ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1373/02/10 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1373/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 11-ին,
քննարկելով Լարիսա Բաբասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2011 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Լարիսա Բաբասյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Ալբերտ Հունանյանի` փոխառությամբ վերցված գումարի բանկային տոկոսները բռնագանձելու պահանջի մասին:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.12.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.01.2011 թվականի որոշմամբ Լարիսա Բաբասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.12.2010 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Բաբասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, սխալ է մեկնաբանել թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 08.10.2010 թվականին կայացված վճիռը, որի արդյունքում սխալ հետևության է եկել այն մասին, որ նշված վճռով արդեն իսկ 3.100.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որպիսի պայմաններում կրկին վճիռ կայացնելն անթույլատրելի է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախկին քաղաքացիական գործով հայց է ներկայացվել 200.000 ՀՀ դրամ գումարը և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարները բռնագանձելու պահանջի մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակ, երբ ինքն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարները հաշվարկել ամբողջ փոխառության գումարի` 3.100.000 ՀՀ դրամի նկատմամբ, Դատարանը հայտնել է, որ ինքը նման պահանջ չի ներկայացրել, որպիսի պայմաններում այդ պահանջը քննության չի կարող առնվել` առաջարկելով ներկայացնել առանձին հայց:
Նման պահանջ քննարկված չլինելու փաստը հաստատվում է նաև թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի եզրափակիչ մասով, որում որևէ նշում չկա այդ պահանջը բավարարված կամ մերժված լինելու մասին:
Նման պայմաններում հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.01.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն`դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ նույն առարկայի մասին օրենսդրական եզրույթը վերաբերում է հայցի առարկային, իսկ հայցի առարկան հայցվորի պահանջն է` ուղղված պատասխանողին կամ պատասխանողներին:Սույն գործով Լարիսա Բաբասյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ալբերտ Հունանյանի` խնդրելով բռնագանձել փոխառությամբ տրված 3.100.000 ՀՀ դրամ գումարից չվերադարձրած 2.900.000 ՀՀ դրամ փոխառության գումարի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հայցի հիմքում դնելով այն հանգամանքը, որ 25.07.2008 թվականին Ալբերտ Հունանյանի սեփականությանն է հանձնել 3.100.000 ՀՀ դրամ` 60 օրվա ընթացքում վերադարձնելու պայմանով, այդ պարտավորությունն Ալբերտ Հունանյանը կատարել է ոչ պատշաճ` պարտավորության կատարման ժամկետի խախտմամբ` փոխառության գումարից վերադարձնելով միայն 2.900.000 ՀՀ դրամ գումարը: Թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննելով Լարիսա Բաբասյանի հայցն ընդդեմ Ալբերտ Հունանյանի` 200.000 ՀՀ դրամ որպես փոխառության պայմանագրով չվճարված մայր գումարը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն չվճարված մայր գումարի տոկոսները բռնագանձելու պահանջների մասին, 08.10.2010 թվականի վճռով հայցը բավարարել է` վճռել է Ալբերտ Հունանյանից հօգուտ Լարիսա Բաբասյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ պարտքի գումար և այդ գումարի վրա հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը կետանցի օրվանից` 25.09.2008 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:
Դատարանը, մերժելով սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունումը, 13.12.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցադիմումին կից փաստաթղթերից փաստվում է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2007 թվականի թիվ ԵԷԴ/0643/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ուստի նման պայմաններում կրկին վճիռ կայացնելը դատարանը համարում է անթույլատրելի»։
Վերաքննիչ դատարանը, մերժելով Լարիսա Բաբասյանի վերաքննիչ բողոքը, 20.01.2011 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «3.100.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ տոկոսներ հաշվարկելու հայցվորի պահանջի մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ 0643/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում արդեն իսկ քննություն կատարվել է»:
Մինչդեռ, ինչպես պարզվեց թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.10.2010 թվականի վճռի հետազոտմամբ, վեճը եղել է նույն անձանց` Լարիսա Բաբասյանի, որպես հայցվորի, և Ալբերտ Հունանյանի, որպես պատասխանողի, միջև, միևնույն հիմքերով, այն է` Ալբերտ Հունանյանը փոխառության գումարները վերադարձնելու պարտավորությունը կատարել է ժամկետի խախտմամբ, սակայն ոչ նույն առարկայի մասին, քանի որ թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով հայցի առարկան 200.000 ՀՀ դրամ փոխառության գումարն է և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումարը, իսկ սույն գործով հայցի առարկան 2.900.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումարն է:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև վերոնշյալ վճռի եզրափակիչ մասի բովանդակությամբ, որում որևէ նշում չկա 2.900.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու մասին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վճռի հետազոտման արդյունքում պարզվել է, որ հայցվորն առաջին ատյանի դատարանում իր դիրքորոշումը հայտնելով խնդրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձել 3.100.000 ՀՀ դրամի հաշվարկով, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԷԴ/0643/02/10 գործով, ելնելով հայցի առարկայից, գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով տոկոսներն ամբողջ 3.100.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկելու առումով հայցադիմումում պահանջ չի ներկայացվել: Հետևաբար, եթե գործը քննող դատարանը դիրքորոշում է արտահայտել տվյալ պահանջը հայցի առարկայի մեջ ներառված չլինելու մասին, Դատարանը տվյալ առարկայի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության հիմքով չէր կարող մերժել հայցադիմումի ընդունումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել թիվ ԵԷԴ/0643/02/10 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.10.2010 թվականի վճիռը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Գ. Հակոբյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|