ՌՈՄՈԽՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
2010թ. դեկտեմբերի 16-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1951 թվականին և բնակվում է Կալինինգրադի տարածաշրջանի Կալինինգրադ քաղաքում:
A. Դիմողի դեմ քրեական վարույթը
1. Դիմողի ձերբակալումը
6. 2002թ. օգոստոսի 15-ին դիմողը և երկու այլ անձինք ձերբակալվել են Մոսկվայում` թմրամիջոցի վաճառքի կասկածանքով, ոստիկանական գաղտնի օպերացիայի ընթացքում:
7. Ըստ դիմողի` ոստիկանության աշխատակիցները հատուկ վատ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ ձերբակալության ընթացքում, իր գրպանն են գցել թմրամիջոցների մի փոքր փաթեթ և տարել են իր փողերն ու մեքենայի փաստաթղթերը:
8. 2002թ. օգոստոսի 17-ին Մոսկվայի Օստանկինսկի շրջանի դատարանը որոշում է կայացրել դիմողին կալանավորելու մասին: 2002թ. օգոստոսի 19-ին դիմողը բողոքարկել է այդ որոշումը, սակայն նրա բողոքը քննության չի առնվել:
9. Չպարզված ժամանակ գործը քննող մարմինները, ըստ դիմողի, վերցրել են իր մեքենան:
2. Դատաքննությունը
10. Չպարզված ժամանակին դիմողին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների վաճառքի մեջ, և գործը փոխանցվել Մոսկվայի Օստանկինսկի շրջանի դատարան:
11. 2003թ. մարտի 28-ին Օստանկինսկի շրջանի դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել կազմակերպված խմբավորման կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, տեղափոխելու և վաճառելու մեջ: Դատարանը հաստատված է համարել, որ դիմողը, նրա երկու հանցակիցները և մի քանի այլ անձինք կազմակերպել են խումբ` թմրամիջոցներ վաճառելու նպատակով: Դիմողը տեղափոխել է թմրամիջոցները, ձևակերպել վաճառքը: Դատարանում նա հայտարարել է, որ երբևէ թմրամիջոցներ չի վաճառել, և որ գաղտնի գործակալները դիտավորյալ են գցել դրանք իր գրպանը: Դատարանը չի ընդունել դիմողի հայտարարությունները` հիմնվելով նրա հանցակիցների և ոստիկանության աշխատակիցների, անանուն վկա Ա.-ի ցուցմունքների, ինչպես նաև այլ նյութական ապացույցների վրա: Դատարանը դիմողին դատապարտել է ինը տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ:
12. 2003թ. հուլիսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը:
B. Դիմողի կալանքի պայմանները
1. Դիմողի հայտարարությունը
(a) Մոսկվայի IZ-77/2 կալանավայր
13. 2002թ. օգոստոսի 17-ից 2003թ. ապրիլի 2-ը դիմողը պահվել է Մոսկվայի IZ-77/2 կալանավայրում:
14. Առաջին տասն օրվա ընթացքում նրան պահել են թիվ 157 բանտախցում, որտեղ կալանքի պայմանները եղել են բավարար:
15. 2002թ. օգոստոսի 28-ին դիմողը տեղափոխվել է թիվ 283 բանտախուց, որը եղել է հարմարեցված վեց հոգու համար, ունեցել է հինգ կամ վեց մահճակալ, սակայն այնտեղ մնացել է ութ կալանավոր: Դիմողին այդ բանտախցում տրամադրվել է մեկ քառակուսի մետրից պակաս տարածք: Վեց ամսվա ընթացքում նա դուրս չի եկել ամենօրյա զբոսանքի: Նրան չեն տվել սպիտակեղեն: Զուգարանն առանձնացված չի եղել մնացած տարածքից, գտնվել է ճաշասեղանից` երկու մետր, իսկ մահճակալներից մեկ մետր հեռավորության վրա: Պատուհանները ծածկված են եղել փականներով և երկաթյա ճաղերով, որոնք սահմանափակել են բնական լույսի մուտքը: 2002թ. դեկտեմբերին, երբ դրսում ջերմաստիճանի անկումը եղել է մինչև -20C, -28C աստիճան, բանտախուցը չի ջեռուցվել, պատերը պատվել են եղել սառցով, և դիմողն ստիպված քնել է վերնազգեստով: 2002թ. նոյեմբերին և դեկտեմբերին նա չի ընդունել ցնցուղ: Բանտախուցը լցված է եղել ծխով, քանի որ բոլոր կալանավորները ծխել են, մինչդեռ դիմողը ծխող չէ: Բանտախուցը լեցուն է եղել որդերով և խավարասերներով: Կալանավայրի վարչակազմին ուղղված դիմողի բողոքները մնացել են անպատասխան:
16. Անորոշ ժամանակ դատաքննությունից հետո դիմողը տեղափոխվել է դատապարտյալների համար նախատեսված բանտախուց, որտեղ չորս կամ հինգ բանտարկյալներ ստիպված են եղել կիսել մեկ մահճակալը և քնել հերթով:
(b) Մոսկվայի IZ-77/3 կալանավայր
17. 2003թ. ապրիլի 2-ից օգոստոսի 16-ը դիմողը մնացել է Մոսկվայի IZ-77/3 կալանավայրում` նախ թիվ 213 բանտախցում, ապա` թիվ 714-ում:
18. Թիվ 213 բանտախուցը նախատեսված է եղել 30 հոգու համար, սակայն այնտեղ մնացել է ավելի քան հարյուր բանտարկյալ: Բանտարկյալներն ստիպված են եղել քնել հերթով: Դիմողին չեն տվել սպիտակեղեն: Բանտախուցը լեցուն է եղել միջատներով, մլակներով, խավարասերներով, սակայն վարչակազմը չի տրամադրել հակահամաճարակային միջոցներ: Լույսը և հեռուստացույցը միշտ միացած են եղել: Բանտախցում չի եղել օդափոխիչ և այն եղել է ծխապատ: Դիմողը մշտապես տառապել է բարձր ճնշումից և քթի արյունահոսությունից, աճող մաշկաբորբից (դերմատիտից), կորցրել է իր քաշից ավելի քան քսան կիլոգրամ: Նստատեղի նյարդի բորբոքման և ջղարմատների բորբոքման (ռադիկուլիտի) սրացման արդյունքում նրա ոտքերը թմրել են` սահմանափակելով շարժվելու ունակությունը:
19. Չորոշված օր դիմողը տեղափոխվել է թիվ 714 բանտախուց, որը գտնվում էր ուղղիչ հիմնարկի բժշկական թևում, ուր նրան տվել են ճնշումն իջեցնող միջոցներ և ցավազրկող դեղեր:
(c) Սմոլենսկի IZ-67/1 կալանավայր
20. 2003թ. օգոստոսի 17-18-ը դիմողը կալանքի տակ է պահվել Սմոլենսկի IZ-67/1 կալանավայրում:
21. Դիմողի բանտախցում եղել են եռաշարք մահճակալներ, երկու կալանավորվածներ կիսել են մեկ մահճակալ: Սպիտակեղեն չի տրամադրվել: Բանտախուցը եղել է ծխով և միջատներով լեցուն: Զուգարանն առանձնացված չի եղել մնացած մասից:
(d) Կալինինգրադի IK-8 ուղղիչ հիմնարկի թիվ 1 հիվանդանոց
22. 2004թ. հոկտեմբերի 27-ից 2005թ. փետրվարի 16-ը դիմողը մնացել է Կալինինգրադի IK-8 ուղղիչ հիմնարկի թիվ 1 հիվանդանոցում: Նրան չեն տրամադրել սպիտակեղեն կամ հիգիենայի այլ միջոցներ: Նրա բանտախցերը լեցուն են եղել ոջիլներով, միջատներով, խավարասերներով, և դիմողի մոտ սրվել է մաշկային մաշկաբորբը: Դիմողը պահվել է Շ.-ի հետ համատեղ, ով տառապել է շիզոֆրենիայով, ծանր տուբերկուլյոզով, բանտախցում է մնացել նաև -------------ունեցող մի կալանավորված, որն ունեցել է արնահոսող վերքեր մարմնին, բայց օգտվել է ընդհանուր սպասքից: Նա պահվել է նաև այնպիսի անձանց հետ, որոնք տառապել են վարակիչ հեպատիտով: Սնունդն ու ջուրը եղել են վատորակ, և դիմողը զրկված է եղել ամենօրյա զբոսանքից:
2. Կառավարության դիրքորոշումը
(a) Մոսկվայի IZ-77/2 կալանավայր
23. Հիմնվելով IZ-77/2 կալանավայրի ղեկավարության կողմից կազմված 2008թ. հուլիսի 21-ի և 29-ի փաստաթղթերի վրա` Կառավարությունը հայտարարել է, որ 2002-2003 թվականներին IZ-77/2 կալանավայրի առավելագույն տարողունակությունը եղել է 2,110 անձ: Դիտարկվող ժամանակահատվածում հիմնարկում գտնվել է 3,194 կալանավոր: Դիմողը պահվել է թիվ 150 բանտախցում, որն ունեցել է 57.9 քառակուսի մետր տարածք, և թիվ 283 բանտախցում, որն ունեցել է 10.5 քառակուսի մետր տարածք:
24. Հիմնվելով վերը նշված փաստաթղթերի վրա` Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը մշտապես ունեցել է առնվազն չորս մետր տարածք, առանձին քնելու տարածք, ինչպես նաև անկողին: Նրա բանտախուցն ունեցել է բավարար լուսավորություն և օդափոխություն, ինչպես նաև բավարար չափով տաքացվել է ձմռանը: Բոլոր բանտախցերում առկա երկաթյա բեկորներ հանվել են Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության 2002թ. նոյեմբերի 26-ի ցուցումի համաձայն: Բանտախցերը մշտապես ախտահանվել են, իսկ բանտախցերի պատուհանները ձմռանը եղել են ապակեպատ: Դիմողն շաբաթը մեկ անգամ ցնցուղ է ընդունել, իսկ անկողինը համապատասխանաբար փոխվել է:
25. Կառավարությունը հայտարարել է, որ հնարավոր չի եղել ցույց տալ դիմողի հետ բանտախցում համատեղ բնակվող անձանց հստակ թիվը` կալանավայրում գտնվող կալանավորների թվի մասին տեղեկություններ պարունակող համապատասխան գրանցամատյանի ոչնչացման պատճառով:
26. Կառավարությունը տրամադրել է նաև դիմողի` հազիվ ընթերցվող բանտախցի քարտը, համաձայն որի նրան տրամադրել են անկողին և սպասք:
(b) Մոսկվայի IZ-77/3 կալանավայր
27. Մոսկվայի IZ-77/3 կալանավայրում դիմողին կալանքի տակ պահելու ժամանակ կալանավայրի առավելագույն տարողականությունը եղել է 1250 կալանավոր: Այնտեղ դիմողը պահվել է թիվ 202, 213 և 704 բանտախցերում, որոնք ունեցել են, համապատասխանաբար, 32,7, 28,5 և 36,2 քառակուսի մետր տարածք:
28. IZ-77/3 կալանավայրի վարչակազմի կողմից տրամադրված` 2008թ. հուլիսի 22-ի և 31-ի փաստաթղթերին և դիմողի բանտային քարտին հղում կատարելով` Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը մշտապես ունեցել է առնվազն 4 քառակուսի մետր տարածք, առանձին քնելու տարածք և անկողին: Նրա բանտախցերում եղել է բավարար լուսավորություն, և ձմռանը դրանք բավականաչափ տաքացվել են: Բոլոր տեղերում առկա երկաթյա փականները հանվել են` Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության` 2002թ. նոյեմբերի 26-ի ցուցմանը համապատասխան: Նրա բանտախցերը մշտապես հականեխվել են, իսկ պատուհանները ձմռանը ապակեպատ են եղել: Դիմողը շաբաթը մեկ անգամ ցնցուղ է ընդունել, իսկ անկողինը համապատասխանաբար փոխվել է:
29. Կառավարությունը հայտարարել է, որ անհնարին է եղել պարզել դիմողի հետ բանտախցում համատեղ մնացող անձանց հստակ թիվը, քանի որ կալանավորների թվի մասին տեղեկություններ պարունակող գրանցամատյանը ոչնչացվել է:
30. Կառավարությունը ներկայացրել է IZ-77/3 կալանավայրի 2006թ. սեպտեմբերի 20-ի և ապրիլի 10-ի ոչնչացված փաստաթղթերի պատճենները: Առաջին պատճենի համաձայն` IZ-77/3 կալանավայրի հանձնաժողովը ոչնչացրել է հետևյալ փաստաթղթերը. կալանավայրում մաքրության ապահովման գործում ներգրավված կալանավորների ցուցակ, անվտանգության ու հսկողության գործում ներգրավված անձանց ցուցակ, պահակետի փաստաթղթեր, ստուգման ցուցակներ, ներքին գործերի մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների մասին դրույթներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ առկա կապեր: 2006թ. ապրիլի 10-ի հաշվետվության համաձայն` այդ օրը IZ-77/3-ի ղեկավարներից բաղկացած հանձնաժողովը ոչնչացրել է հետևյալ փաստաթղթերը. անձնական կազմով ուսումնական մարզումների փաստաթղթերը, պլանային և ստուգիչ խուզարկությունների ակտերը, կալանավայրի մաքրությունն ապահովող անձանց ցուցակը, IZ-77/3-ի հսկողության պլանը, տարբեր կազմակերպությունների հետ հարաբերություններին վերաբերող փաստաթղթերը և IZ-77/3-ի ղեկավարության կողմից կայացված որոշումների պատճենները:
(c) Սմոլենսկի IZ-67/1 կալանավայր:
31. Դիմողի կալանավորման ժամանակ կալանավայրի առավելագույն տարողունակությունը եղել է 945 կալանավոր: Այնտեղ գտնվել է 894 կալանավոր: IZ-67/1 կալանավայրում դիմողը մնացել է թիվ 171 բանտախցում, որն ունեցել է 17.5 քառակուսի մետր տարածք:
32. Կառավարությունն այնուհետև նշել է, որ IZ-67/1 կալանավայրում դիմողի կալանավորման նյութական պայմանները նույնն են, ինչ վերը նկարագրված` IZ-77/2-ինը և IZ-77/3-ինը:
(d) Կալինինգրադի IK-8-ի թիվ 1 հիվանդանոց
33. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիրքորոշում Կալինինգրադի IK-8-ի թիվ 1 հիվանդանոցի վերաբերյալ:
A. Դիմողի բուժօգնության վկայակոչվող թերությունները
34. 2004թ. օգոստոսին դիմողը, ըստ իր հայտարարության, դիմել է ատամնաբույժի օգնությանը և վճարել է դրա դիմաց: Մի քանի խորհրդակցություններից հետո հիմնարկի հիվանդանոցի ղեկավարը մերժել է բուժման շարունակությունը, որը դիմողին պատճառել է ֆիզիկական և հոգեկան տառապանք, քանի որ նա անկարող է եղել ուտել:
35. 2004թ. օգոստոսի 11-ին դիմողը բողոք է ներկայացրել հիմնարկի հիվանդանոց իր տեսողության վատթարացման մասին, սակայն բուժումը մերժվել է:
36. Մեկ ամիս անց, երբ դիմողը փաստորեն անկարող է եղել տեղաշարժվել, վարչակազմը նշանակել է, դիմողի կնոջ կողմից վճարվող, ակնաբույժ` դիմողին հետազոտելու նպատակով: Նրա մոտ ախտորոշվել է երկու աչքի ցանցաթաղանթային պառակտում, որի պատճառով խորհուրդ է տրվել անհապաղ կատարել վիրահատություն:
37. 2004թ. հոկտեմբերին դիմողը տեղափոխվել է Կալինինգրադի IK-8-ի թիվ 1 հիվանդանոց:
38. Պարզվում է, որ անտեսելով դիմողի անընդմեջ խնդրանքները` նա չի հետազոտվել որևէ մասնագետի կողմից մինչև 2004թ. դեկտեմբեր:
39. 2004թ. դեկտեմբերի 20-ին դիմողը հետազոտվել է ակնաբույժի կողմից, ով ախտորոշել է երկու աչքերի ցանցաթաղանթային պառակտում:
40. 2004թ. դեկտեմբերի 22-ին բժշկական խորհուրդը եզրակացրել է, որ դիմողի հիվանդությունն անհամատեղելի է նրա շարունակվող կալանքի հետ: 2005թ. փետրվարի 16-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից:
41. 2005թ. ապրիլի 8-ին դիմողը տեսողության կորստի պատճառով ստացել է հաշմանդամի կարգավիճակ:
42. Կալինինգրադի Ցենտրալնի շրջանի դատարանի` 2005թ. մայիսի 13-ի որոշմամբ դիմողն ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով:
D. Աչքի բուժումը մերժելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վարույթը
43. 2006թ. մարտին դիմողը բողոքներ է ներկայացրել IK-9, IK-8 ուղղիչ հիմնարկների, Ֆինանսների նախարարության դեմ` պահանջելով 50,000 եվրո (EUR)` բուժօգնություն տրամադրելը մերժելու հետևանքով պատճառված նյութական վնասի դիմաց, որի պատճառով նա կորցրել է տեսողությունը: Պարզվում է, որ վարույթների ընթացքում դիմողի շահերը պաշտպանել է նրա կողմից ընտրված փաստաբանը:
44. Կալինինգրադի Ցենտրալնի շրջանի դատարանի 2007թ. մարտի 26-ի վճռով դիմողի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռի համաձայն.
«… Դատավճիռների կատարման դաշնային ծառայության Կալինինգրադի տարածաշրջանային վարչության բժշկական բաժնի ղեկավարի 2005թ. ապրիլի 4-ի պատասխանից հետևում է, որ [դիմողը] գտնվել է բժշկական հսկողության ներքո OM-216/9 ուղղիչ հիմնարկի բժշկական բաժնում 2003թ. սեպտեմբերի 10-ից: Նա հետազոտվել է բժշկական կոլեգիայի կողմից, որը եզրակացրել է, որ նրա առողջական վիճակը բավարար է: 2004թ. աշնանից դիմողն սկսել է նկատել իր տեսողության կտրուկ վատթարացում: 2004թ. հոկտեմբերի 20-ից նա հետազոտվել է ակնաբույժի կողմից: Սկզբնական ախտորոշումն է եղել «երկու աչքերի ցանցաթաղանթային երկրորդական պառակտում: Ախտորոշումը հաստատելու նպատակով [դիմողը] տեղավորվել է թիվ 1 հիվանդանոցում, որտեղ մնացել է 2004թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2005թ. փետրվարի 16-ը և ստացել է առկա (ստացիոնար) բուժում, ինչպես նաև անցել է ռենտգենյան հետազոտություն: Նրան ախտորոշել են երկու աչքի ցանցաթաղանթային լրիվ պառակտում»:
…
Դատարանի կողմից հարցաքննված վկա Ս.-ն հայտարարել է, որ հետազոտել է դիմողին, նրա կնոջ խնդրանքով, 2004թ. հոկտեմբերի 20-ին IK-9 ուղղիչ հիմնարկում: Նա ախտորոշել է դիմողին [երկու աչքի ցանցաթաղանթային պառակտում]: Նա նշել է, որ դիմողին անհրաժեշտ է անցնել հետազոտություն հիվանդանոցում:
…
Բուժ. խորհուրդն իր թիվ 98 հաշվետվությունում հաստատել է հետևյալը.
Խորհրդի մոտ առկա նյութերը թույլ չեն տալիս հաստատել հստակ ժամանակահատվածը, որի ընթացքում դիմողը ձեռք է բերել հիվանդությունը, որի արդյունքում նա դարձել է հաշմանդամ:
Այդուհանդերձ, հիմնավոր կլինի եզրակացնել, որ հիվանդությունը (երկու աչքի ցանցաթաղանթային պառակտում, որի արդյունքում դիմողին տրվել է հաշմանդամի կարգավիճակ) սկսել է զարգանալ 2004թ. հունիսի 15-ից, երբ դիմողն առաջին անգամ բողոքել է աչքերում սև կետերի պարբերաբար առաջացումից և տեսողության վատթարացումից:
Գործի նյութերը և բժշկական փաստաթղթերը հետազոտելուց հետո խորհուրդը հայտնաբերել է մեծ կոպիտ սխալներ դիմողի ախտորոշման և բուժման մեջ, երբ վերջինս մնացել է թիվ 1 հիվանդանոցում.
- չնայած տեսողության վատթարացման մասին բողոքին և 2004թ. հոկտեմբերի 27-ին երկու աչքերում ցանցաթաղանթի պառակտման ախտորոշման առթիվ լրացուցիչ ակնաբուժական հետազոտություն նշանակելու խնդրանքին, դիմողը ժամանակին չի ենթարկվել հետազոտության: Նա հետազոտություն է անցել միայն 2004թ. դեկտեմբերի 20-ին, այն է` հիվանդանոց ընդունվելուց երկու ամիս անց, ինչը հսկայական բացասական հետևանքներ է թողել նրա տեսողության վրա.
- «երկու աչքերի ցանցաթաղանթային պառակտում” ախտորոշումից հետո հիվանդանոցում հետազոտվելիս դիմողը չի անցել աչքի գերձայնային հետազոտություն, որը նշանակվել էր 2004թ. դեկտեմբերի 20-ին: Դա անհրաժեշտ էր պարզելու համար հիվանդության պատճառը, որը կարող էր պատճառված լինել վնասվածքի, նորագոյացության կամ չափազանց մեծ ֆիզիկական լարվածության արդյունքում:
Հատուկ բժշկական խորհրդի եզրակացության համաձայն` դիմողը տառապում է երկու աչքերի ցանցաթաղանթային լրիվ պառակտում, որի արդյունքում առաջացել է լրիվ կուրություն: Անհնարին է պարզել դրա ճշգրիտ պատճառները` հատկապես կապված թիվ 1 հիվանդանոցում դիմողի հետազոտության և բուժման թերությունների հետ:
…
Դիմողի բժշկական փաստաթղթերում առկա տվյալների համաձայն` 2000 թվականին նա տառապել է երկու աչքերի թեթև կարճատեսությամբ` 0,2 աջ աչքում, 0,1 ձախ աչքում, որն հասել է մինչև 1,0:
Ավելին, դիմողի աչքի խնդրի մեծացումը թույլ է տալիս մասնագետների խորհրդին եզրակացնելու, որ բարձր ճնշումը չի եղել երկկողմանի ցանցաթաղանթային պառակտման խորացման համար:
Դիմողի հիվանդությունը, որի հետևանքով նա դարձել է հաշմանդամ, ունի հստակ պատճառական կապ նրա բուժման թերությունների հետ:
Չնայած այն փաստին, որ հնարավոր չի եղել պարզել դիմողի հիվանդության կոնկրետ պատճառը, կոպիտ խախտումներ են տեղի ունեցել` կապված դիմողի հետազոտության և բուժման հետ: 2004թ. հոկտեմբերի 20-ին ակնաբույժի կողմից կատարված առաջին հետազոտության ընթացքում վերջինս ախտորոշել է դիմողին երկկողմանի ցանցաթաղանթային պառակտում` բիբի մշտապես կարմրելու հակումով, ինչը ցույց է տալիս, որ հենց այդ ժամանակ դիմողը չի տառապել լրիվ ցանցաթաղանթային պառակտմամբ, և ժամանակին բուժում ստանալու դեպքում դրական ելքը, ներառյալ տեսողության մասնակի պահպանումը չէր բացառվի: 2004թ. դեկտեմբերի 20-ին դիմողն արդեն ախտորոշել են լրիվ երկկողմանի ցանցաթաղանթային պառակտում:
Հետևաբար, դիմողին պրոֆեսիոնալ ակնաբուժական վիրահատությամբ ապահովելը հետաձգելը ճակատագրական դեր է կատարել նրա կուրանալու հարցում:
Հաշվի առնելով գործով վերը նշված հանգամանքները` դատարանը գտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողի հետազոտման և բուժման թերությունները, որոնք առաջացրել են նրա կուրությունը, պատճառել են նրան ֆիզիկական և հոգեկան տառապանքներ:
Այդ հանգամանքների ներքո և հաշվի առնելով դիմողի հոգեկան և ֆիզիկական տառապանքը, որը պատճառվել է նրան ազատազրկման ընթացքում ոչ պատշաճ բժշկական օգնության արդյունքում, ինչն էլ հանգեցրել է կուրության, դատարանը հիմնավոր է համարում նրան 300,000 ռուբլի տրամադրելը` որպես ոչ նյութական վնասի հատուցում` ընդդեմ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության:
45. Վճռի կայացման օրն ընդունված հատուկ որոշմամբ Ցենտրալնի շրջանի դատարանը պարտավորեցրել է Դատավճիռների կատարման դաշնային ծառայությանը և Դատավճիռների կատարման Կալինինգրադի տարածքային դեպարտամենտին ուշադրություն դարձնել այն փաստին, որ դիմողի գործի քննությամբ բացահայտվել են Կալինինգրադի ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար բժշկական օգնության կազմակերպման թերություններ, որոնք լրջորեն վտանգել են նրանց կյանքը և առողջությունը: Երկու պաշտոնատար անձանցից պահանջվել է տեղեկացնել դատարանին ներպետական օրենսդրությամբ սահմանված համապատասխան ժամկետներում ձեռնարկված միջոցների մասին:
46. Այդ պահանջի արդյունքները պարզված չեն:
47. 2007թ. մայիսի 30-ին Կալինինգրադի շրջանային դատարանը մերժել է դատախազի բողոքն ընդդեմ 2007թ. մարտի 26-ի վճռի: Հատկապես այն մերժել է դատախազի փաստարկն առ այն, որ փոխհատուցման չափը եղել է չափազանց, և գտել է, որ այն հիմնավոր է և համապատասխան:
48. 2007թ. մարտի 26-ի վճիռը բողոքարկելու արդյունքում 2007թ. մայիսի 30-ին կայացված որոշումն ուղարկվել է դիմողի ընտանիքին` «Ռոմոխովի» փոխարեն «Ռոմախով» անվամբ:
E. 2007թ. մարտի 26-ի վճռի կատարումը
1. Կառավարության գնահատականը
49. 2007թ. մայիսի 30-ին Կալինինգրադի Ցենտրալնի շրջանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
50. 2007թ. օգոստոսի 24-ին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը դիմողից` ստացել է չհստակեցված «կատարողական թերթ» վերը նշված վճռի կապակցությամբ:
51. 2007թ. հոկտեմբերի 17-ին Ֆինանսների նախարարությունը դիմողից կրկին ստացել է չհստակեցված «կատարողական թերթ»:
52. 2007թ. նոյեմբերի 21-ի նամակով Ֆինանսների նախարարությունը վերադարձրել է դիմողին փաստաթղթերի առաջին փաթեթը, քանի որ նա չէր ներկայացրել վճռի պատշաճ պատճենը և իր բանկային տվյալները:
53. 2007թ. դեկտեմբերի 5-ի նամակով Նախարարությունը դիմողին է վերադարձրել փաստաթղթերի երկրորդ փաթեթը, քանի որ նա կրկին չի ներկայացրել վճռի պատշաճ պատճենը և իր բանկային տվյալները:
54. 2008թ. փետրվարի 13-ին Ֆինանսների նախարարությունն ստացել է պահանջվող փաստաթղթերը:
55. 2008թ. մայիսի 29-ին 300,000 ռուսական ռուբլի (RUB) փոխանցվել է դիմողի բանկային հաշվին:
56. Ի պաշտպանություն իր հայտարարությունների, Կառավարությունը ներկայացրել է 2008թ. մայիսի 29-ի վճարման օրդերի պատճենը, համաձայն որի 300,000 ռուբլի փոխանցվել է դիմողի հաշվին հենց այդ օրը:
2. Դիմողի դիրքորոշումը
57. Ըստ դիմողի` 2007թ. մարտի 26-ի վճռի կատարման հետաձգումն առաջացել է այն փաստի պատճառով, որ առաջին ատյանի դատարանը սխալ է գրել իր ազգանունն ինչպես վճռում, այնպես էլ կատարման թերթիկում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
A. Նախնական կալանքի վայրերում բանտային ռեժիմի կանոնները (ինչպես հաստատվել է Արդարադատության նախարարության թիվ 148 որոշմամբ, 2000թ. մայիսի 12)
58. 42-րդ կանոնը նախատեսում է, որ կալանավորված բոլոր կասկածյալներին ու մեղադրյալներին, ի թիվս այլ իրերի, պետք է տրամադրվի մահճակալ, անկողնային պարագաներ, այդ թվում` դոշակ, բարձ ու վերմակ, անկողնու սպիտակեղեն, այդ թվում` երկու սավան եւ բարձ, մեկ սրբիչ, սպասք` պատառաքաղ, դանակ, այդ թվում` ափսե, գավաթ, գդալ, ինչպես նաև սեզոնային հագուստ (եթե բանտարկյալը չունի իր սեփական հագուստը):
59. 44-րդ կանոնը նախատեսում է, որ նախնական կալանքի վայրերում բանտախցերը ապահովված լինեն ձերբակալվածների թվաքանակին համապատասխան սեղաններով ու նստարաններով, սանիտարական հարմարություններով, հոսող ջրով, ինչպես նաև ցերեկային եւ գիշերային լուսավորությամբ:
60. 46-րդ կանոնը նախատեսում է, որ բանտարկյալներին օրական մատուցվի երեք տաք ուտեստ` Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված նորմերին համապատասխան:
61. 47-րդ կանոնին համապատասխան` բանտարկյալներն առնվազն շաբաթը մեկ անգամ ոչ պակաս, քան տասնհինգ րոպե ցնցուղից օգտվելու իրավունք ունեն: Ցնցուղից հետո նրանց պետք է տրվի թարմ սպիտակեղեն:
62. 143-րդ կանոնը նախատեսում է, որ բանտարկյալներին կարող են այցելել իրենց փաստաբանները, ընտանիքի անդամները կամ այլ անձինք` քննիչի կամ քննչական մարմնի գրավոր թույլտվությամբ: Այցելությունների թիվը սահմանափակված է ամսական երկու անգամով:
B. Պատիժների իրականացման դաշնային ծառայության թիվ 7 հրաման, 2005թ. հունվարի 31
63. Պատիժների իրականացման դաշնային ծառայության 2005թ. հունվարի 31-ի թիվ 7 հրամանը վերաբերում է «Նախնական կալանքի վայրերի» ծրագրի իրականացմանը:
64. Ծրագիրը նպատակաուղղված է նախնական կալանքի վայրերի գործունեության բարելավմանը, ապահովմանը ռուսական օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանության: Այն հստակորեն ընդունում է նախնական կալանքի վայրերի գերբնակեցվածության խնդիրը եւ ձգտում է խնդիրը լուծելու նպատակով նվազեցնել եւ կայունացնել կալանավորների թիվը: Ծրագրում նշված է նախնական կալանքի SIZO no. 3 (IZ-77 / 3) կենտրոնը:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
65. Եվրոպական կոմիտեի ընդհանուր Զեկույցներից համապատասխան քաղվածքները` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխելու վերաբերյալ («The CPT»), նախատեսում են հետևյալը.
2-րդ Գլխավոր զեկույցից քաղվածքներ [CPT / Inf (92), 3]
«46. Գերբնակեցման հարցն ուղղակիորեն վերաբերում է CPT-ի պահանջներին: Բանտում բոլոր ծառայությունները եւ գործողությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ, եթե դրանք անհրաժեշտ է իրականացնել ավելի մեծ թվով կալանավորների համար, քան նախատեսված է, կյանքի ընդհանուր որակը կարող է զգալիորեն նվազել: Ավելին, բանտի կամ դրա մի մասի գերբնակեցման մակարդակը կարող է ինքնին լինել անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող` ֆիզիկական տեսանկյունից:
47. Գործողությունների բավարար ծրագիրը (աշխատանքի, կրթության, սպորտի եւ այլն) կարեւոր նշանակություն ունի բանտարկյալների դյուրակեցության համար... Բանտարկյալները չեն կարող պարզապես փակված մնալ իրենց խցերում շաբաթներ, ամիսներ շարունակ, անկախ նրանից, թե ինչպիսին են բանտախցերի կենցաղային առարկաներով ապահովվածության պայմանները: CPT-ն գտնում է, որ բանտարկյալներն օրվա մի մասը (8 ժամ կամ ավելի) կարող են անցկացնել բանտախցերից դուրս, զբաղվել նպատակային բնույթի տարբեր գործունեությամբ: ...
48. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի բացօթյա վարժություններին: Ամեն օր կալանավորների` առնվազն մեկ ժամ բացօթյա վարժություններ կատարելու պահանջը լայնորեն ընդունվում է որպես հիմնական երաշխիք ...
49. Զուգարանից օգտվելու մատչելիությունը և հիգիենայի բավարար չափորոշիչների իրականացումը մարդկային միջավայրի էական բաղադրիչներ են ...
50. CPT-ն ավելացնում է, որ դա վերաբերում է հատկապես, երբ առկա է գերբնակեցման, սխալ ռեժիմի եւ զուգարանի/լվացարանի անհամապատասխան մատչելիության համադրություն: Նմանատիպ պայմանների կուտակային ազդեցությունը կարող է ապացուցել բանտարկյալների խիստ վնասակար կենսապայմանները:
51. Նաեւ շատ կարեւոր է բանտարկյալների համար պահպանել ողջամիտ ամուր կապն արտաքին աշխարհի հետ: Բացի դրանից, բանտարկյալները պետք է պահպանեն իրենց հարաբերություններն ընտանիքի եւ մտերիմների հետ: Հիմնական սկզբունքը պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապի զարգացումը. նման կապի ցանկացած սահմանափակում պետք է հիմնված լինի բացառապես անվտանգության ծանրակշիռ նկատառումների վրա...»:
Օրենսդրություն
1. Դիմողի կալանավորման պայմանների կապակցությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտումը
66. Դիմողը գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` առ այն, որ Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում, Կալինինգրադի IK-8 կալանավայրի թիվ 1 հիվանդանոցում և Սմոլենսկի IZ-67/1 կալանավայրում իր կալանքի պայմաններն են 3-րդ հոդվածի խախտում, համաձայն որի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի դիրքորոշումը
1. Կառավարությունը
67. Կառավարությունն առարկել է` նշելով, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները` կապված կալանքի պայմաններին ուղղված իր բողոքների հետ, քանի որ նա չի ներկայացրել այդ բողոքները դատախազներին կամ դատարաններին: Ապա, այն հայտարարել է, որ դիմողը չի պահպանել 6-ամսյա ժամկետի պահանջն իր կալանքի ժամկետի առթիվ մինչև 2003թ. հուլիսի 5-ը: Այդ կապակցությամբ այն հայտարարել է, որ, որպես կանոն, կալանավորը պահվել է տարբեր բանտախցերում կալանքի ընթացքում` նույնիսկ միևնույն կալանավայրում: Այդ բանտախցերի պայմանները տարբեր են եղել, այդպիսով, դրանք չէին կարող լինել նույնը կալանքի ողջ ընթացքում:
68. Այն առարկել է, որ չնայած չի կարողացել ներկայացնել դիմողի բանտախցերում գտնվող բանտարկյալների հստակ թվի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը` դրանց ոչնչացման պատճառով, դիմողի կողմից նշված բոլոր կալանավայրերում վերջինս ունեցել է 4 քառակուսի մետր բնակտարածություն` համապատասխան ներպետական նորմերին համապատասխան: Նրան տրամադրել են առանձին քնելու տարածք և սպիտակեղեն: Բանտախցերն ունեցել են բավարար լուսավորություն, օդափոխություն, ջեռուցում, ինչպես նաև անցկացվել են հակաինֆեկցիոն միջոցառումներ: Զուգարանն առանձնացված է եղել ապրելու տեղից, և դիմողն օգտվել է ցնցուղից` գործող նորմերին համապատասխան, որոնք նաև նրան հնարավորություն են տվել կատարելու ամենօրյա զբոսանքներ:
2. Դիմողը
69. Դիմողը պնդել է իր հայտարարությունները: Նա հայտարարել է, որ Ռուսաստանում կալանավորների համար չի եղել որևէ հնարավորություն ազգային դատարաններում արդյունավետորեն վիճարկելու իրենց կալանքի պայմանները: Նա առարկել է Կառավարության հայտարարությունները` անվանելով դրանք անհիմն և կեղծ: Հատկապես, եթե ինչպես որ նշել է Կառավարությունը, IZ-77/2 կալանավայրում գտնվել է 3,194 կալանավոր, մինչդեռ այն նախատեսված է եղել 2,120 անձի համար, դիմողը հավանաբար չէր կարող ունենալ 4 քառակուսի մետր տարածք, այլ ընդամենը 2 քառակուսի մետրից պակաս տարածք: Դեռ ավելին, կոնկրետ բանտախցի տարածքն զբաղեցրել են բանտախցի կոմունալ այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են` մահճակալները, սեղանը և զուգարանը, որոնք նվազեցրել են յուրաքանչյուր կալանավորի բնակտարածությունը: Դիմողը և մյուս կալանավորներն ստիպված են եղել քնել հերթով, քանի որ այնտեղ չեն եղել բավարար չափով մահճակալներ: Ապա դիմողը նշել է, որ Կառավարության պնդմանը հակառակ, իրեն չի տրամադրվել սպիտակեղեն, բանտախցերում պատուհանները փակված են եղել մետաղյա ծածկոցներով, իսկ ինքն ստիպված է եղել քնել ժակետով, քանի որ ձմռանն այնտեղ եղել է չափազանց ցուրտ:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
70. Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները` կապված կալանքի պայմանների դեմ առկա բողոքների հետ: Այդ առթիվ Դատարանը, նախևառաջ, նշում է, որ չսպառելը վկայակոչող Կառավարությունը պետք է ապացուցի Դատարանին, որ տեսականորեն և գործնականում հասու է եղել համապատասխան միջոց, որը թույլ կտար դիմողին ներկայացնելու իր բողոքները և ունենալու հաջողության հասնելու ակնկալիքներ (տե՛ս այլնի շարքում` Քոհլհոֆերը և Մինարիկն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, թիվ 32921/03, 28464/04 և 5344/05, կետ 77, 2009թ. հոկտեմբերի 15): Այդուհանդերձ, Կառավարությունը հստակորեն ցույց չի տվել բողոքի այն տեսակը, որը իր կարծիքով արդյունավետ միջոց կարող էր լինել, ոչ էլ ցույց է տվել, թե տվյալ միջոցն ինչպես կարող էր կանխել վիճարկվող խախտումը կամ դրա շարունակումը կամ կապահովեր դիմողին լիովին համապատասխան փոխհատուցմամբ: Ավելին, Դատարանը գտել է, որ մարդաշատության խնդիրն ունեցել է կառուցվածքային բնույթ, ուստի չի վերաբերել միայն դիմողի անձնական վիճակին (տես` Գուլիյևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 24650/02, կետ 34, 2008թ. հունիսի 19, Մոիսեևն ընդդեմ Ռուսաստանի (dec.), թիվ 6293/00, 2004թ. դեկտեմբերի 9 և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (dec.) 47095/99, ECHR 2001-XI (հատվածներ)): Արդյունքում` Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի հիմնավորել իր առարկությունն առ այն, թե դիմողի կողմից իբրև թե չսպառված միջոցները եղել են արդյունավետ (տե՛ս այլոց շարքում` Քրանցն ընդդեմ Լեհաստանի, թիվ 6214/02, կետ 23, 2004թ. փետրվարի 17): Այդ իսկ պատճառով, Դատարանը գտնում է, որ 3-րդ հոդվածի ներքո ներկայացված դիմողի գանգատները չեն կարող մերժվել ներպետական միջոցներն սպառած չլինելու պատճառով:
71. Ապա Դատարանը ուսումնասիրել է Կառավարության առարկությունն առ այն, թե դիմողը չի պահպանել 6-ամսյա ժամկետի պահանջը` իր կալանքի պայմանների մասին իր բողոքների կապակցությամբ:
72. Ինչ վերաբերում է Սմոլենսկի IZ-67/1 կալանավայրում 2003թ. օգոստոսի 17-28-ը դիմողի գտնվելուն, Դատարանը նշում է, որ այս գանգատն սկզբում ներկայացված է եղել 2005թ. նոյեմբերի 30-ի իր դիմումում` այնտեղ իր կալանքի տակ գտնվելուց ավելի քան 6 ամիս անց: Ավելին, դիմողը նախ բողոքել է Կալինինգրադի թիվ 1 հիվանդանոցում 2004թ. հոկտեմբերի 27-ից 2005թ. փետրվարի 16-ն իր կալանքի պայմաններից, , ինչը ներկայացրել է 2005թ. օգոստոսի 20-ի իր նամակում: Հաշվի առնելով սպառելու հարցի առթիվ նրա դիրքորոշումը` Դատարանը, համապատասխանաբար, եզրակացնում է, որ դիմողի գանգատները Սմոլենսկի IZ-67/1 կալանավայրում և Կալինինգրադի թիվ 1 հիվանդանոցում կալանքի պայմանների առթիվ, պետք է մերժվեն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված համապատասխան ժամկետը բաց թողնելու պատճառով:
73. Կառավարությունը նաև խնդրել է Դատարանին մերժել դիմողի գանգատները` մինչև 2003թ. հուլիսի 5-ը կրած կալանքի պայմանների առթիվ, քանի որ դրանք ևս ներկայացվել են ժամկետների խախտմամբ: Այդուհանդերձ, Դատարանը չի կարող ընդունել նրա փաստարկները` հետևյալ պատճառներով:
74. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո դիմողի գանգատի իմաստը 2002թ. օգոստոսի 28-ից 2003թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում վատ պայմանների վիճարկումն է: Հատկապես, նա բողոքում է իր բանտախցերի մարդաշատությունից, ինչը, ըստ նրա, առկա է եղել վերը նշված հաստատություններում ողջ կալանքի ընթացքում` սկսած 2002թ. օգոստոսի 28-ից: Այդ ամենը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքի շարունակական բնույթը և երկու հիմնարկներում իր կալանքի ընդհանուր պայմանների գրեթե նույնական նկարագրությունները և խիստ մարդաշատությունը որպես հիմնական հատկանիշ նշելը հնարավորություն է տալիս դիտարկել նրա կալանքը վերը նշված ժամանակահատվածում` առանց բաժանելու այն առանձին ժամանակահատվածների (տես` Իգոր Իվանովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 34000/02, կետ 30, 2007թ. հունիսի 7, Բենեդիկտովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 106/02, կետ 31, 2007թ. մայիսի 10 և Սուդարկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 3130/03, կետ 40, 2008թ. հուլիսի 10): Այդպիսով, Կառավարության փաստարկն առ այն, թե Դատարանի դիտարկման առարկա ժամանակահատվածը պետք է լինի 2003թ. հուլիսի 5-ից 2003թ. օգոստոսի 16-ը, պետք է մերժվի:
75. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները` կապված դիմողի կողմից ներպետական միջոցները չսպառելու և մինչև 2003թ. հուլիսի 5-ն իր կալանքի պայմանների մասին նրա բողոքի կապակցությամբ 6-ամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ: Դատարանը նաև մերժում է դիմողի գանգատը` Սմոլենսկի IZ-67/1 կալանավայրում և Կալինինգրադի IK-9 կալանավայրի թիվ 1 հիվանդանոցում իր կալանքի առթիվ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված համապատասխան ժամկետները բաց թողնելու պատճառով:
76. Ինչ վերաբերում է դիմողի գանգատին` 2002թ. օգոստոսի 28-ից 2003թ. օգոստոսի 16-ը Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում իր կալանքի պայմանների վերաբերյալ, Դատարանը գտնում է, որ այն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նշում է, որ այն անհիմն չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Հիմնական փաստարկները
77. Դատարանը նշում է, որ կողմերը վիճարկել են Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում դիմողի կալանքի հետ կապված որոշ հանգամանքներ: Այդուհանդերձ, Դատարանի համար կարիք չկա հաստատելու յուրաքանչյուր հայտարարության ճշմարտացիությունը, քանի որ Դատարանը գտնում է, որը ըստ իրեն ներկայացված փաստերի, որոնք Կառավարությունը չի հերքել, տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:
78. Դատարանի գնահատականի համար առանցքային հանգամանքը կալանավայրերում դիմողին տրամադրված տարածքն է: Հիմնական հատկանիշը, որի առթիվ կողմերը չեն եկել համաձայնության, եղել է բանտախցի չափսը: Այդուհանդերձ, չնայած դիմողը հայտարարել է, որ բանտախցում գտնվող անձանց թիվը չափից ավելի է գերազանցել թույլատրելի թիվը, Կառավարությունը պնդել է, որ դիմողին իր կալանքի ընթացքում տրամադրված է եղել 4 քառակուսի մետր տարածք վերը նշված կալանավայրերում: Այդ առթիվ այն հիմնվել է IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերի ղեկավարների կողմից 2008թ. հուլիսին ստացված փաստաթղթերին և դիմողի հաշվառման քարտին: Նրանք նաև հայտարարել են, որ անհնարին է եղել պարզել դիմողի հետ միաժամանակ բանտախցում գտնվող անձանց թիվը` համապատասխան փաստաթղթերի ոչնչացման պատճառով:
79. Դատարանը նախևառաջ նկատում է, որ Կառավարությունը չի տրամադրել IZ-77/2 կալանավայրի համապատասխան փաստաթղթերի ոչնչացման մասին փաստաթղթերի որևէ պատճեն: Ինչ վերաբերում է IZ-77/3 կալանավայրին վերաբերող փաստաթղթերի ոչնչացման մասին տեղեկություններին, դրանք չեն պարունակում որևէ նշում առ այն, որ այդ տեղեկությունները եղել են ոչնչացված փաստաթղթերի շարքում (տե՛ս վերը` կետ 29): Ինչ վերաբերում է հաշվառման քարտին, այն ներկայացրել է տեղեկություն զուտ դիմողին տրամադրված հիգիենայի միջոցների մասին և կապ չունի մարդաշատության խնդրի հետ:
80. Ինչ վերաբերում է համապատասխան կալանավայրերի ղեկավարների կողմից ներկայացված փաստաթղթերին, Դատարանը գտնում է, որ բավականին տարօրինակ է, որ 2008թ. հուլիսին` այդ հաստատություններում դիմողի կալանքից հինգ տարի անց, դրանց տնօրենները կարողացել են հաշվարկել, թե դիմողին որքան բնակտարածություն է տրամադրված եղել: Այդպիսով, այդ փաստաթղթերը Դատարանի համար ունեն նվազ ապացուցողական նշանակություն (տես` Բելաշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 28617/03, կետ 52, 2008թ. դեկտեմբերի 4): Այդուհանդերձ, եթե դեռևս առկա են գրանցման առթիվ տեղեկություններ, ապա Դատարանը տարօրինակ է համարում այն, որ Կառավարությունը նախընտրել է հիմնվել տնօրենների կողմից ներկայացված փաստաթղթերին` ի հաստատումն իր հայտարարությունների` կապված դիմողի կալանքի պայմանների հետ, երբ իր համար հնարավոր է եղել ներկայացնելու գրանցման փաստաթղթերի պատճենները, որոնցում նշված են եղել դիմողի հետ կալանավորված անձանց անունները:
81. Ապա Դատարանը նկատում է, որ Կառավարության հայտարարությունն առ այն, որ չնայած IZ-77/2 կալանավայրը նախատեսված է եղել 2,100 կալանավորների համար, դիմողի կալանքի ընթացքում այնտեղ կալանքի տակ է պահվել 3,194 անձ: Այդպիսով, պարզվում է, որ կալանավորված անձանց թիվը գերազանցել է նորման մեկ ու կես անգամ: Այս դիրքորոշման և դիմողի հայտարարության համաձայն առ այն, որ իր կալանքի պայմանները 2002թ. օգոստոսի 17-28-ը եղել են ոչ բավարար, չափազանց կարևոր է այն, որ Կառավարությունը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր ի հաստատումն իր հայտարարությունների, թե դիմողը չի պահվել չափազանց մարդաշատ բանտախցերում, ինչպես որ հայտարարել է:
82. Այս առթիվ Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի ներքո նման գանգատներից բխող գործերն ինքնին չեն հանգեցնում affirmanti incumbit probatio (նա, ով հայտարարում է որևէ բան, պետք է ինքն ապացուցի իր հայտարարությունը) սկզբունքի խստիվ կիրառմանը, ինչպես որ որոշակի դեպքերում միայն պատասխանող Կառավարությունն է տիրապետում այնպիսի տեղեկատվության, որը կարող է հաստատել կամ հերքել համապատասխան հայտարարությունները: Կառավարության կողմից նման տեղեկատվություն չտրամադրելը` առանց բավարար բացատրության, կարող է հանգեցնել այն եզրակացությանը, որ դիմողի հայտարարությունները հիմնավոր են (տես` Ահմետ Օզկանը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 21689/93, կետ 426, 2004թ. ապրիլի 6):
83. Այս առթիվ Դատարանը չի կարող բավարարվել Կառավարության անհիմն հայտարարությամբ առ այն, թե դիմողին տրամադրվել է 4 քառակուսի մետր բնակտարածություն IZ-77/2 կալանավայրում, ուստի Դատարանը հակված է ընդունել դիմողի հայտարարությունն առ այն, որ իրեն տրամադրված է եղել 2 քառակուսի մետրից նվազ բնակտարածություն, և նա ստիպված է եղել քնել հերթափոխով (համեմատության համար` վերը նշված Բելաշևի գործը, կետեր 53-54): Նույնը վերաբերում է դիմողի կալանքին IZ-77/3 կալանավայրում: Վերջին կալանավայրի կապակցությամբ Դատարանը նույնպես նշում է, որ գտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում միևնույն ժամանակահատվածում նույն կալանավայրում գերմարդաշատ պայմաններում դիմողի կալանքի առթիվ (տես` Վլադիմիր Կոզլովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 21503/04, կետ 45, 2010թ. մայիսի 20, վերը նշված Բելաշևը, կետեր 50-60 և Բիչկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 39420/03, կետեր 33-43, 2009թ. մարտի 5):
84. Դատարանը կրկնում է, որ հաճախ հայտնաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կալանավորներին շատ քիչ անձնական տարածք տրամադրելու առթիվ (տես` Խուդոյորովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6847/02, կետ 104, ECHR 2005-X (հատվածներ), Լաբզովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 62208/00, կետ 44, 2005թ. հունիսի 16, Նովոսելովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 66460/01, կետ 41, 2005թ. հունիսի 2, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63378/00, կետ 39, 2005թ. հունվարի 20, Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 47095/99, կետ 97, ECHR 2002-VI, և Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետ 69, ECHR 2001-III):
85. Հաշվի առնելով իր նախադեպերը նշված խնդրի առթիվ և կողմերի ներկայացրած նյութերը` Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստ կամ փաստարկ, որը թույլ կտար հանգելու այլ հետևության այս գործի առթիվ: Չնայած որ տվյալ գործով չկա որևէ նշում առ այն, թե առկա է եղել ուղղակի մտադրություն նվաստացնելու կամ վիրավորելու դիմողին, Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ դիմողն ստիպված է եղել գրեթե մեկ տարի ապրել, քնել և օգտվել զուգարանից միևնույն բանտախցում, ինչպես որ այդքան շատ այլ կալանավորներ, ինքնին բավարար է եղել վիրավորելու կամ դժվարացնելու նրա գտնվելը կալանքի տակ, ստիպել նրան զգալու վախ, անհանգստություն, որը կարող էր նվաստացնել ու վիրավորել նրան:
86. Այդ իսկ պատճառով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ Դատարանը գտնում է, որ 2002թ. օգոստոսի 28-ից 2003թ. օգոստոսի 16-ը դիմողի կալանքը IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում եղել է անմարդկային և նվաստացնող այդ դրույթի իմաստով:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դիմողի ուշացած և թերի բուժօգնության կապակցությամբ
87.Դիմողը բողոքել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` իր աչքերի խնդրի առթիվ բուժում իրականացնելու խնդրանքը մերժելու կապակցությամբ, որի պատճառով նա կորցրել է տեսողությունը: Այս դրույթի տեքստը նշված է վերը:
A. Կողմերի դիրքորոշումները
88. Կառավարությունն առարկել է առ այն, թե դիմողը համարվում է «տուժող» 3-րդ հոդվածի խախտման առթիվ` կապված աչքերի համար բուժման տրամադրումը մերժելու հետ: Ազգային դատարանները քննել են նրա բողոքները և տրամադրել են նրան ոչ նյութական վնասների մասնակի փոխհատուցում: Նրանք փոխհատուցման գումարը որոշել են ազգային օրենսդրությանը և անկողմնակալության ու արդարադատության նկատառումներին համապատասխան` հաշվի առնելով համապատասխան հանգամանքները: Ավելին, դիմողը չի բողոքարկել գումարի չափը: Հղում կատարելով Դատարանի` Էքլեն ընդդեմ Գերմանիայի գործով վճռին` Կառավարությունը հայտարարել է, որ «ներպետական վարույթի և Դատարանի վարույթի նույնացումը հազիվ թե համապատասխանի Կոնվենցիայով նախատեսված ինքնըստինքյան պաշտպանության օժանդակող բնույթին» (1982թ. հուլիսի 15, կետ 66, մաս A, թիվ 51): Այն նաև հղում է կատարել Ջոն Քրիստինսոնն ընդդեմ Իսլանդիայի գործին, որտեղ Դատարանը գտել է, որ դիմողը, ով դիմել է և ստացել փոխհատուցում ազգային վարույթներում, չի կարող համարվել «տուժող» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի իմաստով (1990թ. մարտի 1, կետ 36, մաս A, թիվ 171-B):
89. Դիմողը հղում է կատարել Սքորդինոն ընդդեմ Իտալիայի գործին (թիվ 1) ([GC], թիվ 36813/97, ECHR 2006-V)` վիճարկելով, որ նա կարող էր կորցնել «տուժողի» իր կարգավիճակը, եթե միայն ներպետական իշխանությունները տրամադրեին իրեն պատշաճ և բավարար փոխհատուցում: Իսկ ներպետական մակարդակով տրամադրված փոխհատուցումը չի կարող համարվել ո՛չ պատշաճ, ո՛չ էլ բավարար: Ավելին, ազգային դատարանները երբևէ չեն ճանաչել իր` Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
90. Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողը դադարել է լինել «տուժող» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ` կապված կալանքի ընթացքում բժշկական օգնության թերությունների հետ, չնայած որ դիմողը հայտարարել է, որ ինքը պահպանել է «տուժողի իր կարգավիճակը»:
91. Դատարանը գտնում է, որ տվյալ գործով հարցը, թե արդյոք դիմողը կարող է դեռևս համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ «տուժող», սերտորեն կապված է գանգատի փաստարկների հետ (տե՛ս` Ցիորապն ընդդեմ Մոլդովայի (թիվ 2), թիվ 7481/06, կետ 18, 2010թ. հուլիսի 20): Այդ իսկ պատճառով, Դատարանը գտնում է, որ պետք է այս հարցը միացնել փաստարկներին:
92. Դատարանը նկատում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նկատում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Փաստարկները
93. Հաշվի առնելով ազգային դատարանների որոշումները` Դատարանը նկատում է նրանց հետևություններն առ այն, որ դիմողը կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ունեցել որևէ լուրջ խնդիր` կապված աչքերի հետ: Ապա, դատարանները հաստատել են, որ դիմողը կորցրել է տեսողությունը, նրա հիվանդության հետազոտության և բուժման գործում կոպիտ թերություններ են թույլ տրվել կալանավայրի հիվանդանոցի ղեկավարության կողմից (տե՛ս վերը` կետ 44): Հղում կատարելով բժշկական խորհրդի եզրակացություններին` դատարանները մասնավորապես նշել են, որ եթե դիմողը ժամանակին ստանար պատշաճ բուժում, գուցեև հնարավոր լիներ պահպանել նրա տեսողությունը, գոնե` մասնակիորեն: Վերջապես, նրանք նկատել են, որ հավանաբար այդ իրավիճակը դիմողին պատճառել է ֆիզիկական և հոգեկան տառապանք:
94. Դատարանը չունի որևէ պատճառ կասկածի տակ դնելու ազգային դատարանների հետևությունները, որոնք հաշվի են առել գործի բոլոր հանգամանքները, ներառյալ` հարցի առթիվ մասնագիտական բժշկական եզրակացությունը:
95. Ապա այն նշում է, որ որպեսզի վատ վերաբերմունքը դիտվի 3-րդ հոդվածի ներքո, այն պետք է ունենա դաժանության նվազագույն մակարդակ: Այդ նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` բուժման տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունները, որոշ դեպքերում` տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 162, մաս A, կետ 25 և Ջալոհն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 54810/00, կետ 67, ECHR 2006-IX):
96. Դատարանը վերաբերմունքը համարել է «անմարդկային», քանի որ այն, inter alia, եղել է կանխամտածված, իրականացվել է ժամեր շարունակ և պատճառել է կամ իրական մարմնական վնասվածք, կամ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք (տես` Լաբիթան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 120, ECHR 2000-IV և Ռամիռեզ Զանչեզն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 59450/00, կետ 118, ECHR 2006-IX): Վերաբերմունքը համարվում է «նվաստացնող», երբ այն նպատակ է հետապնդում տուժողի մոտ առաջացնելու վախի զգացում, անհանգստություն, կարողանում է նվաստացնել և վիրավորել նրան (տե՛ս վերը` Ջալոհ, կետ 68):
97. Հաշվի առնելով ազգային դատարանների եզրակացությունները և առկա նյութերը` Դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ առկա վերաբերմունքը պետք է որակվի որպես «անմարդկային» և «նվաստացնող»` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
98. Սակայն հարց է մնում, թե արդյոք, ինչպես նշել է Կառավարությունը, դիմողը կորցրել է իր «տուժողի կարգավիճակը»` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առթիվ փոխհատուցման վարույթների արդյունքում:
99. Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ որոշումը կամ միջոցը, որը եղել է դիմողի օգտին, ըստ էության բավարար չէ «տուժողի կարգավիճակից» նրան զրկելու համար, եթե ներպետական իշխանությունները հստակորեն կամ էլ գործի հանգամանքներով չեն ճանաչել և ապա չեն տրամադրել նրան փոխհատուցում` Կոնվենցիայի խախտման համար (տես, օրինակ, Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996թ. հունիսի 25, կետ 36, Վճիռների և որոշումների հավաքածու 1996-III և Դալբանն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28114/95, կետ 44, ECHR 1999-VI):
100. Այն նաև կրկնում է, որ բժշկական անփութության որոշակի պարագայում, երբ կյանքի կամ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը տեղի չի ունեցել դիտավորյալ, Պետության դրական պարտականությունը` Կոնվենցիայի ներքո ապահովել արդյունավետ դատական պաշտպանությամբ, անհրաժեշտաբար չի պահանջում ապահովել քրեական օրենսդրության կիրառում յուրաքանչյուր գործով: Այս յուրահատուկ ոլորտում նշված պարտականությունը կարող է ապահովվել, եթե տուժողին իրավական պաշտպանության միջոցը տրամադրվի քաղաքացիական գործերով դատարաններում, որոնք կհաստատեն բժիշկների պատասխանատվությունը և կապահովեն պատշաճ քաղաքացիական փոխհատուցմամբ, ինչպիսին է, inter alia, վնասների հատուցման ապահովումը (տե՛ս` Քալվելին և Սիգլոն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 32967/96, կետ 51, ECHR 2002-I և Վոն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 53924/00, կետ 90, ECHR 2004-VIII): Վերջինի կապակցությամբ Դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածների խախտման դեպքում նյութական կամ ոչ նյութական վնասների փոխհատուցումը, որը տրամադրվում է, ըստ էության, պետք է հասու լինի որպես հատուցման տեսակ (Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 29392/95, կետ 109, ECHR 2001-V):
101. Հաշվի առնելով դիմողի գործով ազգային դատարանների որոշումներում վերը հստակորեն շարադրված սկզբունքը`Դատարանը բավարարված է այն հանգամանքով, որ դրանք մանրամասնորեն քննել են դիմողի հայտարարությունները և բոլոր համապատասխան հանգամանքները և ընդունել են, գոնե գործի բերումով, որ նա ենթարկվել է վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (տե՛ս վերը` կետեր 44 և 47): Պետք է դեռ պարզել` արդյոք նրան տրամադրվել է բավարար փոխհատուցում Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքի խախտման համար:
102. Թե արդյոք դիմողն ստացել է փոխհատուցում ի խախտումն 3-րդ հոդվածի դրսևորված վերաբերմունքի դիմաց, որը կարող է բավարար համարվել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի իմաստով, կարևոր ցուցանիշ է գնահատելու համար, թե արդյոք վիճարկվող խախտումը փոխհատուցվել է, թե` ոչ (տես` Ռիտսարևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63332/00, կետ 31, 2005թ. հուլիսի 21, Շիլբերգսն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 20075/03, կետ 72, 2009թ. դեկտեմբերի 17 և Գաֆգենն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 22978/05, կետ 118, ECHR 2010-…): Այլ կերպ ասած, դիմողի «տուժողի կարգավիճակը» կարող է կախված լինել ներպետական մակարդակով տրամադրված փոխհատուցման չափից` այն փաստերի հիման վրա, որոնց առնչությամբ նա բողոքում է Դատարանում (տես` Քոչյարելլան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 64886/01, կետ 93, ECHR 2006-V):
103. Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա ազգային դատարանների համար ավելի հարմար է որոշել դրա առկայությունը և չափը (տե՛ս վերը` Սքորդինան, կետ 203): Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Դատարանը վերահսկման միջոցով կպարզի` արդյոք տրամադրված գումարները հիմնավոր են, թե ոչ` նմանատիպ գործերով Դատարանի կողմից տրամադրված փոխհատուցման գումարների համեմատ (տե՛ս վերը նշված` Սքորդինոն և Քոչյարելլան, կետեր 214 և 106, համապատասխանաբար): Արդյոք տրամադրված գումարները կարող են համարվել հիմնավոր, թե` ոչ, պետք է հաշվի առնել գործի հանգամանքները (տե՛ս վերը` Շիլբերգսը, կետ 72):
104. Դատարանն ընդունել է, որ ազգային դատարանների համար կարող է ավելի հեշտ լինել սահմանելու ներպետական մակարդակով տրամադրվող գումարները, հատկապես անձնական վնասվածքներին վերաբերող գործերով, և հիմնվել իրենց ներքին համոզմունքին, եթե նույնիսկ դա ազդում է փոխհատուցման վրա, որը որոշ չափով ցածր է, քան նմանատիպ գործերով Դատարանի կողմից սահմանվածին: Այդուհանդերձ, երբ փոխհատուցման գումարն էականորեն ցածր է, քան նմանատիպ գործերով Դատարանի կողմից տրամադրվողը, դիմողը պահպանում է «տուժողի» իր կարգավիճակը, որը ձեռք է բերել Կոնվենցիայի խախտման արդյունքում (տե՛ս վերը, mutatis mutandis, Սքորդինո (թիվ 1), կետեր 182-192 և 202-215):
105. Տվյալ գործով Դատարանին ներկայացված փաստաթղթերից չի երևում, թե դիմողը, ով ներկայացվել է իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, պահանջել է նյութական վնասի հատուցում ներպետական վարույթներում` կապված կալանքի տակ գտնվելու ընթացքում ուշացած և ոչ արդյունավետ բժշկական օգնության հետ: Ապա այն նկատում է, որ դիմողը երբևէ չի հայտարարել և Դատարանն էլ չի գտել որևէ նշում առ այն, որ նա այդ չի արել, քանի որ արգելել է կամ կիրառվող օրենսդրությունը, կամ էլ որևէ այլ պատճառ: Դատարանին ներկայացված նյութերից հետևում է, որ դիմողի բողոքները սահմանափակվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, ուստի Դատարանն իր դատողությունները կկենտրոնացնի այդ հարցի վրա:
106. Դատարանը չի կարող եզրակացնել, թե ոչ նյութական վնասի հատուցման գումարները, որոնք տրամադրվել են դիմողին, կարող են լինել բավարար ներպետական մակարդակով: Կողմերը չեն տրամադրել որևէ տեղեկություն այդ մասին: Այդուհանդերձ, Դատարանի խնդիրն է տվյալ գործով ո՛չ բժշկական օգնության կապակցությամբ ուշացումների և թերությունների համար փոխհատուցման առումով ազգային դատարանների ընդհանուր պրակտիկայի ուսումնասիրությունն է, ոչ էլ` կոնկրետ գումարների սահմանումը, որոնք կարող են բավարարել «լիարժեք համապատասխան և բավարար փոխհատուցման» պահանջը, սակայն ավելի շուտ դատարանի խնդիրն է պարզել, հաշվի առնելով գործի հանգամանքները, արդյոք փոխհատուցման չափը եղել է այնպիսին, որ նա կարող է կորցնել ըստ իր բողոքի` «տուժողի կարգավիճակը» կապված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ (տե՛ս վերը, mutatis mutandis, Շիլբերգը, կետ 73):
107. Այս առթիվ Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունների վարքագիծը, որոնք պետք է դիմողին ապահովեին պահանջվող բուժօգնությամբ, դիմողի ֆիզիկական առողջության, լավ հոգեկան ինքնազգացողության համար ուշացած և թերի օգնության հետևանքները և փոխհատուցում տրամադրելիս ազգային դատարանների կողմից ներկայացվող պատճառներն այն գործոնների շարքում են, որոնք պետք է հաշվի առնվեն, երբ գնահատվում է, թե արդյոք, ներպետական փոխհատուցումը պետք է համարվի լիովին համապատասխան և բավարար, թե` ոչ (տե՛ս վերը, mutatis mutandis, Շիլբերգը, կետ 74):
108. Դատարանը հիշեցնում է, որ փոխհատուցման ենթակա վնասների գնահատման խնդիրը բավականին բարդ է: Այն հատկապես բարդ է այնպիսի գործերով, երբ կրած տառապանքը` թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան, բողոքի առարկան է: Չկա որևէ չափանիշ, որով ցավը և տառապանքը ֆիզիկական անհարմարությունը և հոգեկան ցավն ու տանջանքը կարող են չափվել գումարով: Դատարանը, անկասկած, հավատում է, որ տվյալ գործով ազգային դատարանները, ինչպես որ նշված է Կառավարության կողմից, կամեցել են լինել արդարացի և փորձ են արել առավելագույն հիմնավոր կերպով գնահատել դիմողի կրած ֆիզիկական տառապանքի, զգացական խանգարման, անհանգստության կամ այլ վնասակար ազդեցության չափը, որը պատճառվել է նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի արդյունքում (տե՛ս վերը` Շիլբերգը, կետ 76):
109. Այդուհանդերձ, Դատարանը չի կարող բացառապես եզրակացնել, թե 8,862 եվրոն բավականաչափ ցածր է, քան այն գումարները, որոնք տրամադրվել են նմանատիպ գործերով, որոնցում ի խախտում 3-րդ հոդվածի` դրսևորված վերաբերմունքը հանգեցրել է դիմողների առողջությանը շատ լուրջ և անդառնալի վնասների (տես, օրինակ, Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 77617/01, կետ 163, 2006թ. հունվարի 26), չնայած որ նա չի անտեսում այն փաստը, որ այդ գործերով դիմողները ենթարկվել էին չափազանց դաժան տանջանքների, ինչն առկա չէ տվյալ գործով: Այդ առթիվ Դատարանը նաև հաշվի է առնում Օյալն ընդդեմ Թուրքիայի գործը` կապված դիմողի երեխայի առողջությանն անդառնալի վնաս պատճառելու հետ` ՁԻԱՀ-ով նրան վարակելու միջոցով, որը տեղի էր ունեցել բժշկական անփութության պատճառով (թիվ 4864/05, կետ 105-107, 2010թ. մարտի 23):
110. Չնայած որ տվյալ գործով դիմողը չի եղել դիտավորյալ վատ վերաբերմունքի կամ տանջանքի զոհ, այնուամենայնիվ, ներպետական իշխանությունների` հաստատված թերացումների հետևանքները չափազանց լուրջ են: Նրանց թերացումների պատճառով դիմողը տառապում է տեսողության կորստից, դարձել է հաշմանդամ, մինչդեռ ըստ բժշկական եզրակացության` այս հետևանքից կարելի էր խուսափել և դիմողը կարող էր մասնակիորեն պահպանել իր տեսողությունը, եթե նա ստացած լիներ պահանջվող բուժումը (տե՛ս վերը` կետեր 41, 42, 44):
111. Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկին առ այն, որ դիմողը վերաքննության կարգով չի վիճարկել փոխհատուցման գումարների չափի առնչությամբ, Դատարանը չի քննարկի, թե ինչպիսին կլինեին փոխհատուցման վարույթների արդյունքները, եթե դրանք իրականանային: Այդուհանդերձ, նա չի կարող չնկատել, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել սահմանված գումարների չափը` մերժելով դատախազի բողոքը, գտնելով, որ դրանք եղել են հիմնավոր և բավարար (տե՛ս վերը` կետ 47):
112. Արդյունքում` իր նախադեպերի լույսի ներքո, հաշվի առնելով փոխհատուցման գումարի և գործի հանգամանքների միջև համապատասխանության հիմնավոր կապի բացակայությունը, Դատարանը գտնում է, որ դիմողին տրամադրված գումարը չի ապահովում բավարար փոխհատուցում, և, այդպիսով, նա դեռևս կարող է վկայակոչել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ «տուժողի կարգավիճակը»` կալանքի տակ գտնվելու ընթացքում բուժօգնության տրամադրման ուշացման և թերությունների պատճառով:
113. Այս հետևությունների լույսի ներքո, Դատարանն անհրաժեշտ չի համարում գնահատել ներպետական դատարանների կողմից ներկայացված պատճառները փոխհատուցում տրամադրելիս, ինչպես նաև դիմողին դրա վճարման նպատակահարմարությունը,: Վերջին հարցը քննարկված է առանձին` ստորև:
114. Հաշվի առնելով վերը նշված իր հետևությունները` Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը` կապված դիմողի «տուժողի կարգավիճակի» հետ, և գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կալանքի տակ գտնվելու ընթացքում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու առումով, ինչը հանգեցրել է դիմողի տեսողության կորստին:
Դիմողի օգտին վճռի կատարման հետաձգման առթիվ Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրությունը
115. Իր նախաձեռնությամբ Դատարանը հարց է բարձրացրել պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո ունեցած պարտականության առթիվ` կապված 2007թ. մարտի 26-ի վճռի կատարման հետաձգման հետ: Համաձայն այդ դրույթների`
6-րդ հոդվածի 1-ին կետ
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
A. Կողմերի դիրքորոշումները
116. Կառավարությունն առարկել է, որ իշխանությունների համար պահանջվել է միայն երեք ամիս վճիռը կատարելու համար այն բանից հետո, երբ դիմողը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և որ վճիռը չկատարելու պատասխանատվությունը կրում է բացառապես դիմողը, ով չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, չնայած որ իշխանությունները ներկայացրել են հստակ և ոչ երկիմաստ ցուցումներ:
117. Դիմողը նշել է, որ ազգային դատարանները, որոնք սխալ են գրել իր ազգանունը, պատասխանատվություն են կրում իր օգտին կայացված վճռի կատարման հետաձգման համար: Հղում կատարելով Սահմանադրական դատարանի պրակտիկային` նա բողոքել է, որ իշխանությունների խնդիրն էր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը վճռի կատարման ուղղությամբ:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
118. Դատարանը նկատում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով և անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Փաստարկներ
119. Դատարանը նկատում է, որ 2007թ. մայիսի 30-ին դիմողի օգտին կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Կողմերը չեն վիճարկում, որ այն ի կատար է ածվել 2008թ. մայիսի 29-ին, այն է` դրա օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց:
120. Դատարանը նկատում է, նախևառաջ, որ կողմերը ներկայացրել են շատ քիչ տեղեկություններ, քիչ փաստաթղթեր, որոնք վերաբերում են դիմողի օգտին կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած դեպքերին: Այն նկատում է, այդուհանդերձ, որ կողմերը չեն վիճարկել այն, որ Ֆինանսների նախարարությունը տեղյակ է եղել, որ անհրաժեշտ էր ապահովել վճռի կատարումը դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո` առանց ուշացումների: Այդ փաստը չվիճարկելու հետ մեկտեղ, Կառավարությունը հայտարարել է, որ ուշացումը տեղի է ունեցել այն պատճառով, որ դիմողը չի ներկայացրել ոչ վճռի պատշաճ պատճենը, ոչ էլ իր բանկային տվյալները: Դիմողը հայտարարել է, որ այդ ուշացումը տեղի է ունեցել այն փաստի բերումով, որ դատարանները վճռում և կատարողական թերթիկում սխալ են գրել իր ազգանունը;
121. Չնայած որ անհիմն է իշխանությունների կողմից այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը, ինչպիսիք են բանկային փաստաթղթերը, ինչը պետք է թույլ տա կամ էլ արագացնի վճռի կատարումը (տես` Ակաշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 30616/05, 2008թ. հունիսի 12, կետ 22), Դատարանը չի կարող չնկատել, որ տվյալ գործով Կառավարությունը չի ներկայացրել այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, Ֆինանսների նախարարության և դիմողի միջև գրավոր համաձայնության պատճենները` իրենց փաստարկները ներկայացնելու վերաբերյալ, համաձայն որի` վերջինս զգուշացվել է, սակայն չի ներկայացրել պահանջվող համապատասխան տեղեկատվությունը: Միակ փաստաթուղթը, որ նրանք ներկայացրել են, եղել է վճարման կարգադրությունը, որով հաստատվում է, որ համապատասխան գումարները վճարվել են դիմողի հաշվին` 2008թ. մայիսի 29-ին (տե՛ս վերը` կետ 56): Այդպիսով, Դատարանը չի կարող ընդունել նրանց փաստարկներն առ այն, որ վճռի կատարումը հետաձգվել է, քանի որ դիմողը չի ներկայացրել համապատասխան տեղեկատվություն:
122. Միևնույն ժամանակ 2007թ. մարտի 26-ի վճռից հետևում է, ինչպես որ պարզվել է վերաքննությամբ, որ և՛ առաջին ատյանի դատարանը, և՛ վերաքննիչ դատարանն իսկապես սխալ են գրել դիմողի ազգանունը (տե՛ս վերը` կետ 48):
123. Դատարանը կրկնում է, որ կրեդիտորի համագործակցելու պահանջը չպետք է անցնի խիստ անհրաժեշտի սահմանը, և ցանկացած դեպքում իշխանություններին չի ազատում Կոնվենցիայով սահմանված իրենց պարտականությունից, համաձայն որի` նրանք պետք է իրենց նախաձեռնությամբ ժամանակին գործողություններ իրականացնել, եթե անհրաժեշտ է` իրենց հասու տեղեկատվության հիման վրա` պետության դեմ վճիռն ի կատար ածելու նպատակով (տե՛ս վերը` Ակաշևը, կետ 22): Պետության իշխանությունները տվյալ գործով տեղյակ են եղել դիմողի հայցերի մասին, և երբ որ դիմողի օգտին վճիռը մտել է օրինական ուժի մեջ` Պետության պարտականությունն է եղել ապահովել դրա կատարումը (տես` Ռեյնբախն ընդդեմ Ռուսաստանի, 23405/03, կետ 24, 2005թ. սեպտեմբերի 29):
124. Դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այնպիսի գործերով, որոնցում բարձրացվել են տվյալ գործի հարցերին նման հարցեր (տե՛ս վերը` Ակաշևը, կետ 21, Գիզզատովան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5124/03, կետ 19, 2005թ. հունվարի 13, Պետրուշկոն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 36494/02, կետ 23, 2005թ. փետրվարի 24 և Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 59498/00, կետ 34, ECHR 2002-III):
125. Հետազոտելով իրեն ներկայացված նյութերը` Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստ կամ փաստարկ, որը թույլ կտար հանգելու այլ հետևության տվյալ գործով: Հաշվի առնելով տվյալ հարցով առկա նախադեպերը` Դատարանը գտնում է, որ դիմողի օգտին կայացված` օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը 12 ամսով հետաձգելով` ներպետական իշխանությունները զրկել են նրան այն գումարներն ստանալուց, որոնց նա հիմնավոր կերպով սպասում էր:
126. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
IV. 6-րդ հոդվածի վիճարկվող խախտում
127. Այնուհետև դիմողը բողոքել է, որ իր փաստաբանը դատավորի կողմից թույլտվություն է ստացել կալանքի տակ գտնվելու ժամանակ իրեն հանդիպելու միայն մեկ անգամ, ինչը խախտել է պաշտպանության իր իրավունքը: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, համաձայն որի`
128. Կառավարությունն առարկել է` նշելով, որ դիմողի հայտարարությունն առ այն, թե իրեն արգելել են տեսակցել իր փաստաբանի հետ, անհիմն է: Ոչ նրա քրեական գործը քննող դատավորը, ոչ էլ նրա կալանավայրերի վարչակազմերը չեն խոչընդոտել փաստաբանի հետ նրա հանդիպումներին: Նրա` փաստաբանի հետ հանդիպումների հաճախականությունը եղել է նրանց հայեցողությամբ:
129. Դիմողը չի ներկայացրել իր սկզբնական գանգատին կից հետագա հայտարարություններ այս հարցի առթիվ:
130. Դատարանը գտնում է, որ փաստաբանի հետ հանդիպումների քանակի կամ տևողության սահմանափակումները կարող են խնդիր առաջացնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3 (c) կետերի ներքո, հատկապես` եթե դիմողի դեմ քրեական գործը վերաբերում է բարդ իրավական հարցերի (տես` Օջալանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 46221/99, կետեր 135-136, ECHR 2005-IV):
131. Այդուհանդերձ, տվյալ գործով բացի նրանից, որ դիմողը ոչ հստակորեն նշել է, թե չկոնկրետացված դատավորը չկոնկրետացված դատարանում միայն մեկ անգամ է թույլ տվել իր փաստաբանին հանդիպելու իր հետ, և չի ներկայացրել այլ մանրամասներ` կապված Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3(c) կետերի ներքո իր իրավունքների խախտման հետ: Հատկապես նա չի նշել, թե արդյոք իր փաստաբանը եղել է իր կողմից ընտրված, թե դատարանի կողմից նշանակված, քանի հանդիպում են իրենք ունեցել, արդյոք դիմողը դիմել է իշխանություններին հետագա հանդիպումների համար և ստացել է մերժում կամ նրա փաստաբանը չի ներկայացել: Նաև չկա նշում առ այն` արդյոք այս խնդիրը ներկայացվել է ներպետական մարմիններում, թե` ոչ, դիմողը չի ներկայացրել որևէ այլ բացատրություն կամ տեղեկատվություն:
132. Հաշվի առնելով այս հանգամանքները` Դատարանը գտնում է, որ գանգատը պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
V. Կոնվենցիայի այլ վիճարկվող խախտումներ
133. Վերջապես, դիմողը վիճարկել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3, 5, 6, 13, 14 և 17-րդ հոդվածների, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում` տարբեր առիթներով:
134. Սակայն, հաշվի առնելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և այս բողոքները, որոնք ներկայացվել են Դատարանի իրավասության հիմքով, Դատարանը գտնում է, որ դրանք չեն ներկայացնում Կոնվենցիայով կամ Արձանագրություններով նախատեսված իրավունքների և ազատությունների որևէ խախտում, դրանց հատկանիշներ: Հետևաբար` գանգատի այս մասը պետք է մերժվի` որպես ակնհայտորեն անհիմն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի իմաստով:
VI. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
135. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
A. Վնասը
136. Դիմողը պահանջել է 100.000 եվրո (EUR)` որպես նյութական վնասի հատուցում և 406,000` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
137. Ինչ վերաբերում է նյութական վնասին, նա մասնավորապես նշել է, որ մինչև ձերբակալումն աշխատել է որպես կասկադյորների մարզիչ, և որ իր քրեական դատապարտման և տեսողության կորստի պատճառով նա այլևս չի կարողացել աշխատել այդ մասնագիտությամբ: Նա հայտարարել է, որ կորցրած եկամուտը կազմում է 36,000 եվրո` առանց որևէ այլ մանրամասներ ներկայացնելու: Ապա նա հայտարարել է, որ իր դատապարտմամբ նա կորցրել է հողամաս, մի քանի ավտոմեքենա և կասկադյորական հատուկ գործիքներ:
138. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, նա հայտարարել է, որ չհստակեցված օրը ակնաբույժների մի խումբ Նիդեռլանդներից այցելել է իրեն Կալինինգրադում և առաջարկել է կատարել աչքի տեսողության վերականգնմանն ուղղված վիրահատություն, որը կարժենա 150,000 եվրո և հասու չի լինի իրեն Ռուսաստանում` ըստ Ռուսաստանի աչքի միկրովիրաբուժության ինստիտուտի չբացահայտված մասնագետների: Դիմողը հայտարարել է, որ վիրահատության և վերականգնողական շրջանի համար համապատասխան ծախսերը մոտավորապես 160,000-170,000 եվրո կկազմեն: Նա նշել է, որ գումարի մնացած մասը նա պահանջում է որպես փոխհատուցում ցավի, տառապանքի դիմաց, որ նա կրել է և շարունակում է կրել բուժօգնության թերությունների և տեսողության կորստի պատճառով, ինչպես նաև իր կալանքի անմարդկային և նվաստացնող պայմանների պատճառով:
139. Կառավարությունն առարկել է` նշելով, որ դիմողի նյութական պահանջներն անհիմն են, և որ նա չի ներկայացրել համապատասխան ապացույցներ: Այն նաև նշել, որ 2007թ. սեպտեմբերի 11-ի վճռով Կալինինգրադի շրջանի Սվետլովսկի քաղաքային դատարանի վճռով անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել են դիմողի բողոքները հողատարածքի, ավտոմեքենաների և հատուկ գործիքների վերաբերյալ, քանի որ նա չի ներկայացրել որևէ ապացույց այդ օբյեկտների նկատմամբ իր սեփականության իրավունքի առնչությամբ:
140. Ապա Կառավարությունը հայտարարել է, որ ոչ նյութական վնասի կապակցությամբ պահանջվող գումարի չափն անհիմն է, ավելին` դիմողն արդեն իսկ ներպետական մակարդակով ստացել է փոխհատուցում տեսողության կորստի դիմաց:
141. Դատարանը նշում է, որ պետք է առկա լինի հստակ պատճառական կապ դիմողի կողմից վկայակոչվող նյութական վնասի և Կոնվենցիայի խախտման միջև, և որ դա պատշաճ գործով կարող է ներառել փոխհատուցում աշխատավարձի կամ եկամտի այլ միջոցների կորստի դիմաց (տես, այլնի շարքում, Բարբերան, Մեսսեգեն և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի (հոդված 50), 1994թ. հունիսի 13, կետեր 57-58, մաս A, թիվ 285-C և Կակիցին ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23657/94, կետ 127, ECHR 1999-IV):
142. Ինչ վերաբերում է դիմողի պահանջներին` կապված աչքի վիրահատության հետ, Դատարանը նշում է, որ նա չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, ինչպիսին է, բժշկական եզրակացությունը, որը կհիմնավորեր նման վիրահատություն կատարելու անհրաժեշտությունը կամ հնարավորությունը, ծախսերի հաշվարկ կամ որևէ այլ տեղեկություն, որը ցույց կտար, որ նա կարող է պահանջել այդ 160,000-170,000 եվրոն: Նման կերպ բացի հայտարարելուց, որ ինքը նախկինում աշխատել է որպես կասկադյորների մարզիչ, դիմողը չի ներկայացրել որևէ տեղեկություն մինչ հաշմանդամությունն ստացած եկամուտների վերաբերյալ կամ որևէ նույնիսկ կոպիտ հաշվարկ, որոնք կկարողանային Դատարանին թույլ տալ գնահատել վիճարկվող նյութական կորուստներն այս առթիվ: Այդ իսկ պատճառով, Դատարանը գտնում է, որ նա չի հիմնավորել իր պահանջները նյութական վնասի վերաբերյալ, համապատասխանաբար, Դատարանը մերժում է դրանք (տես` Վլադիմիր Ռոմանովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 41461/02, կետ 116, 2008թ. հուլիսի 24 և Նեքդետ Բուլութն ընդդեմ Թուրքիայի, թիվ 77092/01, կետ 33, 2007թ. նոյեմբերի 20):
143. Ինչ վերաբերում է հողատարածքի, ավտոմեքենաների, համապատասխան գործիքների վիճարկվող կորստին` դիմողի քրեական հետապնդումների հետևանքով, Դատարանը չի տեսնում որևէ պատճառական կապ հայտնաբերված խախտումների և վկայակոչվող նյութական վնասների միջև:
144. Այդուհանդերձ, քանի որ վկայակոչվել են ոչ նյութական վնասներ, Դատարանը նշում է, որ գումարը, որն ինքը տրամադրում է 41-րդ հոդվածի ներքո, կարող է նվազ լինել իր նախադեպերում նշված գումարներից, որոնցում դիմողի առնչությամբ արդեն իսկ հայտնաբերվել է խախտում ներպետական մակարդակով և սահմանվել է փոխհատուցում ներպետական միջոցի կիրառմամբ: Դատարանը գտնում է, այդուհանդերձ, որ քանի դեռ դիմողը կարող է վկայակոչել «տուժողի» կարգավիճակը` այդ ներպետական միջոցը կիրառելուց հետո, նրան պետք է տրամադրել ստացած գումարի Դատարանի կողմից սահմանված գումարի տարբերությունը (տե՛ս վերը` Սկորդինոն, կետեր 268 և 269):
145. Հաշվի առնելով վերը նշված չափանիշը և հատկապես ի խախտումն 3-րդ հոդվածի` դիմողի առողջությանը պատճառված չափազանց լուրջ հետևանքները և այն փաստը, որ Դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ, Դատարանը տրամադրում է դիմողին 70,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` գումարած բոլոր հարկերը, որոնք կարող են առաջանալ դիմողի համար այդ առթիվ:
B. Ծախսերն ու ծախքերը
146. Դիմողը չի պահանջել ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Համապատասխանաբար, առիթ չկա սահմանելու որևէ փոխհատուցում այս գլխի ներքո:
C. Տուգանային տոկոսներ
147. Դատարանը նպատակահարմար է գտնում որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ` ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է մերժել Կառավարության փաստարկներն առ այն, որ դիմողն այլևս չի կարող վկայակոչել «տուժողի» կարգավիճակը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առնչությամբ` կապված կալանքի տակ գտնվելու ընթացքում բժշկական օգնության ուշացման և թերությունների հետ:
2. Անընդունելի է հայտարարում դիմողի բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո` կապված Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում 2002թ. օգոստոսի 28-ից 2003թ. օգոստոսի 16-ը դիմողի կալանքի պայմանների, դիմողի բժշկական օգնության ուշացման և թերությունների հետ և դիմողի օգտին կայացված 2007թ. մարտի 26-ի վճռի չկատարման հետ, և անընդունելի է հայտարարում դիմողի գանգատի մնացած մասը:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում Մոսկվայի IZ-77/2 և IZ-77/3 կալանավայրերում 2002թ. օգոստոսի 28-ից 2003թ. օգոստոսի 21-ը դիմողի կալանքի պայմանների առնչությամբ:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված կալանքի ընթացքում նրա բժշկական օգնության ուշացման և թերությունների հետ:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում դիմողի օգտին 2007թ. մարտի 26-ին կայացված վճռի կատարման հետաձգման կապակցությամբ:
6. Վճռում է`
(a) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի 70000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց գումարած ցանկացած հարկ, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլիով` վճարման օրը գործող փոխարժեքով:
7. վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալու պահից հետո վճարումը կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս` պարտավորությունը չկատարելու ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս: Մերժում է արդարացի փոխհատուցման համար դիմողի բողոքի մնացած մասը
Կատարված է անգլերենով, հրատարակված է գրավոր 2010թ. դեկտեմբերի 16-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Նախագահող |
Խրիստոս Ռոզակիս |
Քարտուղար |
Խորեն Նիլսեն |
