ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՍԴ3/0147/01/16 ՍԴ3/0147/01/16
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան
Դատավորներ՝ Մ. Պետրոսյան
Ս. Համբարձումյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի ե. դԱՆԻԵԼյանի Լ. Թադևոսյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի Է. Աղաբաբյանի Ռ. Մարտիրոսյանի
քարտուղարությամբ`
մասնակցությամբ` դատախազ
պաշտպան
2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում
դռնբաց
դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Հարութ Սլավիկի Ավանեսյանի և պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91251216 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 30-ի որոշմամբ Հարութ Սլավիկի Ավանեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Հ.Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` 3 դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2017 թվականի հունվարի 26-ի դատավճռով Հ.Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` 3 դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Ավանեսյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (3 դրվագ) յուրաքանչյուր դրվագով` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով` կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կիրառմամբ Հ.Ավանեսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Բաբկեն Գևորգի Եղիազարյանը և Սարգիս Միհրանի Առաքելյանը:
3. Մեղադրող Է.Աղաբալյանի և ամբաստանյալ Հ.Ավանեսյանի ու պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ ամբաստանյալ Հ.Ավանեսյանի և պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 26-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Հ.Ավանեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կիրառմամբ Հ.Ավանեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` 3 դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է թողնվել կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Հ.Ավանեսյանը և պաշտպան Ռ.Մարտիրոսյանը:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Մեղադրող Է.Աղաբալյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` նշելով, որ ստորադաս դատարանները, վերլուծելով գործի հանգամանքները, կայացրել են արդարացի դատական ակտեր, և խնդրել է բողոքաբերների վճռաբեկ բողոքը վերադարձնել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հ.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցանքը կատարելու համար. «(…) [Նա] հանդիսանալով ՊԲ 59703 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ զինվորական կոչումով, 2015 թվականի հոկտեմբերին նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տակ գտնվող թիվ 103 մարտական դիրքում, կոնկրետ չպարզված օրը, ժամը 17:00-ի սահմաններում, շահադիտական դրդումներով, տվյալ մարտական դիրքի գետնատնակում դրված, 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար նույն մարտական դիրքի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Հովհաննես Տարոնի Հովհաննիսյանի զինվորական վերնաշորի գրպանից գաղտնի հափշտակել է նրան պատկանող 58.000 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 234):
Հ.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (1-ին դրվագ) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքը կատարելու համար. «(…) [Նա] 2015 թվականի նոյեմբեր ամսին, ստույգ չպարզված օրը և ժամին, շահադիտական դրդումներով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով նույն զորամասի հակատանկային մարտկոցի ղեկավարման ջոկի կապավոր, շարքային Բաբկեն Գևորգի Եղիազարյանի հետ, որպես համակատարող, վերջինիս հետ միասին գնացել է Մեխակավան բնակավայրի սպայական ավանի 1-ին մասնաշենքի մոտ և Բ.Եղիազարյանից իմանալով, որ այդ մասնաշենքի 15-րդ բնակարանի դուռը կողպեք չունի, ապօրինի մուտք է գործել տվյալ բնակարանը և գաղտնի հափշտակել այնտեղ բնակվող, նույն զորամասի հակատանկային մարտկոցի 2-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Արսեն Ալբերտի Գաբրիելյանին պատկանող զինվորական ձմեռային բաճկոնը` վերջինիս պատճառելով 20.807 ՀՀ դրամի զգալի չափերի գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 234):
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2-րդ դրվագ) Հ.Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքը կատարելու համար. «(…) [Նա], 2015 թ. նոյեմբեր ամսին] նույն օրը ստույգ չպարզված ժամին, շահադիտական դրդումներով, ուրիշի գույքը գաղտնի հափշակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել նույն Մեխակավան բնակավայրի սպայական ավանի 1-ին մասնաշենքում գտնվող 15-րդ բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է տվյալ բնակարանում բնակվող, հակատանկային մարտկոցի 2-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Արսեն Ալբերտի Գաբրիելյանին պատկանող 50.000 ՀՀ դրամ արժողությամբ 1 հատ քաղաքացիական կաշվե բաճկոնը` վերջինիս պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 234-235):
Հ.Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով` հետևյալ հանցավոր արարքը կատարելու համար. «(…) [Նա, 2015 թ. նոյեմբեր ամսին] նույն օրը ստույգ չպարզված ժամին, լեյտենանտներ Անդրանիկ Լևոնի Շադյանի, Արսեն Ալբերտի Գաբրիելյանի և Կարեն Գագիկի Այունցի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջիններիս` Մեխակավան բնակավայրում տեղակայված սպայական ավանի 1-ին մասնաշենքի 15-րդ բնակարան» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 235):
Մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Քանի որ արդեն իսկ հափշտակված զինվորական ձմեռային բաճկոնի գրպանում հայտնաբերված անձնագրից պարզ էր դարձել, որ այն պատկանում է հակատանկային մարտկոցի սպա, լեյտենանտ Ա.Ա.Գաբրիելյանին, (…) Հ.Ս.Ավանեսյանը այդ բաճկոնը հետ է տարել նույն տեղը, որտեղից այն վերցրել էր: Զինվորական ձմեռային բաճկոնը վերադարձնելու նպատակով Հ.Ս.Ավանեսյանը ապօրինի մուտք է գործել նույն` Մեխակավանի սպայական ավանի 1-ին մասնաշենքի 15-րդ բնակարան և նույն տեղից կախել բաճկոնը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 228):
Բացի այդ, Հ.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (3-րդ դրվագ) մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցանքը կատարելու համար. «(…) [Նա] 2015 թվականի նոյեմբեր ամսին, մեկ այլ ստույգ չպարզված օրը և ժամին, շահադիտական դրդումներով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Մեխակավան բնակավայրի սպայական ավանի բնակելի շենքում գտնվող, նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 15-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Արսենի Խալաթյանի մշտական բնակության վայր հանդիսացող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող զինվորական ձմեռային բաճկոնը` պատճառելով 20.807 ՀՀ դրամի զգալի չափերի գույքային վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 181):
6. Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, իր դատական ակտում արձանագրել է. «(…) Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Հարութ Սլավիկի Ավանեսյանը (…) միջնորդել [է] դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել [է] կամավոր, խորհրդակցել [է] պաշտպանի հետ, գիտակցում [է] արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքներն [իրեն] պարզ [են], համաձայն [է] մեղադրանքների հետ և առաջադրված մեղադրանքներում [իրեն] լիովին մեղավոր [է] ճանաչում (…):
(…)
[Առաջին ատյանի] [դ]ատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները:
(…)
Դատարանը գտնում [է], որ կատարած արարքների համար [Հ.Ավանեսյանը] ենթակա [է] քրեական պատասխանատվության և պատժի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 60-61):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Տ]ուժող Հովհաննես Հովհաննիսյանը հաշտվել է ամբաստանյալ Հարութ Ավանեսյանի հետ, ուստի (…) [սույն] քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավանեսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` 3 դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող հանցագործությունների համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 107):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերները փաստարկել են, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 1-ին մասի, 375.3-րդ հոդվածի 5-րդ մասի և 375.4-րդ հոդվածի պահանջները:
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակները նշել են, որ եթե Վերաքննիչ դատարանը խորամուխ լիներ ամբաստանյալ Հ.Ավանեսյանի արարքի իրավաբանական որակման իրավաչափության հարցին, ապա կբացահայտեր ստորադաս դատարանում ամբաստանյալի դատավարական իրավունքը խախտված լինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնելիս բավարարվել է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի, 375.3-րդ հոդվածի 5-րդ մասի, 375.4-րդ հոդվածի ոչ ամբողջական վերլուծությամբ, իրավական գնահատական չի տվել Հ.Ավանեսյանի արարքը ոչ ճիշտ որակված լինելու պարագայում դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերի հարցին:
Բողոքաբերների համոզմամբ, եթե դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարանում մերժվեր` արարքի իրավաբանական որակումը ոչ ճիշտ լինելու հիմքով, ապա Հ.Ավանեսյանը կդատապարտվեր ոչ թե թվով հինգ, այլ երկու կամ երեք դրվագով: Հետևաբար չի կարելի հիմնավորված համարել, որ ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 397-րդ և 398-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող դատական ակտեր:
8.1. Բողոքի հեղինակները փաստարկել են նաև, որ առաջադրված մեղադրանքի նկարագրությունից հետևում է, որ բացի առաջին դրվագից, մյուս բոլոր դրվագները կրում են շարունակվող բնույթ: Հետևաբար ամբաստանյալ Հ.Ավանեսյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Ավանեսյանին առաջադրված մեղադրանքին` նշել են, որ գործի նյութերով չի հիմնավորվել, որ վերջինիս գործողություններն ուղղված են եղել բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելուն:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են մասնակիորեն` Հ.Ավանեսյանի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 21-ի դատական ակտը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Ավանեսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երեք դրվագ) նախատեսված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար:
Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը մարդու` սահմանադրորեն պաշտպանվող հիմնարար իրավունքներից է, որի խախտման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար:
Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն գործողություններով, այն է` մարդու կամքին հակառակ (նրանից մերժում ստանալով կամ նրա կամքն անտեսելով) նրա բնակարան ապօրինի մուտք գործելով: Բնակարան ապօրինի մուտք գործելը կարող է լինել ինչպես գաղտնի, այնպես էլ բացահայտ:
Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության շարժառիթները կարող են տարբեր լինել (օրինակ` խանդի, վրեժի շարժառիթով, խուլիգանական դրդումներով և այլն), որոնք, սակայն, արարքի որակման վրա չեն ազդում:
12. Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լեյտենանտներ Ա.Շադյանի, Ա.Գաբրիելյանի և Կ.Այունցի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջիններիս` Մեխակավան բնակավայրում տեղակայված սպայական ավանի 1-ին մասնաշենքի 15-րդ բնակարան` այնտեղից հափշտակված զինվորական ձմեռային բաճկոնը վերադարձնելու նպատակով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
12.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավանեսյանի արարքում առկա են բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները: Մասնավորապես` ամբաստանյալը լեյտենանտներ Ա.Շադյանի, Ա.Գաբրիելյանի և Կ.Այունցի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարան: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանը մուտք է գործել վերը նշված բնակարան հափշտակված զինվորական բաճկոնը վերադարձնելու շարժառիթով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության շարժառիթը չի կարող ազդել արարքի որակման վրա: Հետևաբար ամբաստանյալ Հ.Ավանեսյանի արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
13. Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Հ.Ավանեսյանի արարքներին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երեք դրվագով, տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, քանի որ առկա է շարունակվող հանցագործություն (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում շարունակվող հանցագործության հատկանիշները բացակայում են: Մասնավորապես` գործի փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված` ամբաստանյալին մեղսագրված արարքները մեկ միասնական դիտավորության մեջ ընդգրկված չեն եղել, և յուրաքանչյուր դեպքում հանցանքը կատարելու դիտավորությունն անձի մոտ կրկին է առաջացել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը) (Շարունակվող հանցագործության վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վ.Մկրտչյանի և այլոց վերաբերյալ 2016 թվականի նոյեմբերի 1-ին կայացված թիվ ԿԴ3/0034/01/15 որոշումը): Հետևաբար ամբաստանյալ Հ.Ավանեսյանի արարքներին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երեք դրվագով, տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
13.1. Անդրադառնալով բողոքաբերների կողմից սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 12-13-րդ կետերում կատարված վերլուծությունն արդեն իսկ բավարար է արձանագրելու, որ այն հիմնավոր չէ:
14. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երեք դրվագ) նախատեսված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հ.Ավանեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները. (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում (mutatis mutandis տե՛ս Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը):
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով` ամբաստանյալ Հ.Ավանեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:
Այսպես`
ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:
Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայով նկարագրված գործողությունը կատարելու պահից: Մասնավորապես, այն ավարտված է համարվում մարդու կամքին հակառակ նրա բնակարան ցանկացած եղանակով (գաղտնի կամ բացահայտ և այլն) ապօրինի մուտք գործելու պահից:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը):
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբեր ամսին` ստույգ չպարզված ժամին, լեյտենանտներ Ա.Շադյանի, Ա.Գաբրիելյանի և Կ.Այունցի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջիններիս` Մեխակավան բնակավայրում տեղակայված սպայական ավանի 1-ին մասնաշենքի 15-րդ բնակարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Ավանեսյանին մեղավոր է ճանաչել 2017 թվականի հունվարի 26-ին կայացրած դատավճռով, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 2017 թվականի հուլիսի 21-ին կայացրել է որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Հ.Ավանեսյանը և վերջինիս պաշտպան Ռ.Մարտիրոսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը): Այսինքն` Հ.Ավանեսյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-րդ մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի նոյեմբեր ամսին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Հ.Ավանեսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ավանեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
20.1. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հարութ Սլավիկի Ավանեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 21-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2. Ամբաստանյալ Հարութ Սլավիկի Ավանեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
3. Հարութ Սլավիկի Ավանեսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1.-րդ կետով` 3 դրվագով նշանակված պատիժները, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կարգով, մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ թողնել կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 7 (յոթ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 21-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան