ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ Տ-11712006 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ 3-1823 (ՏԴ) |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. Մանուկյանի
Ս. Գյուրջյանի Ս. Անտոնյանի Է. Հայրիյանի Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ
2006թ. հոկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ-1171 քաղաքացիական գործով ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ ««Ինֆո տաքսի» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 06.03.2006 թվականի վճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով տնտեսական դատարան, Տեսչությունը պահանջել է հօգուտ պետբյուջեի բռնագանձել 1.200.000 ՀՀ դրամի տուգանք, որը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 13.07.2005 թվականի թիվ 232974 հանձնարարագրի հիման վրա ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված 20.07.2005 թվականի թիվ 232974 ակտով։։
ՀՀ տնտեսական դատարանի 06.03.2006 թվականի վճռով հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով՝
1) դատարանը սխալ է մեկնաբանել ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որի պատճառով հանգել է սխալ եզրակացության։
Բողոք բերած անձը բողոքի այս հիմքի առկայությունը հիմնավորում է նրանով, որ հիշյալ հոդվածով ««իրական ժամանակ կամ գրեթե իրական ժամանակ» հասկացությունը սահմանված է որպես ««այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ձայնային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը, որպես իրական ժամանակում տեղի ունեցող»։։ Այս հասկացությունից բողոք բերած անձը եզրակացնում է, որ ««կարգավորողն է որոշում 400 միլիվայրկյանից ավելի ձայնային ուշացումներով կապի ապահովման տրամադրումը» (մեջբերում բողոքից)։։
2) Դատարանը չի կիրառել ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կետը, ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 10-րդ մասի պահանջները», ինչպես նաև ՀՀ կառավարության 03.11.2004թ. թիվ 1465-Ն որոշմամբ լրացված և վերահաստատված՝ ««Արմենիան Թելոֆոն Քոմփանի» ընկերության (այսուհետ՝ ԱրմենՏելի) թիվ 60 լիցենզիայի (այսուհետ՝ թիվ 60 Լիցենզիա) 5.Ա.1 կետը։
Ըստ բողոք բերած անձի, թիվ 60 Լիցենզիայով ուղղակի սահմանված է, որ վարձի դիմաց հանրային ինտերնետի միջոցով ձայնի փոխանցման ծառայություն մատուցելու բացառիկ իրավունքը պատկանում է ԱրմենՏելին, իսկ մնացած բոլոր օպերատորները պարտավոր են հաշվի առնել ««պատմականորեն գերիշխող օպերատորների» բացառիկության իրավունքները (««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կետ)։։
Բողոք բերած անձը ի հիմնավորում իր այս պնդմանը մատնացույց է անում այն հանգամանքը, որ պատասխանող ընկերության տնօրենն ստորագրել է 20.07.2005 թվականի թիվ 232974 ակտը, նշելով, որ ակտի վերաբերյալ չունի առարկություններ։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 06.03.2006 թվականի վճիռը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 13.07.2005 թվականի թիվ 232974 հանձնարարագրով ընկերությունում իրականացվել է ստուգում՝ առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար և կազմվել է թիվ 232974 ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է 1 200 000 ՀՀ դրամի տուգանք։
2) Գործով պատասխանող ընկերության տնօրեն Արտակ Խաչիկի Աբգարյանը ստորագրել է 20.07.2005 թվականի թիվ 232974 ակտը, նշելով, որ ակտի վերաբերյալ չունի առարկություններ։։ Այս հանգամանքին տնտեսական դատարանի ուշադրությանն է հրավիրել հայցվորի ներկայացուցիչը։։ Գործում որևէ ապացույց առկա չէ ակտը նաև հետագայում պատասխանողի կողմից բողոքարկելու մասին։։
3) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 06.09.2005 թվականի թիվ 276-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 08.09.2005 թվականին կազմած է թիվ 1 արձանագրությունը, ուր արձանագրվել է, որ պատասխանողի կողմից մատուցվում են էլեկտրոնային հաղորդակցություններ՝ մասամբ օգտագործելով հանրային համակցման ցանցը և այդ ուղիներով հաղորդման յուրաքանչյուր ուղղությամբ գրանցվել է 480 միլիվայրկյան ցանցային ուշացումներ, եզրակացնելով որ ծառայությունը ««չի հանդիսանում ձայնային ծառայություն»։։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ տնտեսական դատարանը եկել է այն եզրակացության, որ արձանագրված իրավախախտումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պատասխանողը տվյալների փոխանցման ծառայությամբ զբաղվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 01.10.2003թ. տրված տվյալների փոխանցման ծառայության թիվ ՊԼ-2582 լիցենզիան ստանալուց հետո, իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 06.09.2005թ. 276-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի 08.09.2005թ. արձանագրության համաձայն պատասխանողը մատուցում է տվյալների փոխանցման ծառայություններ, քանի որ հաղորդման յուրաքանչյուր ուղղությամբ գրանցվել է 480 միլիվայրկյան ցանցային ուշացումներ։։
Հիշյալ արձանագրությամբ նշվածը դատարանը՝ հիմք ընդունելով ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հասկացությունների բնորոշումը, մեկնաբանել է որպես ««իրական ժամանակը (յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյան) գերազանցող ժամանակում» հաղորդակցություն և բավարար է գտել այդ փաստարկը՝ մատուցված ծառայությունը ««ոչ ձայնային» ծառայություն որակելու համար։։
Սակայն նշված հոդվածը ««իրական ժամանակ» հասկացությունը բնորոշում է հետևյալ կերպ՝ ««Իրական ժամանակ կամ գրեթե իրական ժամանակ՝ այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե Կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող»։։ Նույն հոդվածի մեկ այլ սահմանում տալիս է ««Կարգավորող»-ի բնորոշումը. դա ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծվող հանձնաժողովն է։։
Այս հասկացությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ 400 միլիվայրկյանից ավելի ցանցային ուշացումների առկայությունն օրենսդրի կողմից չի դիտարկվել որպես անհրաժեշտ և բավարար պայման՝ հաղորդակցության ծառայությունը իրական կամ գրեթե իրական ժամանակում մատուցված չդիտարկելու համար։։ Նման որակում կատարելու համար անհրաժեշտ է նաև ««Կարգավորողի» դիրքորոշումը, քանի որ նորմի շարադրանքի անգամ 400 միլիվայրկյանից ավելի ցանցային ուշացումների առկայության դեպքում ««Կարգավորողը» կարող է ծառայությունը բնորոշել որպես իրական ժամանակում մատուցվող, ինչն իր հերթին բավարար է հանդիսանում ծառայությունը ձայնային համարելու համար։։ Սակայն դատարանն իրավական նորմով սահմանված հասկացությունը մեկնաբանելիս չի անդրադարձել հասկացության այս մասին։։ Հետևաբար հիմնավոր է բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը։։
Վճռաբեկ բողոքի այս հիմքը քննարկելիս Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է գտնում նաև անդրադառնալ դրանում բարձրացված այն հարցադրմանը, որ պատասխանողի տնօրենը ստորագրել է 20.07.2005 թվականի թիվ 232974 ակտը, նշելով, որ ակտի վերաբերյալ առարկություններ չունի։ Ավելին, ինչպես արդեն արձանագրվել է, տնտեսական դատարանի վճռի կայացման օրվա դրությամբ ակտը բողոքարկված չի եղել։։
««Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության համաձայն ակտը կազմվում է ստուգման արդյունքներով, եթե ստուգման արդյունքում խախտում կամ թերություն է հայտնաբերվել։։ Խախտում կամ թերություններ չհայտնաբերելու դեպքում ակտի փոխարեն կազմվում է տեղեկանք։։
Նույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները։։ Իրականում, խախտումներն արձանագրվում են հենց ակտով, իսկ օրենսդրի այս ձևակերպումը պայմանավորված է հայտնաբերված (««արձանագրված») խախտման մանրամասն նկարագրությունը ակտում արտացոլելու պահանջ սահմանելու ձգտումով։։ Պատահական չէ, որ օրենսդիրը մանրամասնել է նորմը, պահանջելով ակտում նշել նաև խախտման ժամանակը և հղել այդ խախտումը հիմնավորող փաստաթղթերին։։ Չնայած օրենքի շարադրանքի անկատարությանը, դժվար չէ կռահել ակտում խախտում համարվող գործողության կամ անգործության մանրամասների արտացոլումը պահանջելու օրենսդրի մտադրությունը։։
Քանի որ խախտումը այնպիսի գործողություն կամ անգործություն է, որն արգելված է օրենքով (կամ որը հակասության մեջ է օրենքի պահանջի հետ) և որի համար օրենքով պատասխանատվություն (անբարենպաստ հետևանք) է սահմանված, քննարկվող կետը նաև պահանջում է, որ բուն գործողությունը (որն օրենսդիրը բնորոշել է ««խախտում կամ թերություն» բառակապակցությամբ) նկարագրելուց բացի, ակտում ամրագրվեն նաև այն ««իրավական նորմերը որոնց պահանջը չի կատարվել», ինչպես նաև մատնացույց անել ««պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը»։։
Այսպիսով, ստուգման ակտը իրավախախտման փաստը ամրագրելու եղանակ է։։ Այդ իսկ պատճառով, օրենսդիրը նախատեսել է, որ ««կազմված ակտի» մեկ օրինակը տրամադրվում է ստուգվող անձին, որը պետք է ստորագրի ակտը՝ տարաձայնությունների դեպքում խախտման վերաբերյալ իր ««կարծիքը» ակտում արձանագրելով (««Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 2-րդ կետ)։։ Ինչպես խախտումը արձանագրելու, այդպես էլ առարկությունները ակտում ներառելու անհրաժեշտությունն ակնհայտորեն բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի հետագա քննության համար է. պատահական չէ, որ նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում, որ ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն եզրակացնում է, որ ստուգման ակտը ստուգմամբ հայտնաբերված ««իրավախախտման կամ թերության» առկայության վերաբերյալ արձանագրություն է, որն ամրագրում (ֆիքսում) է իրավախախտման փաստը և այն հաստատող ապացույցները։։
Քաղաքացիական գործի նյութերից երևում է (թեկուզև տնտեսական դատարանի վճռով այս փաստարկին գնահատական չի տրվել), որ պատասխանողի տնօրեն Արտակ Աբգարյանը ծանոթանալով ակտի բովանդակությանը (ստորագրելով ակտը), նշել է, որ ակտի վերաբերյալ առարկություններ չունի։։ Ավելին, գործում որևէ ապացույց առկա չէ ակտը նաև հետագայում պատասխանողի կողմից բողոքարկելու մասին։։ Այսինքն, խախտման փաստն ամրագրող ապացույցի դեմ պատասխանողը չի առարկել և չի էլ վիճարկել այն։։ Մինչդեռ դատարանը թողել է այդ հանգամանքը առանց գնահատման, չնայած որ հայցվորի ներկայացուցիչը բազմիցս նշել է այդ մասին դատաքննության ժամանակ։։
Համադրելով վերը նշված հանգամանքը ՀՀ տնտեսական դատարանի կողմից օրենքի սխալ մեկնաբանություն կատարելու հանգամանքի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը, ինչն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է։
2) Ներկայացված վճռաբեկ բողոքի 2-րդ հիմքը քննարկելիս դատարանը նկատում է, որ հիշյալ օրենքների և թիվ 60 Լիցենզիայի պահանջը դատարանի կողմից չկիրառելու պնդումը որևէ հիմնավորում չունի։։
Այդ իրավական ակտերի կիրառման անհրաժեշտությունը տնտեսական դատարանը կարող էր տեսականորեն անտեսել, եթե հաստատեր արձանագրված իրավախախտման (ձայնային ծառայության մատուցման) առկայության փաստը։։
Մինչդեռ, դատարանը գտել է որ խախտումն առկա չէ։։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։։ Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 06.03.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։։
նախագահող` |
Հ. Մանուկյան |
դատավորներ` |
Ս. Գյուրջյան |
Ս. Անտոնյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |