ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0112/04/14 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0112/04/14 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան Ն. Տավարացյան |
2022 թվականի փետրվարի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Շահինյանի դիմումի` «ԴԵԼՏԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2021 թվականի որոշման դեմ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Շահինյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2020 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցչի բողոք-միջնորդությունը` Ընկերության սնանկության գործով կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 05.06.2020 թվականի որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` Բանկի անունից ներկայացված միջնորդությունը` սնանկության գործով կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, բավարարվել է մասնակիորեն` Ընկերության սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են. մնացած մասով միջնորդությունը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 81-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման կայացման հիմքում ընկած է նաև դատարանի գնահատողական գործառույթը, և ցանկացած պարագայում նմանատիպ որոշման հիմքում պետք է ընկած լինեն բացառապես ծանրակշիռ և առավել քան բավարար հիմնավորումներ՝ պարտադիր կերպով հաշվի առնելով նման որոշման կայացման հետևանքները սնանկության գործի բնական ընթացքն ապահովելու տեսանկյունից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը 2014 թվականից սույն գործով հանդիսանում է սնանկության գործով կառավարիչ, և այս փուլում իր լիազորությունների դադարեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ սնանկության գործընթացի վրա, քանի որ շուրջ վեց տարի սպասարկելով սույն սնանկության գործը՝ խորապես տիրապետում է դրա բոլոր առանձնահատկություններին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն սնանկության գործի շրջանակներում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից բացի նաև այլ պարտատերերի շահեր են սպասարկվում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ աճուրդով վաճառվող գույքի գնորդը հանդիսացել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը տեղեկացված է եղել ֆինանսական մուտքերին, գույքի վաճառքից գոյացած գումարների չափին: Ավելին՝ իր կողմից ներկայացված բաշխման ծրագրերում հստակ արտացոլվել են սնանկության հատուկ հաշվին եղած գումարները, դրանց բաշխման առաջնահերթությունները, և առկա է եղել ամբողջական տեղեկատվություն, որը նույնաբովանդակ կերպով կներկայացվեր հաշվետվություն ներկայացվելու պարագայում:
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե արդյոք իր գործողությունների արդյունքում որևէ պարտատեր կրել է վնաս:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահանջի վերաբերյալ արդեն իսկ մեկ անգամ կայացվել է որոշում, որում նույն հիմնավորումներն ու փաստարկները ենթարկվել են գնահատման: Դրանից ելնելով՝ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժվեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 27.05.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` վերաքննիչ բողոքը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 04.11.2014 վճռով Արթուր Շահինյանի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 7-9).
2) Դատարանի 26.11.2014 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 10, 11).
3) Դատարանի 03.03.2015 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը, և սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 14-16).
4) սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանն Ընկերության լուծարման մասին որոշման ընդունման պահից Դատարան չի ներկայացրել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին.
5) Բանկը 22.05.2020 թվականին Դատարան է ներկայացրել կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդություն` դրա հիմքում դնելով այն, որ Դատարանը 15.01.2020 թվականին որոշում է կայացրել միջանկյալ բաշխման ծրագիրը փոփոխելու մասին, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ կառավարիչ Արմենակ Ադամյանն այդ որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև այժմ բաշխում չի կատարել:
Դատարանի 11.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի կողմից 22.05.2020 թվականին ներկայացված` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2020 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշման դեմ, թողնվել է առանց քննության (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 18-20, գ.թ. 26-28, հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 134-137).
6) Դատարանի 12.06.2020 թվականի որոշմամբ Բանկի բողոք-միջնորդությունը՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.06.2020 թվականի «Բողոք-միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ նաև այն պատճառաբանությամբ, որ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմնական հիմքն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 15.01.2020 թվականի որոշմամբ սահմանված բաշխումները չիրականացնելն է, իսկ պահանջը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2020 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից այդ որոշմամբ սահմանված բաշխումները չիրականացնելու ոչ իրավաչափ լինելը և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ տվել է կառավարչի կողմից միջանկյալ բաշխման ծրագրով սահմանված միջոցների բաշխումը սահմանված ժամկետներում չիրականացնելու, այդ գործողությունը ոչ իրավաչափ գնահատելու և դրա հիման վրա վերջինիս լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ սպառիչ իրավական գնահատական, ուստիև Դատարանի կողմից 12.06.2020 թվականին կայացված որոշումն այլևս ենթակա չէ վերանայման վերաքննության կարգով (հիմք` «www.court.am» պաշտոնական կայքը).
7) Բանկը 02.06.2020 թվականին Դատարան է ներկայացրել կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին մեկ այլ բողոք-միջնորդություն` այս անգամ դրա հիմքում դնելով այն, որ 02.06.2020 թվականին ծանոթացել է գործի նյութերին և պարզել, որ գործի նյութերից բացակայում են սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվելիք ամենամսյա հաշվետվությունները, ուստի պարզ չէ, թե ինչպես են կառավարվել հատուկ հաշվին մուտք եղած դրամական միջոցները, որոնց ծավալը գերազանցում է 300.000.000 ՀՀ դրամը, արդյոք դրանք մշտապես եղել են հատուկ հաշվի վրա, թե` ոչ, արդյոք շուրջ մեկ տարի հատուկ հաշվին ավելի քան 120.000.000 ՀՀ դրամ պահելու արդյունքում գոյացել են տոկոսներ, թե` ոչ, ինչ է տեղի ունեցել աճուրդների մասնակցության վճարների և նախավճարների հետ:
Դատարանի 05.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի կողմից 02.06.2020 թվականին ներկայացված` Ընկերության սնանկության գործով կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդությունը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 21-25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 81-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածում նշված հաշվետվությունը կառավարչի կողմից չներկայացվելու հիմքով վերջինիս լիազորությունները նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով վաղաժամկետ դադարեցնելու առանձնահատկություններին:
1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ կառավարչի՝ պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին հաշվետվությունը ներկայացնելու պարտականությունն օրենսդիրը պայմանավորել է պարտապանի լուծարման մասին որոշումն ընդունելու հետ՝ սահմանելով, որ այն ներկայացվում է նման որոշում կայացնելու պահից: Ընդ որում, յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը կառավարիչը պարտավոր է ներկայացնել մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:
Նույն խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում նույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։ (...)
Նույն հոդվածի 1.1 կետի համաձայն՝ կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելը կամ նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելը հիմք է լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու, հիմք է հանդիսանում նրան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու համար:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատավորը պարտատիրոջ միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում նույն օրենքով սահմանված իր լիազորությունները. նշված կարգավորումը, ըստ էության, կրում է իմպերատիվ բնույթ: Ավելին՝ այդ որոշումն առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ այն առումով, որ կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը հիմք է ինչպես լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու, այնպես էլ նրան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու համար:
Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից ուղղակիորեն բխում է նաև, որ կառավարչի կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելն առաջին հայացքից ևս կարող է հիմք հանդիսանալ վերջինիս լիազորություններն անվերապահորեն վաղաժամկետ դադարեցնելու համար: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ լիազորությունը կառավարչի կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ոչ բոլոր դեպքերում կարող է հիմք հանդիսանալ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար. յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի, թե որքանով է համապատասխան լիազորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով խախտվել սնանկության վարույթի որևէ կողմի իրավունքը կամ օրինական շահը, կամ այդ խախտումը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել այնպիսի վնասի, որը պատճառվել է սնանկության վարույթի որևէ կողմին:
Ավելին՝ ՀՀ կառավարությունը դեռևս 2019 թվականին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ նաև սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերի և կարգի առումով՝ առաջարկելով նշված օրենքի 32-րդ հոդվածը, որը վերնագրել է «Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը», շարադրել նաև այնպիսի խմբագրությամբ, որի համաձայն՝ նոր իրավակարգավորումներ են նախատեսվել այն մասին, որ կառավարչին հնարավորություն է տրվել մինչ իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին դատարանի կողմից որոշում կայացնելն ինչպես դիրքորոշում ներկայացնել դրա վերաբերյալ, որի նպատակով դատարանի վրա պարտականություն է դրվել այդ մասին ծանուցելու կառավարչին, այնպես էլ՝ կառավարչին հնարավորություն է տրվել վերացնելու այդ խախտումները, իսկ դատարանի վրա պարտականություն է դրվել այդ նպատակով պարտադիր սահմանելու ողջամիտ ժամկետ, եթե, իհարկե, այդ խախտումները ենթակա են վերացման: Եվ եթե սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվում են, և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ են ներկայացվում, ապա նման պայմաններում, թեկուզև ժամանակին կառավարիչը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր լիազորությունները, կառավարչի լիազորություններն այլևս վաղաժամկետ դադարեցման ենթակա չեն:
Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 12.12.2019 թվականին ընդունել է ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 41-րդ հոդվածով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 32. |
Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը |
1. Դատարանն իր նախաձեռնությամբ պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանն այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում:
3. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն»:
Նշված օրենքն ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի տարբերություն մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, որն ուղղակիորեն էր սահմանում կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքը՝ որպես այդպիսին նախատեսելով կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, փոփոխության արդյունքում օրենսդիրն այլ մոտեցում է որդեգրել նման իրավիճակներում կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար՝ այն այլևս չնախատեսելով որպես անխուսափելիորեն վրա հասնող հետևանք:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 04.11.2014 վճռով Արթուր Շահինյանի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Դատարանի 26.11.2014 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը: Դատարանի 03.03.2015 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը, և սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Ընկերության լուծարման մասին որոշման ընդունման պահից կառավարիչ Արմենակ Ադամյանը Դատարան չի ներկայացրել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
Բանկը 02.06.2020 թվականին Դատարան է ներկայացրել կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդություն` դրա հիմքում դնելով այն, որ 02.06.2020 թվականին ծանոթացել է գործի նյութերին և պարզել, որ գործի նյութերից բացակայում են սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվելիք ամենամսյա հաշվետվությունները, ուստի պարզ չէ, թե ինչպես են կառավարվել հատուկ հաշվին մուտք եղած դրամական միջոցները, որոնց ծավալը գերազանցում է 300.000.000 ՀՀ դրամը, արդյոք դրանք մշտապես եղել են հատուկ հաշվի վրա, թե` ոչ, արդյոք շուրջ մեկ տարի հատուկ հաշվին ավելի քան 120.000.000 ՀՀ դրամ պահելու արդյունքում գոյացել են տոկոսներ, թե` ոչ, ինչ է տեղի ունեցել աճուրդների մասնակցության վճարների և նախավճարների հետ:
Դատարանը 05.06.2020 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերը նշված բողոք-միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ դատարան հաշվետվություն չի ներկայացվում, եթե տվյալ ամսին նույն հոդվածում նշված չորս ուղղություններով միջոցառումներ չեն կատարվել կամ ներկայացվում է միայն այն միջոցառման վերաբերյալ, որն իրականացվել է:
Վերաքննիչ դատարանը 27.05.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 05.06.2020 թվականի որոշումը վերացրել է և կայացրել է նոր որոշում` Բանկի անունից ներկայացված միջնորդությունը` սնանկության գործով կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, բավարարել է մասնակիորեն ու Ընկերության սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է այն պատճառաբանություններով, որ «Ամենամսյա հաշվետվությունը, որպես սնանկության գործով թափանցիկության ապահովման երաշխիք, պետք է ներկայացվի յուրաքանչյուր ամիս․ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ բացառություն հաշվետվությունը չներկայացնելու իրավունքի վերաբերյալ չի սահմանում։ Ուստի, հաշվետվությունները ենթակա են ներկայացման նույնիսկ այն դեպքում, երբ գույքի վաճառք, դրանից առաջացած միջոցների բաշխում, պարտատերերի պահանջների բավարարում, գույքի կամ ակտիվների հավաքման ուղղությամբ միջոցառումներ չեն իրականացվում։ Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս սնանկության գործով կառավարիչը պարտադիր պետք է հաշվետվություն ներկայացնի, ինչի միջոցով Դատարանը և պարտատերերը հնարավորություն են ունենում իմանալու, թե սնանկության վարույթն ինչ փուլում է, արդյո՞ք առկա չեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են ուղղվել պարտատերերի պահանջների բավարարմանը և այլն: Այլ է խնդիրը, որ եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով սահմանված գործողությունները չեն կատարվել, ապա հաշվետվություն չներկայացնելը կարող է չդիտվել որպես այնպիսի խախտում, որը կարող է հանգեցնել սնանկության գործով կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման։ Սակայն, երբ նման գործընթացներ տեղի են ունենում, և սնանկության գործով կառավարիչն ամենամսյա հաշվետվությունների միջոցով այդ մասին չի հայտնում Դատարանին և պարտատերերին, ապա Դատարանը զրկվում է սնանկության գործով կառավարչի գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, իսկ պարտատերը՝ սնանկության վարույթի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, արդյունքում նաև՝ իրենց իրավունքներն արդյունավետ իրականացնելու, կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու հնարավորությունից», «Սույն սնանկության գործով դեռևս 15․01․2020 թվականի որոշմամբ Դատարանը հաստատել է այն փաստը, որ «Սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը 12․11․2019 թվականին Դատարան է ներկայացրել իր կողմից կազմված, պարտապանի գույքի վաճառքից և ակտիվների հավաքագրումից առաջացած միջոցների բաշխման միջանկյալ ծրագիր», ինչն անհերքելիորեն ենթադրում է, որ տեղի է ունեցել գույքի վաճառք, դրանից ստացվել են միջոցներ, իսկ միջանկյալ բաշխման ծրագրով այդ միջոցները պետք է բաշխվեն պարտատերերի միջև։ Այնուամենայնիվ, պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելուց հետո թե՛ վերոնշյալ, թե՛ կատարված այլ գործողությունների մասին որևէ հաշվետվություն առկա չէ։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ամենամսյա հաշվետվություններ ներկայացնելու իր լիազորությունը չկատարելու արդյունքում սնանկության գործով կառավարիչը թույլ է տվել այնպիսի խախտում՝ անգործություն, որը կարող է հանգեցնել նրա լիազորությունների դադարեցման»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի լիազորությունները պարտատեր Բանկի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցրել է բացառապես այն հիմքով, որ վերջինս չի կատարել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը, այն է՝ սահմանված ժամկետներում Դատարան չի ներկայացրել համապատասխան հաշվետվություններ: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայտնված դիրքորոշումների համաձայն՝ միայն վերը նշված փաստի առկայությունը դեռևս բավարար չէր սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար՝ առանց պարզելու, թե որքանով է համապատասխան լիազորությունը չկատարելու հետևանքով խախտվել սնանկության վարույթի որևէ կողմի իրավունքը կամ օրինական շահը, կամ այդ խախտումը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել այնպիսի վնասի, որը պատճառվել է սնանկության վարույթի որևէ կողմին: Այսինքն՝ սույն քաղաքացիական գործով չի իրականացվել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Մինչդեռ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս Ռազմիկ Մարությունն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ (տե'ս «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):
Գործի նոր քննության ընթացքում դատարանը, դատական ակտ կայացնելու նպատակով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի Բանկի միջնորդության մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ պարզելով, թե կառավարչի կողմից համապատասխան լիազորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որքանով է խախտվել սնանկության վարույթի որևէ կողմի իրավունքը կամ օրինական շահը, կամ այդ խախտումը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել այնպիսի վնասի, որը պատճառվել է սնանկության վարույթի որևէ կողմին:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում գործն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը կարող է վարույթ ընդունվել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերը: Որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու առանձին հիմք օրենսդիրը նախատեսել է նաև այն դեպքը, երբ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Այսինքն՝ եթե առկա է բողոքի ընդունումը մերժելու մասին նման հիմք, ապա վերաքննիչ բողոքը չի կարող ընդունվել վարույթ, և դրա ընդունումը բոլոր դեպքերում ենթակա է մերժման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը 22.05.2020 թվականին Դատարան է ներկայացրել կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդություն` դրա հիմքում դնելով այն, որ Դատարանը 15.01.2020 թվականին որոշում է կայացրել միջանկյալ բաշխման ծրագիրը փոփոխելու մասին, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ կառավարիչ Արմենակ Ադամյանն այդ որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև այժմ բաշխում չի կատարել, կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից անգործության դրսևորումը և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարումը խախտում է Բանկի սեփականության իրավունքը: Դատարանի 11.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի կողմից 22.05.2020 թվականին ներկայացված` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոք-միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2020 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Բանկը կրկին բողոք-միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, որը Դատարանի 12.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.06.2020 թվականի «Բողոք-միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ նաև այն պատճառաբանությամբ, որ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմնական հիմքն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 15.01.2020 թվականի որոշմամբ սահմանված բաշխումները չիրականացնելն է, իսկ պահանջը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2020 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից այդ որոշմամբ սահմանված բաշխումները չիրականացնելու ոչ իրավաչափ լինելը և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ տվել է կառավարչի կողմից միջանկյալ բաշխման ծրագրով սահմանված միջոցների բաշխումը սահմանված ժամկետներում չիրականացնելու, այդ գործողությունը ոչ իրավաչափ գնահատելու և դրա հիման վրա վերջինիս լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ սպառիչ իրավական գնահատական, ուստիև Դատարանի կողմից կայացված 12.06.2020 թվականի որոշումը այլևս ենթակա չէ վերանայման վերաքննության կարգով:
Բանկը 02.06.2020 թվականին Դատարան է ներկայացրել կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին մեկ այլ բողոք-միջնորդություն` այս անգամ դրա հիմքում դնելով այն, որ 02.06.2020 թվականին ծանոթացել է գործի նյութերին և պարզել, որ գործի նյութերից բացակայում են սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվելիք ամենամսյա հաշվետվությունները, ուստի պարզ չէ, թե ինչպես են կառավարվել հատուկ հաշվին մուտք եղած դրամական միջոցները, որոնց ծավալը գերազանցում է 300.000.000 ՀՀ դրամը, արդյոք դրանք մշտապես եղել են հատուկ հաշվի վրա, թե` ոչ, արդյոք շուրջ մեկ տարի հատուկ հաշվին ավելի քան 120.000.000 ՀՀ դրամ պահելու արդյունքում գոյացել են տոկոսներ, թե` ոչ, ինչ է տեղի ունեցել աճուրդների մասնակցության վճարների և նախավճարների հետ: Դատարանը 05.06.2020 թվականի որոշմամբ մերժել է Բանկի կողմից ներկայացված վերը նշված բողոք-միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը 27.05.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 05.06.2020 թվականի որոշումը վերացրել է և կայացրել է նոր որոշում` Բանկի անունից ներկայացված միջնորդությունը` սնանկության գործով կառավարչի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, բավարարել է մասնակիորեն, ու Ընկերության սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Վերը նշված փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքը, քանի որ չնայած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի և 17.11.2020 թվականի որոշումները կայացվել են սույն՝ թիվ ԵԱՔԴ/0112/04/14 սնանկության գործով, սակայն դրանց կայացման առիթ հանդիսացած վերաքննիչ բողոքները չեն բերվել այն նույն հիմքով, որով բերվել է Վերաքննիչ դատարանի կողմից 27.05.2021 թվականին կայացված որոշման համար առիթ հանդիսացած վերաքննիչ բողոքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու ու ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից` Բանկի կողմից 02.06.2020 թվականին ներկայացված միջնորդության մերժման կամ բավարարման հարցը պարզելու նպատակով գործը ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2021 թվականի որոշումը և գործը Բանկի կողմից 02.06.2020 թվականին ներկայացված միջնորդության մերժման կամ բավարարման հարցը պարզելու նպատակով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: