ԳԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2008թ. հուլիսի 29-ի վճիռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1948 թվականին, ներկայումս ազատազրկման ձևով պատիժը կրում է Թբիլիսիի թիվ 1 բանտում:
1. Դիմողի դատապարտմանը հանգեցրած քննությունը
8. 2001 թվականի մայիսի 23-ին դիմողը ձերբակալվել է տասնչորսամյա մի աղջկա բռնաբարության կասկածանքով:
9. Ըստ դիմողի` մի քանի ոստիկաններ նրա նկատմամբ դրսևորել են վատ վերաբերմունք 2001 թվականի մայիսի 23-25-ը Ռուսթավիի ոստիկանական բաժնում ձերբակալված լինելու ժամանակ` նպատակ ունենալով կորզել խոստովանություն: Ոստիկանները հագցրել են նրա ձեռքերին` ձեռնաշղթաներ, դեմքին գազի դիմակ` ստիպելով ոչ հստակ գոռալ, ինչպես նաև դաժանորեն ծեծել են իրեն` կոտրելով ծնոտը և ձախ ձեռքի ցուցամատը: Ծեծը կրկնվել է, այն խրախուսվել է Ռուսթավիի ոստիկանական բաժնի ավագ ոստիկանի` պարոն Գ.-ի, ինչպես նաև Ռուսթավիի շրջանային դատախազության (ՌՇԴ) երկու քննիչներ պարոն Մ.-ի և պարոն Ա.-ի կողմից:
10. 2001 թվականի մայիսի 24-ի փորձագիտական եզրակացության, ինչպես նաև այլ ապացույցների համաձայն դիմողը սեռական կապի մեջ է եղել տուժողի հետ: 2001 թվականի մայիսի 25-ին նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի բռնաբարության համար («բռնաբարություն»):
11. Գործի նյութերի համաձայն` 2001 թվականի մայիսի 26-ին դիմողին տրամադրվել է փաստաբան,որն էր պարոն Ս.-ն: Նույն օրը Ռուսթավիի շրջանային դատարանը թողել է նրան կալանքի տակ: Համապատասխանաբար նա տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 5 կալանավայր, որտեղ նրա առողջական վիճակը հետազոտվել է բժշկի կողմից: Ըստ դիմողի` այդ բժիշկը, տեսնելով հանդերձ վատ վերաբերմունքի հետքեր, հրաժարվել է գրանցել դրանք բժշկամատյանում:
12. 2001 թվականի հուլիսի 11-ին դիմողը բողոք է ներկայացրել առ այն, որ քննության առումով առկա են տարբեր դատավարական թերություններ, և պահանջել է, որպեսզի պարոն Մ.-ն այլևս չզբաղվի իր գործով, այլ նշանակվի մեկ այլ քննիչ: Նա մեղադրել է քննիչ պարոն Մ.-ին կողմնակալության մեջ, սակայն չի արտահայտել վերջինիս կամ իրավապահ այլ մարմինների կողմից վատ վերաբերմունքի դրսևորման բողոք:
13. Այն փաստը, որ դիմողի և տուժողի միջև եղել է սեռական կապ` հետագայում հաստատվել է նաև այլ փորձագիտական բազմակողմանի եզրակացության հիման վրա, ինչպես նաև տարբեր ապացույցներով և վկաների ցուցմունքներով: Թբիլիսիի շրջանային դատարանը 2001 թվականի դեկտեմբերի 12-ին դիմողին մեղավոր է ճանաչել այն հանցագործությունը կատարելու մեջ, որի համար նրան մեղադրանք էր առաջադրվել, և դատապարտել է նրան տասներեք տարվա ազատազրկման: Ինչպես պարզվել է` գործով դիմողը չի բողոքել դատական քննության ընթացքում վատ վերաբերմունքի դեմ:
14 2002 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը` դրա անհիմն լինելու պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանի նիստին, որը տևել է մի քանի օր, ներկա է եղել նաև դիմողը: Վճռաբեկ դատարանում ևս չի ներկայացվել վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոք: Արդյունքում դիմողը տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 1 բանտ` ազատազրկումը կրելու համար:
15. Վատ վերաբերմունքի առթիվ իր հայտարարությունները հիմնավորելու համար (տես վերը` կետ 9) դիմողը ներկայացրել է Թբիլիսիի թիվ 1 բանտի բժշկամատյանից մի հատված, որը կազմված է եղել 2003 թվականի հուլիսի 16-ին (բանտի 2003 թվականի հուլիսի 16-ի բուժեզրակացությունը), որով հաստատվել է, որ նրա երկու ձեռքերի ցուցամատերը եղել են դեֆորմացած` կոտրվածքների հետևանքով: Այդուհանդերձ կոտրվածքների առաջացման պատճառները չեն բացահայտվել: Չի գրանցվել դիմողի ծնոտի նախկին կոտրվածքի որևէ հետք:
2. Վատ վերաբերմունքի, ինչպես նաև քննչական մարմինների կողմից լիազորությունների չարաշահման վերաբերյալ դիմողի բողոքների քննությունը
(a) Մինչև Կառավարության կողմից բողոքներին ծանոթանալը
16. 2002 թվականի մայիսի 23-ին դիմողը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին («GPO») առ այն, որ բռնաբարության գործով կատարվել են տարբեր դատավարական խախտումներ` ներառյալ 2002 թվականի ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում քննության ընթացքում: Նա պահանջել է լրացուցիչ քննություն: Նա, inter alia, բարձրացրել է փորձագիտական եզրակացության և այլ ապացույցների շինծու լինելու, դատական քննության ընթացքում պատշաճ իրավաբանական օգնության բացակայության և վկաներին հարցաքննելու իր անկարողության հարցը: Վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք չի ներկայացվել: Ինչպես պարզվել է գործի նյութերից` դատավարական թերություններին առնչվող բողոքը մնացել է անպատասխան:
17. 2004 թվականի մայիսին դիմողը կրկին դիմել է Գլխավոր դատախազին` խնդրելով լրացուցիչ քննել բռնաբարության գործը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Նա վկայակոչել է Ռուսթավիի ոստիկանական բաժնում վատ վերաբերմունքը և Ռուսթավիի դատախազության քննիչ պարոն Մ.-ի կողմից գումար շորթելը: 2004 թվականի մայիսի 24-ին Գլխավոր դատախազը մերժել է բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դիմողի կողմից այն բողոքարկվելուց հետո` Թբիլիսիի Մտացմինդա-Կրջանիսի շրջանային դատարանը 2004 թվականի հուլիսի 28-ին անփոփոխ է թողել գլխավոր դատախազի` 2004 թվականի մայիսի 24-ի որոշումը:
18. 2004 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի վճռաբեկ դատարանը վերացրել է 2004 թվականի մայիսի 24-ի և հուլիսի 28-ի որոշումներն այն պատճառաբանությամբ, որ բռնաբարության գործով լրացուցիչ քննության մերժումը չի իրականացվել դիմողի բողոքների նախնական ստուգմամբ: Դատարանը կարգադրել է դատախազությանը` իրականացնել մի շարք հատուկ քննչական միջոցառումներ, ներառյալ դիմողի և նրա վկա պարոն Բ.-ի հարցաքննությունը, որը կարող էր, ըստ դիմողի, հաստատել վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները:
19. Կատարելով Վճռաբեկ դատարանի կարգադրությունը` Ռուսթավիի ոստիկանական բաժինը քննել է և 2005 թվականի փետրվարի 4-ին մերժել դիմողի ներկայացրած` բռնաբարության գործի լրացուցիչ քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը: Այդուհանդերձ, 2005 թվականի ապրիլի 4-ին Քվեմո Քարթլիի շրջանային դատախազությունը («ՔՔՇԴ») վերացրել է 2005 թվականի փետրվարի 4-ի որոշումն այն պատճառաբանությամբ, որ չկատարելով Վճռաբեկ դատարանի` 2004 թվականի նոյեմբերի 5-ի կարգադրությունները, ոստիկանական բաժինը չի հարցաքննել դիմողին: ՔՔՇԴ-ն հանձնել է գործը ՌՇԴ-ին` լրացուցիչ քննություն իրականացնելու համար:
20. 2005 թվականի ապրիլի 27-ին ՌՇԴ-ն որոշել է դիմողին ներգրավել քննության իրականացմանը: Վերջինս, այդուհանդերձ, հրաժարվել է համագործակցել, քանի որ իր նկատմամբ վկայակոչված վատ վերաբերմունքը ցուցաբերողներից մեկը` քննիչ Մ.-ն, այդ ժամանակ ՌՇԴ անդամներից էր: Նույն օրը դատախազության մարմինը որոշում է կայացրել մերժել դիմողի կողմից ներկայացված` գործի քննությունը վերսկսելու մասին պահանջը` ճանաչելով այն անհիմն:
21. Ինչպես ցույց են տվել գործի նյութերը դիմողը չճշտված օրը դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք` ՌՇԴ 2005 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ: 2005 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսթավիի քաղաքային դատարանը մերժել է նրա բողոքը` վաղեմության ժամկետը բաց թողած լինելու հիմքով:
22. Համաձայն գործի նյութերի` 2004 թվականի դեկտեմբերի 28-ին դիմողը նաև պահանջել է ՌՇԴ-ից հարուցել քրեական գործ վատ վերաբերմունքի, ցուցմունք կորզելու, փորձագետի եզրակացությունը կեղծելու առնչությամբ, որոնք, ըստ դիմողի, կատարվել էին քննիչ Մ.-ի կողմից: 2004 թվականի դեկտեմբերի 31-ին ՌՇԴ-ն մերժել է այդ պահանջը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: ՌՇԴ-ն իրականացրել է ստուգումներ և ներկայացրել է պարզաբանումներ կապված դիմողի` ցուցմունք կորզելու և բժշկական եզրակացությունը կեղծելու հայտարարությունների հետ: Այդուհանդերձ, որևէ քննություն չի իրականացվել և, համապատասխանաբար, չի տրվել որևէ պատասխան` կապված վատ վերաբերմունքի առթիվ ներկայացված բողոքի հետ:
23. 2005 թվականի դեկտեմբերի 5-ին Թբիլիսիի շրջանային դատարանը մերժել է դիմողի կողմից ՌՇԴ-ի 2004 թվականի դեկտեմբերի 31-ի որոշման դեմ ներկայացված բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը հիմնավորել է, որ ՌՇԴ-ն կատարել է բավարար քննություն` կապված դիմողի բողոքների հետ, մինչև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելը: Դատարանը նաև հանդիմանել է դիմողին այն բանի համար, որ վերջինս չի ներկայացրել բողոք քննիչ Մ.-ի դեմ մինչև բռնաբարության գործի ավարտը: Կրկնելով, որ ՌՇԴ` 2004 թվականի դեկտեմբերի 31-ի որոշումը արտացոլել է դիմողի դժգոհություններին վերաբերող հանգամանքների կապակցությամբ անցկացված բազմակողմանի քննության արդյունքները, Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը 2006 թվականի փետրվարի 21-ին մերժել է դիմողի` քննիչ Մ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջը:
(b) Կառավարությանը 2005 թվականի դեկտեմբերի 5-ին դիմում ներկայացնելուց հետո
24. 2006 թվականի հունվարի 24-ին ՔՔՇԴ-ն հարուցել է քրեական գործ (թիվ 042068005) դիմողի` 2004 թվականի դեկտեմբերի 28-ի` 2001 թվականի մայիսի 23-25-ն իր նկատմամբ վիճարկվող` իշխանության գերազանցման վերաբերյալ բողոքի հիման վրա (տես վերը` կետ 22):
25. 2006 թվականի հունվարի 27-ին Գլխավոր դատախազը վերցրել է քրեական գործը ՔՔՇԴ-ից և այն հանձնել Թբիլիսիի դատախազին` քննություն իրականացնելու համար:
26. 2006 թվականի օգոստոսի նամակում դիմողը տեղեկացրել է Դատարանին, որ ինքը հարցաքննվել է այդ գործով:
27. 2007 թվականի մարտի 15-ի որոշմամբ Թբիլիսիի դատախազը որոշել է կարճել գործի քննությունը` չնայած հնարավոր բոլոր քննչական միջոցների սպառմանը` մեղադրանքի համար օբյեկտիվ ապացույցների բացակայության պատճառով: Ինչպես պարզվել է չճշտված օրը կայացված այդ որոշմամբ, Թբիլիսի քաղաքի դատախազն առանձին հարցաքննել է դիմողին, նրա կողմից մեղադրվող ՌՇԴ քննիչներ պարոն Մ.-ին և պարոն Ա.-ին, Ռուսթավիի ոստիկանական բաժնի ավագ ոստիկանին, պարոն Գ.-ին և այլ տասը ոստիկանների, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են եղել իրադարձություններին, որոնք տեղի էին ունեցել մինչ դիմողը գտնվել էր կալանքի տակ 2001 թվականի մայիսի 23-25-ը: Չնայած դիմողը կրկնել է վատ վերաբերմունքի առնչությամբ իր բողոքները (տես վերը` կետ 9)` իրավապահ մարմինները դրանք ժխտել են:
28. 2007 թվականի մարտի 15-ի որոշումը նաև բացահայտել է, որ Թբիլիսի քաղաքի դատախազը կարգադրել է և համապատասխան փորձագիտական գործակալությունը 2007 թվականի մարտի 13-ին քննել է Թբիլիսիի թիվ 1 բանտի բժշկական նյութերը, որոնք տեղեկություններ են պարունակել դիմողի առողջական վիճակի վերաբերյալ: Այդպիսով, 2007 թվականի մարտի 13-ի փորձագիտական եզրակացությունը, որը գրեթե կրկնում էր բանտի 2003 թվականի հուլիսի 16-ի բժշկական եզրակացությունը (տես վերը` կետ 15), հաստատել է ցուցամատերի կոտրվածքների, ինչպես նաև դիմողի մարմնին մի շարք այլ վնասվածքների առկայությունը, հատկապես` ձախ ձեռքին: Այդուհանդերձ, անհնարին է եղել այդ եզրակացության հիման վրա պարզել մատների կոտրվածքների առաջացման ճշգրիտ ժամանակը:
29. Թբիլիսի քաղաքի դատախազի կողմից կատարված քննությունը նույնպես ցույց է տվել, որ դիմողը 1990-1994 թվականներին մասնակցել է զինված հակամարտությունների Վրաստանի երկու հեռավոր շրջաններում: Դիմողը բացատրել է դատախազությանը, որ իր ձեռքը վնասել է այդ հակամարտության ժամանակ:
30. 2007 թվականի մարտի 15-ի որոշմամբ եզրակացվել է, որ քննությամբ չի բացահայտվել որևէ ապացույց առ այն, որ դիմողի նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք ՌՇԴ աշխատակիցների կողմից 2001 թվականի մայիսի 23-25-ին: Ապա հիմնավորվել է, որ չնայած դիմողն առաջին անգամ բարձրացրել է այս հարցը միայն այն բանից հետո, երբ 2001 թվականի դեկտեմբերի 12-ի իր դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կարելի է եզրակացնել, որ նրա բողոքները եղել են սուտ և միայն նպատակ են ունեցել հասնելու բռնաբարության գործի վերաբացմանը:
31. Դիմողը դատարան բողոք է ներկայացրել Թբիլիսի քաղաքի դատախազի 2007 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ` պահանջելով վերացնել այն և շարունակել քննությունը: Նա հստակորեն պահանջել է, որպեսզի իր բողոքը քննվի բանավոր նիստում և ինքն անձամբ, որպես տուժող, կարողանա ներկայացնել գործի փաստական հանգամանքները: Բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժվել է Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարանների կողմից 2007 թվականի հունիսի 12-ին և սեպտեմբերի 6-ին` համապատասխանաբար, վերջին որոշումը դարձել է վերջնական: Երկու ատյանները գործը քննել են աշխատասենյակում` առանց բանավոր նիստի: Ինչպես երևում է դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումից` չի իրականացվել կողմերի միջև գրավոր դիրքորոշումների փոխանակում:
3. Միջազգային քննություն
32. Ըստ դիմողի` Դատարան իր դիմումը ներկայացնելու համար նա իր գանգատը ներկայացրել է ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովին: Նա չի առանձնացրել իր գանգատի բովանդակությունը կամ այն ներկայացնելու և /կամ/ ՄԱ Մարդու իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից այն ստանալու օրը, ոչ էլ որևէ համապատասխան քննության որևէ հանգամանք:
ՕՐԵՆՔ
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
33. Դիմողը բողոքել է, որ նրա նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք Ռուսթավիի ոստիկանական բաժնում ձերբակալված լինելու ժամանակ` 2001 թվականի մայիսի 23-25-ին, և որ իրավասու մարմինները պատշաճ կերպով չեն քննել գործը: Ըստ էության նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, համաձայն որի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիություն
1. Կողմերի նախնական փաստարկները
34. Դիմումի հանգամանքների և ընդունելիության վերաբերյալ իր դիրքորոշումներում Կառավարությունը հայտնել է` քանի որ դիմողն ակնհայտորեն գանգատ է ներկայացրել ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովին, նրա գանգատը Դատարանը պետք է ճանաչի անընդունելի` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2(b) կետի հիմքով: Կառավարությունը ներկայացրել է դիմողի կողմից Վրաստանի վճռաբեկ դատարանին ներկայացված բազմաթիվ բողոքների պատճենները: Այդ բողոքներում, որտեղ վիճարկվել է ներպետական քրեական դատավարության արդարացիությունը, դիմողը զգուշացրել է Վճռաբեկ դատարանին, որ Դատարան բողոքելու համար նա գանգատ է ներկայացրել ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողով: Նա ընդհանրապես չի հստակեցրել այդ գանգատի բովանդակությունը կամ տարեթիվը, բացի նրանից, որ նշել է, որ նպատակ ունի «ապացուցելու իր անմեղությունը»:
35. Նաև Կառավարությունը հայտնել է, որ Դատարանին ներկայացված դիմումի առումով բաց է թողնվել վաղեմության ժամկետը, քանի որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանի կողմից 2002 թվականի ապրիլի 16-ին կայացված` բռնաբարության գործով որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում: Հղում կատարելով այն փաստին, որ դիմողը երբևէ չի բողոքել վատ վերաբերմունքի վերաբերյալ ոչ դատախազությունում, ոչ էլ դատական իշխանությունների առջև բռնաբարության գործի քննության ընթացքում, Կառավարությունը պահանջել է, որպեսզի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքով ներկայացված գանգատը մերժվի` ներպետական միջոցները սպառած չլինելու հիմքով:
36. Վերջապես, Կառավարությունը հայտնել է, որ հաշվի առնելով ներպետական մակարդակով կատարված քննության հակառակ հետևությունները` վատ վերաբերմունքի առթիվ դիմողի բողոքները ճիշտ չեն և այդ պատճառով պետք է մերժվեն որպես ակնհայտ անհիմն բողոքներ:
37. Որպես պատասխան ներկայացված իր հետևություններում դիմողն ընդունել է, որ նա իր գանգատը ներկայացրել է ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողով: Այդուհանդերձ, նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ և որ ներպետական մարմինների դեմ է ներկայացված եղել խնդիրը:
2. Կառավարության կողմից Դատարան ներկայացված լրացուցիչ տեղեկություն
39. Չկարողանալով ղեկավարվել Կառավարության` ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովի ներգրավվածության վերաբերյալ առարկություններով, Դատարանը որոշել է 2008 թվականի մայիսի 6-ին, որ լրացուցիչ տեղեկություն պետք է խնդրվի նրանցից` Դատարանի կանոնների 54-րդ կանոնի 2(a) կետի հիմքով (տես վերը` 6-րդ կետ):
40. Այդ պատճառով կողմերին առաջարկվել է տեղեկացնել Դատարանին, թե արդյոք դիմողի անձնական նամակագրությունը երբևէ ստացվել կամ գրանցվել է ՄԱ մարդու իրավունքների հանձնաժողովում, արդյոք կատարվել է այդ առթիվ որևէ քննություն, և եթե` այո, արդյոք այդ քննությունը վերաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո Դատարան ներկայացված միևնույն փաստերին և բողոքներին (տես` Ֆոլգերոն և այլոք ընդդեմ Նորվեգիայի (dec.), թիվ 15472/02, 2006թ. փետրվարի 14):
41. Իր` 2008 թվականի հունիսի 18-ի պատասխանում Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովը չի հաստատել դիմողի կողմից անձնական նամակագրությունը:
3. Դատարանի գնահատականը
(a) Միջազգային այլ վարույթի կամ որոշման ներգրավվածության դեմ առարկություն
42. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2(b) կետը նպատակ ունի խուսափել միևնույն գործով տարբեր միջազգային վարույթների առկայությունից (տես` Սմիրնովան և Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի Russia (dec.), թիվ 46133/99 և 48183/99, 2002թ. հոկտեմբերի 3): Քննելով այս հարցը` Դատարանը պետք է որոշի, թե արդյոք այլ կառույցների ներկայացված դիմումները վերաբերում են ըստ էության նույն անձին, փաստերին և բողոքների, թե` ոչ: Նույնիսկ նույն փաստերը կարող են ներկայացնել տարբեր բողոքներ Դատարանի և միջազգային այլ հաստատության առջև և այդպիսով կարող են բացառել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2(b) կետի կիրառելիությունը (տես` Պուգերն ընդդեմ Ավստրիայի, թիվ 16717/90, Commission decision of 9 January 1995, (DR) 80 A, p. 24; Իվալդսոնն և այլոք ընդդեմ Շվեդիայի (dec.), թիվ 75252/01, 2006թ. մարտի 28):
43. Դատարանն ընդունում է, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային պայմանագրի ներքո ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովն իրոք «միջազգային քննության իրականացում է»` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2(b) կետի իմաստով (տես` Հիլն ընդդեմ Իսպանիայի (dec.), թիվ 61892/00, 2001թ. դեկտեմբերի 4): Այդուհանդերձ, հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները, հատկապես, Կառավարության` 2008 թվականի հունիսի 18-ի պատասխանը (տես վերը` կետ 41), Դատարանը գտնում է` հաստատված է, որ ՄԱ Մարդու իրավունքների հանձնաժողովը երբևէ դիմողից չի ստացել որևէ անձնական դիմում: Հետևաբար կարելի է ասել, որ այդ հաստատությունում որևէ քննություն չի իրականացվել մինչև Դատարան գանգատներ ներկայացնելը:
44. Ուստի Կառավարության` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2(b) կետի ներքո առարկությունը պետք է ճանաչվի անընդունելի:
(b) Ներպետական միջոցներն սպառված չլինելու, վաղեմության ժամկետները բաց թողնված լինելու և բողոքի ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով առարկությունը
45. Դատարանը գտնում է, որ կողմերի միջև անհամաձայնության խնդիր էր այն, թե արդյոք դիմողը բողոքել է վատ վերաբերմունքի առնչությամբ բռնաբարության գործի քննության ընթացքում: Դիմողի կողմից իրադարձությունների վարկածի հաստատման որևէ ապացույցի բացակայության պայմաններում, Դատարանը գտնում է, որ սույն գանգատը դիմողի կողմից առաջին անգամ ներկայացվել է Վճռաբեկ դատարանի 2002 թվականի ապրիլի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
46. Այդուհանդերձ, Դատարանը չի գտնում, որ դիմողը կարող էր վիճարկել վատ վերաբերմունքը միայն բռնաբարության գործով քրեական գործի քննության ընթացքում: Դատարանի լավ հիմնված նախադեպերի համաձայն` առանձին գանգատը, որը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի արարքի համար կալանավորված դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի գործողությունների համար, բնականոն երևույթ է և արդյունավետ միջոց (տես` see, among many others, Ռամիշվիլին և Կոխրիձեն ընդդեմ Վրաստանի (dec.), թիվ 1704/06, 2007թ. հունիսի 26, Դավթյանն ընդդեմ Վրաստանի (dec.), թիվ 73241/01, 2005թ. սեպտեմբերի 6, Տրուբնիկովն ընդդեմ Ռուսաստանի (dec.), թիվ 49790/99, 2003թ. հոկտեմբերի 14): Չնայած դիմողը չի ներկայացրել նման բողոքներ իրավասու ներպետական իշխանություններին, որի հիման վրա երկու տարբեր քննություններ են իրականացվել 2004-2006 թվականների ընթացքում (տես վերը` կետ 16-22), Կառավարության առարկությունները` ներպետական միջոցներն սպառած լինելու և վաղեմության ժամկետները բաց թողնված լինելու վերաբերյալ պետք է ճանաչվեն անընդունելի:
47. Ինչ վերաբերում է Կառավարության առարկությանն առ այն, որ ներպետական քննության լույսի ներքո դիմողի բողոքները վատ վերաբերմունքի առնչությամբ ակնհայտորեն անհիմն են, Դատարանը գտնում է, որ այս հարցը պահանջում է հանգամանալից քննություն:
(c) Եզրակացություն
48. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատները չեն կարող մերժվել Կառավարության առարկությունների հիման վրա: Ապա Դատարանը նշում է, որ դրանք անհիմն չեն նաև որևէ այլ հիմքով: Այդ պատճառով դրանք պետք է ճանաչվեն ընդունելի:
B. Գործի հանգամանքները
1. Կողմերի փաստարկները
49. Կառավարությունը հերքել է դիմողի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ արված հայտարարությունները` դրանք համարելով սուտ, հիմնվելով Թբիլիսիի դատախազության կողմից թիվ 042068005 գործով արված հետևությունների վրա (տես վերը` կետ 24-30): Այն կրկնել է, որ ՌՇԴ և Ռուսթավիի ոստիկանության աշխատակիցները հերքել են, որ դիմողը ենթարկվել է որևէ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման Ռուսթավիի ոստիկանական բաժնում 2001 թվականի մայիսի 23-25-ին ձերբակալված լինելու ընթացքում:
50. Ապա Կառավարությունն ընդգծել է, որ դիմողի բժշկական հետազոտությամբ, որը կատարվել էր Թբիլիսիի դատախազության նախաձեռնությամբ, հնարավոր չի եղել պարզել դիմողի ցուցամատերի կոտրվածքների առաջացման կոնկրետ պատճառը և ժամանակը: Այն նաև հիմնվել է դիմողի կողմից անձամբ մատնանշված փաստին այն մասին, որ ինքը վիրավորել էր զինված հակամարտության ժամանակ (տես վերը` կետ 29), այդպիսով հետևություն է արվել առ այն, որ այդ կոտրվածքները կարող էին առաջացած լինել այդ ընթացքում:
51. Ըստ Կառավարության` չնայած բոլոր քննչական միջոցներն սպառելուն, ԹՔԴ-ն չի կարողացել ձեռք բերել որևէ ապացույց առ այն, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել: Այդպիսով, դատախազության մարմինները լիովին կատարել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո իրենց բոլոր դատավարական պարտականությունները: Կառավարությունը հայտարարել է, որ այս դրույթի հիման վրա դիմողի գանգատն անհիմն է:
52. Կառավարությունը կոչել է Դատարանին հաշվի առնել այն, որ դիմողը երբևէ չի բարձրացրել նման բողոք բռնաբարության գործի քննության ընթացքում: Այդպիսով, օրինակ, 2001 թվականի հուլիսի 11-ին ներկայացնելով բողոք առ այն, թե քննիչ Մ.-ի կողմից թույլ են տրվել դատավարական խախտումներ` դիմողը չի բարձրացրել վատ վերաբերմունքի առթիվ որևէ հարց: Նմանապես, 2002 թվականի ապրիլի 16-ի վերջնական որոշումից հետո ԳԴ-ին ներկայացված իր առաջին բողոքում չի ներկայացրել որևէ նման բողոք (տես վերը` կետ 12 և 16): Ըստ Կառավարության` այս գործոնները վկայում են դիմողի ստախոսության մասին: Վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա բողոքները, ուստի, նպատակ են հետապնդել գործի կրկին քննությանը հասնելու:
53. Ի պատասխան` դիմողը կրկնել է 2001 թվականի մայիսի 23-25-ը Ռուսթավիի ոստիկանական բաժնում վատ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին իր բողոքները, որոնց արդյունքում կոտրվել էին նրա ծնոտը, երեք մատները և երկու ատամները: Նա բողոքել է, որ ԹՔԴ-ի կողմից այդ հանգամանքների առթիվ քրեական գործի քննությունը չի եղել պատշաճ և օբյեկտիվ: Դիմողը պնդել է, որ իրեն երբևէ չեն հարցաքննել այդ քննության ընթացքում, սակայն այդ մասին նշվել է 2007 թվականի մարտի 15-ի որոշման մեջ (տես վերը` կետ 27): Ի հիմնավորումն այս պնդման` նա ներկայացրել է Թբիլիսիի թիվ 1 բանտի պետի կողմից տրված 2007 թվականի հոկտեմբերի 31-ի մի գրություն, որով հաստատվել է, որ դատախազը, ով ստորագրել է որոշումը, բանտ չի մտել 2007 թվականի հունվարից: Ապա դիմողը հայտնել է, որ իր առողջական վիճակը երբևէ չի հետազոտվել ԹՔԴ-ի քննության ընթացքում: Նա նաև բողոքել է, որ հանցագործներից պարոն Գ.-ն, որն իբրև թե հարցաքննվել է քննության ընթացքում (տես վերը` կետ 27), իրականում մահացել էր մինչև թիվ 042068005 քրեական գործի հարուցումը:
54. Ապա դիմողը բողոքել է, որ ԹՔԴ-ն չի հարցաքննել իր կնոջը, հարևաններին կամ պարոն Ս.-ին` փաստաբանին, որը պաշտպանել է իրեն բռնաբարության գործի քննության ընթացքում: Նա բողոքել է, որ այդ վկաները կարող էին հաստատել, որ 2001 թվականի մայիսի 23-25-ն իրեն վատ վերաբերմունքի են ենթարկել ձերբակալված լինելու ընթացքում: Նաև դիմողը նշել է, որ ներպետական դատարանները չեն իրականացրել բանավոր նիստեր ԹՔԴ-ի 2007 թվականի մարտի 15-ի որոշման դեմ բողոքը քննելիս: Նա նշել է` քանի որ ինքը եղել էր այդ քննության զոհը, շատ կարևոր էր իր ներկայանալ այդ նիստերին:
55. Վերջապես, դիմողը հայտարարել է` քանի որ ինքը չի ունեցել փաստաբան և իրեն անցած տասնմեկ ամիսների ընթացքում զրկել են բանտում հարազատների հետ տեսակցության հնարավորությունից, ինքը չի կարողացել ստանալ փաստաթղթեր, որոնցով կկարողանար հաստատել իր վերը նշված որոշ հայտարարությունները:
2. Դատարանի գնահատականը
(a) Վատ վերաբերմունքի մասին գանգատներ
56. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը, որը բացարձակապես արգելում է խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տես, օրինակ, Ակսոյն ընդդեմ Թուրքիայի վճիռը, 1996թ. դեկտեմբերի 18, Զեկույցների և Վճիռների ժողովածու 1996-VI, էջ 2278, կետ 62, Այդինն ընդդեմ Թուրքիայի, 1997թ. սեպտեմբերի 25, 1997-VI, կետ 81): Դատարանը բազմիցս նշել է, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել կալանավորված անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը, և որ ապացույցները գնահատելիս սովորաբար կիրառվել է «հիմնավոր կասկածից վեր է» ապացուցման չափանիշը (տես` Farbtuhs v. Latvia, no. 4672/02, կետ 54, 2 December 2004): Նման ապացույցը կարող է ի հայտ գալ բավականաչափ ուժեղ, հստակ և միանշանակ հետևությունների կամ փաստի նմանատիպ անհերքելի կանխավարկածների առկայության շնորհիվ (տես` Անգելովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38361/97, կետ 111, ՄԻԵԴ 2002‑IV, Շամաեվն և այլոք ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի, թիվ 36378/02, կետ 338, ՄԻԵԴ 2005‑III):
57. Անդրադառնալով տվյալ գործի փաստերին` Դատարանը, նախևառաջ նկատում է, որ ներպետական քննությունը չի բացահայտել որևէ էական ապացույց առ այն, որ դիմողի նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք 2001 թվականի մայիսի 23-25-ը ձերբակալված լինելու ընթացքում: Դուրս գալով ներպետական իշխանությունների կողմից փաստի առնչությամբ հետևությունների շրջանակներից և իրականացնելով հատուկ մանրակրկիտ քննություն (տես` among other authorities, Թալաթ Տիփին ընդդեմ Թուրքիայի, թիվ 31247/96, կետ 49, 2004թ. դեկտեմբերի 21)` Դատարանն իր տիրապետության տակ եղած խղճուկ բժշկական նյութերի (տես վերը` կետեր 11,15 և 28) և լոկ դիմողի գնահատման հիման վրա չի կարող վկայակոչվող` կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքը համարել «հիմնավոր կասկածից վեր» հաստատված փաստ (տես` Դավթյանն ընդդեմ Վրաստանի, թիվ 73241/01, կետ 38, 27 2006թ. հուլիսի 27, Դանելիան ընդդեմ Վրաստանի, թիվ 68622/01, կետեր 42 և 43, 2006թ. հոկտեմբերի 17): Տեղեկությունների այս սղության պատճառը մեծամասամբ իրավասու մարմինների կողմից կատարված քննության հետևանքներն են (տես ստորև` կետեր 71 և 73-76):
58. Համապատասխանաբար, Դատարանը չի կարող հաստատել, որ տեղի է ունեցել դիմողի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված ձերբակալված լինելու ընթացքում վկայակոչվող վատ վերաբերմունքի հետ:
(b) Քննության ենթադրյալ անհամապատասխանությունը
(i) Ընդհանուր սկզբունքներ
59. Երբ անձը բարձրացնում է ենթադրյալ բողոք առ այն, որ ինքը ոստիկանությունում լրջորեն ենթարկվել է վատ վերաբերմունքի` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ հոդվածը Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` «իրենց իրավազորության ներքո յուրաքանչյուր անձի համար … Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները ապահովելու» Պետության պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի կատարվի արդյունավետ պաշտոնական քննություն: Այդ քննությունը պետք է հնարավորություն ընձեռի հանգելու պատասխանատուների բացահայտմանը և պատժին (տես` Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, Վճիռներ 1998‑VIII, էջ 3290, կետ 102, Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000‑IV): Այլ կերպ` խոշտանգման տանջանքի և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, որոշ դեպքերում պետական մարմիններին հնարավորություն կտա ոտնահարելու իրենց հսկողության ներքո գտնվողների իրավունքները` հնարավոր անպատժելիությամբ (տես` վերը նշված Լաբիտայի գործը, կետ 131):
60. Երբ նույնիսկ Դատարանը չի կարող հանգել որևէ հետևության առ այն, թե արդյոք ըստ էության տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունք, 3-րդ հոդվածը կարող է դեռևս վկայակոչվել` առնվազն մասամբ կապված այսպիսի բողոքների առումով իշխանությունների` ժամանակին արդյունավետորեն չգործելու հետ (տես` Խաշիևը և Ակայեվան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 57942/00 and 57945/00, կետ 178, 2005թ. փետրվարի 24):
Քննություն իրականացնելու պարտականությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտականություն է (տես` Փոլ և Էնդրյու Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետ 71, ՄԻԵԴ 2002‑II):
61. Որպեսզի քննությունը լինի արդյունավետ, այն սովորաբար պետք է դիտվի որպես անհրաժեշտ պատասխանատու այն անձանց համար, ովքեր իրականացնում են քննությունը, որը պետք է լինի անկախ իրադարձությունների մեջ ներգրավված անձանցից (տես` Բարբու Անղելեսկուն ընդդեմ Ռումինիայի, թիվ 46430/99, կետ 66, 2004թ. հոկտեմբերի 5): Դա ստորադասային (հիերարխիկ) կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական անկախություն (տես հատկապես` Էրգին ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 28-ի վճիռ, Վճիռներ 1998-IV, կետեր 83-84):
62. Քննությունը պետք է լինի հավուր պատշաճի: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է մշտապես լուրջ քայլերի դիմեն պարզելու համար, թե ինչ է կատարվել և չպետք է հույսը դնեն չհիմնավորված կամ հապճեպ արված հետևությունների վրա` իրենց կողմից իրականացվող քննությունը դադարեցնելու կամ այլ կերպ իրենց որոշումները հիմնավորելու համար (տես` վերը նշված Ասենովնի գործը, կետեր 103 et seq): Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հիմնավոր քայլերը, որոնք հասու են իրենց, ձեռք բերելու համար դեպքին առնչվող ապացույցներ, ներառյալ, inter alia, ականատեսների հարցաքննությունը և դատաբժշկական ապացույցները (տես` Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, ՄԻԵԴ 1999-IV, կետ 104 et seq., Գյուլն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22676/93, կետ 89, 2000թ. դեկտեմբերի 14): Քննության ցանկացած բացթողում, որը կարող է խանգարել և թույլ չտալ, որպեսզի բացահայտվեն վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձինք, կարող են հանգեցնել այս սկզբունքի խախտման ռիսկի:
63. Վերջապես, քննությունը պետք է լինի արագ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո Դատարանը կպարզի` արդյոք համապատասխան ներպետական իշխանությունները ժամանակին են գործել` կապված պատշաճորեն ներկայացված բողոքների հետ (տես` Կորսակովն ընդդեմ Մոլդովայի, թիվ 18944/02, կետ 70, 2006թ. ապրիլի 4):
(ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառելիությունը տվյալ գործով
64. Դատարանը գտնում է, որ դիմողի` ներպետական իշխանություններին ներկայացված բողոքները պարունակել են բավականաչափ հատուկ տեղեկություններ, այն է` վատ վերաբերմունքի ժամը, տեղը և բնույթը, հնարավոր հանցագործներին, վկայակոչվող ծեծի և առաջացած առողջական խնդիրների միջև պատճառական կապը և այլն` վիճելի գանգատ ներկայացնելու համար, որոնց առնչությամբ այդ իշխանությունները պարտավոր էին իրականացնելու արդյունավետ քննություն (տես` Davtian, judgement cited above, կետ 42, Պետրոպուլու-Ծակիրիսն ընդդեմ Հունաստանի, թիվ 44803/04, կետ 47, 2007թ. դեկտեմբերի 6):
65. Պարզման ենթակա մեկ այլ հարց է այն ժամանակահատվածը, որի ընթացքում իրավասու իշխանությունները պարտավոր էին քննել դիմողի բողոքները: Այդ ժամանակահատվածն սկսվել է 2004 թվականի մայիսից, երբ դիմողը, համաձայն գործի նյութերի, առաջին անգամ ներկայացրել է վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք, և ավարտվել է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ ներպետական դատարանները վերջնականապես հաստատել են գործի վարույթի կարճումը (տես վերը` կետ 17, 31 և 45):
66. Դատարանը գտնում է, որ տեղին է քննելու մոտավորապես երեք տարի և չորս ամսվա տևողությունը` մինչև 2006 թվականի հունվարի 24-ը և դրանից հետո ներպետական իշխանությունների կողմից ձեռնարկված քննչական միջոցառումների լույսի ներքո (տես վերը` կետ 24):
67. Ինչ վերաբերում է մինչև 2006 թվականի հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածին, պետք է նշել, որ վատ վերաբերմունքի առթիվ բողոքը դիմողի կողմից ներկայացվել է բռնաբարության գործը կրկին քննության առնելու վերաբերյալ ներկայացված իր դիմումում, ինչպես նաև քննիչ Մ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին իր առանձին պահանջում (տես վերը` կետեր 17 և 22):
68. Քանի որ գործը վերաբերել էր քննության վերսկսմանը, Դատարանը նկատում է, որ նախնական քննությունը` կապված վատ վերաբերմունքի և ենթադրաբար քննիչ Մ.-ի կողմից թույլ տրված իշխանության գերազանցման առթիվ դիմողի բողոքների հետ, չի եղել անկախ: Հատկապես, քննությունը հանձնարարվել է դատախազության այն նույն անձնակազմին` ՌՇԴ-ի, որի անդամ էր եղել ենթադրյալ հանցագործը` պարոն Մ.-ն, չնայած որ դիմողը հստակորեն առարկել էր շահերի նման ակնհայտ բախման դեմ (տես` Տոտևան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 42027/98, կետ 63, 2004թ. մայիսի 19, Օգյուրն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21594/93, կետեր 91-92, ՄԻԵԴ 1999-III):
69. Ավելին, չի կարելի ասել, թե դատախազության մարմիններն իրականացրել են պատշաճ քննություն, քանի որ ինքը` դիմողը երբևէ չի հարցաքննվել դրա ընթացքում (տես` վերը Պետրոպուլու-Ծակիրիսի գործը, կետեր 50 and 53, Բաթին և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 33097/96 and 57834/00, կետ 134, ՄԻԵԴ 2004‑IV (extracts)): Այս թերությունը նշվել է նաև Վրաստանի Գերագույն դատարանի կողմից, սակայն չի վերացվել (տես վերը` կետեր 18-21):
70. Ինչ վերաբերում է պարոն Մ.-ին վերաբերող առանձին պահանջին, ապա համապատասխան ներպետական քննությունը բացահայտել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքը Գլխավոր դատախազության կողմից թողնվել է առանց հետևանքի: Ստուգելով փորձագիտական եզրակացության կորզման և շինծու լինելու առթիվ դիմողի բողոքները` չի իրականացվել որևէ քննություն, և, համապատասխանաբար, չի տրվել որևէ պատասխան այդ քննիչի կողմից ֆիզիկական ներգործության կապակցությամբ արված հայտարարության առնչությամբ: Թբիլիսիի շրջանային դատարանը և Վերաքննիչ դատարանը նաև չեն պարզաբանել, թե ինչպես դիմողի բողոքների մի մասի անբացատրելի անտեսումը կարող էր հանգեցնել Գլխավոր դատախազության կողմից «բազմակողմանի» քննության (տես վերը` կետեր 22 և 23):
71. Հաշվի առնելով վերը նշված դիտարկումները` Դատարանը գտնում է, որ փաստերը, որոնց վրա հիմնվել են իրավասու մարմինները կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ դիմողի բողոքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու համար, ակնհայտորեն չեն բավարարել անկախության և բազմակողմանիության պահանջները: Այս դրությունը, որն առկա է եղել 2006 թվականի մայիսից մինչև հունվար, բավարար է Դատարանի համար հանգելու այն հետևությանը, որ ներպետական իշխանությունները չեն իրականացրել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված բողոքն արդյունավետ քննելու իրենց պարտականությունը:
72. Ինչ վերաբերում է համապատասխան ժամանակահատվածին, ապա Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից Կառավարությանը բողոքը ներկայացնելուց հետո է (տես վերը` կետ 3), որ Գլխավոր դատախազությունը որոշել է հարուցել քրեական գործ` 2006 թվականի հունվարի 24-ին, այն է` դիմողի կողմից այդ առթիվ ներկայացված միջնորդությունից երկու տարի անց (տես վերը` կետ 22):
73. Նախևառաջ Դատարանը նկատում է, որ Գլխավոր դատախազը քրեական գործը վերցրել է շրջանային դատախազության մարմիններից, որի անդամ է եղել քննիչ Մ.-ն այդ ընթացքում, այն և հանձնարարել է ԹՔԴ-ին (տես վերը` կետ 25), որը պատասխանատու չի եղել հանցագործների համար (տես վերը` կետ 68): Երկրորդ, Դատարանը մերժում է դիմողի փաստարկն առ այն, թե ինքը չի հարցաքննվել Գլխավոր դատախազի կողմից, քանի որ իրեն հստակորեն հայտնել են հակառակի մասին 2006 թվականի օգոստոսի 20-ի նամակում (տես վերը` կետ 26): Այդուհանդերձ, Դատարանը գտնում է, որ արդյունավետ քննության սկզբունքը խախտվել է, քանի որ Գլխավոր դատախազությունը մեծամասամբ հիմնվել է ՌՇԴ-ի և Ռուսթավիի ոստիկանների կողմից ներկայացված տեղեկության վրա, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել իրադարձությունների հետ, առանց փնտրելու որևէ տեղեկություն դիմողի վկաներից (տես, օրինակ` Ergı, cited above, կետեր 83-84) կամ ապահովելու, որպեսզի դիմողն ինքն առերես հարցաքննվի պարոնայք Մ.-ի, Ա.-ի և Գ.-ի հետ, որոնց ինքն ուղղակիորեն մեղադրել է (տես` վերը նշված Դավթյանի գործի վերաբերյալ վճիռը, կետ 46): Ապա Դատարանն ընդգծում է այն փաստի կարևորությունը, որ Թբիլիսի քաղաքի դատախազությունը չի հարցաքննել Թբիլիսիի թիվ 5 բանտի բժշկին, որը զննել էր դիմողին այդ ժամանակ և ենթադրաբար հրաժարվել էր գրանցել դիմողի մարմնին առկա վատ վերաբերմունքի հետքերը (տես վերը` կետ 11): Վերջապես, դիմողի առողջական վիճակի առնչությամբ անկախ և բազմակողմանի բժշկական հետազոտություն նշանակելու փոխարեն Թբիլիսի քաղաքի դատախազությունը սահմանափակվել է նրանով, որ փորձագետը պարզապես արտագրել է բանտի բժշկի գրառումները (տես վերը` կետ 28):
74. Ապա Դատարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ վերը նշված գործի վարույթի կարճումը տեղի է ունեցել ներպետական դատարանների կողմից գրավոր ձևով, առանց բանավոր նիստի: Եվ ոչ էլ գործի նյութերից երևում է, թե փոխարենն իրականացվել է թափանցիկ և բազմակողմանի գրավոր ընթացակարգ (տես վերը` կետ 31): Դատարանը գտնում է այս առթիվ, որ հրապարակային և թափանցիկ դատական քննությունը, նույնիսկ եթե դատարանն իրավասու չէ իրականացնելու անկախ քննություն կամ փաստի վերաբերյալ անելու հետևություններ, հնարավորություն է ստեղծում ապահովելու օրենքի պատշաճ կիրառում վատ վերաբերմունքի գործերի առումով, որոնց կողմ են հանդիսանում դիմողը և դատախազության մարմինները (տես` վերը նշված Կոխրեիձեի գործը, Բիլիվիցկին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72967/01, կետ 61, 2007թ. մարտի 1):
75. Ներպետական իշխանությունների կողմից կատարված քննության վերոնշյալ նշված թերությունների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ այն չի եղել արդյունավետ:
76. Ուստի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ խախտում
77. Դիմողը բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով առ այն, որ տեղի են ունեցել դատավարական խախտումներ բռնաբարության գործով նախնական քննության և դատական քննության ընթացքում: Նա պնդել է իր անմեղությունը` բողոքելով առ այն, որ ներպետական դատարանները սխալ են գնահատել գործի հանգամանքները:
78. Այս գանգատը ներկայացվել է 2003 թվականի մարտի 17-ին Դատարանին ուղղված դիմումում: Այդուհանդերձ, դիմողի դեմ կայացված քրեական գործով վերջնական ներպետական որոշումը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, կայացվել է 2002 թվականի ապրիլի 16-ին Գերագույն դատարանի կողմից: Դիմողը ներկա է եղել նիստին: Ինչպես երևում է գործի նյութերից, Գլխավոր դատախազին գործը կրկին քննելու վերաբերյալ իր պահանջը 2002 թվականի մայիսի 23-ին ներկայացնելիս դիմողն արդեն տեղյակ է եղել գերագույն դատարանի որոշման մասին (տես վերը` կետ 16):
79. Հետևաբար դիմումի այս մասը ներկայացվել է ժամկետի խախտմամբ և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան:
III. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
80. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
81. Դատարանը նկատում է, որ ոչ մի փուլում դիմողը չի ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջ: Հետևաբար, Դատարանը չի տրամադրում որևէ փոխհատուցում:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքն հայտարարում է ընդունելի, իսկ բողոքի մնացած մասը` անընդունելի
Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմնական խախտում:
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական մասի խախտում:
Կատարված է անգլերեն և հրապարակված է գրավոր` 2008 թվականի հուլիսի 29-ին, Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Ֆրանսուազ Էլեն-Պասոս Քարտուղար |
Ֆրանսուազ Թուլքենս
Նախագահող |
