C.C.-Ն ԸՆԴԴԵՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. հոկտեմբերի 6-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1971 թվականին և բնակվում է Սալամանքում:
6. Դիմողը վարակված է եղել ՁԻԱՀ-ով և տառապել է նաև այլ ծանր հիվանդությամբ: 2000 թվականի հունվարի 27-ին նա ապահովագրական ընկերությունում լրացրել է կյանքի ապահովագրության վկայական:
7. 2002 թվականի հոկտեմբերի 21-ին նա ընդմիշտ լրիվ անաշխատունակ է ճանաչվել և ապահովագրական ընկերությունից պահանջել է իրեն տրամադրել իր ապահովագրական վկայականում նախատեսված փոխհատուցումը: Ապահովագրական ընկերության կողմից իր պահանջած փոխհատուցումը տրամադրելուց հրաժարվելու հիմքով դիմողը քաղաքացիական հայց է հարուցել Սալամանքի թիվ 4 առաջին ատյանի դատարան:
8. Պատասխանող կողմը միջնորդել է, որպեսզի դիմողի վերաբերյալ բժշկական եզրակացություն պահանջվի Սալամանքի հիվանդանոցից և սոցիալական ապահովության մարմնից և կցվի գործի նյութերին: Դատավորը բավարարել է միջնորդությունը և համապատասխան փաստաթղթերը կցել գործին:
9. Գտնելով, որ վերոնշյալ գործողությունները խախտում են իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը` դիմողը 2003թ. դեկտեմբերի 9-ին դիմողը դատարանից պահանջել է, որպեսզի բժշկական եզրակացության բովանդակությունը չդառնա դատաքննության առարկա և բոլոր փաստաթղթերում, ներառյալ ապագայում կայացվելիք վճռում վերացվեն իր ինքնության և ՁԻԱՀ-ի բոլոր վկայակոչումները: Մյուս կողմից` նա միջնորդել է, որպեսզի դատաքննությունն անցկացվի դռնփակ և իր ազգանունը չնշվի դատական որոշումներում:
10. 2003թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ թիվ 4 առաջին ատյանի դատարանը մերժել է դիմողի պահանջները` վստահեցնելով, որ դատաքննությունից դուրս որևէ բժշկական տեղեկատվություն չի հրապարակվի:
11. 2004թ. հունվարի 9-ին դիմողը հետևյալ հիմնավորմամբ բողոք է ներկայացրել.
«Արգելվում է դռնբաց դատաքննության իրականացումն այն դեպքում, երբ վտանգի տակ է դիմողի անձնական կյանքի պաշտպանությունը և խախտվում է քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև արգելվում է դատավարական փաստաթղթերում ամրագրել նրա ինքնության, հիվանդության մասին տեղեկություններ, քանի որ դա խախտում է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածը:
(…)
Խախտված իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ չէ դատավարություն սկսել… այլ պարզապես պետք է հանել դիմողի ազգանունը և հիվանդությունը դատավարական բոլոր փաստաթղթերից և ապահովել, որ վերջինս տեղի ունենա դռնփակ»:
12. Թիվ 4 առաջին ատյանի դատարանն իր` 2004թ. մայիսի 20-ի վճռով մերժել է դիմողի բողոքն այն հիմնավորմամբ, որ կյանքի ապահովագրության վկայականը (պոլիսը) լրացնելիս վերջինս չի տեղեկացրել, որ արդեն հիվանդ է: Դատավորը պարզաբանել է, որ «այդ հիվանդությունները չէին կարող որակվել ոչ ծանր, ավելին` դրանք վերաբերել են լիմֆոմային և ՁԻԱՀ-ով վարակմանը»: Նա հաշվի է առել նաև հետևյալը.
«6e որ 1997 թվականին բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ դիմողը հիվանդ է լիմֆոմայով (…) և վարակված է ՁԻԱՀ-ով (…),
7e որ դիմողը ո՜չ նախապես, ո՜չ էլ հետագայում կյանքի ապահովագրության վկայականը (պոլիսը) լրացնելիս ապահովագրական ընկերությանը չի տեղեկացրել այդ հիվանդությունների առկայության մասին»:
13. Դիմողը բողոք է ներկայացրել: 2004թ. սեպտեմբերի 28-ի վճռով Սալամանքի մարզային դատարանը մերժել է բողոքը և անփոփոխ թողել վիճարկվող վճիռը` առանց մատնանշելու դիմողի ինքնությունը և ՁԻԱՀ-ով վարակված լինելը: Ինչ վերաբերում է դիմողի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտմանը, ապա դատարանն անվավեր է ճանաչել առաջին ատյանի դատավարության այն հատվածը, որը վերաբերել է դիմողի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմանը, բացի դրանից, հաշվի առնելով վեճի առարկան և գործի լուծման համար դիմողի բժշկական տվյալների վերաբերելիությունը` գտել է, որ տվյալ դատավարության ընթացքում խախտվել են դատավարության սահմանները:
14. Հղում կատարելով Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին` դիմողն իր իրավունքների պաշտպանության նպատակով բողոք (ամպարո) է ներկայացրել սահմանադրական դատարան: Նա հիմնականում բողոքարկել է իր հիվանդության մասին տեղեկությունները գործի նյութերին կցելու, առաջին ատյանի դատարանի վճռում իր ինքնության և հիվանդության մասին նշելու, ինչպես նաև հրապարակային դատաքննություն իրականացնելու դեմ: 2005թ. հունիսի 20-ի որոշմամբ, որի մասին դիմողը ծանուցվել է 2005թ. հուլիսի 12-ին, բարձրագույն դատական ատյանը մերժել է վերոնշյալ բողոքը: Դատարանը հիշեցրել է, որ հիմնարար իրավունքներն անսահմանափակ և բացարձակ չեն, չնայած որ օրենսդրական սահմանափակումների վրա պետք է հիմնվել համամասնությամբ: Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ վեճի առարկան դիմողի առողջությանն է վերաբերում, սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիությունը չի վերաբերում ապահովագրական ընկերությանը: Ավելին, նա նշել է, որ առաջին ատյանի դատարանը պարզաբանել է, որ դիմողի առողջության մասին տեղեկությունները չեն կարող օգտագործվել դատաքննությունից դուրս և հաստատել է, որ դատաքննությունը տեղի է ունեցել դռնփակ: Ի վերջո, սահմանադրական դատարանը գտել է, որ դատարանների որոշումները եղել են բավականաչափ պատճառաբանված և չեն եղել կամայական:
II. Համապատասխան ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան
15. Իսպանիայի Սահմանադրությունը
Հոդված 120
«1. Դատական ակտերը ենթակա են հրապարակման` բացառությամբ դատավարության վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատավարությունը հիմնականում իրականացվում է բանավոր, հատկապես քրեական գործերով:
3. Դատական որոշումները պետք է լինեն պատճառաբանված, բացի դրանից, դրանք ենթակա են հրապարակման»:
16. Անձնական բնույթի տեղեկությունների պաշտպանության մասին 1999թ. դեկտեմբերի 13-ի 15/1999 օրենքը
Հոդված 7, կետ 3
Ռասայի, առողջության և սեռական կյանքի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները կարող են ձեռք բերվել, պահպանվել և փոխանցվել միայն հանրային շահի նկատառումներով, կամ եթե շահագրգիռ անձն անմիջականորեն տվել է իր համաձայնությունը:
17. Դատական իշխանության մասին 1985թ. հուլիսի 1-ի 1985/6 օրենքը
Հոդված 186
«Դատավորները և դատարանները (…) հրապարակում են վճիռներ և դատավճիռներ հրապարակային դատական նիստի ժամանակ (…)»:
Հոդված 205, կետ 6
«Հրապարակային դատական նիստում դատավճիռների կայացման պարտականությունը կրում է նիստը վարող դատավորը»:
Հոդված 232
«1. Դատական քննությունը դռնբաց է` բացառությամբ դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Բացառությամբ մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հասարակական կարգի պաշտպանության համար անհրաժեշտ դեպքերի, դատավորները և դատարանները կարող են պատճառաբանված որոշմամբ սահմանափակել հրապարակային քննությունը և որոշում կայացնել ամբողջ դատավարության կամ դրա մի մասի գաղտնիության վերաբերյալ»:
Հոդված 235
«Այն շահագրգիռ անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ծանոթանալ փաստաթղթերին, արխիվներին և դատական գրանցամատյաններին, չեն կարող հրապարակել կամ պատճենահանել դրանք»:
Հոդված 265
«Դատարանները, դատական քարտուղարի պատասխանատվությամբ, վարում են դատավճիռների գիրք, որտեղ հաջորդականությամբ դրված են և պահվում են բոլոր վերջնական դատավճիռները, որոշումները, հատուկ կարծիքները»:
Հոդված 266, կետ 1
(համաձայն՝ 2003 թվականի դեկտեմբերի 23-ի՝
L.O.19/2003 խմբագրման )
«1. (…) Դատավճիռների և որոշումների կամ դրանց մի մասի տեքստին ծանոթանալու հնարավորությունը կարող է սահմանափակվել, եթե տեքստին ծանոթանալը կարող է խախտել անձնական կյանքի անձռենմխելիության իրավունքը: Անձի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ են պաշտպանության հատուկ միջոցներ, այդ թվում՝ վնաս կրած անձանց կամ տուժողների անանունության երաշխավորում, եթե դրա արդյունքում հնարավոր է խուսափել որոշումները և դատավճիռներն օրենքի նպատակներին հակառակ օգտագործելուց»:
18. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հոդված 138
«1. Ապացույցների հետազոտումը, դատական նիստերի անցկացումը, անձանց դատարան ներկայանալը նպատակ է հետապնդում հրապարակային դատական նիստում որոշում կայացնելուց առաջ հարցաքննել կողմերին:
2. Այնուամենայնիվ, դռնփակ դատական նիստ կարող է անցկացվել, երբ վերջինս անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակական կարգի պաշտպանության, ազգային անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ անչափահասների շահերի պաշտպանության համար, կամ եթե դա են պահանջում մարդու իրավունքները կամ ազատությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանը դա համարում է ծայրահեղ անհրաժեշտ (…)»:
3. Մինչև դռնփակ դատական նիստին անցնելը դատարանը լսում է կողմերի կարծիքները (…)»:
Հոդված 140
«1. Դատարանները, դատարանի քարտուղարները, ինչպես նաև դատական ծառայողները օրինական շահ ունեցող ցանկացած անձի օգնում են ստանալ այն տեղեկությունը, որի ուսումնասիրման միջնորդություն է ներկայացվել դատավարության ժամանակ (…):
(…)
3. Սակայն դատարանները կարող են որոշմամբ տրամադրել գործն ամբողջությամբ կամ դրա մի մասը, երբ դա անհրաժեշտ է 138-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից ելնելով:
Գործի ոչ պարտադիր կողմերը դրանց կարող են ծանոթանալ կողմերի, նրանց ներկայացուցիչների և պաշտպանների միջոցով (…)»:
Հոդված 141
«Այն անձինք, ովքեր հիմնավորում են, որ ունեն օրինական շահ, կարող են ծանոթանալ գործի հատորներին ու արխիվներին, իրենց հաշվին պատճենահանել դրանք»:
Հոդված 212, կետ 1
«Դատավճիռների և այլ վերջնական որոշումների մասին ծանուցվում են կողմերը և դրանք դասակարգվում են դատարանի գրասենյակում այն բանից հետո, երբ ստորագրվում են կայացնող դատավորի կամ դատավորների կողմից: Դրանց հրապարակումը կատարվում է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով»:
Հոդված 213
«Դատարանները, դատական քարտուղարի պատասխանատվությամբ, վարում են դատավճիռների գիրք, որտեղ հաջորդականությամբ դրված են և պահվում են բոլոր վերջնական դատավճիռները, որոշումները, հատուկ կարծիքները»:
19. Հիվանդի ինքնության, իր վերաբերյալ տեղեկությունների և կազմված բժշկական եզրակացության կապակցությամբ նրա ունեցած իրավունքների և պարտականությունների մասին 2002թ. նոյեմբերի 14-ի 41/2002 օրենքը
Հոդված 16, կետ 3
«Դատական, հասարակության առողջության, բժշկական ուսումնասիրությունների, հետաքննության կամ կրթության նպատակներով բժշկական եզրակացությանը ծանոթանալը կարգավորվում է 1999թ. դեկտեմբերի 13-ի՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին 15/1999 կից օրենքով և հասարակության առողջության մասին 14/1986 ընդհանուր օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով: Այս նպատակով, բժշկական եզրակացությանը ծանոթանալը պահանջում է պաշտպանել հիվանդի անձնական նույնացումը և բժշկական տվյալները դասակարգել առանձին-առանձին: Անանունությունը, որպես կանոն, ապահովվում է, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հիվանդը համաձայնում է դրանք առանձին չդասակարգել: Բացառություն են կազմում դատական իշխանության կողմից իրականացվող դատավարական գործողությունները, որոնց անհրաժեշտ է կցել բժշկական և անձնական նույնացման համար անհրաժեշտ տվյալները: Դատարանները և դատավորները յուրաքանչյուր դեպքում իրենք են որոշում, թե ինչպես վարվել: Կոնկրետ դեպքում, հատուկ նպատակներով կարող են խստորեն սահմանափակվել բժշկական եզրակացության փաստաթղթերին և տվյալներին ծանոթանալը»:
20. Սահմանադրական դատարանի դատական պրակտիկան
2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 114/2006 որոշումը
«Հատուկ շահերի առկայությունը հաշվի է առնվում որոշման հրապարակման բացառումը հիմնավորելու համար, սա բխում է դատարանի պրակտիկայից և համապատասխանում է նաև այլ օտարերկրյա, վերպետական, միջազգային և, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառվող չափանիշներին: Ինչպես արդեն նշվել է, սահմանադրական դատարանը 2004թ. դեկտեմբերի 20-ի թիվ 516/2004 որոշման մեջ չի ներառել որևէ անձնական տվյալ, որն իր պատճառաբանությամբ և կիրառմամբ խիստ անհրաժեշտ չեն եղել (…)՝ ձեռնպահ մնալով այդ որոշումներում մատնանշված անձանց ինքնությունը բացահայտելուց, կամ էլ պայմանավորված չի եղել վնաս կրած անձանց կամ տուժողների անանունությունը երաշխավորելու նպատակով (…) կամ էլ անչափահասների պաշտպանության համար:
Այս պրակտիկան…ներառված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում, ինչպես նաև նրա կանոնակարգում և իրավակիրառ պրակտիկայում: Ավելին, 2005թ. դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած կանոնակարգի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ եթե դիմողները չեն ցանկանում բացահայտել իրենց ինքնությունը` պետք է միջնորդեն և ներկայացնեն հրապարակային դատավարությունը բացառող հիմնավոր փաստարկներ: Պալատի նախագահն անանունության կիրառումը կարող է թույլատրել միայն բացառիկ և հիմնավորված դեպքերում: Տե՜ս նաև Զ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1995թ. փետրվարի 25-ի վճիռը (…)»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
21. Դիմողը մատնանշել է, որ ինքնության բացահայտման, ինչպես նաև իր գործով կայացված որոշումների բոլոր էջերում և, մասնավորապես, առաջին ատյանի դատավճռում իր առողջական վիճակի վրաբերյալ տեղեկությունների հրապարակման արդյունքում խախտվել է իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեuված է oրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հաuարակությունում (…) այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
22. Կառավարությունը վիճարկել է վերոնշյալ փաստարկները:
A. Ընդունելիությունը
23. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
B. Հանգամանքները
1. Կողմերի փաստարկները
24. Դիմողի պնդմամբ` Սալամանքի թիվ 4 առաջին ատյանի դատարանում իրականացված դատավարության ընթացքում ինքը նշել է իր անձնական կյանքի իրավունքի խախտման վտանգի մասին, այնուհետև` մարզային դատարանում, չնայած իր նախազգուշացումներին, տեղի է ունեցել խախտում այն պատճառով, որ կայացված վճռով դատավորը բազմիցս ուղղակիորեն նշել է դիմողի հիվանդ լինելու մասին: Նա նշել է նաև, որ ներպետական դատական ատյանների կողմից կայացված որոշումները և դատավճիռները հրապարակվել են և հասանելի են եղել շահագրգիռ անձանց:
25. Կառավարությունը նշել է, որ փաստարկված խախտումը տեղի է ունեցել ապահովագրական ընկերության դեմ դիմողի հարուցած վարույթի ընթացքում, երբ ընկերությունը հրաժարվել է դիմողին փոխհատուցում տրամադրել իր առողջության իրական վիճակի մասին չտեղեկացնելու պատճառով: Այն ժամանակ, երբ դիմողի կամքին հակառակ բժշկական եզրակացությունը կցվել է գործի նյութերին, նա միջնորդել է, որ իր ՁԻԱՀ-ով վարակված լինելու մասին բոլոր տեղեկությունները հանվեն նյութերից: Կառավարությունը գտել է, որ դիմողի առողջական վիճակը և, մասնավորապես, նրա՝ ՁԻԱՀ-ով վարակված լինելու կամ չլինելու փաստը հանդիսացել է դատական քննության առարկա: Նրա առողջական վիճակի մասին տվյալները հայտնի են եղել միայն դատական մարմիններին, և սույն գործն իր բնույթով տարբերվում է դիմողի վկայակոչած՝ Զ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործից: Հետևաբար, Կառավարության կարծիքով, որևէ խախտում` կապված Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, տեղի չի ունեցել:
2. Դատարանի գնահատականը
26. Դատարանը գտնում է, որ հանցավոր արարքը, անկասկած, հանգեցնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ անձի մասնավոր կյանքի հարգման իրավունքի իրացմանը հանրային իշխանության միջամտության:
27. Նման միջամտությունը չէր հանգեցնի 8-րդ հոդվածի խախտման, եթե սահմանված լիներ միայն օրենքով, 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված մի քանի օրինական նպատակ հետապնդեր կամ, ավելին, անհրաժեշտ լիներ ժողովրդավարական հասարակությունում:
28. Ինչ վերաբերում է վերոնշյալ պայմաններին, ապա Դատարանը չի տեսնում որևէ հանգամանք, որը նրան թույլ կտա ենթադրելու, որ տվյալ արարքը չի համապատասխանում ներքին օրենսդրությանը կամ համապատասխան օրենսդրական հետևանքները կանխատեսելի չեն եղել հասկանալու համար, թե ինչ է նշանակում 8-րդ հոդվածի 2-րդ մասում առկա՝ «օրենքով նախատեսված»-ը:
29. Ինչ վերաբերում է միջամտության անհրաժեշտությանը և նպատակին, ապա Դատարանը գտնում է, որ դիմողը, առանց պահանջվող գումարն ստանալու, պահանջել է, որպեսզի բժշկական եզրակացությունը և իր հիվանդության վերաբերյալ բոլոր վկայակոչումները հանվեն գործի նյութերից: Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով այն, որ դիմողը դատարաններին չի ներկայացրել իրեն մերժելու հիմքերը, Դատարանը գտնում է, որ սույն գործով դատաքննության ընթացքում պետք է պարզվեր, թե ապահովագրական ընկերությունն արդյոք պետք է դիմողին փոխհատուցում տրամադրեր ժամանակավոր անաշխատունակության համար, թե՝ ոչ: Դիմողի առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունն անհրաժեշտ էր գործի լուծման համար: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործի քննության առարկան այն է, թե դիմողի կողմից վիճարկվող արարքը նպատակ է ունեցել, արդյոք, թույլ չտալ հակառակորդ կողմին ծանոթանալ իրեն վերաբերող տեղեկություններին: Դատավորը կարող էր դա բավարարել նաև գործին ծանոթանալու արդյունքում հիմնավորված որոշում կայացնելու միջոցով: Կիրառված միջոցները նպատակ են ունեցել ապահովել դատավարության բնականոն ընթացքը և դրանով իսկ փորձել պաշտպանել այլոց իրավունքները և ազատությունները. սույն գործով դա վերաբերում է հակառակ կողմին:
30. Դատարանում դիմողը բողոքարկել է, որ ներպետական դատարանները, մասնավորապես թիվ 4 առաջին ատյանի դատարանի դատավորը կայացված բոլոր դատական որոշումներում բացահայտել է իր ինքնությունը՝ հրապարակելով դրանք այն դեպքում, երբ դրանց գաղտնիության ապահովման համար ինքն անմիջականորեն միջնորդություն է ներկայացրել: Դատարանը, այսպիսով, պետք է որոշի, թե արդյոք դիմողի կողմից բողոքարկվող միջամտությունը, այն է` իր առողջական վիճակի մասին տեղեկություններ հրապարակելն այս դեպքում անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում առկա նպատակներին հասնելու համար, արդյոք ներպետական դատական մարմինների մատնանշած հիմնավորումները համապատասխան ու բավարար են եղել դրանք հիմնավորելու համար, և արդյոք դրանք համաչափ են եղել հետապնդվող օրինական նպատակներին:
31. Այս տեսանկյունից` Դատարանը պետք է հաշվի առնի այն հիմնական դերը, որն ունի անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը: Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրացման համար պակաս կարևոր չեն առողջության վերաբերյալ տեղեկությունների պաշտպանությունը: Առողջության մասին տեղեկությունների գաղտնիության պահպանումը Կոնվենցիայի անդամ բոլոր պետությունների իրավական համակարգերի կարևորագույն սկզբունքն է: Այն կարևոր է ոչ միայն հիվանդների անձնական կյանքը պաշտպանելու տեսանկյունից, այլև ընդհանրապես բժշկական հաստատությունների և բժշկական ծառայության նկատմամբ նրանց վստահությունն ապահովելու համար: Այսպիսի պաշտպանության բացակայության դեպքում բժշկական օգնության կարիք ունեցող անձինք նույնիսկ վարակիչ և ընդհանուր հիվանդությունների առկայության դեպքում կարող են հրաժարվել ինտիմ և անձնական բնույթի տեղեկություններ հաղորդել, որոնք անհրաժեշտ են բժշկական խորհրդատվության և համապատասխան բուժման համար, դրա արդյունքում կարող է վտանգվել նրանց առողջությունը:
32. Ներպետական օրենսդրությունը պետք է պարունակի այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին չհամապատասխանող, անձի առողջության վերաբերյալ անձնական բնույթի տվյալների ցանկացած հրապարակում կամ դրանց մասին ծանուցում:
33. Այս նկատառումները, մասնավորապես, կիրառվում են ՁԻԱՀ-ով վարակված լինելու մասին տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար: Պատճառն այն է, որ նման տեղեկությունների հրապարակումը տվյալ անձի մասնագիտական և սոցիալական վիճակի, ընտանեկան և անձնական կյանքի համար կարող է վնասակար հետևանքներ ունենալ, քանի որ իրենցից ներկայացնում են այդ անձի վարկաբեկման և մեկուսացման վտանգ: Նման տեղեկությունների գաղտնիության պահպանման իմաստը կայանում է նրանում, որպեսզի հնարավոր լինի որոշել, թե միջամտությունը համաչափ էր հետապնդվող օրինական շահին, քանի որ նման միջամտությունը կարող է չհամապատասխանել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, և արդյոք այն ուղղված է հանրային շահի պաշտպանությանը:
34. Հաշվի առնելով որոշակի հիվանդությամբ վարակված լինելու վերաբերյալ տեղեկությունների խիստ զգայուն և ինտիմ բնույթը՝ տվյալ անձի համաձայնության բացակայությամբ նման տեղեկությունների հրապարակմանը հարկադրելուն ուղղված բոլոր միջոցառումները Դատարանի աչալուրջ քննությունն են պահանջում: Դատարանը պետք է որոշի այն երաշխիքները, որոնք ուղղված են արդյունավետ պաշտպանության ապահովմանը:
35. Ինչ վերաբերում է անձնական բնույթի տվյալների հրապարակմանը, ապա Դատարանը գտնում է, որ պետք է ներպետական իրավասու մարմիններին հնարավորություն ընձեռել հավասարապես ապահովելու, մի կողմից, դատարանների և տրիբունալների հանդեպ վստահության պահպանման համար անհրաժեշտ հրապարակային դատաքննությունը, իսկ, մյուս կողմից՝ կողմի կամ երրորդ անձի շահերը` կապված այդ տվյալների գաղտնիության հետ: Այսպիսի դատողությունը հիմնված է պաշտպանվող շահերի բնույթի ու կարևորության և միջամտության խստության վրա:
36. Սույն գործով Դատարանը պետք է պարզի, թե արդյոք Սալամանքի թիվ 4 առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռի տեքստում դիմողի ինքնության և վարակված լինելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար եղել են այդ հրապարակումը հիմնավորող բավարար փաստեր:
37. Իսպանիայի օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն՝ իր որոշման մեջ դիմողի ինքնության մասին տեղեկություններ հրապարակած դատավորը, դատական իշխանության մասին օրենքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, անձի իրավունքների ու ազատությունների և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներից ելնելով, կարող էր սահմանափակել նրա ինքնության բացահայտումը: Մյուս կողմից` նույն օրենքի 266-րդ հոդվածի 1-ին մասը թույլ է տալիս սահմանափակել տվյալ որոշումներին, դատավճիռներին ծանոթանալը, եթե վերջինս կարող է վնաս պատճառել անանունության երաշխավորմանն ու անձնական կյանքի պաշտպանության իրավունքին: Այս դրույթի համաձայն՝ պաշտոնատար անձը նորից պետք է մանրամասն գնահատի օրինական շահ ունեցող անձի կողմից դատական գործի նյութերին ծանոթանալու իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը:
38. Այս առումով Դատարանը նշում է, որ դիմողը 2004թ. հունվարի 9-ի իր բողոքում պահանջել է իր ազգանունը հանել բոլոր այն դատավարական փաստաթղթերից, որտեղ նշված է եղել իր հիվանդությունը: Եվ այս առումով դիմողը կարող էր ստանալ պահանջի բավարարում: Այսպիսի լուծումով հնարավոր կլիներ խուսափել հետագա խնդիրներից՝ կապված շահագրգիռ անձանց կողմից դատական որոշմանը և գործի նյութերին ծանոթանալու հետ:
39. Դատարանը գտնում է, որ դատական պրակտիկան մշտապես փորձել է իր որոշումներում ձեռնպահ մնալ այդպիսի անձանց ինքնությունը բացահայտելուց, այդ պրակտիկային հետևել է Իսպանիայի սահմանադրական դատարանը: Այս մոտեցումն ընդունելի է նաև Դատարանի համար: Արդյունքում, չնայած դատավարական ընդհանուր կանոնի համաձայն դատական նիստը հրապարակային է, Դատարանի կանոնակարգի 33-րդ հոդվածը թույլ է տալիս Պալատի նախագահին այս կանոնից բացառություն անել, երբ դա է պահանջում համապատասխան անձի կամ կողմերի անձնական կյանքի պաշտպանությունը: Մյուս կողմից` նա կարող է թույլատրել անանունության ինստիտուտի կիրառումը:
40. Ելնելով սույն գործի հանգամանքներից և հաշվի առնելով, մասնավորապես, հիվանդությամբ վարակված լինելու մասին տեղեկությունների գաղտնիության հատուկ պաշտպանության սկզբունքը՝ Դատարանը գտնում է, որ Սալամանքի թիվ 4 առաջին ատյանի դատարանի դատավորի որոշմամբ բոլոր այն փաստաթղթերում, որտեղ խոսքը վերաբերել է դիմողի հիվանդությանը, վերջինիս ինքնության բացահայտումը որևէ լուրջ պատճառաբանությամբ չի հիմնավորվել:
41. Այսպիսով, սույն գործով դիմողի ինքնության բացահայտումը վնաս է պատճառել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ ընտանեկան և անձնական կյանքը հարգելու իրավունքին:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
42. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
43. Դիմողը որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում պահանջել է 12.000 եվրո:
44. Կառավարությունը պահանջվող գումարը չափից շատ է համարել և միջնորդել է մերժել պահանջը:
45. Դատարանը գտնում է, որ դիմողը բարոյական վնաս է կրել: Հաշվի առնելով գործի հանգամանքները և հիմնվելով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցման պահանջի վրա՝ դատարանը վճռում է դիմողին տրամադրել 5000 եվրո:
B. Ծախսերը և ծախքերը
46. Ներկայացնելով հիմնավորումներ` դիմողը պահանջել է 2 006,80 եվրո` որպես ներպետական դատարաններում և 1 392 եվրո` որպես սույն Դատարանում կրած դատական ծախսերի փոխհատուցում, ընդհանուր առմամբ` 3 398,80 եվրո: Նա պահանջել է նաև 900 եվրո` որպես կրած այլ ծախսերի փոխհատուցում:
47. Կառավարությունը պահանջվող գումարը չափից շատ է համարել:
48. Համաձայն Դատարանի իրավակիրառ պրակտիկայի` դիմողը կարող է ստանալ իր կողմից կատարված դատական ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ հիմնավորում է դրա կատարման անհրաժեշտությունը, ողջամիտ բնույթը, իրական լինելը: Տվյալ դեպքում, հաշվի առնելով նրա տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ սկզբունքները` դատարանը ողջամիտ է գնահատում 3 398 եվրո գումարը, և այն տրամադրում է դիմողին:
C. Տուգանային տոկոսներ
49. Դատարանը նպատակահարմար է գտնում որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է գանգատը ճանաչել ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում,
3. Վճռում է.
ա) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի 5000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 3398 եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում` հաշվարկած հարկերի գումարները,
բ) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է պարտավորության չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,
4. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:
Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին:
