ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/9439/05/12 |
Վարչական գործ թիվ ՎԴ/9439/05/12 |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2013 թվականի հոկտեմբերի 30-ին,
քննարկելով ըստ հայցի Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Աշոտ Օնիկի Հովհաննիսյանի` Ծառայության կողմից 22.08.2012 թվականին ընդունված թիվ 01/07-2873/10 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Ծառայության կողմից 22.08.2012 թվականին ընդունված թիվ 01/07-2873/10 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և պարտավորեցնել Ծառայությանը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 15.10.2007 թվականին տրված թիվ 2-1537+2-1538 կատարողական թերթի 8-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելու համար կատարել հարկադիր կատարողական գործողություններ:ՀՀ վարչական դատարանի 08.01.2013 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` Ծառայությանը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 15.10.2007 թվականին տրված թիվ 2-1537+2-1538 կատարողական թերթի 8-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելու համար հարկադիր կատարողական գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է, իսկ Ծառայության կողմից 22.08.2012 թվականին ընդունված թիվ 01/07-2873/10 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2013 թվականի որոշմամբ Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին, բավարարվել է, և հայցադիմումը` Ծառայության կողմից 22.08.2012 թվականին ընդունված թիվ 01/07-2873/10 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2013 թվականի որոշմամբ Աշոտ Օնիկի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է վերացնել Դատարանի 31.01.2013 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Օնիկի Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սույն գործը լրիվ ու բազմակողմանի չի ուսումնասիրել և միայն Աշոտ Օնիկի Հովհաննիսյանի ներկայացրած փաստարկների շրջանակներում կատարած միակողմանի վերլուծության արդյունքում կայացրած իր որոշմամբ թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Վերաքննիչ դատարանն Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի կողմից իր միջնորդությանը կից Դատարան ներկայացված ամբուլատոր բժշկական քարտից թվով 2 քաղվածքների և «Արթմեդ» ՓԲԸ-ի էպիկրիզի անհիմն վերլուծությամբ կասկածի տակ է դրել այդ բժշկական փաստաթղթերի հավաստիությունը և դրա հետ կապված` նաև բողոք բերած անձի ունեցած անկայուն առողջական վիճակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 18.05.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ է գնահատել գործում առկա ապացույցները, ճիշտ է մեկնաբանել և կիրառել այն օրենքը, որը պետք է կիրառեր:
Տվյալ դեպքում Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված պահանջն իրենից ներկայացնում է վիճարկման հայց, հետևաբար դրա վրա տարածվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետները, որպիսի ժամկետները բողոք բերած անձի կողմից բաց են թողնվել, իսկ վերջինիս միջնորդության պատճառաբանություններն ամբողջությամբ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչպիսի պայմաններում և ինչպիսի հանգամանքների առկայության դեպքում են հիմքեր առաջանում հարգելի համարելու օրենքով սահմանված դատավարական ժամկետի բացթողումը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:
Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե'ս` Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե'ս` Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55) :
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների համատեքստում պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը: Վկայակոչված իրավադրույթի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:
Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար:
Վերոնշյալ մեկնաբանությունների հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
26.12.2012 թվականին դիմելով դատարան` Աշոտ Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը պահանջել է վերացնել Ծառայության` թիվ 01/07-2873/10 կատարողական վարույթն ավարտելու մասին 22.08.2012 թվականի որոշումը: Նշված որոշումը վերջինիս կողմից 06.09.2012 թվականին բողոքարկվել է վարչական կարգով: Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին: Ի հիմնավորումն միջնորդության` Աշոտ Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ ունեցել է առողջական խնդիր, ինչով էլ պայմանավորված` չի կարողացել դատարան դիմել օրենքով նախատեսված ժամկետում: Մասնավորապես` ներկայացվել է մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, որի համաձայն` «Գագիկ Հովհաննիսյանը ստացել է ստացիոնար բուժում «Արթմեդ» բժշկական կենտրոնում 12.10.2012 թվականից մինչև 19.10.2012 թվականը» (հատոր 1-ին, գ.թ. 58): Ներկայացվել է նաև «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից 25.10.2012 թվականին տրամադրված քաղվածք ամբուլատոր քարտից, ըստ որի` «Գագիկ Հովհաննիսյանը 12.10-20.10.2012 թվականը պառկել է «Արթմեդ» վերականգնողական հիվանդանոցում, հիվանդը գտնվում է օնկոլոգի հսկողության ներքո» (հատոր 1-ին, գ.թ. 59): 26.10.2012 թվականին, 29.10.2012 թվականին, 05.11.2012 թվականին, 07.11.2012 թվականին և 21.11.2012 թվականին Գագիկ Հովհաննիսյանը ներկայացել և մասնակցել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարություններով դատական նիստերին (հատոր 2-րդ, գ.թ. 64-67, 102-106):
Դատարանը, հաշվի առնելով, որ հայցվորը վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար սահմանված երկամսյա ժամկետը բաց է թողել անկայուն առողջական վիճակի պատճառով, որպիսի փաստը հաստատվում է միջնորդությանը կից ներկայացված ամբուլատոր բժշկական քարտերի քաղվածքներով և բժշկական կենտրոնի էպիկրիզով, գտել է, որ հայցվորի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Աշոտ Օնիկի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ այն ժամանակահատվածում (08.10.2012 թվականից մինչև 10.12.2012 թվականը), որին վերաբերում է Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի` բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, մասնավորապես` 26.10.2012 թվականին, 29.10.2012 թվականին, 05.11.2012 թվականին, 07.11.2012 թվականին և 21.11.2012 թվականին, վերջինս ներկայացել և մասնակցել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարություններով դատական նիստերին: Հետևաբար, դրանից առաջ` 12.10.2012 թվականից մինչև 19.10.2012 թվականը, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանի հիվանդանոցային բուժումն «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում չի կարող հիմք հանդիսանալ հայցադիմումը ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար:
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը ներկայացրել է վիճարկման հայց, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո: Նկատի ունենալով, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտը 06.09.2012 թվականին բողոքարկել է վարչական կարգով, իսկ բողոքի քննության համար համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի, 46-րդ հոդվածի 1-ին մասի` առավելագույն ժամկետը 30-օրյա ժամկետն է, որն ավարտվել է 08.10.2012 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետն ընդգրկում է 08.10.2012 թվականից մինչև 10.12.2012 թվականն ընկած ժամանակահատվածը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից վկայակոչված հիմքը չի կարող հանդիսանալ դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, քանի որ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը ստացիոնար բուժման մեջ գտնվել է ընդամենը 8 օր, որպիսի հանգամանքը չէր կարող խոչընդոտել վերջինիս` իրացնելու իր դատական պաշտպանության իրավունքը: Ավելին, գործով ներկայացվել են ապացույցներ, որոնց համաձայն` հայցվորը բժշկական հաստատությունից դուրս գրվելուց հետո այլ դատական գործերով մասնակցել է դատական նիստերի:
Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան