Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6072/05/14

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6072/05/14

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի հուլիսի 29-ին,

քննարկելով Շուշանիկ Տրդատյանի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Շուշանիկ Տրդատյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 19.08.2014 թվականի միջամտող վարչական ակտը` իր ընտանիքին վերաբերող մասով, և պարտավորեցնել Հանձնաժողովին կազմելու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ և այն ներկայացնելու ՀՀ քաղաքաշինության նախարարի (այսուհետ` Նախարար) հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2014 թվականի որոշմամբ Շուշանիկ Տրդատյանի հայցադիմումը` Հանձնաժողովի 19.08.2014 թվականի միջամտող վարչական ակտը` իր ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ մնացած` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ կազմելուն և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով, Շուշանիկ Տրդատյանի հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2014 թվականի որոշմամբ Շուշանիկ Տրդատյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2014 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մյուս մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման 2-րդ կետը` հայցադիմումի ընդունումը մի մասով մերժելու մասին, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շուշանիկ Տրդատյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները և սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Հանձնաժողովի կողմից համապատասխան հրամանի նախագիծ կազմելը չի կարող առաջացնել փաստական հետևանքներ և զուտ կազմակերպատեխնիկական բնույթ է կրում, անհիմն է, քանի որ նման մոտեցման պայմաններում Հանձնաժողովը սահմանափակված չի լինի ժամանակի մեջ, և հրամանի նախագիծ չկազմելու, այն Նախարարին չներկայացնելու դեպքում կամ այլ կերպ ասած՝ իր գործառույթները չիրականացնելու դեպքում, անձը կզրկվի դատարան դիմելու, դատարանում լսված լինելու և արդյունավետ դատական պաշտպանության միջոցի իրավունքներից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Հանձնաժողովը չի կատարել կամ մերժել է կատարել Շուշանիկ Տրդատյանի կողմից հայցվող գործողությունը, ինչի հիման վրա էլ վերջինս կարող է դիմել վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 06.11.2014 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մյուս մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման 2-րդ կետը` հայցադիմումի ընդունումը մի մասով մերժելու մասը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործողության կատարման հայցի` վարչական դատարանում քննության ենթակա լինելու չափանիշների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչափ է արդյո՞ք վարչական դատարանի կողմից գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունումը մերժելը` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, եթե հայցվորը վարչական մարմնից պահանջել է կատարելու որոշակի գործողություններ, որոնք, ուղղված չլինելով վարչական ակտի ընդունմանը, կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ իր իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն oրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, oրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, oրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնահարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (...): Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե´ նորմաստեղծ, թե´ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է (...) իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից: (...) Դատարանի` արդարադատության գործառույթ իրականացնելու միակ հիմքը օրենքով սահմանված կարգով իրեն ուղղված դատական պաշտպանության պահանջ պարունակող դիմումների քննությունն է: Առաջին ատյանի դատարանը որևէ հայեցողություն չունի օրենքին համապատասխանող դիմումին ընթացք տալու կամ չտալու հարցում` այն պետք է ընդունվի վարույթ և քննվի անվերապահորեն և առանց որևէ բացառության (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթներին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ դրանք, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Փաստորեն, վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի, և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը վկայակոչված որոշմամբ գտել է, որ օրենսդիրը ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչությամբ սահմանել է վարչական դատարան դիմելու իրավունքի իրականացման հստակ իրավական նախապայմաններ, ըստ որի` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իրականացնել դատարան դիմելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում` եթե խոչընդոտներ են հարուցվել կամ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար:

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Ըստ Հայաստանի Հանրապետության գործող վարչադատավարական օրենսդրության` վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող հայցատեսակներից է գործողության կատարման հայցը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված գործողության կատարման հայցի հասկացության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հայցատեսակով հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել` (ա) կատարելու որոշակի գործողություններ կամ (բ) ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Փաստորեն, գործողության կատարման հայցով դատարան դիմած անձը կարող է վարչական մարմնից պահանջել դրսևորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված՝ ինչպես ակտիվ վարքագիծ` կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ` ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավադրույթը ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո դիտարկելու արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորելու միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար, գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող է ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսևորելը կարող է արդյո՞ք առերևույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես` վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերևույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատարանն իրավասու է մերժել գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումը վարույթ ընդունելը` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով միայն այն դեպքում, եթե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը չդրսևորելն ակնհայտորեն որևէ կերպ չի կարող խախտել տվյալ անձի իրավունքները, մասնավորապես` ակնկալվող վարքագիծը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով դիմելով դատարան` Շուշանիկ Տրդատյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 19.08.2014 թվականի միջամտող վարչական ակտը` իր ընտանիքին վերաբերող մասով, և պարտավորեցնել Հանձնաժողովին կազմելու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ և այն ներկայացնելու Նախարարի հաստատմանը (գ.թ. 3-8):

Սույն գործով Դատարանի 06.11.2014 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մյուս մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Շուշանիկ Տրդատյանի հայցադիմումը` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ կազմելուն և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով, վարույթ ընդունելը մերժվել է: Իր այդ որոշման հիմքում Դատարանը դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) վիճարկվող հրամանի նախագիծը չի համարվում վարչական ակտ, հետևաբար որևէ անձի, այդ թվում` հայցվորի համար որևէ իրավունք կամ պարտականություն չի սահմանում, չի փոփոխում, չի վերացնում և չի ճանաչում (...)» (գ.թ. 31-32):

Վերաքննիչ դատարանն իր 24.12.2014 թվականի որոշմամբ մերժել է Շուշանիկ Տրդատյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 06.11.2014 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մյուս մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` հայցադիմումի ընդունումը մի մասով մերժելու մասով, թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ «(...) Նախարարի հրամանի նախագիծը նախապատրաստելուն և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջը վարչական դատավարության կարգով քննության ենթակա չէ (...)»: Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Հանձնաժողովին հրամանի նախագիծ կազմելուն և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու` Շուշանիկ Տրդատյանի հայցապահանջը դասվում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման, այլ նույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցատեսակի շարքին, միևնույն ժամանակ գտել է, որ Նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումն ինքնին որևէ փաստական հետևանքի չի հանգեցնում բնակապահովման կարիք ունեցող անձանց համար: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ հրամանի նախագծի նախապատրաստումն ու դրա ներկայացումը Նախարարին վարչարարության ինքնուրույն դրսևորում չի հանդիսանում, իսկ հայցի առարկա կարող են հանդիսանալ միայն վարչական մարմնի իրականացրած վարչարարության արդյունքները, որոնցով խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել անձի իրավունքները և ազատությունները (գ.թ. 58-62):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի շրջանակներում Շուշանիկ Տրդատյանի կողմից ներկայացվել է վիճարկման և գործողության կատարման հայցի տարրեր պարունակող հայցադիմում, որը գործողության կատարման հայցապահանջի մասով հանգում է հետևյալին. պարտավորեցնել Հանձնաժողովին կազմելու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ և այն ներկայացնելու Նախարարի հաստատմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շուշանիկ Տրդատյանը, վերը նշված հայցապահանջով դիմելով դատարան, հետապնդել է օրենքով հստակ սահմանված վարչադատավարական ընթացակարգի միջոցով իր իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակ` պահպանելով դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ իրավական նախապայմանները: Այլ կերպ ասած՝ Շուշանիկ Տրդատյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցապահանջով վերջինս Հանձնաժողովից պահանջել է դրսևորել այնպիսի ակտիվ վարքագիծ, որը չդրսևորելն առերևույթ կարող է խախտել նրա իրավունքները և ազատությունները, մասնավորապես` պահանջվող վարքագիծն առերևույթ կարող է ապահովել անհրաժեշտ պայմաններ Շուշանիկ Տրդատյանի իրավունքների իրականացման համար:

Այսպես, ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 և 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1402-Ն որոշման հավելվածի 1-ին կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի (...) միջոցով:

ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` հանձնաժողովի գործառույթներից է, ի թիվս այլոց, բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Նախարարը` իր կողմից ստեղծված Հանձնաժողովի միջոցով, որը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Նախարարի հրամանի նախագիծը: Հետևաբար Շուշանիկ Տրդատյանի կողմից պահանջվող գործողության կատարումը ընդգրկված է Հանձնաժողովի գործառույթների շրջանակներում: Ավելին, Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագծի կազմումը և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելը կարող են առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ Շուշանիկ Տրդատյանի իրավունքների իրականացման համար, քանի որ առանց Հանձնաժողովի կողմից համապատասխան հրամանի նախագիծ կազմելու և այն Նախարարի հաստատմանը ներկայացնելու Շուշանիկ Տրդատյանը զրկված կլինի բնակարանային ապահովման իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

Փաստորեն, Շուշանիկ Տրդատյանը Հանձնաժողովից պահանջել է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք առերևույթ կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ իր իրավունքների իրականացման համար: Հետևաբար, Շուշանիկ Տրդատյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցապահանջը համապատասխանում է վարչական դատարանում քննության ենթակա լինելու չափանիշներին, ինչն անհիմն կերպով հաշվի չի առնվել ո´չ Դատարանի, ո´չ Վերաքննիչ դատարանի կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Շուշանիկ Տրդատյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցապահանջը ենթակա է վարչական դատարանում քննության, ուստի Դատարանն իրավասու չէր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժել Շուշանիկ Տրդատյանի հայցադիմումի ընդունումը` գործողության կատարման հայցապահանջի մասով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. մասնակիորեն` ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ և Նիկոլայ Տրդատյաններին, Նորայր Տրտատյանին ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ կազմելուն և այն ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով Շուշանիկ Տրդատյանի հայցադիմումի ընդունումը մերժելու մասով, վերացնել ՀՀ վարչական դատարանի 06.11.2014 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մյուս մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան