ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ ԵԱԴԴ/1347/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1347/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ Տ. Պետրոսյանի
2010 թվականի հունիսի 9-ին
քննարկելով Արա Սարգսյանի ներկայացուցիչներ Զարուհի Դանիելյանի և Նաիրա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) ընդդեմ Արա Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.02.2010 թվականի որոշմամբ բավարարվել է Արա Սարգսյանի ներկայացուցիչ Նաիրա Խաչատրյանի միջնորդությունը, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.03.2010 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.02.2010 թվականի որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արա Սարգսյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իր որոշմամբ հիմնավորել է սույն քաղաքացիական գործի կապը ՀՀ վարչական դատարանի վարույթում առկա վարչական գործի հետ և սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը` մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող վարչական գործի ավարտը: Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ վարչական դատարանում վարչական ակտի մասնակի անվավերության պահանջով գործի առկայությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, հետևաբար բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ սույն քաղաքացիական գործը վերաբերում է ստուգման ակտի և դրա հիման վրա իրականացված փորձագետի եզրակացությամբ առաջադրված գումարի բռնագանձմանը, իսկ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող վարչական գործը վերաբերում է այդ նույն ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջին, այսինքն` առկա է սույն քաղաքացիական գործի և վարչական գործի կապը, որը հիմք է սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության` մինչև վարչական գործի քննության ավարտը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում հանգել է ճիշտ հետևության` կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 03.02.2010 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները,
Վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և օրինական: Հետևաբար, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական դատավարության ընթացքում ձեռք բերված ինքնուրույն ապացույց է և ստուգման ակտի վիճարկումը չի կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործի քննությունը:
3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է այն դեպքում, երբ տվյալ վեճի քննությունն անհնար է մինչ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով այլ գործի քննության ավարտը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այլ` սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեն (որոշ դեպքերում նաև նախադատելի):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:
Վերոնշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև ցույց տալ քննվող գործի քննության անհնարինությունը, այսինքն` ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության կամ փաստի հաստատման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ դրա քննությունը վերապահված է սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական գործեր քննող դատարանին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատախազությունը պահանջել է Արա Սարգսյանից բռնագանձել 6.844.500 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս, որն առաջացել է 3.997.800 ՀՀ դրամ հարկ վճարելուց խուսափելու, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների հետևանքով: Ըստ Դատախազության՝ այդ գումարի հաշվարկն առկա է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտում, ինչպես նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.07.2009 թվականի թիվ 23440909 փորձագիտական եզրակացության մեջ:
ՀՀ վարչական դատարանի 22.01.2010 թվականի թիվ ՎԴ/0099/05/09 որոշմամբ բավարարվել է Արա Սարգսյանի ներկայացուցիչների միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վարույթ է ընդունվել Արա Սարգսյանի ներկայացուցիչների հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության` 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին (գ.թ.75-76):
ՀՀ վարչական դատարանի 24.02.2010 թվականի թիվ ՎԴ/0099/05/09 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վարույթ է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի` 8.053.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին (գ.թ.118), իսկ վճռաբեկ բողոքի պատասխանին կցվել է ՀՀ վարչական դատարանին հասցեագրված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության 14.05.2010 թվականի միջնորդությունը` հակընդդեմ հայցով Արա Սարգսյանից 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտում արձանագրված 3.997.800 ՀՀ դրամ ապառքը բռնագանձելու պահանջի մասից հրաժարվելու մասին:
Դատարանը 03.02.2010 թվականի որոշմամբ կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործի քննությունն անհնարին է մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող վերը նշված գործի քննության ավարտը, քանի որ Դատախազության հայցով ներկայացված պահանջը բխում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտից, որը մասնակի անվավեր ճանաչելու պահանջը քննության է առնվում ՀՀ վարչական դատարանում և տվյալ գործով վճիռը որոշակի կկանխորոշի Դատախազության հայցով քաղաքացիական գործի ելքը, այսինքն՝ հարկային պարտավորության առկայությունը հաստատվել է ստուգման ակտով, որում արտացոլված պարտավորությունների չափը որոշելու և հաշվարկման մեթոդիկան ճշտելու համար նշանակվել է փորձաքննություն:
Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին Դատարանի որոշումը վերացնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը համակցության մեջ չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները, չի անդրադարձել այն փաստին, որ սույն գործով, բացի ստուգման ակտից առկա են նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.07.2009 թվականի թիվ 23440909 փորձագիտական եզրակացությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչի նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ըստ որի Արա Սարգսյանն ընդունել է հարկային պարտավորությունների խախտումը և խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ փաստարկները Դատարանի 03.02.2010 թվականի որոշումը վերացնելու հիմք չեն հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես, սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտով անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանին առաջադրվել է վճարելու 6.738.400 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություններ (գ.թ.4-10):
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը հիմք ընդունելով փորձաքննությանը տրամադրված անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտով արձանագրված փաստերը, պարզաբանման առաջադրված հարցերի վերաբերյալ 23.07.2009 թվականի թիվ 23440909 եզրակացությամբ հանգել է հետևությունների, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի ՏՀՏ աշխատակիցների կողմից անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի մոտ կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումը կատարվել է փաստաթղթային ստուգման մեթոդով` կիրառելով նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված կարգի պահանջները, այն համապատասխանում է նյութերում առկա փաստական տվյալներին, անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի հարկային պարտականությունները, այդ թվում՝ լրացուցիչ գանձման ենթակա հարկի գումարը` առանձին հարկատեսակների գծով, կազմում է ընդամենը 6.844.500 ՀՀ դրամ (գ.թ.11-21):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործն ուղղակիորեն կապված է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող ՎԴ/0099/05/09 վարչական գործի հետ: Ավելին, ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/0099/05/09 վարչական գործով առկա է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի` 8.053.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, այսինքն՝ թիվ ՎԴ/0099/05/09 գործը առաջացնում է թիվ ԵԱԴԴ/1347/02/09 գործի քննության անհնարինություն:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/0099/05/09 գործի միջև առկա է կապ, քանի որ 15.06.2009 թվականի թիվ 1005239 ստուգման ակտի իրավաչափությունը սույն գործի համար իրավաբանական նշանակություն ունի, իսկ դրա հաստատումը սույն գործի քննության շրջանակներում անհնարին է, քանի որ այն վերապահված է ՀՀ վարչական դատարանին, որն էլ 22.01.2010 թվականի թիվ ՎԴ/0099/05/09 որոշմամբ վարույթ է ընդունել այդ ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին Արա Սարգսյանի ներկայացուցիչների հայցադիմումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վերաքննիչ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2010 թվականի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Է. Հայրիյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Տ. Պետրոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|