ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ դատախազներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանում:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:».
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված լիազորություններ.».
2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 10-րդ կետից հանել «դատախազության աշխատակազմում դատախազական ծառայողների,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը «և դատախազներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, գլխավոր քարտուղարից և գլխավոր քարտուղարի տեղակալից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր նշանակած քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը «և դատախազներից», իսկ 18-րդ հոդվածի 3-րդ մասը (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ) բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում և 2-րդ մասի 4-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 77-րդ հոդվածի 6-րդ մասում «աշխատակազմի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով:
Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը.
2) 3-րդ կետի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գլխավոր դատախազը սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու հիմքով տույժ նշանակում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած եզրակացության հիման վրա՝ եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:»:
Հոդված 10. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող» բառերը, իսկ նույն մասի առաջին նախադասության «դատախազին» բառը փոխարինել «դատախազի նկատմամբ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 12. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:
Հոդված 13. Օրենքի 13-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 13
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 75. |
Քաղաքացիական ծառայությունը |
1. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:
2. Դատախազության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր դատախազը:
Հոդված 76. |
Քաղաքացիական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը |
1. Դատախազությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 14. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-26-Ն |