ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2019 թվականի N 565-Լ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 20 Երևան |
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է համարում նշել, որ նախագծի ընդունումը հիմնավորվում է սոսկ նրանով, որ դատավորների, դատախազների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է: Մինչդեռ, քրեակատարողական ծառայողները զինծառայողներին հավասարեցված անձինք են: Վերջիններիս առնչությամբ օրենսդիրը տարբեր իրավական ակտերի շրջանակներում որդեգրել է միասնական մոտեցումներ, որոնք առնվազն նախագծի կարգավորման առարկայի տեսանկյունից տարբերվում են դատավորների, դատախազների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար որդեգրված մոտեցումներից:
Այս համատեքստում անդրադառնալով զինծառայողներին հավասարեցված այլ անձանց՝ հարկ է նշել, որ «Փրկարար ծառայության մասին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում առկա են աշխատավարձի պահպանման կամ փոխհատուցման այն կառուցակարգերը, ինչ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ՝ նախագծի ընդունման դեպքում տարբերակված մոտեցում կդրսևորվի զինծառայողներին հավասարեցված այլ անձանց միջև՝ քրեակատարողական ծառայողների համար ստեղծելով ավելի բարենպաստ վիճակ:
Միաժամանակ, հատկանշական է, որ քրեադատավարական բարեփոխումների շրջանակներում պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ինստիտուտը վերանայման և վերաիմաստավորման կարիք ունի: Այդ շրջանակներում լիազորությունների ժամանակավոր կասեցման դեպքում աշխատավարձերի պահպանման հնարավորություն ունեցող սուբյեկտների կազմի ընտրության հիմքում դրվող չափանիշները ևս պետք է դառնան առանձին ուսումնասիրության առարկա:
Ելնելով շարադրվածից՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|