ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1419-Ն
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կառավարման լիազոր մարմին):
(2-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
3. Ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմում ներառվում են կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
(3-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
4. Սահմանել, որ`
1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գրասենյակ) գործունեության առարկան և նպատակներն են`
ա. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումը` սույն որոշման հավելվածով սահմանված ընթացակարգով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Համապատասխանության եզրակացություն ստացած մոդելների ցանկը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ համապատասխանության եզրակացության տրամադրմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում.
3) (ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 N 452-Ն)
(4-րդ կետը փոփ. 02.06.16 N 579-Ն, 04.05.17 N 452-Ն, խմբ. 29.03.19 N 331-Ն)
4.1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպվում է ընթացակարգին համապատասխան` համաձայն հավելվածի:
(4.1-ին կետը լրաց. 04.05.17 N 452-Ն)
5. Թույլատրել գրասենյակին կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ-դրամարկղային մեքենաների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց տրամադրումը:
(5-րդ կետը լրաց. 02.06.16 N 579-Ն, փոփ. 04.05.17 N 452-Ն, 20.07.17 N 861-Ն, լրաց. 02.11.17 N 1387-Ն, խմբ. 29.03.19 N 331-Ն)
5.1. Սահմանել, որ`
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 331-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 331-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 331-Ն)
4) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 331-Ն)
5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:
(5.1-ին կետը լրաց. 02.06.16 N 579-Ն, փոփ. 29.03.19 N 331-Ն)
6. Գրասենյակին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գրասենյակին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
(7-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
8. Գրասենյակի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
(8-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել գրասենյակին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմն ու արժեքը.
2) հաստատել գրասենյակի կանոնադրությունը.
3) ապահովել գրասենյակի պետական գրանցումը:
(9-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ գրասենյակ) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ պայմանագրի կնքման միջոցով:
Սույն կետում նշված պայմանագրի ձևը հաստատում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման միևնույն չափանիշներին, որոնք հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար գրասենյակը, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուր ամիս կարող է գանձել միջնորդավճար՝ խորհրդի կողմից հաստատված չափով: Ընդ որում, պայմանագրով միջնորդավճար նախատեսված լինելու դեպքում միջնորդավճարը գանձվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող բոլոր իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ միևնույն չափով:
(2-րդ կետը խմբ. 29.03.19 N 331-Ն)
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
3. Գրասենյակը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար վարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնողների գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան):
(3-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
4. Սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցվելու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրասենյակ են ներկայացնում դիմում, որտեղ պարտադիր լրացվում են հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, հարկ վճարողի գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:
(4-րդ կետը փոփ. 29.03.19 N 331-Ն)
5. Գրասենյակն իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների հիման վրա նրանց հետ պայմանագիրը կնքում է դիմումներն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Դիմումը թերի ներկայացվելու դեպքում այն վերադարձվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը` թերությունները վերացնելու համար:
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
7. Գրանցամատյանում գրանցվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դիմումներում նշված պարտադիր տվյալները:
8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում կարող են իրականացնել գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջոցով:
9. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին գրասենյակի տրամադրած տվյալները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
10. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը գրասենյակին են տրամադրում նախորդ ամսվա ընթացքում հարկ վճարողների հետ կնքված և լուծված պայմանագրերի մասին տեղեկատվություն` խորհրդի կողմից հաստատված ձևաչափով:
IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀԱՆԵԼԸ
11. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը խորհրդի որոշմամբ հանվում է գրանցամատյանից, եթե`
1) խախտվել են գրասենյակի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները.
2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվել է գրանցումից հանելու մասին դիմում:
V. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
12. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 331-Ն)
(հավելվածը լրաց. 04.05.17 N 452-Ն, խմբ., փոփ. 29.03.19 N 331-Ն)