ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-1-Ո-Կ-2
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ |
|
|
Ե. Թումանյանցի | |
Ն. Հովսեփյանի | |
Մ․ Մակյանի | |
Ա. Մխիթարյանի | |
Վ. Քոչարյանի | |
|
Ս. ՉԻՉՈՅԱՆԻ |
|
Դ. հակոբյանի Հ. Շահնազարյանի |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Հ. Մելքոնյանի |
|
Թ. Ղուկասյանի |
2023 թվականի հունվարի 23-ին | ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ Կ-17/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացված հաղորդումը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Հովհաննես Մելքոնյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 24-ին Դատավորի նկատմամբ կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:
Հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ Կ-17/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հանձնաժողովը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 127-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերը, 199-րդ հոդվածի 4-րդ մասը, 362-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 15-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 6-րդ կետը, 4-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 5-րդ կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասը, 341-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 342-րդ հոդվածի 3-րդ մասը, 343-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 344-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշման մեջ նշված իրավական դիրքորոշումը, Խորհրդի 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 և 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները և վերլուծելով վերը նշված իրավանորմերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խորհրդի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, նշել է, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և (կամ) կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և (կամ) գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում, իսկ ժամկետների խախտումները կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման:
Հանձնաժողովը նշել է նաև, որ օրենսդիրը ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումները դասել է հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին՝ նախատեսելով դրանց հիման վրա կատարողական թերթ տալու առանձնահատուկ ընթացակարգ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ ենթաբաժինը, որպես առանձին տեսակի վարույթներ, առանձնացնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ գլխով կարգավորելով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի առանձնահատկությունները՝ օրենսդիրը նախատեսել է դիմումների քննության կարգը՝ մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանելով, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու, դիմումին ներկայացվող պահանջների, դիմումի և այն պարզեցված կարգով քննության, դատարանի որոշմանն առնչվող հատուկ կանոնները: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է առաջին ատյանի դատարանի կողմից դիմումի քննության հատուկ ժամկետ, այն է՝ դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ թելադրված՝ նույն ժամկետում դատական նիստ հրավիրելով: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասը լիազորել է դատարանին վերադարձնել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է 341-րդ և 342-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել դիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու հարցի լուծման առանձնահատուկ ժամկետներ, որպիսի պայմաններում ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի ու 124-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներից՝ դատարանը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու, այդ թվում՝ այն վերադարձնելու հարցը լուծել դիմումը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում՝ դիմումը վերադարձնելու մասին որոշումն ուղարկելով դիմումատուին:
Ընդ որում, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումի քննության հստակ և առավել սեղմ ժամկետ սահմանվելու, ինչպես նաև որոշման կայացումից հետո կատարողական թերթ տալու օրենսդրական հատուկ պահանջները բնավ ինքնանպատակ չեն, և օրենսդիրը, ելնելով իրականացված քննության արդյունքում կայացված որոշմամբ հարցին ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից արդեն իսկ ըստ էության լուծում տրված լինելու հանգամանքից և դիմումի քննության ժամանակ պարզման ենթակա հարցերի ավելի նեղ շրջանակից, այդ դիմումների ընդունելության և քննության համար սահմանել է խիստ սահմանափակ ժամկետ, ինչը նշանակում է, որ ի տարբերություն հայցային ընդհանուր կամ հատուկ վարույթների մյուս գործերի, այս գործերով դատավարական գործողություններն առկա հնարավորությունների պայմաններում պետք է կատարվեն առավել սեղմ ժամկետում՝ պրակտիկայում ևս ապահովելով նման տեսակի դիմումները սեղմ ժամկետում քննելու օրենսդրի իրավաչափ նպատակը:
Վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծության արդյունքում Հանձնաժողովը փաստել է, որ Հասմիկ Խաչատրյանը 2021 թվականի օգոստոսի 5-ին դիմում է ներկայացրել Դատարան՝ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Միշայի Սարգսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում կայացված և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին: Նշված դիմումը 2021 թվականի օգոստոսի 5-ին մակագրվել է Դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին (թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործ): «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից արտատպված և հաղորդմանը կցված քաղվածքի համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով կայացված որևէ դատական ակտ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում չի հրապարակվել: Հանձնաժողովը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությամբ պարզել է, որ 2022 թվականի մայիսի 13-ին Դատավորի կողմից կայացվել է «Դիմումը վերադարձնելու մասին» որոշում: Նշված որոշմամբ, Դատավորն արձանագրել է, որ դիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ, 341-րդ հոդվածի պահանջներին, այն ենթակա է քննության հաճախորդի բնակության վայրի առաջին ատյանի դատարանում, ուստիև այն ենթակա է վերադարձման: Դատավորի թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ըստ առկա գրառման, կողմերին է ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին: Թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հասմիկ Խաչատրյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ բավարարվել է, և թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով Դատարանի «Դիմումը վերադարձնելու մասին» 13.05.2022 թվականի որոշումը վերացվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգել է այն ենթադրության, որ Հասմիկ Խաչատրյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 5-ին Դատարան ներկայացված ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում կայացած և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին դիմումը հանդիսացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի 51-րդ գլխով նախատեսված վարույթի հատուկ կանոններով քննվող դիմում: Հիշյալ դիմումը 2021 թվականի օգոստոսի 5-ին մակագրվել է Դատավորին, և ըստ Հանձնաժողովի՝ Դատավորը պարտավոր է եղել՝
1. դիմումը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում, այն է՝ դիմումը ներկայացնելուց, մակագրվելուց և այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում,
2. դիմումը քննել և որոշում կայացնել՝ դիմումը վարույթ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում:
Մինչդեռ, Դատավորը, ծանոթանալով Հասմիկ Խաչատրյանի՝ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում կայացված և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին դիմումին, այն վերադարձնելու մասին որոշում է կայացրել միայն 2022 թվականի մայիսի 13-ին՝ օրենքով նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո, այն հրապարակել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ օրենքով նախատեսված ժամկետից մոտ 1 տարի, 1 ամիս հետո, նշված որոշումը կողմերին է ուղարկվել միայն 2022 թվականի սեպտեմբերի 16-ին:
Հանձնաժողովը նշել է նաև, որ վարույթ ընդունելու հարցի լուծման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ առնվազն 1 տարի և 1 ամիս հետո միայն ունենալով որոշումը բողոքարկելու իրավական հնարավորություն (որոշումը կարող էր բողոքարկվել այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում)՝ Հասմիկ Խաչատրյանն իրացրել է թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» Դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը բողոքարկելու իր իրավունքը՝ սահմանված կարգով և ժամկետներում Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացնելով վերաքննիչ բողոք: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ բողոքը բավարարվել ու վերացվել է «Դիմումը վերադարձնելու մասին» 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը: Ավելին, թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ փաստվում է, որ տվյալ դեպքում բացակայել է դիմումը վերադարձնելու՝ 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ նախատեսված հիմքը:
Հանձնաժողովը նշել է նաև, որ Դատավորն իր բացատրությամբ չի ներկայացրել որևէ փաստարկ՝ թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով Հասմիկ Խաչատրյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 5-ին ներկայացված դիմումը 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ վերադարձվելու, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին որոշումը հրապարակելու և սեպտեմբերի 16-ին կողմերին ուղարկելու վերաբերյալ: Ըստ Հանձնաժողովի՝ Դատավորի բացատրությունները, ըստ էության, վերաբերելի չեն եղել հարուցված վարույթի հիմքում դրված խախտումներին, քանի որ վարույթը հարուցվել է ոչ թե դատական ակտով թույլ տրված խախտումների հիմքով՝ հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ դատական ակտը վերացնելու մասին, այլ՝ դատավարական ժամկետների խախտման հիմքով, որի վերաբերյալ բացատրությունը որևէ պարզաբանում չի բովանդակել, ուստի Հանձնաժողովին հայտնի չեն եղել դատավարական գործողությունները սահմանված ժամկետից նման տևողությամբ ձգձգվելու կոնկրետ պատճառները՝ դրա օբյեկտիվության հարցը քննության առնելու առումով:
Հանձնաժողովը նշել է նաև, որ Դատավորն իր բացատրության մեջ վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հայտնել է, որ իր գործողությունը որևէ կերպ չի հեղինակազրկում դատական իշխանությունը և չի կրում պարբերական բնույթ, և հաշվի առնելով իր գերծանրաբեռնվածությունը, խնդրել է կարճել հարուցված կարգապահական վարույթը: Մինչդեռ, Հանձնաժողովի գնահատմամբ Դատավորի կողմից չի ներկայացվել գերծանրաբեռնվածության մասին որևէ փաստական տեղեկություն։ Հաշվի առնելով դատավարական գործողության ժամկետի խախտման տևողությունը, Հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ նշված հանգամանքն իր ծանրակշիռ նշանակությամբ ինքնին չի կարող հերքվել բացատրությամբ ներկայացված փաստարկներով:
Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ պարզելու համար, թե արդյոք առկա են Դատավորի օգտին վկայող այնպիսի փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ հիշյալ մասի դիսպոզիցիայի պայմանները բավարարելու համար:
Արդյունքում, Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ վարույթի ընթացքում պարզված և հաստատված կարգապահական խախտման համար էական փաստերի գոյության պայմաններում հնարավոր չէ արձանագրել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի դիսպոզիցիայի պայմանների միաժամանակյա առկայությունը։
Հանձնաժողովը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, Խորհրդի 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ ԲԴԽ-5-Ո-Կ-2 որոշումը, նշել է, որ սույն կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերից հետևում է, որ Հասմիկ Խաչատրյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 5-ին ներկայացված՝ առանձին տեսակի վարույթի կարգով, այդ թվում՝ հատուկ ժամկետներով քննության ենթակա դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշումն օրենքով նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո կայացնելը, այն 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ օրենքով նախատեսված ժամկետից մոտ 1 տարի, 1 ամիս հետո հրապարակելը, 2022 թվականի սեպտեմբերի 16-ին կողմերին ուղարկելը, 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ Հասմիկ Խաչատրյանի 2021 թվականի օգոստոսի 5-ի դիմումը փաստացի սահմանված կարգով Դատարանի կողմից քննարկված չլինելը ոչ միայն խախտել են Հասմիկ Խաչատրյանի արդար դատաքննության հիմնարար իրավունքը, սահմանափակել այդ իրավունքի արդյունավետ իրացումը, այլև՝ Հանձնաժողովի համոզմամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը, Դատավորի կատարած գործողություններն ու վերջինիս վերագրված խախտումներն իրենց էությամբ կարող են կասկածի տակ դնել դատական իշխանության հեղինակությունը, նսեմացվել է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և առնվազն կասկած է հարուցվել Դատավորի բարձր մասնագիտական պատրաստվածության և իր կարգավիճակին համապատասխանության մասով:
Հանձնաժողովը նշել է նաև, որ դատական ակտը, որը կայացվել է դատավարական ժամկետների ակնհայտ և տևական խախտմամբ, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվել է, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, այսինքն՝ դիմումը պետք է ընդունվի վարույթ: Ստացվում է, որ հաղորդում ներկայացրած անձը 1 տարուց ավել զրկվել է իր դիմումը դատարանի կողմից քննության առնվելու, իր համար հնարավոր անբարենպաստ դատական ակտը բողոքարկելու, ըստ այդմ՝ դատական պաշտպանության իրավունքից, ինչն էլ փաստում է թույլ տրված խախտումների հետևանքների ոչ նվազ լինելու և Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելու հիմքերի բացակայության մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ Հանձնաժողովը նշել է, որ Հասմիկ Խաչատրյանի՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին ներկայացված դիմումի ընդունելության հարցն այն վերադարձնելու միջոցով Դատավորը լուծել է սահմանված ժամկետի ակնհայտ խախտմամբ՝ տևական ժամանակ զրկելով անձին արդար դատաքննության տարր հանդիսացող՝ իր դիմումի ընդունելության մասին որոշման բովանդակությանը ծանոթ լինելու և ստանալու պահից այն բողոքարկելու ու բողոքարկման արդյունքը ստանալու օրենքով երաշխավորված իրավունքներից և օրինական սպասելիքներից, ինչպես նաև կատարողական թերթի միջոցով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր ի կատար ածելու իրավունքից: Սույնով պայմանավորված, թույլ է տրվել նաև բուն գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտում, որն էլ իր հերթին կարող էր հանգեցնել ինչպես թվարկված վարքագծի կանոնների, այնպես էլ անձի այլ հիմնարար իրավունքների խախտման, արդյունքում՝ անձը բավականին երկար ժամանակ դատական պաշտպանության հիմնարար իրավունքից եղել է փաստացի զրկված:
Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 336-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովը, անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն հետևության, որ Դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, քանի որ Դատավորը լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը, և այս փաստը հաստատվել է նաև Դատավորի ներկայացրած բացատրության մեջ արտացոլված դիրքորոշումներով, որտեղ վերջինս նշել է իր արարքի նվազ կարևորություն ունենալու մասին:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Հանձնաժողովին և Խորհրդին համապատասխանաբար գրավոր ներկայացրել է բացատրություն և պատասխան, որոնցում, ի թիվս այլնի, նշել է հետևյալ հիմնավորումները.
Դատավորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածը, 341-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, նշել է, որ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածով, և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով, օրենսդիրը որպես իրավասու դատարան դիտարկում է հաճախորդի բնակության վայրի դատարանը։ Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են վեցերորդ ենթաբաժնի դրույթներով։
Վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Դատավորը նշել է, որ օրենսդրի կողմից նման կարգավորման ամրագրումը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ համաձայն որի հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, պայմանավորված է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պահպանման և արդար դատաքննության իրավունքի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Դատավորը նշել է նաև, որ թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով հաճախորդ Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանը 2020 թվականի ապրիլի 21-ին դիմել է Դատարան՝ քաղաքացիական գործի քննությունը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հանձնելու համար, պատճառաբանելով, որ Հասմիկ Խաչատրյանը բնակվում է ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, ք․ Ալավերդի Սանահին կայարան 2/14 հասցեում։ Նշված քաղաքացիական գործը Դատարանի 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հանձնվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումը մերժվել է և քաղաքացիական գործն արխիվացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Ըստ Դատավորի՝ վերոգրյալից հետևում է, որ դիմումը պետք է ներկայացվեր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Դատավորը ներկայացրել է նաև իր կողմից 2021 և 2022 թվականներին ստացված և ավարտված գործերի մասին տեղեկատվություն, հետևյալ բովանդակությամբ․
2021 թվականին ստացել և ընթացք է տվել 3116 քաղաքացիական գործ և 2449 վճարման կարգադրություն։ 2021 թվականին ավարտել է 2499 քաղաքացիական գործ։ Նշված գործերի գրեթե 80 տոկոսի չափով տրվել են կատարողական թերթեր։ 2022 թվականին ստացել է 3126 քաղաքացիական գործ և 700 վճարման կարգադրություն։ Ավարտել է 3560 քաղաքացիական գործ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով տրվել են կատարողական թերթեր։
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի եզրահանգմանը, որ Դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը ստորագրված չէ, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք՝ Դատավորը նշել է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը նման դրոշմակնիք չունի, այդ ժամանակ դատավորը ստորագրում է դատական ակտի բոլոր էջերը, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորը փորձագետ չէ՝ նման եզրահանգման հանգելու համար։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Հասմիկ Խաչատրյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Ծատինյան) 2021 թվականի օգոստոսի 5-ին դիմում է ներկայացրել Դատարան՝ ընդդեմ երրորդ անձինք «Յունիբանկ» ԲԲԸ-ի և ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում կայացված և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին (թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործ):
2. Հաղորդմանը կից ներկայացված թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործի՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից արտատպված քաղվածքի համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով կայացված որևէ դատական ակտ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում չի հրապարակվել:
3. «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ին Դատավորի կողմից կայացվել է «Դիմումը վերադարձնելու մասին» որոշում, որը հրապարակվել է նշված համակարգում 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 14:41:50-ին:
4. Թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Դատավորը նշել է, որ ըստ «DataLex» համակարգի 2021 թվականի հուլիսի 01-ին թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործի արխիվացումը կատարվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում:
Տվյալ դեպքում դիմողի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանը հաճախորդ Հասմիկ Խաչատրյանի հասցեն նշել է «ՀՀ Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ 12փ., 31 տ.», մինչդեռ, թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Հասմիկ Խաչատրյանի բնակության հասցեն է ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, ք. Ալավերդի, Սանահին կայարան 2/14: Այնուհետև, արձանագրել է, որ. «(...) դիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ, 341-րդ հոդվածի պահանջներին, այն ենթակա է քննության հաճախորդի բնակության վայրի առաջին ատյանի դատարանում, ուստիև այն ենթակա է վերադարձման»:
5. Թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 14:41:50-ին, ըստ կատարված գրառման, կողմերին է ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին:
6. Հասմիկ Խաչատրյանի կողմից թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք, որը 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ապա 2022 թվականի նոյեմբերի 11-ին կայացված որոշմամբ Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է և թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով Դատարանի «Դիմումը վերադարձնելու մասին» 13.05.2022 թվականի որոշումը վերացվել է: Նշված որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի համաձայն՝ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։
7. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ գտել է, որ. «(...) Դատարանի այն պատճառաբանությունը, որ թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Հասմիկ Խաչատրյանի բնակության հասցեն է ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի համայնք, ք. Ալավերդի, Սանահին կայարան 2/14, իրապես առարկայազուրկ է, քանի որ Դատարանը, յուրաքանչյուր դեպքում, դիմումի ընդունելության հարցի պարզման փուլում պարտավոր է քննարկել և գնահատել տվյալ դիմումի կապակցությամբ ներկայացված փաստաթղթերը և ըստ այդմ անդրադառնալ դրանց պատշաճ և ոչ պատշաճ հանդիսանալու հանգամանքին»։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ,
5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով կատարված ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի, ենթադրյալ խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի հաղորդումը, ինչպես նաև Հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը, ինչպես ԲԴԽ-49-Ո-Կ-10 կարգապահական վարույթի1 շրջանակներում, այնպես էլ սույն որոշմամբ հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է անձանց իրավունքների պաշտպանության ապահովման այլընտրանքային, ինքնուրույն ձև՝ օժտված վեճերի լուծման համար ինքնուրույնության ու արդյունավետության բավարար աստիճանով: Այսինքն, այն իրենից ներկայացնում է վեճերի արտադատական լուծման համակարգ: Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի կենսագործման հիմքում արդյունավետության սկզբունքն է, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի։ Միաժամանակ նշված ինստիտուտի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։
Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակները` կարևորվում է հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունն անձանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում` որպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային, իրավական հնարավորություն:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: (…)»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(…)»:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
(…)
3. Եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`
(…).
3) հայցադիմումը վերադարձնելու մասին:»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
«(…) 2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց:
5. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի (…)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1.Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «1.Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
(…)»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հարկադիր կատարման ենթակա են`
(…):
6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.
(…):»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (…):»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Կատարողական թերթը տրվում է`
(…):
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 12. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա կատարողական թերթը տալիս է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին որոշումը կայացրած դատարանը` այն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
(…)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ ենթաբաժնի 51-րդ գլխի 341-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է հաճախորդի բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 341-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ:»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
(…)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քննում է կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝
1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից.
2) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է կամ մասնակի չեղյալ է ճանաչվել, և կատարողական թերթը հայցվում է չեղյալ չճանաչված մասի համար:
Խորհուրդը, վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ Դատավորին վերագրված խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների խախտման, ինչպես նաև կրկին կարևորում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը:2
Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի կիրառման հարցերին, նշել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը3: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:4
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը:5
Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Խորհուրդը արձանագրում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով օրենսդիրը ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումները դասել է հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին՝ նախատեսելով դրանց հիման վրա կատարողական թերթ տալու առանձնահատուկ ընթացակարգ:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ ենթաբաժինը, որպես առանձին տեսակի վարույթներ, առանձնացնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ գլխով կարգավորելով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի առանձնահատկությունները՝ օրենսդիրը նախատեսել է դիմումների քննության կարգը՝ մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանելով, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
Խորհուրդը արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածով սահմանվել է դիմումի քննության հատուկ ժամկետ, մասնավորապես, այն որ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասը լիազորել է դատարանին վերադարձնել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է 341-րդ և 342-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել դիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու հարցի լուծման առանձնահատուկ ժամկետներ, որպիսի պայմաններում, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի ու 124-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներից՝ դատարանը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու, այդ թվում՝ այն վերադարձնելու հարցը լուծել դիմումը ներկայացվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում՝ դիմումը վերադարձնելու մասին որոշումն ուղարկելով դիմումատուին:
Անդրադառնալով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքներին, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Հասմիկ Խաչատրյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 5-ին դիմում է ներկայացվել Դատարան՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքում կայացած և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին: Նշված դիմումը 2021 թվականի օգոստոսի 5-ին մակագրվել է Դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին (թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործ): «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից արտատպված և հաղորդմանը կցված քաղվածքի համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով կայացված որևէ դատական ակտ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում չի հրապարակվել:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2022 թվականի մայիսի 13-ին Դատավորի կողմից կայացվել է «Դիմումը վերադարձնելու մասին» որոշում: Նշված որոշմամբ, Դատավորն արձանագրել է, որ դիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ, 341-րդ հոդվածի պահանջներին, այն ենթակա է քննության հաճախորդի բնակության վայրի առաջին ատյանի դատարանում, ուստիև այն ենթակա է վերադարձման: Դատավորի թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ըստ առկա գրառման, կողմերին է ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին:
Խորհուրդն արձանագրում է, որ թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին դիմումը հանդիսացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի 51-րդ գլխով նախատեսված վարույթի հատուկ կանոններով քննվող դիմում, որը 2021 թվականի օգոստոսի 5-ին մակագրվել է Դատավորին և վերջինս պարտավոր էր դիմումը վարույթ ընդունելու, ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հարցը լուծել այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում6 և դիմումը քննել և որոշում կայացնել՝ դիմումը վարույթ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում:7 Մինչդեռ Դատավորը դիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել 2022 թվականի մայիսի 13-ին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո և այն հրապարակել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետից մոտ 1 տարի, 1 ամիս հետո և նշված որոշումը կողմերին է ուղարկվել միայն 2022 թվականի սեպտեմբերի 16-ին:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, չնայած այն հանգամանքին որ վարույթ ընդունելու հարցի լուծման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ առնվազն 1 տարի և 1 ամիս հետո Հասմիկ Խաչատրյանն իրացրել է թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» Դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը բողոքարկելու իր իրավունքը, այնուամենայնիվ խախտվել է վերջինիս արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով Դատավորի կողմից 2021 և 2022 թվականներին ստացված և ավարտված գործերի մասին Խորհրդին ներկայացված տեղեկատվությանը, հարկ է նշել, որ դրանք ըստ էության, չեն բովանդակում այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:
Միաժամանակ Խորհուրդը, ինչպես նախկին կարգապահական վարույթներով, այնպես էլ սույն կարգապահական վարույթի շրջանակներում հարկ է համարում կրկին արձանագրել, որ, այդուհանդերձ, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։8
Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ, այդուհանդերձ, դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով:
Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային ձևի, որոշումների կարևորությունը, միաժամանակ երաշխավորելու համար վարույթների մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է վարույթի քննության առավելագույն ժամկետը, որի չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության:
Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի բացատրությունները, Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թիվ ԱՐԴ1/4572/02/21 քաղաքացիական գործով թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտումներ։
Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները, այն է՝ գործերի քննության ժամկետի խախտումը և դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չեն հիմնավորել քաղաքացիադատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ իրավաչափ նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։
Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին հայտարարել նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
____________________
1 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. հունիսի 6-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշումը:
2 Տես, Բարձրագույն դատական խորհրդի (inter alia) 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27, 2022թ.-ի սեպտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17, 2022թ. նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ-89-Ո-Կ-22 որոշումները:
3 Տես, Սահմանադրական դատարանի 2021թ.-ի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշումը,
4 Տես, ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010
5 Տես, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994
6 Տես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը:
7 Տես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասը:
8 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. սեպտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումը:
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ |
Կ. Անդրեասյան |
անդամներ` | Հ. Գրիգորյան |
Ե. Թումանյանց | |
Ն. Հովսեփյան | |
Մ. Մակյան | |
Ա. Մխիթարյան | |
Վ. Քոչարյան | |
Ս. Չիչոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2023 թվական: