Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2016-08.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243) Հոդ.24
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 358-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 2-ի «Ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղչ սակագնից օգտվելու կարգի մասին» N 7 որոշումը,

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը» հաստատելու մասին» N 26 որոշումը,

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի N 26 որոշմամբ հաստատված կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 23 որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» 22 որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 76-Ն որոշումը,

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 2-Ն որոշումը,

է) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 125-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

Էլեկտրական էներգիայի մատակարարման ԵՎ օգտագործման

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կանոնակարգում են էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի, ինչպես նաև էլեկտրական ցանցին միացման դիմում ներկայացրած անձանց հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

2. Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է էլեկտրաէներգիա մատակարարել յուրաքանչյուր սպառողի, որի հետ սույն կանոններով սահմանված կարգով կնքել է էլեկտրամատակարարման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):

(2-րդ կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

2.1 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր կետի համար սպառված էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով սույն Կանոններով սահմանված կարգով տեղակայում է առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) և սպառված էլեկտրաէներգիայի մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ՝ հաշվառման քարտ կամ քարտի համար): Հաշվառման քարտում պահպանվում են սպառողի՝ էլեկտրական ցանցին միացման կետի միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև սպառված (վերահաշվարկված) էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը էլեկտրամատակարարող ընկերությունը պահպանում է այն էլեկտրական ցանցից անջատելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(2.1-ին կետը լրաց. 13.07.11 N 334-Ն, խմբ. 08.10.14 N 379-Ն)

2.2 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բացառությամբ` բնակչության) էլեկտրական ցանցին միացման տվյալ կետում սպառված էլեկտրաէներգիան կարող է հաշվառել առանց առևտրային հաշվառքի սարք տեղակայելու այն դեպքում, երբ սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ն, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ն` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան: Նման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը պետք է ստանա սպառողի գրավոր համաձայնությունը և վերջինիս հետ կնքված Պայմանագրում ներառի նաև սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը:

(2.2-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

2.3 Չի թույլատրվում սպառողներից կամ էլեկտրական ցանցին միացման դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

(2.3-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

3. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`

 

էլեկտրամատակարարող
ընկերություն
(մատակարար)՝
էլեկտրական էներգիայի (այսուհետև՝ էլեկտրաէներգիա)
բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

սպառող (բաժանորդ)՝

էլեկտրաէներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը Պայմանագիր է կնքել մատակարարի հետ.

ենթասպառող
(ենթաբաժանորդ)՝

սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից (էլեկտրատեղակայանքներից), և որն ունի կնքված երկկողմ կամ եռակողմ Պայմանագիր.

տեխնիկական
պայմաններ՝

սպառողի սպառման համակարգը նվազագույն ծախսումներով էլեկտրական ցանցին միացնելու պայմաններ, որոնք անհրաժեշտ են էլեկտրական ցանցին միացման դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարման և հաշվառման ապահովման համար.

պայմանագրային
էլեկտրական հզորություն
(պայմանագրային
հզորություն)՝

էլեկտրական ակտիվ հզորության կեսժամյա միջին առավելագույն մեծությունը, որն ամրագրվում է Պայմանագրով.

ամրագրված
տեխնոլոգիական
հզորություն՝

Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել մատակարարը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

ամրագրված վթարային
հզորություն՝

Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել մատակարարը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքն ապահովելու համար.

օպերատիվ
անձնակազմ`

էլեկտրաէներգետիկական համակարգի, ինչպես նաև սպառողի 6 (10) կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների տեխնոլոգիական կարգավարման գործընթացում ներգրավված մասնագիտացված անձնակազմ` կարգավարներ, հերթապահներ.

օպերատիվ
փաստաթղթեր`

հատուկ հաշվառման մատյաններ, որոնցում օպերատիվ անձնակազմի կողմից ժամանակագրական կարգով կատարվում են գրանցումներ` հաստատված սխեմաներից շեղումների, էլեկտրատեղակայանքների աշխատանքի ռեժիմների, օպերատիվ անձնակազմի կողմից կատարված գործողությունների և այլնի վերաբերյալ.
 

(պարբերությունն ուժը կորցրել է  08.10.14 N 379-Ն)


սահմանազատման կետ`

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

էլեկտրամատակարարման
պլանավորված
ընդհատում (պլանային
ընդհատում)`

էլեկտրատեղակայանքների վրա պլանային-նախազգուշական աշխատանքներ կատարելու նպատակով սպառողի հոսանքազրկում.

էլեկտրամատակարարման
չպլանավորված
ընդհատում
(արտապլանային
ընդհատում)`

էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ առևտրային հաշվառքի սարքի) խափանվելու արդյունքում, ռելեական պաշտպանության կամ ավտոմատիկայի սարքերի գործողության հետևանքով սպառողի հոսանքազրկում.

հաշվառքի սարք`

Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված էլեկտրաէներգիայի հաշվիչ կամ էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ.

առևտրային հաշվառքի սարքի խախտում՝

Չափագիտական մարմնի կողմից հաստատված՝ չափագիտական փորձաքննության եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, այդ թվում՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.
սպառման համակարգ` սպառողի կամ նոր սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ.
էլեկտրական ցանցին պարզեցված միացում`

նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացում, երբ միացման համար նախատեսված է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում նախագծային փաստաթղթերի կազմում.

Չափագիտական մարմին՝

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն:

 (3-րդ կետը խմբ. 21.12.07 N 658-Ն, լրաց. 08.12.10 N 699-Ն, խմբ. 04.05.11 N 216-Ն, լրաց. 07.03.12 N 65-Ն, խմբ., փոփ., լրաց. 08.10.14 N 379-Ն)

4. Պայմանագրում նշվում կամ դրան կցվում են.

1) առևտրային (վերստուգիչ) հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը,

2) սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման,

3) սպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը,

4) սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, առևտրային և վերստուգիչ հաշվիչների, դրանց հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),

5) էլեկտրական ցանցի և սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից սահմանված ակտը,

6) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում մատակարարի և սպառողի միջև` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ին N 9-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի պահաջների համաձայն կազմված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը:

Սույն կետով սահմանված պահանջները բնակչության համար կիրառելի են սույն կանոններով և Պայմանագրով սահմանված դեպքերում:

 (4-րդ կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

5. Սպառողի շահագործման մեջ գտնվող, նոր միացվող, վերակառուցվող էլեկտրատեղակայանքները  պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

6. Սպառողին վերաբերող սույն կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև  ենթասպառողի վրա:

7. Սպառողը պարտավոր է ենթասպառողի կամ մատակարարի այլ ցանցերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար իր էլեկտրատեղակայանքներով հաղորդել մատակարարի էլեկտրաէներգիան:

8. Սույն կանոնների 32-րդ և 33-րդ կետերով սահմանված դեպքերում մատակարարը պարտավոր է սպառողի էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարումը դադարեցնելիս, ապահովել այդ ժամանակահատվածում ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումը: Այդ ժամանակահատվածում սպառողի էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի կորուստները հաշվառվում են մատակարարի հաշվին: Սպառողը պարտավոր է ապահովել մատակարարի անձնակազմի անարգել մուտքը իր էլեկտրատեղակայանքներ` դրանց միացված ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներ (փոխանջատումներ, լրացուցիչ սարքավորումների տեղադրում և այլն) իրականացնելու համար: Մատակարարի անձնակազմին սպառողի կողմից մուտք չտրամադրելու արդյունքում մատակարարի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով վերջինիս կրած վնասը փոխհատուցում է սպառողը:

 (8-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

9. Մատակարարը պարտավոր է փոխհատուցման պայմանագրով սահմանված կարգով վճարել հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով հաշվարկված սպառողի մատուցած ծառայության վճարը` սպառողի կողմից հաշիվը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 (9-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

10. Այն դեպքում, երբ սպառողի էլեկտրատեղակայանքների վնասման կամ հրաժարման պատճառով ընդհատվել է ենթասպառողի էլեկտրամատակարարումը կամ մատակարարի այլ ցանցերին էլեկտրաէներգիայի հաղորդումը, մատակարարը իրավունք ունի, սպառողի հետ համաձայնեցնելով կատարվելիք աշխատանքների արժեքը, սեփական միջոցներով փոխարինել կամ վերանորոգել վերջինիս այն էլեկտրատեղակայանքները, որոնք անհրաժեշտ են մատակարարի էլեկտրաէներգիան հաղորդելու համար: Նման դեպքում սպառողը պարտավոր է փոխհատուցել մատակարարի կատարած ծախսերը:

11. Մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ անձնակազմի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգով՝ համաձայն N 1 հավելվածի:

(11-րդ կետը խմբ. 06.04.07 N 155-Ն, փոփ. 21.12.07 N 658-Ն)

12. Մատակարարի և սպառողի միջև ծագած վեճերը լուծվում են Հանձնաժողովի միջոցով կամ դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (այսուհետ՝ նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը) իրականացնում է մատակարարը:

(13-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն)

13.1 Մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ միացման պայմանագիր կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը: Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար միացման վճարներ չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության փոփոխության: Այդ դեպքում առանձնացած նոր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման աշխատանքներն իրականացնում է մատակարարը՝ անվճար: Մատակարարը և էլեկտրական ցանցին միացված սպառողը, մինչև նոր սպառողին էլեկտրական ցանցին միացնելը, փոփոխություն են կատարում Պայմանագրում՝ համամասնորեն նվազեցնելով էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգի պայմանագրային հզորությունը:

Միացման պայմանագրի և Պայմանագրի կնքումն իրականացվում է անվճար:

(13.1-ին կետը խմբ. 06.03.13 N 62-Ն, լրաց., փոփ. 08.10.14 N 379-Ն)

13.1.1 Էլեկտրական ցանցին միացման պայմանագիրը և Պայմանագիրը կնքվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ՝ Մատակարարի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով։

(13.1.1-ին կետը լրաց. 27.11.13 N 405-Ն)

13.2 Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ համաձայն սույն կանոնների N 3 հավելվածի` էլեկտրոնային եղանակով: Դիմող անձի՝ էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը։

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը,

4) 35 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում նոր սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:

(13.2-րդ կետը լրաց. 13.06.12 N 208-Ն, խմբ. 06.03.13 N 62-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

13.3 Մատակարարը, Դիմող անձի դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 13.4 կետում սահմանված ժամկետներում.

1) մշակում է տեխնիկական պայմանները և 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերին միացման դեպքում այն համաձայնեցնում սպառողի հետ,

2) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում՝ միացման տեխնիկական նկարագիրը,

3) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ,

4) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված միացման պայմանագիրը (հավելված N 2):

(13.3-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

13.4 Դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 45 օրը՝ էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

3) 45 օրը՝ էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 75 օրը` էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:

(13.4-րդ կետը լրաց. 07.12.11 N 566-Ն, խմբ. 07.03.12 N 65-Ն, փոփ. 30.04.14 N 103-Ն, 25.11.15 N 387-Ն)

13.5 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ՝

ա. 10 աշխատանքային օրը՝ պարզեցված միացման դեպքում,

բ. 45 օրը՝ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

գ. 90 օրը՝ 30 կՎԱ-ից բարձր միացման մնացած բոլոր դեպքերում,

3) 100 օրը` էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 270 օրը՝ էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:

(13.5-րդ կետը փոփ. 07.12.11 N 566-Ն, խմբ. 07.03.12 N 65-Ն, փոփ. 30.04.14 N 103-Ն, 25.11.15 N 387-Ն)

13.6 Այն դեպքում, երբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա միացման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառողին էլեկտրական ցանցին սույն կանոնների 13.5 կետով նախատեսված միացման ժամկետը:

13.7 Դիմող անձը կնքված Պայմանագրի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը)՝ էլեկտրամատակարարումն սկսելու համար:

(13.7-րդ կետը լրաց. 30.05.12 N 187-Ն, խմբ. 06.03.13 N 62-Ն)

13.8 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով՝ առանձին դեպքերում, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատակարարին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի պատճառով սույն կանոնների 13.4 և 13.5 կետերում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետների պահպանման անհնարինության դեպքում` մատակարարի կամ Դիմող անձի դիմումի հիման վրա, կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ: Սույն կետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է դիմել Հանձնաժողով՝ դրանք ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մատակարարը պարտավոր է այդ մասին նույն ժամկետում իրազեկել նաև Դիմող անձին:

(13.8-րդ կետը լրաց. 06.03.13 N 62-Ն)

13.9 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ կից ներկայացնելով սույն կանոնների 13.2 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

(13.9-րդ կետը լրաց. 06.03.13 N 62-Ն)

14. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(14-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն)

14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողը սույն կանոնների 13.2 կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տրված տեխնիկական պայմանները:

(14.1-ին կետը խմբ. 06.03.13 N 62-Ն)

14.2 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները մատակարարի կողմից իրականացվում են գրավոր: Դրանք Դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:

(14.2-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն)

14.3 Սույն գլխի դրույթները՝ բացառությամբ 13.2 կետի, չեն կիրառվում, երբ`

1) նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն, սեզոնային առևտուր և այլն),

2) նախատեսվում է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս), 35 կՎ կամ 110 կՎ լարմամբ, և Դիմող անձը՝ իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով,

3) էլեկտրական ցանցին է միացվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը:

(14.3-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն, 08.10.14 N 379-Ն)

14.4 Սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերում Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով: Այդ նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 13.2 կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ իր դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: Մատակարարը՝ Դիմող անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում և Դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանները: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է Դիմող անձի նոր սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար, որը վերադարձման ենթակա չէ: Պայմանագիր կնքելու նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Մատակարարը՝ Դիմող անձից այդ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղակայում է Դիմող անձի առևտրային հաշվառքի սարքերը և վերջինիս հետ կնքում է Պայմանագիր: Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերումը, դրանց տեղակայումը և Պայմանագրի կնքումն իրականացվում են մատակարարի կողմից՝ անվճար:

(14.4-րդ կետը խմբ. 06.03.13 N 62-Ն, լրաց. 08.10.14 N 379-Ն)

14.5 (կետն ուժը կորցրել է 06.03.13 N 62-Ն)

14.6 (կետն ուժը կորցրել է 06.03.13 N 62-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3


Մատակարարի ԵՎ սպառողի պատասխանատվությունը էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում

 

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի կամ սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում՝ համապատասխան հաշվարկներով, մատակարարի և սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին մատակարարը և սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

16. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

17. Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում սպառողը գերազանցել է պայմանագրային հզորությունը:

18. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (բացառությամբ առևտրային հաշվառքի սարքերի) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը`

1) բազմաբնակարան շենքի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,

2) 0,22 կՎ լարմամբ սնվող մնացած սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,

3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:

(18-րդ կետը խմբ. 22.08.12 N 334-Ն)

19. Առևտրային հաշվառքի սարքերի (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը, բացառությամբ սույն կանոնների 20-րդ, 65.2 և 65.3 կետերով սահմանված դեպքերի:

(19-րդ կետը խմբ. 22.08.12 N 334-Ն, 12.02.14 N 16-Ն, փոփ., լրաց. 08.10.14 N 379-Ն)

20. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության պահպանման ծախսերը և պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող սպառող չէ, առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է սպառողի սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Պայմանագրում: Սույն կանոնների իմաստով սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը նրա պահպանումն է արտաքին մեխանիկական վնասվածքներից: Սպառողը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի վնասվածքները առաջացել են սպառողի կամքից անկախ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների արդյունքում:

(20-րդ կետը խմբ. 27.04.11 N 200-Ն, 22.08.12 N 334-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 22.08.12 N 334-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատման ԵՎ վերականգնման պայմանները

 

22. Մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին սույն կանոնների համապատասխանաբար 24-րդ և 26-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն:

23. (կետն ուժը կորցրել է 08.10.14 N 379-Ն)

24. Մատակարարը պարտավոր է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ. առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, սպառողներին տեղեկացնել հաջորդ օրվա էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին:

(24-րդ կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

25. Սպառողը (բացառությամբ բնակչության) իրավունք ունի, մատակարարի հետ համաձայնեցնելով, Պայմանագրում ամրագրել էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Նման դեպքում էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին մատակարարը սպառողին պարտավոր է տեղեկացնել Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

26. Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:

27. Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ:

Սպառողը (բացառությամբ բնակչության) և մատակարարը, փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սահմանել սույն կետում սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե վերջինս չի հանգեցնում բնակչության համար սույն կետում սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման:

(27-րդ կետը խմբ. 16.06.11 N 300-Ն, լրաց. 27.02.13 N 53-Ն)

28. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. բազմաբնակարանային շենքերի սպառողներինը` 2 ժամում.

բ. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

գ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,

3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:

(28-րդ կետը խմբ. 16.06.11 N 300-Ն)

28.1. Սույն կանոնների 27-րդ և 28-րդ կետերում նշված պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի` այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար` 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում` 72 ժամը: Միևնույն ժամանակ, եթե սպառողի (բացառությամբ բնակչության) էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են Պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը:

(28.1-ին կետը լրաց. 16.06.11 N 300-Ն, 08.10.14 N 379-Ն)

29. Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա մատակարարը սպառողի  էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վերջինիս կողմից տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան`

ա) 2 ժամում` Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել աշխատանքային օրերին.

բ) 4 ժամում` Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել աշխատանքային օրերին.

գ) 10 ժամում` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, եթե անջատումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրերին:

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը վերականգնելուց հետո պարտավոր է նրա հետ կազմել ակտ` էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ: Ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը պահվում է մատակարարի մոտ:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.10.14 N 379-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.10.14 N 379-Ն)

(29-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

29.1 Մատակարարը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները սույն գլխում նկարագրված դեպքերում սպառողի էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

(29.1-ին կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Սպառողի էլեկտրամատակարարման սահմանափակման ԵՎ վերականգնման պայմանները

 

30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են Հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ին N 9-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի  լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» պահանջների համաձայն կազմված ծրագրերով:

31. Էլեկտրամատակարարման  սահմանափակումների ծրագրերը կիրառվում են էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակներում, երբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրատեղակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն  անխուսափելի են: Էլեկտրամատակարարման  սահմանափակումների ծրագրերը կազմում են ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից։ Այդ սպառողների ցանկը ամեն տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ԵՎ վերականգնման պայմանները

 

32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` վերջինիս կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում:

(32-րդ կետը խմբ. 27.04.11 N 200-Ն)

33. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ Պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում`  էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

դ) սույն կանոնների 14.4 կետի համաձայն էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում։

(պարբերությունն ուժը կորցրել է 08.10.14 N 379-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.10.14 N 379-Ն)

(33-րդ կետը լրաց. 27.04.11 N 200-Ն, փոփ., լրաց. 08.10.14 N 379-Ն)

34. Մատակարարը էլեկտրամատակարարումը վերականգնում է առանց սպառողին նախազգուշացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է Պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Էլեկտրաէներգիայի առԵՎտրային հաշվառքի սարքերը ԵՎ դրանց տեղակայման պայմանները

 

35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Սպառողը (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվառքի սարքով հաշվառվող էլեկտրաէներգիայի քանակի հսկողության նպատակով իրավունք ունի տեղակայել առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք, որի տվյալները ևս նշվում են Պայմանագրում:

(35-րդ կետը խմբ. 22.08.12 N 334-Ն, 08.10.14 N 379-Ն)

36. (կետն ուժը կորցրել է 22.08.12 N 334-Ն)

37. Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում առևտրային հաշվիչների սեղմակաշարերը պետք է կնքվեն մատակարարի կողմից: Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային, իսկ մատակարարը վերստուգիչ հաշվառքի սարքերը, այդ թվում՝ հաշվիչների սեղմակաշարերը:

(37-րդ կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

38. (կետն ուժը կորցրել է  08.10.14 N 379-Ն)

39. Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի  անթույլատրելի ազդեցության  հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,

ե) վտանգ  չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը։

(39-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

40. Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առևտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում:

Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա: Առևտրային հաշվառքի սարքերի համար նախատեսված արկղերը ենթակա են կողպման մատակարարի կողմից: Եթե սպառողի առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը տեղակայված է անհատական արկղում, ապա սպառողն իրավունք ունի կնքել արկղը:

(40-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Սպառած էլեկտրաէներգիայի քանակության հաշվարկման կարգը

 

41. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գարծակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով: Եթե առևտրային հաշվիչն ամիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը հաշվարկվում է Պայմանագրով սահմանված կարգով: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է  հաշվարկային եղանակով, համաձայն սույն կանոնների 12-րդ գլխի պահանջների:

(41-րդ կետը լրաց. 16.10.07 N 421-Ն)

42. 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար, երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլկտրաէներգիայի քանակությանը: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի հետ միասին,  հավելվում են Պայմանագրին և վերանայվում յուրաքանչյուր տարի կամ կողմերից մեկի գրավոր պահանջով տարվա ընթացքում` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:

(42-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

43. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Սպառված էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով (այսուհետ՝ էլեկտրոնային հաշվիչ) հաշվառելու դեպքում մատակարարը առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների): Մատակարարը պարտավոր է տարին առվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները:

(43-րդ կետը խմբ. 08.10.14 N 379-Ն)

43.1 Սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային առևտրային հաշվիչով հաշվառելու դեպքում, երբ այն ավտոմատացված ռեժիմում իր լուսատախտակի վրա հաշվարկային ամսվան հաջորդող ողջ ամսվա ընթացքում չի արտածում սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) կամ ճշգրիտ չի արտացոլում ցերեկային և գիշերային սպառման ժամանակահատվածը, ապա սպառողը գրավոր դիմում է մատակարարին՝ թերությունը շտկելու պահանջով: Սպառողի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է անվճար շտկել թերությունը կամ անվճար փոխարինել էլեկտրոնային առևտրային հաշվիչը` տեղակայելով այլ, առնվազն համարժեք, էլեկտրոնային հաշվիչ և դրա տվյալներն ամրագրել Պայմանագրում:

(43.1-ին կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

43.2 Մատակարարը պարտավոր է սպառողի (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել սպառողի հետ համատեղ` սույն կանոնների 43-րդ կետով սահմանված և սպառողի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի սարքի ցուցմունքը գրանցել առանց սպառողի ներկայացուցչի, եթե վերջինս փոխհամաձայնեցված ժամկետում չի ներկայացել ցուցմունքների գրանցմանը:

(43.2-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

44. Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրատեղակայանքների էլեկտրամատակարարման համար որպես պայմանագրային կողմ հանդես է գալիս բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ սեփականատերերի կողմից լիազորված անձը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

Սպառված էլեկտրաէներգիայի արժեքի հաշվարկը, դրա վճարման կարգը ԵՎ սահմանված ժամկետի խախտման դեպքում մատակարարի ԵՎ սպառողի փոխհարաբերությունները

 

45. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

46. Մատակարարը պարտավոր է.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2-ական անգամ, ժամը 18:00-ից  20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

գ)  սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով.

դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, անվանումը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

ե) սպառողի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս, սույն կետի «ա» ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ենթակա է վճարման մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքի հետ միասին, ընդ որում, մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է փոստային առաքման արժեքը, հետո միայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքը.

զ) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել սպառողին՝ անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի «դ» ենթակետում նշված` առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը:

(46-րդ կետը լրաց. 04.08.10 N 406-Ն, փոփ. 21.03.12 N 78-Ն, փոփ., խմբ., լրաց. 08.10.14 N 379-Ն)

47. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

48. Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2-ական անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում:  Ընդ որում, եթե սպառողը սույն կանոնների 46-րդ կետի համաձայն պահանջել է վճարման հաշիվը իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինս պետք է զգուշացվի գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Զգուշացման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում` այդ ծառայության համար վճարում է սպառողը: Զգուշացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(48-րդ կետը փոփ. 21.03.12 N 78-Ն, 08.10.14 N 379-Ն)

49. Պայմանագրում ամրագրված  վթարային  կամ  տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը իրավունք ունի.

ա) սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան զգուշացնելուց հետո.

բ) վթարային կամ տեխնոլոգիական հզորությունների ապահովման վերաբերյալ Պայմանագրում նշված ժամկետներում չվճարելու դեպքում դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` ժամկետների լրանալուց հետո, առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան կրկին զգուշացնելուց հետո:

(49-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

50. Մատակարարը սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի նաև.

ա) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ, բայց ոչ ավելի, քան օրական չվճարված գումարի 0,1 %-ը։ Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10 %-ը։ Մատակարարը կարող է նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքի չվճարված գումարի նկատմամբ  սկսել տույժի հաշվարկը հաջորդող ամսվա 20-ից, եթե  դրանից առնվազն 7 օր առաջ սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով տեղեկացրել է սպառողին նրա կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է վճարման համար հատկացված ժամկետի ավարտից հետո.

բ) խախտմանը հաջորդող օրացուցային տարում 3 անգամ խախտումը կրկնելու դեպքում, վերջին խախտմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի վերջին տարում օգտագործած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքը։

Եթե սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա մատակարարն իրավունք ունի նաև սպառողին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, եթե նա չունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարը նրա էլեկտրամատակարարումը կարող է դադարեցնել միայն սույն կանոնների 49-րդ կետով նախատեսված ընթացակարգերն ապահովելուց հետո:

(50-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

50.1 Սույն Կանոնների 50-րդ կետի «ա» ենթակետի և 59.2 կետի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները: Չի թույլատրվում հաշվարկված տույժի գումարի նկատմամբ կրկին տույժ հաշվարկել:

(50.1-ին կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

51. Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար` ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ սպառողի էլեկտամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

(51-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

52. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

(գլուխը խմբ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով:

54. Վճարման փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:

55. Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(գլուխը խմբ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

57. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է մատակարարը՝ անկախ առևտրային հաշվառքի սարքի պատկանելությունից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով: Նման դեպքերում սպառողը պարտավոր է հատուցել մատակարարի կողմից առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը:

58. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`

1) սույն Կանոնների 38-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 Վէք  = ՀՎէք  + ՏԿ - ՀԱէք   ,

որտեղ`

Վէք -ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՀՎէք -ն վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ հաշվառքի սարքով հաշվառված էլէկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՏԿ – վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),

ՀԱէք -ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է (կՎտժ)։

Սույն կետում սահմանված ՀՎէք , ՏԿ և ՀԱէք  մեծությունները հաշվարկվում են սույն Կանոնների 41-րդ կետի համաձայն.

2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով, ապա վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված տվյալները: Վերահաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

 

 Վէք  = (ՑԱ  – ՑՆ ) Գհլ  - ՀԱէք ,

որտեղ`

ՑԱ -ն - էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա ցուցմունքն է, որն ամրագրվում է առևտրային հաշվառքի սարքի Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ,

ՑՆ -ն - առևտրային հաշվառքի սարքի գրանցված նախավերջին ցուցմունքն է, որը որոշվում է սույն Կանոնների 43-րդ կետի համաձայն,

Գհլ  – հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների առկայության դեպքում՝ դրանց տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալն է, որը, դրանց բացակայության դեպքում, ընդունվում է հավասար 1-ի.

3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սպառված էլեկտրաէներգիայի քանակը չի հաշվառվում էլեկտրոնային հաշվիչի միջոցով կամ առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

 
Վէք 
 
 =
 
ԱՏօր

Մօծ  Ս%Հ

_______ ,

 100 ± Ս%Հ 

որտեղ`

ԱՏօր -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է սպառողի կողմից,

Ս%Հ -ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է վերահաշվարկի կատարմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cօs φ) և հոսանքային բեռի մեծությունը: Ս%Հ  մեծությունը բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական (-) նշանով, երբ առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է, և՝ դրական (+) նշանով, երբ այն դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

Մօծ -ն սպառողի՝ տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

 
Մօծ
 
 =

ՀԱէք

____ ,

Տօր  

  

    

որտեղ`

Տօր -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով.

4) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սպառված էլեկտրաէներգիայի քանակը չի հաշվառվում էլեկտրոնային հաշվիչի միջոցով կամ առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք  = ԱՏօր  ՆՄօծ  - ՀԱէք ,

որտեղ`

ՆՄօծ -ը առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա՝ տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված՝ սպառողի միջին օրական ծախսն է: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա՝ տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված՝ սպառողի միջին օրական ծախսին:

59. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 1)-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ առևտրային հաշվառքի սարքը`

1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 4)-րդ ենթակետի համաձայն.

2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևով`

 

 
Վէք 
 
 =
 
ԱՏօր

Մօծ  Ս%Հ Տ

____________ ,

 ո(100±Ս%ՀՏ )

 որտեղ`

Ս%ՀՏ -ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է: Ս%ՀՏ մեծությունը բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական (-) նշանով` հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթից դուրս դրական շեղման դեպքում, և՝ դրական (+) նշանով՝ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթից դուրս բացասական շեղման դեպքում:

ո-ը հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար բոլոր հոսանքի տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:

59.1 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի և առևտրային հաշվառքի սարքի սխալի հայտնաբերմանը նախորդող ամսվա սպառողի` տվյալ առևտրային հաշվաքի սարքով սպառված էլեկտրաէներգիայի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի և առևտրային հաշվառքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա՝ տվյալ սպառողի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով:

59.2 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ մատակարարը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Սպառողի կողմից մատակարարի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

59.3 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), սպառողն իրավունք ունի մատակարարից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Մատակարարի կողմից սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Մատակարարի կողմից սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

59.4 Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Սպառողն իրավունք ունի չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե սպառողը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Եթե սպառողը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:

59.5 Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում մատակարարը պարտավոր է դրանք ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը: Մատակարարի և սպառողի միջև վերահաշվարկի արդյուքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև վեճի վերջնական լուծումը:

59.6 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն գլխում ներկայացված ընթացակարգը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը դատական կարգով լուծելու կամ պահանջելու վնասի փոխհատուցում:

(գլուխը խմբ., փոփ. 27.04.11 N 200-Ն, խմբ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

61. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը՝ անկախ դրանց պատկանելությունից, կատարվում են մատակարարի կողմից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ, 65.2 և 65.3 կետերով նախատեսված դեպքերի:

62. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:

63. Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

64. Մատակարարի կամ սպառողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

1) սույն Կանոնների 62-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողին.

2) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է սպառողին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

3) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների), որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

4) մինչև առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը Չափագիտական մարմնի հետ համատեղ կազմում է դրա ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին չափագիտական փորձաքննության եզրակացությունը և, առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն Կանոնների 59.4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին գրավոր ներկայացնում սպառողին:

65. Սույն Կանոնների 64-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել վերջինիս հետ: Այս դեպքում սպառողը պարտավոր է մատակարարի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել առևտրային հաշվառքի սարքը:

65.1 Մատակարարը պարտավոր է սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

65.2 Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

65.3 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը` իր առևտրային հաշվառքի սարքերի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպություններին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ, առնվազն համարժեք, առևտրային հաշվառքի սարքով,

2) սպառողը ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն Կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով:

Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման աշխատանքներին:

65.4 Սույն Կանոնների 65.3 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:

(գլուխը խմբ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱռԵՎտրային հաշվառքի սարքերի փոխարինման ընթացակարգը

 

66. Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

67. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն Կանոնների 12-րդ գլխով ամրագրված ժամկետները:

(67-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

68. Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար սույն կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:

69. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.

ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10000 (տասը հազար) դրամ,

բ) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35 000 (երեսունհինգ հազար) դրամ:

(69-րդ կետը խմբ. 07.12.11 N 567-Ն, փոփ. 05.09.12 N 347-Ն, 08.10.14 N 379-Ն)

70. Մատակարարը սպառողի  դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:

(70-րդ կետը փոփ. 07.11.12 N 429-Ն, 08.10.14 N 379-Ն)

71. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում և սպառված էլեկտրաէներգիայի արժեքը ընթացիկ ամսվան հաջորդող ամսվանից հաշվարկել սույն կանոնների 45-րդ կետի համաձայն:

(գլուխը փոփ. 07.11.12 N 429-Ն, 05.09.12 N 347-Ն, խմբ. 07.12.11 N 567-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

72. Սպառողը կամ Դիմող անձը՝ մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում՝ հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն Կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:

73. Սպառողի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տրվում է գրավոր պատասխան, բանավոր դիմումին՝ բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան հաղորդել տեղեկատվություն կամ ստանալ պարզաբանումներ իրենց դիմումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների, դրանց պատճառների և վերականգնման ժամկետների, սպառված էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ:

75. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

76. Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, սպառողի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն վերջինիս` ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

(գլուխը խմբ. 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

Մատակարարի նկատմամբ կիրառվող տույժերը սույն կանոնների պահանջները խախտելու համար

 

77. Մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, այն դեպքերում, երբ խախտել է`

ա) սույն կանոնների 27-րդ կետում էլեկտրամատակարարման պլանային  ընդհատման համար սահմանված ժամկետը,

բ) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում, սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,

գ) առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման դեպքում սույն կանոնների 29-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը,

դ) վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերը,

ե) վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետում,

զ) վճարման փաստաթղթում սխալի ուղղման սույն Կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգը,

է) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

ը) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

թ) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

ժ) սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետը:

(77-րդ կետը փոփ. 08.12.10 N 699-Ն, խմբ. 27.04.11 N 200-Ն, փոփ. 16.06.11 N 300-Ն, փոփ., խմբ. 11.04.12 N 105-Ն, փոփ., խմբ., լրաց. 08.10.14 N 379-Ն)

78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է տվյալ տարում սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և տվյալ տարում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին հավասար:

(78-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

79. Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրաէներգիայի համար ներկայացվելիք վճարման հաշվում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքից:

(79-րդ կետը փոփ. 08.10.14 N 379-Ն)

80. Մատակարարը սույն Կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս-մաժորի: Սույն Կանոնների իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են մատակարարի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջինիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Սույն Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

(80-րդ կետը խմբ. 11.04.12 N 105-Ն, 08.10.14 N 379-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

Անցումային դրույթներ

 

81. 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից չսնվող բազմաբնակարան շենքի սպառողների դեպքում սույն կանոնների 28-րդ կետի 1-ին ենթակետի ա) պարբերությամբ արտապլանային ընդհատման պահից էլեկտրամատակարարման վերականգնման համար սահմանված ժամկետը գործում է 2016 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը մատակարարը այդ բազմաբնակարան շենքերի սպառողների էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում:

(81-րդ կետը խմբ. 05.09.12 N 346-Ն)

82. (կետն ուժը կորցրել է 05.09.12 N 346-Ն)

83. Մինչև 40 կՎԱ հզորությամբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերում սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը տեխնիկական պայմաններն առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին միացվում է սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է Դիմող անձի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար: Տեխնիկական պայմաններ տալու համար մատակարարի կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ: 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): (նախադասությունը հանվել է 21.12.11 N 596-Ն)

(83-րդ կետը լրաց. 25.04.08 N 209-Ն, փոփ. 24.12.08 N 711-Ն, 08.12.10 N 699-Ն, փոփ. 21.12.11 N 596-Ն)

84. Սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց վրա` 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց սպառման համակարգի` էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն իրականացվում է սույն կանոնների 83-րդ կետի համաձայն:

(84-րդ կետը լրաց. 27.05.09 N 256-Ն, փոփ. 08.12.10 N 699-Ն)

85. Սույն Կանոնների 43-րդ կետով սահմանված՝ սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային հաշվիչով հաշվառելու դեպքում առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) գրանցելու պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից: Մինչև 2015 թվականի մարտի 1-ը մատակարարը գրանցում է էլեկտրոնային առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը:

(85-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

86. Սույն Կանոնների 64-րդ կետի 4)-րդ ենթակետով սահմանված պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից:

(86-րդ կետը լրաց. 08.10.14 N 379-Ն)

(հավելվածը խմբ. 06.04.07 N 155-Ն, լրաց. 16.10.07 N 421-Ն, խմբ., փոփ. 21.12.07 N 658-Ն, լրաց. 25.04.08  N 209-Ն, փոփ. 24.12.08 N 711-Ն, խմբ.11.03.09 N 93-Ն, լրաց. 27.05.09 N 256-Ն, 03.06.09 N 258-Ն, 04.08.10  N  406-Ն, լրաց., փոփ. 08.12.10 N 699-Ն, խմբ., լրաց., փոփ. 27.04.11 N 200-Ն, խմբ. 04.05.11 N 216-Ն, լրաց. 13.07.11 N 334-Ն, խմբ. 27.06.11 N 307-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.06.11 N  300-Ն, լրաց., փոփ. 07.12.11 N 566-Ն, փոփ. 21.12.11 N 596-Ն, խմբ. 07.12.11 N 567-Ն, լրաց., խմբ., փոփ. 07.03.12 N 65-Ն, փոփ. N 21.03.12 N 78-Ն, լրաց. 30.05.12 N 187-Ն, խմբ., փոփ. 22.08.12 N 334-Ն, փոփ., խմբ. 11.04.12 N 105-Ն, խմբ., փոփ. 05.09.12 N 346-Ն, փոփ. 07.11.12 N 429-Ն, լրաց. 13.06.12 N 208-Ն, փոփ. 05.09.12 N 347-Ն, խմբ., լրաց. 06.03.13 N 62-Ն, լրաց. 27.02.13 N 53-Ն, խմբ. 12.02.14 N 16-Ն, փոփ. 30.04.14 N 103-Ն, լրաց. 27.11.13 N 405-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.10.14 N 379-Ն, փոփ. 25.11.15 N 387-Ն)

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սույն կարգով կանոնակարգվում են սպառողի (բացառությամբ բնակչության) (այսուհետ՝ Սպառող) սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ՝ սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների) մատակարարի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ՝ օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում մատակարարի և Սպառողի
օպերատիվ փոխհարաբերությունները:

(նախաբանը լրաց. 06.04.07 N 155-Ն)

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կարգը տարածվում է այն Սպառողների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված է օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պահանջը:

(1.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

1.2. Մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է մատակարարը՝ քննարկելով այն սպառողի հետ: Այդ ցանկում ներառվում են Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց կարգավարումը մատակարարի կողմից անհրաժեշտ է սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և բաշխման ցանցի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ցանկում ներառվում են նաև Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց օպերատիվ ենթակայությունը մատակարարի կարգավարին անհրաժեշտ է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

(1.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)


2. Մատակարարի պարտականությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է՝

1) իրականացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների օպերատիվ կարգավարումը՝ հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների տեխնիկական անձնագրերով սահմանված հարաչափերը.

2) տեղեկացնել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին՝ դրանց քննությունը կազմակերպելու համար.

3) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

4) Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրել տեղեկություններ իր էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի և սնող գծերի էլեկտրական հարաչափերի (բեռ, լարում և այլն) վերաբերյալ.

5) Սպառողի տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

(2.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

3. Սպառողի պարտականությունները

 

3.1. Սպառողը պարտավոր է՝

1) հանձնել մատակարարի օպերատիվ ենթակայությանն այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնք ընդգրկված են վերջինիս սահմանած ցանկում.

2) կատարել մատակարարի՝ իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները՝ բացառությամբ սույն կարգի 7.4 կետով սահմանված դեպքերի.

3) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

4) անհապաղ հայտնել մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

5) փոխհամաձայնեցնել մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող իր սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները:

(3.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

4. Օպերատիվ աշխատանքի կազմակերպումը

 

4.1. Մատակարարը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել մատակարարի և Սպառողի իրավասու անձանց կողմից հաստատված՝

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

(4.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

4.2. Սպառողի կողմից մատակարարի օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը մատակարարը Սպառողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը.

2) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Սպառողը մատակարարին է ներկայացնում վերջինիս ներկայացրած ցանկում ընդգրկված սարքավորումների միացման սխեմաները՝ նշելով սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հարաչափերը:

(4.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

4.3. Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը մատակարարի օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Սպառողի իրավասու անձի և մատակարարի տեխնիկական ղեկավարի միջև կնքված համաձայնագրով, որը կցվում է Պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

(4.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

5. Օպերատիվ ենթակայությունը

 

5.1. Մատակարարի կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Սպառողի օպերատիվ անձնակազմի ղեկավարները՝ սույն կարգի 1.2 կետով սահմանված գործառույթների շրջանակներում:

(5.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.2. Սպառողի սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել՝

1) մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

2) մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և Սպառողի օպերատիվ կառավարման ներքո:

(5.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.3. Մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

(5.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.4. Մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են Սպառողի ներքին հրահանգների համաձայն:

(5.4-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

6. Հայտերի ընդունման, դրանց թույլտվության, սարքավորումները նորոգման դնելու եվ նորոգումից դուրս բերելու կարգը

 

6.1. Մատակարարի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների նորոգումները կատարվում են Սպառողի կողմից տրված հայտերի համաձայն:

(6.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.2. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, անհրաժեշտության դեպքում սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու (վթարային պատրաստականություն) ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

(6.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.3. Պլանային նորոգումների համար մատակարարի կարգավարին հայտերը տրվում են առնվազն երկու աշխատանքային օր առաջ՝ աշխատանքային օրվա ժամը 11.00-15.00-ն:

(6.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

6.4. Սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում Սպառողը, թույլտվություն ստանալով մատակարարի կարգավարից, անջատում է այն, այնուհետև տալիս է շտապ հայտ: Շտապ հայտերը կարող են տրվել շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

(6.4-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.5. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

(6.5-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.6. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:

(6.6-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.7. Հայտերի պատասխանները մատակարարի կարգավարը հայտնում է Սպառողին հայտով նախատեսված նորոգումը սկսելուց մեկ աշխատանքային օր առաջ՝ մինչև ժամը 1400-ն:

(6.7-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

6.8. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է մատակարարի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Մատակարարի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը, եթե հայտով նախատեսված աշխատանքների կատարումը խաթարում է սպառողների էլեկտրամատակարարումը:

(6.8-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.9. Եթե Սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա մատակարարի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը: Այդ մասին մատակարարի կարգավարը համապատասխան գրանցում է կատարում օպերատիվ մատյանում:

(6.9-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.10. Մատակարարի կարգավարը իրավունք ունի թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը օպերատիվ կարգով, եթե դրանց տևողությունը սահմանափակվում է իր հերթափոխով:

(6.10-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

7. Մատակարարի օպերատիվ կարգադրությունները եվ դրանց կատարման ընթացակարգը

 

7.1. Մատակարարի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

4) միացման կամ անջատման,

5) սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների զննումներ կատարելու:

(7.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.2. Մատակարարի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրություն գրանցվում են մատակարարի կարգավարի և Սպառողի օպերատիվ մատյաններում:

(7.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.3. Ստանալով մատակարարի կարգավարի կարգադրությունը, Սպառողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել մատակարարի կարգավարին: Եթե Սպառողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ մատակարարի կարգավարից:

(7.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.4. Մատակարարի կարգավարների կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել առանց վերապահումների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարգադրության կատարումը Սպառողի օպերատիվ անձնակազմի գնահատմամբ կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը և էլեկտրատեղակայանքների ամբողջականությանը, ինչի մասին Սպառողի հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր ղեկավարին՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

(7.4-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.5. Այն դեպքում, երբ կարգադրություն ընդունողը համարում է այն սխալ, պետք է ներկայացնի հիմնավորված առարկություն: Կարգադրությունը կրկնվելու դեպքում Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել:

(7.5-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.6. Մատակարարի կարգավարն իրավունք ունի Սպառողի իրավասու անձից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին՝ վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

(7.6-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.7. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

(7.7-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

8. Օպերատիվ խոսակցությունների վարումը

 

8.1. Օպերատիվ խոսակցությունները ներառում են.

1) Մատակարարի կարգավարի կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

2) Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

(8.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.2. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարները պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով:

(8.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.3. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն մատակարարի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի, որը վերջինս պարտավոր է տրամադրել Սպառողին:

(8.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.4. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

(8.4-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

9. Ռելեական պաշտպանության եվ ավտոմատիկայի սարքվածքների կարգավարումը

 

9.1. Մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի ՌՊԱ սարքվածքների նախադրվածքները հաշվարկում և կատարման համար Սպառողին է առաջադրում մատակարարը:

(9.1-ին կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.2. Մատակարարը և Սպառողը ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ առաջադրանքները և տեղեկատվությունը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:

(9.2-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.3. Մատակարարից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Սպառողը պարտավոր է այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

(9.3-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.4. Վթարային անջատումների դեպքում, մատակարարի պահանջով, Սպառողը պարտավոր է 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իր տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

(9.4-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.5. Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, մատակարարի պահանջով Սպառողը կատարում է հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում մատակարարին:

(9.5-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.6. Սպառողը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել մատակարարին:

(9.6-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.7. Սպառողը պարտավոր է մատակարարի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

(9.7-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.8. Սպառողը պարտավոր է պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել մատակարարին:

(9.8-րդ կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

(հավելվածը լրաց. 06.04.07 N 155-Ն, փոփ. 08.10.14 N 379-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ___

 

________________
(կնքման վայրը)

«___»_________200  թվական

 

Նոր սպառողը կամ կառուցապատողը կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողը,

 

այսուհետև՝ Պատվիրատու_________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը կամ ընկերության անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է _________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Մատակարարը՝ _______________________________________________,

(ընկերության անվանումը)

 

__________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է__________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է Պատվիրատուի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է.

1) Պատվիրատուի դիմումի հիման վրա իրականացնել նրա սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարումը և հաշվառումը.

2) Պատվիրատուի սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին ավարտել և ներկայացնել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ 

_________________________.

(օրը, ամիսը, տարին)

 

(2.1-ին կետը լրաց. 08.12.10 N 699-Ն, փոփ. 30.05.12 N 187-Ն)

2.2. Պատվիրատուն պարտավոր է.

1) իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար վճարել միացման վճարը_________դրամ՝ սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.

2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ միացման վճարի կատարման ժամկետների վրա:

 

3. Վճարման կարգը

 

3.1 Պատվիրատուն վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարի 50 տոկոսը` որպես կանխավճար, սույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,

3.2 միացման վճարի մնացած մասը Պատվիրատուն վճարում է սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

(գլուխը խմբ. 27.06.11 N 307-Ն)

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

4.2. Սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 3.1 կետի համաձայն վճարված կանխավճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:

(4.2-րդ կետը խմբ. 27.06.11 N 307-Ն)

4.3. Սույն պայմանագրի 3.1 կետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը` սույն պայմանագրի 6‑րդ գլխում:

 

5. Լրացուցիչ պայմաններ

 

5.1. Միացման վճարի հաշվարկը կցվում է սույն պայմանագրին: Միացման վճարի հաշվարկում Վլրաց և Վպահուստ բաղադրիչների առկայության դեպքում, դրանց մեծությունները որոշվում են՝ հիմք ընդունելով աշխատանքների նախահաշվային արժեքը, որոնք աշխատանքների ավարտից հետո ճշգրտվում են` ելնելով փաստացի կատարված ծախսերից:

(5.1-ին կետը խմբ. 30.05.12 N 187-Ն)

6. Այլ պայմաններ (լրացնում են Կողմերը)

6.1._____________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________

 

7. Վեճերի լուծումը

 

7.1.   Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ:

7.2. Սույն պայմանագրի 7.1 կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

(8.1-ին կետը խմբ. 30.05.12 N 187-Ն)

8.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

8.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Կատարող ` 

գտնվելու վայրը _____________

Հ/Հ _____________________

հեռախոս __________________

էլ. փոստի հասցեն _____________

ֆաքս_____________________
գործունեության լիցենզիա N 

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Պատվիրատու՝ 

բնակության վայրը (գտնվելու վայրը)

_______________________

հեռախոս _________________

էլ. փոստի հասցեն ____________

ֆաքս ____________________

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 21.12.07 N 658-Ն, խմբ. 27.06.11 N 307-Ն, փոփ., խմբ. 30.05.12 N 187-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշմամբ հաստատված
էլեկտրական էներգիայի մատակարարման
և օգտագործման կանոնների

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են մատակարարի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը Դիմող անձի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով մատակարարին ներկայացնելու պայմանները:

2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով ներկայացվում են հետևյալ հասցեով` www.ena.am/nor_miacum:

3. Դիմող անձը միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց բացի մատակարարին է ուղարկում սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DՕC), ԴՈԿԻՔՍ (DՕCX), ՊԻԴԻԷՖ (PDF) կամ ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:

4. Միացման դիմումը համարվում է ներկայացված մատակարարի կայքում մուտք լինելու օրը: Մատակարարի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:

5. Մատակարարը, միացման դիմումը ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկատվությունը և նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին Դիմող անձին տեղեկացնում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև մատակարարի էլեկտրոնային համակարգում:

6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում Դիմող անձը կարող է ուղարկել պակաս ներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

7. Դիմող անձը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

8. Դիմող անձը իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկատվությունը`

1) միացման դիմումի համարը,

2) միացման դիմումի` մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,

3) Դիմող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),

4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,

5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),

6) էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` միացման պայմանագիր) կնքելու առաջարկի ներկայացնելու ամսաթիվը,

7) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու ամսաթիվը,

8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,

9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):

9. Մատակարարը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև՝ կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում Դիմող անձին` միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:

10. Միացման դիմումը ընդունված լինելու վերաբերյալ Դիմող անձին տեղեկացնելու օրվանից սկսված` մատակարարը սույն կանոնների 13.3 կետով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:

11. Միացման դիմումը մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոնների 13.3 և 13.4 կետերով նախատեսված կարգով և ժամկետներում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, մատակարարը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով Դիմող անձին ներկայացնում է միացման պայմանագիր կնքելու առաջարկ` մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված միացման պայմանագիրը:

(11-րդ կետը փոփ. 27.11.13 N 405-Ն)

12. Միացման պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք սույն կանոններով սահմանված կարգով մատակարարին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:

13. Մատակարարը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են Դիմող անձին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում միացման պայմանագիրը չի կնքվում:

(հավելվածը լրաց. 13.06.12 N 208-Ն, փոփ. 27.11.13 N 405-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2019, N 517-Ն 01.02.2022, N 358-Ն
28.07.2021, N 271-Ն 06.08.2021, N 358-Ն
17.02.2021, N 47-Ն 20.02.2021, N 358-Ն
10.06.2020, N 199-Ն 01.08.2020, N 358-Ն
28.08.2019, N 317-Ն 03.09.2019, N 358-Ն
19.06.2019, N 214-Ն 01.08.2019, N 358-Ն
08.05.2019, N 130-Ն 01.06.2019, N 358-Ն
24.10.2018, N 393-Ն 01.01.2019, N 358-Ն
02.05.2018, N 140-Ն 25.05.2018, N 358-Ն
15.11.2017, N 491-Ն 01.01.2018, N 358-Ն
25.10.2017, N 452-Ն 01.01.2018, N 358-Ն
31.05.2017, N 220-Ն 01.07.2017, N 358-Ն
17.05.2017, N 161-Ն 01.07.2017, N 358-Ն
09.11.2016, N 303-Ն 11.12.2016, N 358-Ն
03.08.2016, N 230-Ն 03.09.2016, N 358-Ն
09.12.2015, N 409-Ն 08.01.2016, N 358-Ն
25.11.2015, N 387-Ն 01.01.2016, N 358-Ն
27.11.2013, N 405-Ն 01.01.2015, N 358-Ն
08.10.2014, N 379-Ն 01.01.2015, N 358-Ն
30.04.2014, N 103-Ն 01.07.2014, N 358-Ն
12.02.2014, N 16-Ն 25.04.2014, N 358-Ն
27.02.2013, N 53-Ն 25.04.2013, N 358-Ն
06.03.2013, N 62-Ն 01.04.2013, N 358-Ն
05.09.2012, N 347-Ն 01.01.2013, N 358-Ն
13.06.2012, N 208-Ն 01.01.2013, N 358-Ն
07.11.2012, N 429-Ն 13.12.2012, N 358-Ն
05.09.2012, N 346-Ն 01.10.2012, N 358-Ն
11.04.2012, N 105-Ն 01.10.2012, N 358-Ն
22.08.2012, N 334-Ն 28.09.2012, N 358-Ն
30.05.2012, N 187-Ն 12.07.2012, N 358-Ն
21.03.2012, N 78-Ն 26.04.2012, N 358-Ն
07.03.2012, N 65-Ն 01.04.2012, N 358-Ն
07.12.2011, N 567-Ն 01.04.2012, N 358-Ն
21.12.2011, N 596-Ն 26.01.2012, N 358-Ն
07.12.2011, N 566-Ն 15.01.2012, N 358-Ն
16.06.2011, N 300-Ն 01.01.2012, N 358-Ն
27.06.2011, N 307-Ն 01.10.2011, N 358-Ն
13.07.2011, N 334-Ն 12.08.2011, N 358-Ն
04.05.2011, N 216-Ն 25.06.2011, N 358-Ն
27.04.2011, N 200-Ն 25.06.2011, N 358-Ն
08.12.2010, N 699-Ն 08.01.2011, N 358-Ն
04.08.2010, N 406-Ն 01.10.2010, N 358-Ն
03.06.2009, N 258-Ն 11.07.2009, N 358-Ն
27.05.2009, N 256-Ն 25.06.2009, N 358-Ն
11.03.2009, N 93-Ն 11.04.2009, N 358-Ն
24.12.2008, N 711-Ն 25.01.2009, N 358-Ն
25.04.2008, N 209-Ն 26.05.2008, N 358-Ն
21.12.2007, N 658 -Ն 01.02.2008, N 358-Ն
16.10.2007, N 421-Ն 25.11.2007, N 358-Ն
06.04.2007, N 155-Ն 25.05.2007, N 358-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան