ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 673-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 340-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, 85-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա (1.309391+0.112823) և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1.422214 հա (1.309391+0.112823) մակերեսով, 98.983.095 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքով օտարելուն, իսկ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0.2605 հա հողամասը՝ ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով տրամադրելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին Արմեն Տեր-Տաճատյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի ձևով օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրերում նախատեսելով՝
1) ծրագիրն իրագործելու պարտավորությունը.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները.
3) հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի.
4) կառուցապատման իրավունքով տրամադրված 0.2605 հա հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի ձևով, օրենքով սահմանված կարգով, հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից դուրս գալու դեպքում.
5) ծրագրի իրականացման նպատակով Արմեն Տեր-Տաճատյանի կողմից «Դալան Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) հիմնադրելու և Երևան համայնքից սեփականության և կառուցապատման իրավունքով ձեռք բերվող համապատասխանաբար՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերը նշված ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու դեպքում, որպես սահմանափակումներ, ընկերությանն են փոխանցվում սույն որոշման 4-րդ կետի հիման վրա կնքվող պայմանագրերում նշված պայմանները և պարտավորություններն ամբողջ ծավալով՝ Երևան համայնքի, Արմեն Տեր-Տաճատյանի և ընկերության միջև կնքվող պայմանագրին համապատասխան.
6) ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քառ. մետր աշխատանքային (գրասենյակային) տարածք՝ վերանորոգված վիճակում.
7) հողամասի ուղղակի վաճառքի և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի պայմանների խախտման համար պատասխանատվությունը և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն Արմեն Տեր-Տաճատյանի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամին հողամաս օտարելու մասին» N 340-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 673-Ա որոշման |
Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
Հայաստանում բնակելի և առևտրային (կոմերցիոն) ենթակառուցվածքներն ստեղծվել են խորհրդային տարիներին և չեն համապատասխանում ներկայիս պահանջներին և միջազգային ստանդարտներին: Ժամանակի ընթացքում ստեղծվում են նորերը՝ նոր ստանդարտներին և պահանջներին համապատասխան:
Նման վիճակ է ստեղծվել նաև ՏՏ ոլորտում, որը ձևավորվել է 1999-2000 թվականներին: Հիմնականում ներգրավված ընկերություններն աշխատում են ամերիկյան և եվրոպական պատվիրատուների համար և պետք է ապահովեն միջազգային ստանդարտներ, այդ թվում՝ ֆիզիկական ենթակառուցվածքների նկատմամբ պահանջներ: Այդպիսիք Հայաստանում ուղղակի չկան: Հայկական ՏՏ ոլորտի ընկերությունները տեղակայված են խորհրդային տարիներին կառուցված շենքերում, որոնք ենթարկվել են որոշ ներքին փոփոխությունների, բայց դրանք չեն ապահովում որևէ պայման և ստանդարտ: ՏՏ ոլորտի ընկերությունները, որպես կանոն, չունեն սեփական շենքեր, նրանք հիմնականում դրանք վարձակալում են:
Ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը Հայաստանում դարձել է ՏՏ սեկտորի առաջխաղացման հիմնական նախապայմաններից մեկը:
Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2.502714 հա (25027,14 քառ.մ) ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից՝
- սեփականության իրավունքով հողամասի մակերես՝ 0.82 հա (8200 քառ.մ),
- Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի շենք մոտեցումն ապահովելու համար լրացուցիչ անհրաժեշտ կառուցապատման իրավունքով հողամասի մակերեսը՝ 0.2605 հա (2605 քառ.մ), և 0.112823 հա (1128,23 քառ.մ) սեփականության իրավունքով,
- կառուցապատման, կանաչապատման և բարեկարգման համար լրացուցիչ սեփականության իրավունքով անհրաժեշտ հողամասի մակերեսը՝ 1.309391 հա (13093,91 քառ.մ):
Կառուցվող շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 152725 քառ.մ:
Շինության օգտակար մակերեսը կազմում է ՝ 144516 քառ.մ, որը բաղկացած է՝
●
Ընդհանուր օգտագործման տարածքներ՝ 31850 քառ.մ, որոնք ենթակա են պարտադիր վերջնական հարդարման, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 22.2%, որից՝
● Ճանապարհ, բաց կայանատեղ՝ 2777 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 1.9%:
● Հետիոտնային անցումներ, մայթեր՝ 9080 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 6.3%:
● Կանաչ տարածքներ՝ 7055 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 5.2% (ընդհանուր հողի մակերեսի 40.0%):
● Աստիճաններ, վերելակային սրահներ՝ 7363 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 5.0%:
● Նախասրահներ, միջանցքներ՝ 5575 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 3.8%:
● Կոմերցիոն տարածքներ՝ 24809 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 17.5% որից՝
● Սպորտային՝ 6056 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 4.3%:
● Կոնֆերանս կենտրոն՝ 4700 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 3.3%:
● Առևտրային՝ 11203 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 7.8%:
● Գիտակրթական կենտրոն՝ 2850 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 2.1%:
● Օֆիսային տարածքներ՝ 38690 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 26.7% (նախատեսված 2600 աշխատողի համար):
● Տեխնիկական տարածքներ՝ 6014 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 4.4%:
● Ավտոկայանատեղ՝ 42560 քառ.մ, որը կազմում է ընդհանուր շինության մակերեսի 29.2%:
Ներդրումների մոտավոր արժեքը՝ 130 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` առանց ԱԱՀ:
Շինարարական աշխատանքները կավարտվեն շինարարության թույլտվության տրամադրման պահից 48-54 ամսվա ընթացքում:
Ծրագրի իրականացման համար պետք է հիմնադրվի «Դալան Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերությունում՝ որպես կանոնադրական կապիտալի համալրում, կներդրվի սեփականության իրավունքով պատկանող 0.82 հա (8200 քառ.մ) հողամասը և Երևանի համայնքից ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերված 1.422214 հա (14222.14 քառ.մ) հողամասը և 0.2605 հա (2605.0 քառ.մ) հողատարածքի կառուցապատման իրավունքը:
Ընկերությունը Երևան համայնքին կնվիրի 300 քառ.մ աշխատանքային (գրասենյակային) տարածք՝ ՏՏ ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով:
Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման համար կթողարկվեն լրացուցիչ բաժնետոմսեր և կներգրավվեն վարկային միջոցներ:
Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի BՕMA-ի A-class շենք և ենթակառուցվածք՝ 2600 աշխատատեղի համար:
Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ստեղծվելու է 20 աշխատատեղ, շինարարության իրականացման փուլում՝ 400 աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 300 աշխատատեղ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 673-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂՈՒ 33 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 673-Ա որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՕՏԱՐՎՈՂ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 1,1 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |