ՉԵՄԲԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2008թ. հուլիսի 3-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. Գործի հանգամանքները
6. Դիմողը ծնվել է 1982 թվականին և ապրում է Շախտիում` Ռոստովի շրջանում:
A. Դիմողի ծառայությունը
7. 2000 թվականի դեկտեմբերի 19-ին և 23-ին դիմողը հետազոտվել է երկու բժշկական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում որոշվել է, որ նա լավ առողջական վիճակում է և պիտանի է զինվորական ծառայության համար:
8. Բժշկական եզրակացությունների հիման վրա կայացվել է որոշում դիմողին երկու տարի ժամկետի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու Ներքին գործերի նախարարության ուժային ստորաբաժանումներում:
9. Դիմողն ուղարկվել է ծառայության Կիսլովոդսկի թիվ 5464 զինվորական ջոկատում: Դիմողի պնդմամբ` ջոկատում ավագ զինվորները և ջոկատի սերժանտը նրան անհանգստացրել են և վատ են վերաբերվել իր մոլդովական ծագման համար:
10. Ըստ դիմողի` 2001 թվականի հունվարին նա հաճախել է վարորդների ուսումնական դասընթացների: Ավտոկայանում հրամանատարն իրեն և երեք այլ զինվորների հրամայել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի կցամասը տանել այլ տեղ: Դիմողը վնասել է իր ողնաշարը և ավելի ուշ նույն օրը նա ավագ ծառայողների կողմից մի քանի անգամ ծեծի և հարվածների է ենթարկվել բեռնատարի կցամասը բեռնատարին բավականաչափ չմոտեցնելու համար: Հաջորդ օրը` առավոտյան, նա խնդրել է բժշկական օգնություն, սակայն հրամանատարը մերժել է նրա խնդրանքը: Դիմողն այս իրադարձությունների առթիվ չի բողոքել դատախազին կամ որևէ այլ պաշտոնատար անձի:
11. 2001 թվականի փետրվարի 8-ին դիմողը տեղափոխվել է Աստրախանի թիվ 6794 զինվորական ջոկատ (հետագայում այն դարձել է թիվ 3025): Ըստ դիմողի` զինվորական բժիշկը նշել է ծնկների շրջանում ունեցած ցավերի մասին նրա գանգատը, սակայն չի նշանակել որևէ բուժում: Ավելի ուշ հարցաքննությանը հայտնի է դարձել, որ դիմողը ծնկների շրջանում առաջացած կրկնվող ցավի մասին հայտնել է իր վերադասին` լեյտենանտ Դ.-ին, ով ազատել է նրան ֆիզիկական վարժությունների կատարումից (տե՜ս ստորև` կետ 20):
12. 2001 թվականի մարտին կրտսեր սերժանտ Չ.-ն` դասակի հրամանատարը, ստիպել է դիմողին և այլ ծառայողների դրսում կատարել 350 ծնկի կքանիստ` որպես պատիժ բարաքներն անթերի չմաքրելու համար: Լեյտենանտ Դ.-ն ներկա է գտնվել, սակայն չի ընդդիմացել հրամանին: Մոտ հարյուր վարժությունից հետո դիմողն ուժասպառ է եղել, և մյուս զինվորականները թևատակերից բռնելով` տարել են նրան բուժկետ:
13. 2001 թվականի մարտի 6-ից մինչև 26-ը դիմողը շտապ բուժում է ստացել թիվ 52218 զինվորական ջոկատում, ապա` թիվ 3057 զինվորական ջոկատում` մինչև 2001 թվականի ապրիլի 17-ը: Նա չէր կարողանում ինքնուրույն կանգնել և մահճակալից սողալով էր իջնում` բռնվելով մահճակալի փայտերից:
14. 2001 թվականի ապրիլի 17-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում դիմողը բուժում է ստացել Դոնի Ռոստովի Պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժական կլինիկայում: Դուրս գրվելիս ախտորոշվել է և ճանաչվել աշխատելու համար ոչ պիտանի:
15. 2001 թվականի հունիսի 1-ի թիվ 3057 զինվորական ջոկատի բժշկական հանձնաժողովը հետազոտել է դիմողին թիվ 6794 զինվորական ջոկատի հրամանատարի խնդրանքով ենթարկվել է զննման և ախտորոշվել որպես «դեպի ողնուղեղ արյան մուտքի կտրուկ կանխարգելման հետևանքներ` ցիկատրիկ-կոմիսուրալ էպիդուրիտիսի, արախնոիդիտիսի ձևով, ողնուղեղային հեղուկի հոսքի խախտմամբ և ստորին վերջույթների զգայունության երկրորդային վատթարացմամբ»: Հանձնաժողովը հաստատել է նաև, որ այդ վիճակը «ձեռք է բերվել զինվորական ծառայության ընթացքում», և ճանաչել է դիմողին «մասամբ պիտանի զինվորական ծառայության համար»:
16. 2001 թվականի հունիսի 28-ին դիմողն ազատվել է անաշխատունակ լինելու հիմքով:
B. Քրեական գործի քննությունը
17. Չճշտված օրը դիմողի մայրը բողոք է ներկայացրել Դոնի Ռոստովի զինվորական դատախազին լեյտենանտ Դ.-ի և կրտսեր սերժանտ Չ.-ի դեմ` նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ:
18. 2001 թվականի մայիսի 10-ին նրա բողոքը փոխանցվել է Աստրախանի կայազորի զինվորական դատախազին, ով, իր հերթին, 2001 թվականի մայիսի 21-ին այն ուղարկել է Կասպյան զինվորական նավատորմի զինվորական դատախազին:
19. Գործի ընդունելիության և փաստարկների առթիվ իր դիտարկումներում Կառավարությունը ներառել է նաև լեյտենանտ Դ.-ի և կրտսեր սերժանտ Չ.-ի հայտարարությունները, ինչպես նաև շարքայիններ Ա.Լ.-ի, Ա.Շ.-ի և Վ.Պ.-ի հայտարարությունները, որոնք զինվորական ծառայության էին անցել 2001 թվականի փետրվարի 1-ին:
20. 2001 թվականի մայիսի 22-ին լեյտենանտ Դ.-ն նշել է հետևյալը.
«2001 թվականի փետրվարին շարքային Չեմբերը տեղափոխվել է մեր ջոկատ … Նա ծառայության է անցել իմ ենթաջոկատում, որը գտնվում է յոթերորդ խմբի առաջին դասակում»: Մեր ջոկատ տեղափոխվելու սկզբից ևեթ նա սկսել էր գանգատվել ծնկների կրկնվող ցավից: Այդ հիմքով ես ազատել էի նրան ֆիզիկական վարժություններ կատարելուց, նա մնում էր խմբի շենքում և չէր գնում ոչ մի տեղ: Մոտ երկու շաբաթ անց շարքային Չեմբերը ծնկի սուր ցավերի պատճառով ուղարկվել է սանիտարական ջոկատ` բուժում ստանալու նպատակով ես չեմ կարող ասել, թե դա ինչու է տեղի ունեցել: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է հիվանդանոց այլ քաղաքում … Ես երբեք չեմ կիրառել շարքային Չեմբերի նկատմամբ որևէ ապօրինի միջոց»:
21. Նույն օրը սերժանտ Չ.-ն ցուցմունք է տվել հետևյալի մասին.
«Ես ճանաչում եմ շարքային Չեմբերին 2001 թվականի փետրվարից, նա ծառայում էր 6794 ջոկատի յոթերորդ խմբում, որտեղ ես ջոկատի հրամանատարն էի: Ես նշում եմ, որ Չեմբերը հաճախ էր գնում բժշկական ջոկատ: Ես չգիտեմ, թե նա ինչից էր գանգատվում: Ամեն անգամ, երբ ես դասակում լինում էի հերթապահ` Չեմբերը, որպես կանոն, բուժում էր ստանում բժշկական ջոկատում: Կարծում եմ, նա գանգատվում էր ոտքի ցավից: Ես լավ չեն ճանաչում Չեմբերին, որովհետև նա իմ դասակից չէր…»:
22. Իրենց միանման ցուցմունքներում շարքայիններ Ա.Լ.-ն, Ա.Շ.-ն և Վ.Պ.-ն նշել են, որ դիմողը 6794 զինվորական ջոկատ գալուն պես գանգատվում էր, որ «իր ոտքերը թույլ են», որ այդ պատճառով նրան ազատել են ֆիզիկական վարժություններ կատարելուց, զորավարժանքներից և որ ոտքերի ցավի պատճառով նա հաճախ բուժում է ստացել բժշկական ջոկատում:
23. 2001 թվականի մայիսի 31-ին կապիտան Ս.-ն` Կասպյան նավատորմի զինվորական դատախազության ավագ քննիչը, որոշում է կայացրել քրեական գործ չհարուցելու մասին: Պատճառաբանությունը եղել է հետևյալը.
«Քննությամբ հաստատվել է, որ լեյտենանտ Դ.-ն և կրտսեր սերժանտ Չ.-ն իրականում թույլ չեն տվել վերադաս դիրքի չարաշահում
Լեյտենանտ Դ.-ի ցուցմունքից հետևում է, որ շարքային Չեմբերը ծառայել էր հրամանատարության ներքո: Ոչ նա, ոչ էլ կրտսեր սերժանտ Չ.-ն երբևէ չեն չարաշահել իրենց վերադաս դիրքը կամ դաժան վերաբերմունք դրսևորել շարքային Չեմբերի կամ թիվ 6794 ջոկատի զինվորականի նկատմամբ:
Կրտսեր սերժանտ Չ.-ի ցուցմունքից հետևում է, որ ոչ ինքը, ոչ էլ լեյտենանտ Դ.-ն երբևէ չեն չարաշահել իրենց դիրքը կամ դաժան վերաբերմունք ցուցաբերել շարքային Չեմբերի կամ 6794 ջոկատի որևէ այլ զինվորականի նկատմամբ:
6794 ջոկատի յոթերորդ խմբի բոլոր ծառայողները, որտեղ ծառայում էր Չեմբերը, ենթարկվել են հարցաքննության: Նրանք ցուցմունք են տվել առ այն, որ ոչ ոք չի անհանգստացրել շարքային Չեմբերին, և որ լեյտենանտ Դ.-ն և կրտսեր սերժանտ Չ.-ն երբևէ չեն չարաշահել իրենց դիրքը նրա կամ 6794 ջոկատի որևէ այլ ծառայողի նկատմամբ:
Այդպիսով, քննությամբ հաստատվեց, որ լեյտենանտ Դ.-ն և կրտսեր սերժանտ Չ.-ն չեն չարաշահել իրենց դիրքը շարքային Չեմբերի կամ 6794 ջոկատի որևէ զինծառայողի նկատմամբ, հետևաբար, նրանց նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ, քանի որ հանցագործություն տեղի չի ունեցել»:
Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ դատարան:
24. 2002 թվականի սեպտեմբերի 30-ին դիմողի մայրը բողոքել է վերադաս դատախազին: Նա գրել է, հատկապես, որ նրա որդին երբևէ չի ունեցել ծնկի ցավ: Նա նաև նշել է, որ քննիչը չի լսել զինվորներ Պ.-ին, Ս.-ին, Ց.-ին և Շ.-ին, որոնք ականատես են եղել վատ վերաբերմունքին:
25. 2002 թվականի հոկտեմբերի 8-ին սպա Մ.-ն` Կասպյան նավատորմի զինվորական դատախազը, պատասխանել է, որ նրա բողոքը չի կարող քննվել, քանի որ քննության նյութերը 2002 թվականի օգոստոսի 8-ին փոխանցվել են Շախտիի քաղաքային դատարան: Նա նշել է, որ բողոքը կքննվի նյութերը վերադարձնելուց հետո: Դիմողը հետագայում չի ստացել որևէ տեղեկատվություն` կապված իր բողոքի հետ:
C. Քաղաքացիական գործի քննությունը
26. 2002 թվականի մարտի 17-ին դիմողը քաղաքացիական հայց է ներկայացրել թիվ 3025 և 5464 ջոկատների և Ներքին գործերի նախարարության` Հարավային Կովկասի զորքերի ղեկավարության դեմ` ոչ նյութական վնասի համար:
27. Դիմողը և նրա փաստաբանը դատարանին միջնորդել են նշանակել դատաբժշկական փորձաքննություն` իր վնասվածքների պատճառը և բնույթը պարզելու նպատակով:
28. 2003 թվականի ապրիլի 9-ին Դոնի Ռոստովի շրջանի Շախտիի քաղաքային դատարանը մերժել է նրանց միջնորդությունը` միջանկյալ որոշմամբ.
«Կողմերին լսելու և գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում դատարանը գտավ, որ միջնորդությունն անհիմն է … քանի որ վնասվածքների առաջացման ժամանակահատվածը հաստատված է բժշկական եզրակացությամբ, և դա զինվորական ծառայության ժամանակահատվածն է: Առկա վնասվածքների պատճառների և բնույթի հաստատումը չի օգնի հայտնաբերել մեղավորներին կամ [պարզել] հետևանքները: Գործի նյութերում առկա է 2001 թվականի մայիսի 31-ին կայացված որոշումը` սերժանտ Չ.-ի և լեյտենանտ Դ.-ի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին»:
29. Նույն օրը քաղաքային դատարանը կայացրել է վճիռ, որով դիմողի հայցը մերժվել է: Քաղաքային դատարանը հետազոտել է դիմողի կողմից ներկայացված բժշկական տվյալները և հարցաքննել նրա հետ ծառայած Պ.-ին, ով հաստատել է, որ ավագ սերժանտ Չ.-ն ստիպել է դիմողին և մյուս ծառայողներին կատարել 350 կամ ավելի կքանիստ վարժություն, և որ դիմողն ուժասպառ է եղել այդ վարժության ընթացքում: Դատարանը գտել է, որ.
«Գնահատելով հավաքված բոլոր ապացույցները` դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է … քանի որ [դիմողը] չի ապացուցել, որ իր առողջությանը հասցված վնասը պատճառվել է [Ներքին գործերի նախարարության] ծառայողների կողմից. նրա իր ցուցմունքներին համապատասխան` նա վատ է զգացել (իր կարծիքով) չափից դուրս ֆիզիկական ակտիվության պատճառով (ֆիզիկական վարժություններ, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի կցամասն իր ձեռքերով տանելը), ինչպես նաև ավագ զինվորների և սերժանտ Չ.-ի վատ վերաբերմունքի պատճառով: Այդուհանդերձ, գործի նյութերը պարունակում են 2001 թվականի մայիսի 31-ի որոշումը` սերժանտ Չ.-ի և լեյտենանտ Դ.-ի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին … հանցավոր արարքի բացակայության պատճառով: Գործող օրենքների համաձայն` ոչ նյութական վնասի համար պատասխանատվության պարտադիր պայմաններից մեկը վնասը պատճառողի մեղքն է …»:
30. Դիմողը բողոքարկել է միջանկյալ որոշումը և 2003 թվականի ապրիլի 9-ի վճիռը:
31. 2003 թվականի հունիսի 25-ին Ռոստովի շրջանային դատարանը մերժել է նրա վերաքննիչ բողոքը.
«[Առաջին ատյանի] դատարանը մերժել է հայցը, քանի որ հաստատել է, որ պատասխանողների պատասխանատվությունը [դիմողի] առողջությանը հասցված վնասի համար` չի ապացուցվել: [Շրջանային] դատարանը գտնում է, որ այս եզրակացությունը ճիշտ է: 2001 թվականի մայիսի 31-ին քննիչը … մերժել է քրեական գործի հարուցումը … Պատասխանողների գործողությունների և [դիմողի] անաշխատունակության միջև պատճառական կապը հաստատված չէ: Փորձագետները չեն կարող հաստատել պատասխանողների գործողությունների և հետևանքների միջև պատճառական կապ, դա կարող է անել միայն դատարանը»:
D. Թոշակ ստանալու հայցը
32. 2001 թվականի օգոստոսի 29-ին դիմողի` ծառայությունից ազատվելուց հետո նրա նկատմամբ տրվել է երկրորդ կարգի հաշմանդամության ախտորոշում և նրան նշանակվել է անաշխատունակության թոշակ:
33. Դիմողը զինվորական թոշակ հայցելու անհաջող փորձ է կատարել: 2002 թվականի մայիսի 21-ին, հունիսի 11-ին, հուլիսի 29-ին և դեկտեմբերի 25-ին դիմողի մայրը բացասական պատասխաններ է ստացել Ներքին գործերի նախարարության կենտրոնական զինվորական բուժ. հանձնաժողովից: Այս պատասխաններին համապատասխան` 2001 թվականի հունիսի 5-ի եզրակացությունը հաստատել է միայն, որ առողջական վիճակից ելնելով հաշմանդամության ախտորոշումը տրվել է զինվորական ծառայության ընթացքում, սակայն չի հաստատվել, որ այն առաջացել է զինվորական ծառայության ընթացքում:
E. Կառավարության կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունը
34. Գործի ընդունելիության և հաշմանդամության եզրակացության վերաբերյալ իր դիտարկումներում Կառավարությունը ներկայացրել է երկու բժշկական փորձագետների (մեկը` զինվորական, մյուսը` քաղաքացիական) կողմից 2005 թվականի մարտի 10-ին ներկայացված եզրակացությունը: Եզրակացությունը հաստատվել է Գլխավոր զինվորական դատավորի օգնականի կողմից 2005 թվականի մարտի 9-ին` դիմողի անաշխատունակության բնույթը, դրա պատճառները և հետևանքները պարզելու նպատակով: Փորձագետներն իրենց հետևություններն արել են քրեական գործի նյութերի և դիմողի` 2001 թվականի բժշկական փաստաթղթերի հիման վրա: Մասնավորապես, նրանք նշել են, որ.
«Բժշկական փաստաթղթերից հետևում է, որ պարոն Չեմբերի վիճակը կրում է քրոնիկ բնույթ: Հաշվի առնելով պարոն Չեմբերի երիտասարդ տարիքը, նրա բուժ պատմությունը (ոտքերի ցավը` սկսած տասը տարեկանից) և քրոնիկ վիճակի վատթարացումը` գոտկաշրջանում օստեոխոնդրոզն առաջացել է մանուկ հասակում` մետաբոլիկ խախտման (դիսթրոֆիայի) արդյունքում … Ողնաշարի բորբոքային պրոցեսները (էպիդուրիտիս և արախնոիդիտիս) կարող էին առաջացած լինել … որպես ինֆեկցիոն հիվանդության բարդության հետևանք, որը պարոն Չեմբերը կարող էր տարած լինել մանուկ հասակում, այդպիսին կարող էր լինել հարբուխը, տոնզիլիտը, ֆարինգիտը և այլն: Ողնաշարային այս վիճակը նաև եղել է քրոնիկ և շարունակական բնույթի … ինչը հաստատվել է սիկատրիկալ-կոմիսուրալ էպիդուրիտիսով և կոմիսուրալ արախնոիդիտիսով և ոտքերի ցավով, ինչը եղել է զինվորական ծառայության սկզբից և մինչև զորակոչվելը:
Առկա բժշկական եզրակացություններում կամ գործի նյութերում որևէ կերպ օբյեկտիվորեն չի հաստատվում, որ այս վիճակն առաջացել է վնասվածքի արդյունքում»:
Պարոն Չեմբերի հիվանդությունները քրոնիկ են ու շարունակական և կարող էին լինել ժառանգական բնույթի (նյութերի համաձայն` նրա հորեղբայրը տառապել է նման հիվանդությամբ)…
II. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
A. Քաղաքացիական օրենսգիրք
35. Վնաս պատճառելու համար ընդհանուր դրույթները հետևյալն են.
Հոդված 1064.
Վնաս պատճառելու համար պատասխանատվության առաջացման ընդհանուր հիմքերը
«1. Որևէ մեկի անձին կամ գույքին պատճառված վնասը … պետք է լրիվ ծավալով հատուցվի վնասը պատճառած անձի կողմից …
2. Վնասը պատճառած անձը պատասխանատվություն է կրում դրա համար, եթե չապացուցի, որ վնասը պատճառվել է ոչ իր մեղքով …»:
B. ԽՍՀՄ քրեական դատավարության օրենսգիրք (գործել է մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը)
36. Դատախազի գործողությունների կամ որոշումների դեմ բողոքները կարող են բողոքարկվել վերադաս դատախազին (Հոդված 220): Բողոքն ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում դատախազը պետք է ուսումնասիրի այն և պատասխանի բողոք բերող անձին (հոդված 219):
C. ՌԴ քրեական դատավարության օրենսգիրք (գործում է 2002 թվականի հուլիսի 1-ից)
37. Եթե քրեական գործի քննությունը կարճվում է նախնական քննության փուլում, տուժողը կամ քաղաքացիական կողմը կարող է ներկայացնել առանձին բողոք, եթե քննությունը չի կարճվել այն հիմքով, որ` (a) վիճարկվող հանցագործությունը տեղի չի ունեցել (otsutstvie sobytiya prestupleniya) կամ (b) կասկածյալը ներգրավված չի եղել դրա կատարման մեջ (213-րդ հոդվածի 4-րդ կետ և 24-րդ հոդվածի 1(1) կետ և 27-րդ հոդվածի 1(1) կետ):
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում
38. Դիմողը բողոքել է, որ ինքը ենթարկվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի զինվորական ծառայության ընթացքում` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, համաձայն որի.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիություն
39. Դատարանը նկատում է, որ Կիսլովոդսկի թիվ 5464 զինվորական ջոկատում վատ վերաբերմունքը ենթադրաբար տեղի է ունեցել 2001 թվականի հունվարին, և որ հետագայում դիմողը չի միջնորդել իրականացնել որևէ քննություն այդ առթիվ: Քանի որ հայտարարությունը տրվել է 2003 թվականի փետրվարի 3-ին, այս դեպքերին առնչվող գանգատը ներկայացվել է ոչ ժամանակին և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան:
40. Դատարանը գտնում է, որ Աստրախանի թիվ 6794 (3025) զինվորական ջոկատում տեղի ունեցած վիճարկվող վատ վերաբերմունքին առնչվող գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը գտնում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է ճանաչվի ընդունելի:
B. Արդյունքները
1. Վիճարկվող վատ վերաբերմունքը զինվորական ծառայության ընթացքում
(a) Կողմերի փաստարկները
41. Կառավարությունը ժխտել է, թե դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի որևէ դրսևորման թիվ 6794 զինվորական ջոկատում: Հղում կատարելով 2005 թվականի մարտի փորձագիտական եզրակացությանը (տե՜ս վերը` կետ 34)` այն նշել է, որ դիմողի խնդիրների պատճառն է եղել նրա քրոնիկ վիճակը, որն առկա է եղել մինչև զորակոչվելը, սակայն ախտորոշվել է առաջին անգամ զինվորական ծառայության ընթացքում: Ինչ վերաբերում է 2001 թվականի հունիսի 5-ի փաստաթղթի տեքստին` Կառավարությունը պարզաբանում է, որ վիճակի բնորոշումը` իբրև «զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված», նույնպես ներառել է իրավիճակներ, ինչպիսիք են դիմողինը, երբ վիճակն առկա է եղել մինչև զորակոչվելը, սակայն դրա խորացումը կամ բարդացումը զինծառայողին զինվորական ծառայության ընթացքում դարձրել է հետագա ծառայության համար ոչ պիտանի: Դիմողը բժիշկ սպաներին չի ասել իր ծնկների վիճակի մասին զորակոչային հանձնաժողովին ներկայանալիս:
42. Դիմողը հայտարարել է, որ զինվորական ծառայության հատուկ համատեքստում Կառավարությունն ունեցել է ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ պարտականություններ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Դրական պարտականությունը կայանում է նրանում, որ այն պետք է ապահովի, որպեսզի զինվորական ծառայության կոչված անձինք լինեն բավարար չափով առողջ և պիտանի նման ծառայության համար: Զորակոչային հանձնաժողովի կողմից իրականացված մակերեսային բժշկական հետազոտությունն իր դեպքում բավարար չի եղել ախտորոշելու իրական վիճակը, ինչը հանգեցրել է նրա զորացրմանն ու հաշմանդամությանը: Ավելին, ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի ներքո առկա նեգատիվ պարտականությանը` դիմողը նշել է, որ զինծառայողները եղել են իրենց հրամանատարների աստիճանակարգային ենթակայության տակ և գտնվել են պետական իշխանությունների լիակատար հսկողության ներքո: Նրա վերադասներն իրեն ստիպել են կատարել ֆիզիկական վարժություններ, որոնց համար առկա չի եղել որևէ զինվորական պահանջ, օրինակ` ծնկի 350 վարժություն կատարելը: Այդ չափն անցնող վարժությունը խորացրել է նրա վիճակն ու անկարողությունը: Փաստերի նրա գնահատումը հաստատվել է նրա հետ մեկտեղ ծառայած Պ.-ի ազգային դատարաններում արված ցուցմունքով:
(b) Փաստերի հաստատումը
43. Դատարանը նկատում է, որ Աստրախանի թիվ 6794 զինվորական ջոկատում դիմողի ծառայությանը վերաբերող փաստերը կողմերը չեն վիճարկում:
44. Դիմողն այդ զինվորական ջոկատ եկել է 2001 թվականի փետրվարին: Նրա իսկ հայտարարություններից, ինչպես նաև նրա հրամանատարի և ծառայող ընկերների հայտարարություններից հետևում է, որ նա տառապել է ծնկի ցավից: Ծնկի վիճակի կապակցությամբ լեյտենանտ Դ.-ն` նրա անմիջական ղեկավարը, նրան ազատել է ֆիզիկական վարժանքներից և շարային վարժությունների կատարումից (տե՜ս լեյտենանտ Դ.-ի և այլ զինվորների գրավոր ցուցմունքները վերը` կետեր 20 և 22): Նաև պարզվել է, որ մի քանի անգամ դիմողը ծնկի վիճակից առիթով բուժում է ստացել բժշկական կետում:
45. 2001 թվականի մարտին կրտսեր սերժանտ Չ.-ն լեյտենանտ Դ.-ի ներկայությամբ հրամայել է դիմողին, այլոց հետ մեկտեղ, կատարել ծնկի 350 վարժություն` իբրև պատիժ բարաքները չմաքրելու համար: Դիմողն ուժասպառ է եղել վարժության ընթացքում և տարվել է հոսպիտալ շտապ օգնություն ստանալու նպատակով: Շարքային Պ.-ն, ում հրամայված էր կատարելու նույնը, հաստատել է այս իրադարձությունները քաղաքային դատարանում (տես վերը` կետ 29):
46. Քաղաքացիական հոսպիտալում բուժում ստանալուց հետո դիմողն ախտորոշվել է ողնաշարի փակ վնասվածքով, ազատվել է զինվորական ծառայությունից բժշկական հիմքերով և ախտորոշվել է երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող:
(c) Վատ վերաբերմունքի լրջության գնահատումը
47. Դատարանի խնդիրն է պարզել` արդյոք վերը հաստատված փաստերը բացահայտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ երաշխիքների խախտում, թե` ոչ:
48. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խստիվ պահպանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ արժանապատվություն նվաստացնող պատիժը` անկախ հանգամանքներից և զոհի վարքագծից (տե՜ս, օրինակ` Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործը [GC], թիվ 26772/95, կետ 119, ECHR 2000-IV): Վատ վերաբերմունքը պետք է ունենա լրջության նվազագույն մակարդակ, եթե այն 3-րդ հոդվածի սահմաններում է: Այս նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և որոշ դեպքերում` զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՜ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճիռը, մաս A, թիվ 25, էջ 65, կետ 162):
49. Դատարանը բազմիցս նշել է, որ կիրառված խոշտանգումն ու նվաստացումը ցանկացած դեպքում պետք է դուրս գան օրինական վերաբերմունքի կամ պատժի հետ կապված տառապանքի և նվաստացման անխուսափելի տարրերի սահմաններից (տե՜ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործով վճիռը [GC], թիվ 30210/96, կետ 92-94, ECHR 2000-XI): Պարտադիր զինվորական ծառայությունը հաճախ ներառում է այնպիսի տարր, ինչպիսին է անձին ազատությունից զրկելու միջոցը: Այդուհանդերձ, շատ գործողություններ, որոնք կարող են առաջացնել բանտարկյալների նկատմամբ նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունք, չեն կարող անցնել վատ վերաբերմունքի սահմանը, երբ դրանք իրականացվում են զինված ուժերում, պայմանով, որ դրանք կատարեն հատուկ առաքելություն զինված ուժերում, երբ, օրինակ, դրանք հանդիսանում են կռվի դաշտի համար սահմանված վարժանքների մի մասը (տե՜ս, mutatis mutandis, Էնգելը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով 1976 թվականի հունիսի 8-ի վճիռը, մաս A, թիվ 22, կետ 57):
50. Այդուհանդերձ, Պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի անձը զինվորական ծառայությունն անցնի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու հետ, իսկ զինվորական վարժանքների ընթացակարգը և մեթոդները չեն պատճառում նրան ֆիզիկական տառապանք կամ չեն անցնում զինվորական կարգուկանոնի հետ կապված անխուսափելի դժվարությունների չափն ու սահմանը, և որ նման ծառայության պրակտիկ պահանջների հետ մեկտեղ նրա առողջությունը և ինքնազգացողությունը համարժեքորեն պաշտպանված են` այլնի հետ մեկտեղ տրամադրելով նրան պահանջվող բժշկական օգնություն (տե՜ս mutatis mutandis, Քիլինջը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 40145/98, կետ 41, 2005 թվականի հունիսի 7 և Ալվարեզ Ռամոնն ընդդեմ Իսպանիայի (dec.), թիվ 51192/99, 2001 թվականի հուլիսի 3): Պետության առաջնային պարտականությունն է նվազագույնի հասցնել առողջությանն սպառնացող ռիսկը, որը կարող է առաջանալ ոչ միայն զինվորական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլ նաև մարդկային տարրի պատճառով, որը գործում է, երբ Պետությունը սովորական քաղաքացիներին զորակոչում է զինվորական ծառայության: Նման կանոնները պետք է պահանջեն պրակտիկ միջոցների իրականացում, որոնք նպատակ ունեն արդյունավետորեն պաշտպանել զորակոչվածների զինվորական կյանքին բնորոշ վտանգներից, ապահովեն պատշաճ ընթացակարգեր` պարզելու համար տարբեր մակարդակների ծառայողների կողմից թույլ տրվող բացթողումները և սխալները (տես վերը` կետ 41, in fine):
51. Համաձայն Դատարանի մշտական մոտեցման` վերաբերմունքը համարվում է «անմարդկային», եթե այն կանխամտածված է, կիրառվում է ժամկետով և պատճառում է կամ փաստացի մարմնական վնասվածքներ, կամ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք (տես, որպես դասական օրինակ, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդներն ընդդեմ Հունաստանի («Հունական գործ»), գանգատներ թիվ 3321/67, 3322/67, 3323/67 և 3344/67, Հանձնաժողովի` 1969 թվականի նոյեմբերի 5-ի հաշվետվությունը, Տարեգիրք XII, ինչպես նաև վերը նշված Քուդլան, կետ 92): Հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակն է եղել զոհին տառապանք պատճառելը, հաշվի է առնվում հետագայում, սակայն նման որևիցե նպատակի բացակայությունն արդյունքում չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտումը (տես վերը նշված` Հունական գործը, ինչպես նաև Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետ 74, ECHR 2001-III):
52. Եթե նույնիսկ վիճարկվող ֆիզիկական վարժանքը կարող է լինեն զինվորական կարգապահության մասը, Դատարանը կրկնում է, որ այն պետք է համապատասխանի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, չպետք է անցնի այն սահմանը, երբ վտանգի տակ է դրվում զինակոչների առողջությունը և ինքնազգացողությունը կամ նվաստացնի նրանց արժանապատվությունը: Տվյալ գործով դիմողը, ով ուներ վատառողջ ծնկներ, որի մասին իրազեկ էին, ստիպված է եղել կատարել 350 կքանիստ վարժություն, որը, պարզվում է, եղել է հատուկ նշանակության վարժություն: Այդուհանդերձ, Դատարանը պատճառ չի տեսնում պարզելու in abstracto, թե արդյոք այդ հատուկ վարժությունը համապատասխանել է 3-րդ հոդվածի պահանջներին, թե` ոչ քանի որ այն հաշվի է առնելու գործի այն տարրերը, որոնք համարում է առանցքային 3-րդ հոդվածին համապատասխանելը գնահատելիս:
53. Դիմողին հրամայվել է կատարել կքանիստ վարժություն` որպես պատիժ բարաքները ոչ հավուր պատշաճի մաքրելու համար: Այդ հրամանը տրվել է իր ժամանակավոր հրամանատար` կրտսեր սերժանտ Չ.-ի կողմից: Դրան լռելյայն համաձայնել է վերադաս հրամանատար` լեյտենանտ Դ.-ն, ով ներկա է գտնվել այդ տեսարանին, սակայն չի առարկել հրամանի դեմ: Այստեղից հետևում է, որ այդ վերաբերմունքը դիմողի նկատմամբ իրականացվել է դիտավորությամբ:
54. Ներպետական քննության սահմաններում տրված ցուցմունքներից ակնհայտ է, որ թե՜ լեյտենանտ Դ.-ն և թե՜ կրտսեր սերժանտ Չ.-ն լավատեղյակ են եղել դիմողի` ծնկի հետ կապված խնդիրներին նրա ծառայության անցնելու պահից (տես վերը` կետեր 20 և 21): Ինչպես նշվել է վերը, լեյտենանտ Դ.-ն առողջական վիճակից ելնելով ազատել էր դիմողին ֆիզիկական վարժանքներից և հրաձգության պարապմունքներից: Չնայած դիմողի առողջական խնդիրներին տեղյակ լինելուն, հրամանատարներն ստիպել են նրան կատարել որոշակի տեսակի վարժություններ, որոնք մեծ ճնշում են գործադրել նրա ծնկներին և ողնաշարին: Նման պարագայում Դատարանը չի կարող հանգել միայն այն հետևությանը, որ վերաբերմունքը եղել է և՜ դիտավորյալ, և՜ ցուցաբերվել է այն հաշվարկով, որ դիմողին պատճառվի ֆիզիկական ցավ: Պատժի խստությունը չի կարող ակնհայտորեն գնահատվել զինվորական ծառայության պահանջների կամ կարգուկանոնի տեսանկյունից, և չի կարելի ասել, թե այն իրականացվել է զինված ուժերի հատուկ առաքելությամբ (վերը նշված Էնգելի գործի համեմատ, կետ 57):
55. Ինչ վերաբերում է քննվող պատժի հետևանքներին` Դատարանը նկատում է, որ դիմողն ուժասպառ է եղել և չի կարողացել կառավարել ոտքերը: Չնայած որ նա առաջինը` զինվորական, ապա քաղաքացիական հիվանդանոցում է ստացել շտապ օգնություն, հասցված վնասվածքը հանգեցրել է առողջության երկարատև խաթարման: Դիմողն ազատվել է զինվորական ծառայությունից և դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ:
56. Գնահատելով վերը նշված տարրերը` միասին վերցրած, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով դիմողը ենթարկվել է ֆիզիկական վարժությունների հարկադիր կատարման, որոնք հասցրել են ֆիզիկական ուժասպառության: Այս պատիժն իրականացվել է դիտավորությամբ` իր հրամանատարների կողմից, որոնք հստակ իմացել են դիմողի առողջական խնդիրների մասին, ինչպես նաև այն իրականացվել է առանց որևէ ծառայողական անհրաժեշտության, որը կարդարացներ այդ գործողությունները: Դատարանն այն կարծիքի է, որ նման հանգամանքներում այդ պատիժը դիմողին պատճառել է ֆիզիկական մեծ տառապանք և անցել է լրջության նվազագույն աստիճանի սահմանները:
57. Հաշվի առնելով վերը նշված դիտարկումները` Դատարանը գտնում է, որ դիմողը ենթարկվել է անմարդկային պատժի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Ուստի տեղի է ունեցել այդ դրույթի խախտում` դրա բուն իմաստով:
2. Վիճարկվող քննության արդյունավետությունը
58. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողի բողոքների առիթով իրականացված քննությունը եղել է արդյունավետ: Չնայած Կասպյան նավատորմի զինվորական դատախազը չի պատասխանել դիմողի մոր բողոքին, նման պատասխան այլևս չի էլ պահանջվել այն բանից հետո, երբ Շախտիի քաղաքային դատարանը 2003 թվականի ապրիլի 9-ին կայացրել է իր դատավճիռը:
59. Դիմողը նշել է, որ իր բողոքի առթիվ չի հարուցվել որևէ քրեական գործ: Այդ իսկ պատճառով ծառայողների ցուցմունքները չեն ունեցել ապացուցողական նշանակություն, քանի որ նրանք պաշտոնապես չեն հարցաքննվել և չեն նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու մասին: Քննիչը չի քննել դիմողին, իր հետ մեկտեղ ծառայած Պ.-ին կամ այլ զինվորականի, ով ականատես է եղել վատ վերաբերմունքին: Դիմողի մայրը չի ստացել Կասպյան նավատորմի զինվորական դատախազին ուղղված իր բողոքի որևէ պատասխան:
60. Տվյալ գործով Դատարանը գտել է, որ դիմողն ուժասպառ է եղել իր անմիջական վերադաս սերժանտ Չ.-ի կողմից հրամայված ակտիվ վարժության հետևանքով, որը լռելյայն հաստատվել է լեյտենանտ Դ.-ի կողմից, ինչն իրականացվել է որպես պատիժ բարաքները չմաքրելու համար: Հաշվի չառնելով, այն հանգամանքը, թե դիմողի առողջական վիճակի այդ հանկարծակի վատթարացումը տեղի է ունեցել վնասվածքի կամ նախկինում չախտորոշված վիճակի վատթարացմամբ, թե` ոչ, վնասվածքի ծանրությունն առաջ է բերել վատ վերաբերմունքի վերաբերյալ «վիճելի բողոքը»:
61. Դատարանը կրկնում է, որ երբ անձը վիճելի բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը լրջորեն ենթարկվել է վատ վերաբերմունքի` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ դրույթը` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված պետությունների ընդհանուր պարտավորութան հետ մեկտեղ, համաձայն որի` նրանք պետք է «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի Բաժին I-ում», պահանջում է անուղղակիորեն, որպեսզի իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն: Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի այն միջոցների պարտականություն է». ոչ յուրաքանչյուր քննություն է, որ պետք է անպայմանորեն հանգեցնի հաջողության կամ այնպիսի արդյունքի, որը կհամընկնի բողոքողների` դեպքերի գնահատման հետ, այդուհանդերձ, այն, ըստ էության, պետք է հանգեցնի գործի փաստերի հաստատմանը, և եթե պարզվի, որ խախտումներն իրոք տեղի են ունեցել, այն պետք է հանգեցնի պատասխանատուների բացահայտմանը և պատժմանը: Այդպիսով, վատ վերաբերմունքի առիթով իրականացվող քննությունը պետք է լինի բազմակողմանի: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է մշտապես լուրջ փորձ անեն կատարվածը բացահայտելու համար և չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն հետևությունների վրա` քննությունը դադարեցնելու համար կամ օգտագործեն դրանք որպես իրենց որոշումների հիմք: Նրանք պետք է ձեռնարկեն իրենց հասու բոլոր հիմնավոր միջոցները հսկելու համար դեպքին առնչվող ապացույցները, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և այլն: Քննության ցանկացած թերություն, որը թուլացնում է դրա կարողությունը հաստատելու վնասվածքների պատճառները կամ բացահայտելու պատասխանատուներին, հակադրվում է այս նորմին (բազմաթիվ այլ գործերի շարքում տես` Միխեևն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 77617/01, կետ 107 et seq, 2006 թվականի հունվարի 26 և Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, Հաշվետվություններ 1998-VIII, կետ 102, et seq.):
62. Նախ` Դատարանը նկատում է, որ քննությունը չի կարող բնորոշվել որպես բավականաչափ բազմակողմանի: Քննիչը չի նշանակել բժշկական փորձաքննություն դիմողի առնչությամբ կամ այդ նպատակով հղում չի կատարել որևէ բժշկական փաստաթղթի, որ իր մոտ կարող էր առկա լինել: Միակ վկաները, որոնց մասին նշվել է քննիչի որոշման մեջ, եղել են լեյտենանտ Դ.-ն և կրտսեր սերժանտ Չ.-ն, որոնք դիմողի հրամանատարներն էին, որոնց դեմ էլ ներկայացված է եղել դիմողի բողոքը: Հնարավոր չէ պարզել մյուս վկաների ցուցմունքների կարևորությունը, որոնք չեն նույնականացվել որոշման մեջ իրենց անուններով կամ կոչումներով: Նույնիսկ նրանց դասակարգման համարներն անորոշ են. Կառավարությունը ներկայացրել է այլ ծառայողների կողմից տրված երեք ցուցմունք, չնայած այն հանգամանքին, որ քննիչի որոշումը վերաբերում էր «յոթերորդ ջոկատի բոլոր ծառայողներին», այսինքն` հարյուր անձի: Ավելին, պարզվում է, որ քննիչը չի հարցաքննել այն զինվորականներին, որոնք կարող է եղած լինեին վիճարկվող վատ վերաբերմունքի ականատեսները, օրինակ` դիմողի հետ ծառայած Պ.-ին:
63. Այնուհետև Դատարանը գտնում է, որ չի ապահովվել դիմողի` քննությանն արդյունավետորեն մասնակցելու իրավունքի իրացումը: Քննիչը չի լսել անձամբ նրան. իրադարձությունների` դիմողի կողմից ներկայացված տարբերակը նույնիսկ չի նշվել նրա որոշման մեջ: Քանի որ չի իրականացվել որևէ քննություն, դիմողը չի կարողացել պաշտոնապես ստանալ տուժողի կարգավիճակ կամ օգտվել այդ կարգավիճակին բնորոշ իրավունքներից:
64. Վերջապես, Դատարանը գտնում է, որ վերադաս դատախազի կողմից իրեն հասցեագրված բողոքին ըստ էության պատասխան չտալը եղել է քրեական վարույթի կանոնների խախտում է, ինչն ընդհանուր առմամբ խաթարել է քննության լիարժեքությունը: Չնայած որ նման բողոքը չի եղել «արդյունավետ միջոց» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով, քանի որ այն իրականացնողին չի տվել իրավունք, որպեսզի Պետությունը կիրառի իր վերահսկող իշխանությունը (տես, օրինակ, Բելևիտսկիյն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72967/01, կետ 59, 2007 թվականի մարտի 1), Ռուսաստանի իրավական համակարգում այն եղել է կարևոր դատավարական երաշխիք, որը թույլ է տվել վերադաս դատախազին շտկել ստորադաս դատախազի կողմից տարվող նախաքննության թերությունները: Նման բողոք ներկայացնող անձը չէր կարող մասնակցել դրա քննությանը, սակայն նա, այդուհանդերձ, իրավունք ուներ ստանալու տեղեկություն բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմանը (տես վերը` կետ 36): Կառավարությունը չի ժխտել, որ զինվորական դատախազը` սպա Մ.-ն, չի հետազոտել դիմողի մոր բողոքի փաստարկները, որոնք առնչվել են քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշմանը: Այն բողոքել է այն դիրքորոշման դեմ, թե պատասխանն այլևս անհրաժեշտ չէր և չէր էլ պահանջվում այն բանից հետո, երբ քաղաքային դատարանի կողմից կայացվել էր դատավճիռ վնասների առթիվ իրականացվող քննության արդյունքում: Դատարանը գտնում է, որ այդ փաստարկի սխալ լինելն ակնհայտ է: Նախ` քաղաքային դատարանն ընդունել է քննիչի որոշման մեջ նշված հետևությունները` առանց խնդրի անկախ վերանայման, և ապա վերադաս դատախազը ձեռնպահ է մնացել որոշումը վերանայելուց, քանի որ այն արդեն հաստատված է եղել քաղաքային դատարանի կողմից: Այդպիսով, դիմողը հայտնվել է իրար փոխանցվող պատասխանատվության արատավոր շրջանի մեջ, ուր որևէ իշխանության ներկայացուցիչ ի վիճակի չի եղել վերանայել և շտկել քննիչի` կապիտան Ս.-ի կողմից իրականացված քննության թերությունները:
65. Հաշվի առնելով ռուսական իշխանությունների` վերը հիշատակված թերացումները` Դատարանը գտնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված բողոքների առիթով տարված քննությունը չի եղել բազմակողմանի, համարժեք կամ արդյունավետ: Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վիճարկվող խախտումը
66. Դատարանը նաև որոշել է քննել proprio motu, թե արդյոք տվյալ գործի հանգամանքներում դիմողը քաղաքացիական օրենսդրությամբ ունեցել է պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք զինվորական ծառայության ընթացքում վատ վերաբերմունքի առնչությամբ իր բողոքի առիթով այնպես, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
A. Ընդունելիությունը
67. Դատարանը գտնում է, որ այս գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նշում է, որ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է ճանաչել ընդունելի:
B. Դրական կողմերը
68. Կառավարությունը հայտարարել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով դիմողի իրավունքների խախտում:
69. Դիմողը հայտարարել է, որ Ռուսաստանի իրավական համակարգում առկա է քրեական գործի քննության համար դիմելու կամ վնասների հատուցման քաղաքացիական հայց ներկայացնելու պահանջ: Նա փորձել է օգտագործել վերջին միջոցը, որն ապարդյուն է եղել, քանի որ իրենից պահանջվել է ապացուցել պետական մարմինների թերացումները: Ապացուցման նման բեռն անհնարին է կրել արդյունավետ քրեական քննության բացակայության պայմաններում:
70. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական մակարդակում հասանելի միջոցի առկայություն, որով հնարավոր կլինի իրացնել Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները` ցանկացած ձևով, որով դրանք կարող են ապահովվել ներպետական իրավական համակարգում: Այդպիսով, 13-րդ հոդվածի ազդեցությունը կայանում է նրանում, որ այն պահանջում է ներպետական միջոցի ապահովում` Կոնվենցիայի ներքո «վիճելի բողոքի» բուն էության հետ գործ ունենալու և պատշաճ օգնություն տրամադրելու նպատակով, չնայած Պայմանավորվող պետություններն ունեն որոշակի ազատություն ընտրելու Կոնվենցիայով այս դրույթի ներքո սահմանված իրենց պարտականություններն իրականացնելու ձևը: 13-րդ հոդվածի ներքո պարտականությունների ծավալը տարբեր է կախված Կոնվենցիայի ներքո դիմողի բողոքից: Այդուհանդերձ, 13-րդ հոդվածի ներքո պահանջվող միջոցը պետք է գործնականում լինի «արդյունավետ», ինչպես որ օրենքում է, մասնավորապես` դրա իրականացումը չպետք է լինի անհիմն կերպով արգելակված պատասխանող պետության իշխանությունների գործողություններով կամ թերացումներով: Այդպիսով, կասկածելի մահվան կամ վատ վերաբերմունքի դեպքում, հաշվի առնելով 2-րդ և 3-րդ հոդվածներով պահպանվող իրավունքների հիմնարար կարևորությունը, 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի համապատասխան դեպքում փոխհատուցման վճարման հետ մեկտեղ իրականացվի բազմակողմանի և արդյունավետ քննություն, որը կհանգեցնի վատ վերաբերմունքի գործողությունների համար մեղավորների բացահայտմանն ու պատժելուն (տե՜ս Կոբզարուն ընդդեմ Ռումինիայի, թիվ 48254/99, կետեր 80-82, 2007 թվականի հուլիսի 26, Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38361/97, կետեր 161-162, ECHR 2002-IV, և Շուհեյլա Այդին ընդդեմ Թուրքիայի, թիվ 25660/94, կետ 208, 2005 թվականի մայիսի 24):
71. Դատարանն արդեն հանգել է այն հետևությանը, որ պետական մարմինները պատասխանատու են եղել դիմողի նկատմամբ իր հրամանատարների կողմից 2001 թվականի մայիսին իրականացված անմարդկային պատժի կիրառման համար: Այդ իսկ պատճառով դիմողն ունեցել է «վիճելի բողոք» 13-րդ հոդվածի իմաստով, իսկ իշխանությունները պարտավոր են եղել նրա բողոքների առիթով իրականացնել արդյունավետ քննություն զինվորական պաշտոնատար անձանց առնչությամբ: Վերը նշված պատճառներով որևէ քրեական քննություն չի կարող համարվել 13-րդ հոդվածին համապատասխան իրականացված, որի պահանջներն ավելի լայն են, քան 3-րդ հոդվածով նախատեսված քննություն իրականացնելու պարտականությունը (տես վերը նշված` Կոբզարուն, կետ 83 և, mutatis mutandis, Բուլղարիան ընդդեմ Թուրքիայի, թիվ 28298/95, կետ 105, 2004 թվականի ապրիլի 20 և Տանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23763/94, կետ 119, ECHR 1999-IV): Հետևաբար, դիմողին հասու ցանկացած այլ միջոց, ներառյալ վնասների փոխհատուցման պահանջը, սահմանափակել է հաջողության հասնելու հնարավորությունները և կարող է բնութագրվել իբրև տեսական և պատրանքային, ինչպես նաև այն չի կարողացել տրամադրել դիմողին փոխհատուցում: Չնայած քաղաքացիական դատարանները տեսականորեն հնարավորություն են ունեցել տալու փաստերի անկախ գնահատականը, գործնականում քրեական քննության կշիռն այնքան նշանակալից է, որ նույնիսկ ամենահամոզիչ ապացույցը` հակընդդեմ ներկայացված հայցվորի կողմից, կլիներ ապարդյուն, և նման միջոցը կմնար միայն տեսական և պատրանքային (տե՜ս Մենեշևան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 59261/00, կետ 77, 2006 թվականի մարտի 9 և Կորսակովն ընդդեմ Մոլդովայի, թիվ 18944/02, կետ 82, 2006 թվականի ապրիլի 4): Սա հիմնավորված է այն փաստով, որ տվյալ գործով քաղաքային և շրջանային դատարանները մերժել են դիմողի` վնասների հատուցման հայցը` քննիչի որոշման մեջ մեղքի մասին հետևության բացակայության հիմքով (տես վերը` կետեր 29 և 31): Դատարանները պարզապես հաստատել են քննիչի հետևությունն առ այն, որ դիմողի բողոքը եղել է անհիմն` առանց գնահատելու գործով փաստերը:
72. Ապա Դատարանը նկատում է, որ Ռուսաստանի քրեական օրենսդրության այն յուրահատկությունը, որը հնարավորություն է նախատեսել վնասների հատուցման պահանջ ներկայացնել ընդդեմ ենթադրվող վնաս հասցնողի` այն հիմքերով, որոնցով քրեական քննությունները կարճվել են: Քննությունը կարճելու որոշումն այն հիմքով, որ վիճարկվող հանցագործությունը տեղի չի ունեցել (otsutstviye sobitiya prestupleniya)` օրինական կերպով կանխում է նույն գործից բխող վնասների հատուցման բողոքի հիմքով քաղաքացիական դատարան դիմելու հնարավորությունը (տես վերը` կետ 37): Այդ իրավական դրույթներն իրականացնելով` հանցագործության դեպքի բացակայության հիմքով դիմողի հրամանատարների դեմ քրեական գործ չհարուցելու որոշումը (տես վերը` կետ 23) թույլ չի տվել դիմողին վնասների հատուցման հայց ներկայացնել քաղաքացիական դատարան` ընդդեմ զինվորական անձնակազմի:
73. Ուստի Դատարանը գտնում է, որ դիմողին չի տրվել արդյունավետ միջոցից օգտվելու հնարավորություն զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած վատ վերաբերմունքի առիթով ներկայացված բողոքի առնչությամբ: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
III. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
74. «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
75. Դատարանը նշում է, որ Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի համաձայն արդարացի փոխհատուցման ցանկացած պահանջ պետք է կազմվի և ներկայացվի գրավոր` համապատասխան փաստաթղթերի կամ ապացույցների հետ մեկտեղ, «ինչը չանելու դեպքում Պալատը կարող է լիովին կամ մասնակիորեն մերժել պահանջը»:
76. 2005 թվականի ապրիլի 12-ին Դատարանը հրավիրել է դիմողին ներկայացնելու արդարացի փոխհատուցման պահանջ մինչև 2005 թվականի մայիսի 31-ը: Նա չի ներկայացրել այդպիսի որևէ պահանջ:
77. Նման հանգամանքներում Դատարանը սովորաբար չի տրամադրում փոխհատուցում: Այդուհանդերձ, տվյալ գործով Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել դիմողի` անմարդկային պատժի չենթարկվելու իրավունքի խախտում: Քանի որ այս իրավունքն ունի բացարձակ բնույթ, Դատարանը գտնում է, որ բացառության կարգով հնարավոր է դիմողին տրամադրել 10,000` եվրո ոչ նյութական վնասի համար (տե՜ս Իգոր Իվանովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 34000/02, կետ 50, 2007 թվականի հունիսի 7 և Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 63378/00, կետ 87-88, 2005 թվականի հունվարի 20)` ներառյալ ցանկացած հարկ, որ կարող է կիրառվել:
78. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոս գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Անընդունելի է հայտարարում դիմողի գանգատը` կապված Աստրախանի թիվ 6794 (3025) զինվորական ջոկատում կիրառված վատ վերաբերմունքի հետ, ինչպես նաև հասանելի քաղաքացիաիրավական միջոցի բացակայության հետ, ինչպես նաև` գանգատի մնացած մասը,
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում Աստրախանի թիվ 6794 (3025) զինվորական ջոկատում դիմողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետևանքով,
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի առիթով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հետևանքով;
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 31-րդ հոդվածի խախտում,
Վճռում է, որ`
Պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 10,000 եվրո (տասը հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է հաշվվի ռուսական ռուբլով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան,
վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված 2008 թվականի հուլիսի 3-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
