ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում:
Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 11 Երևան ՀՕ-258-Ն |