված և Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և 68.600 ՀՀ դրամը (20.000 ՀՀ դրամը՝ ոչ գույքային պահանջի մասով, իսկ 48.600 ՀՀ դրամը (1.620.000 ՀՀ դրամ*3)՝ գույքային պահանջի բավարարված մասով)՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված և Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Բենիկ Ազարյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.03.2015 թվականի որոշման՝ 29.05.2011 թվականի թիվ 1411229 վարչական ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին Բենիկ Ազարյանի հայցը բավարարելու և 1.620.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ ֆինանսների նախարարության հակընդդեմ հայցը մերժելու մասերով ՀՀ վարչական դատարանի 09.04.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել՝ Բենիկ Ազարյանի հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 29.05.2011 թվականի թիվ 1411229 վարչական ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժել, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության հակընդդեմ հայցն ընդդեմ Բենիկ Ազարյանի՝ 1.620.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, բավարարել. Բենիկ Ազարյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 1.620.000 ՀՀ դրամ` որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տուգանք:
2. Բենիկ Ազարյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 58.600 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Բենիկ Ազարյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 68.600 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |