ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:
Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրված կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:».
2) 8.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Բանկերը և վարկային կազմակերպություններն սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով։
Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-94-Ն |