ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 հունիսի 2019 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ «ԱՌՆՎԱԶՆ 10 ՏԱՐԻ» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՈՎ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,
գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության` «առնվազն 10 տարի» ձևակերպման մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքի՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունը սահմանում է.
«6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում»:
Սույն գործով վերոհիշյալ իրավադրույթը վիճարկվում է «առնվազն 10 տարի» ձևակերպման մասով։
Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը լրացվել է 10.06.2014 թ. ՀՕ-55-Ն օրենքով, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, այդ թվում` վիճարկվող դրույթը` 19.05.2014 թ. ՀՕ-29-Ն, 10.06.2014 թ. ՀՕ-55-Ն, 01.12.2014 թ. ՀՕ-198-Ն, 04.03.2015 թ. ՀՕ-14-Ն, 31.05.2017 թ. ՀՕ-91-Ն, 07.03.2018 թ. ՀՕ-143-Ն, 21.06.2018 թ. ՀՕ-341-Ն օրենքներով ենթարկվել է լրացումների և փոփոխությունների։
Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի հունվարի 29-ի` ՎԴ/9279/05/18 գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:
Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները, վերջիններիս հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմեր և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Հղումներ կատարելով Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ և մի շարք այլ հոդվածներին, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, վերլուծելով Օրենքի ինչպես 9-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը, այնպես էլ այլ դրույթներ` դիմողը գտնում է, որ դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց կենսաթոշակի հաշվարկման այդ նորմերով սահմանված մեթոդների կիրառումն «էապես նվազեցնում է դատավորի սոցիալական պաշտպանության երաշխիքները, սահմանելով էապես նվազ կենսաթոշակի չափ», միաժամանակ փաստելով, որ «օրենսդրի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում համանման իրավիճակներում գտնվող միևնույն կարգավիճակն ունեցող սուբյեկտների նկատմամբ, այն է` մինչ 01.07.2014 թվականը դատավորի պաշտոն ստանձնած, դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած և 01.07.2014 թվականից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքի հավակնող անձանց նկատմամբ` օրենսդրորեն չսահմանելով նման տարբերակված մոտեցման որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում»։
Դիմողի կարծիքով՝ 01.07.2014 թվականից հետո կիրառման ենթակա իրավակարգավորմամբ կենսաթոշակի իրավունքի էության աղավաղմանը չհանգեցնող կենսաթոշակի հաշվարկման ընդհանուր կանոնից բացառություն սահմանելով և 01.07.2014 թվականի դրությամբ դատավորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարած անձանց համար կենսաթոշակի հաշվարկման (չափի) առավել բարենպաստ պայմաններ սահմանելով` օրենսդիրն իրացրել է իր հայեցողական լիազորությունը` «չարդարացված խտրականություն առաջացնելով նշյալ և 01.07.2014 թվականից հետո դատավորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարման ժամկետը լրացած անձանց միջև»։
Բացի դրանից, դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ օրենսդիրը խախտել է նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու սահմանադրական սկզբունքը։
Վերոհիշյալ փաստարկների հիմքով դիմողը գտնում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունն այնքանով, որքանով սահմանափակում է նախատեսում Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարվա պաշտոնավարման ժամկետը դեռևս չլրացրած անձանց համար առավել բարենպաստ պայմաններով կենսաթոշակի հաշվարկման համար, չի համապատասխանում Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներին։
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
Հղումներ կատարելով Սահմանադրության մի շարք հոդվածներին, վկայակոչելով խտրականության արգելքի, դատավորների անկախության և սոցիալական ապահովության իրավունքի իրացման սկզբունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները և միջազգային իրավական մի շարք փաստաթղթեր՝ պատասխանողը գտնում է, որ դատավորների ինչպես վարձատրության, այնպես էլ նրանց տրամադրվող կենսաթոշակի չափի` որպես սոցիալական երաշխիքի ապահովման պատշաճության գնահատական կարող է տրվել` այն համեմատելով տվյալ երկրում առկա տնտեսական գործոնների հետ։ Կենսաթոշակի չափի ընտրությունը, ըստ պատասխանողի, պետության հայեցողության սահմաններում է, քանի դեռ այն չի հակասում Սահմանադրության պահանջներին կամ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին։ Եթե պետությունը, ինչպես փաստում է պատասխանող կողմը, դատավորի կենսաթոշակի չափը պայմանավորի կոնկրետ ժամանակաշրջանում, այն է` «մինչ 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորի պաշտոն ստանձնած, առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած դատավորների ստացած կենսաթոշակի չափով, ապա այն մեխանիկորեն բերելու է կենսաթոշակի չափի բարձրացման, ինչը թեև ցանկալի է, սակայն կարող է չհամապատասխանել պետության ֆինանսական հնարավորություններին»։
Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսդիրը սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին հետադարձ ուժ չի հաղորդել, և այդ դրույթները «բացառապես տարածվում են Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը թեև դիմողի և պետության միջև եղել են սոցիալական ապահովության իրավահարաբերություններ, սակայն ոչ հաշվարկման ձևաչափի փոփոխման հիմք»։
3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս, մասնավորապես, պարզել.
- Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը, ինչպես նաև Օրենքի` դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթներ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի տեսանկյունից երաշխավորու՞մ են արդյոք դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակ,
- արդյո՞ք Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորի պաշտոն ստանձնած, դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած և 2014 թվականի հուլիսի 1-ից հետո կենսաթոշակ ստանալուն հավակնող դատավորների միջև առանց օբյեկտիվ հիմքի տարբերակում է դնում:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որում, որպես սահմանադրական կարգի հիմնական սկզբունք, երաշխավորված է պետական, այդ թվում` դատական իշխանության իրականացումը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ինչը դատարանների անկախությունը երաշխավորող և սահմանադրական նախապայման է։ Համակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ այն առաջնահերթ ենթադրում է դատական իշխանությունը (արդարադատությունը) իրականացնող դատավորների գործառական, կառուցակարգային, նյութական և սոցիալական անկախության նորմատիվ այնպիսի կարգավորումների առկայություն, որոնք անհրաժեշտ և բավարար են արդարադատության իրականացման համար։
Դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն սոցիալական անկախության երաշխիքները, որոնք սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության գնահատման տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն։
Սահմանադրական դատարանը, իր որոշումներում անդրադառնալով դատական իշխանության անկախության, դատավորի կարգավիճակի, դրա առանձնահատկություններն օրենքով կանոնակարգելու հարցերին, բազմիցս արձանագրել է դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովման առանձնահատուկ կարևորությունը: Այս հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալին.
1) դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կարգավորելիս չի կարող խախտվել դատավորի` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին՝ կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու միջազգայնորեն ընդունված սկզբունքը (ՍԴՈ-647),
2) պետությունը, թերևս, կարող է իր հնարավորությունների սահմանափակման որոշակի իրավիճակների պայմաններում վերանայել դատավորների սոցիալական ապահովության շրջանակներում նախկինում ստանձնած իր պարտավորությունները, երբ անհրաժեշտ է պաշտպանել այլ սահմանադրական արժեքներ, սակայն եթե երկրի տնտեսությունը շարունակել է տնտեսական աճ արձանագրել, ապա չկան օբյեկտիվ նախադրյալներ դատավորի աշխատավարձի ու կենսաթոշակի միջև խզումը մեծացնելու համար (ՍԴՈ-647),
3) եթե կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով, և հետո այն վերացվել է, ապա անտեսվում են այդ անձանց` արտոնյալ կարգով կենսաթոշակ ստանալու լեգիտիմ ակնկալիքները (ՍԴՈ-723),
4) եթե անձն արտոնյալ կարգով կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա, ապա պետության համար ծագում է պարտականություն` երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը (ՍԴՈ-723),
5) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում` կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները։ Պետության հայեցողությունն է սահմանել կենսաթոշակի ձևերը, դրանց նշանակման կարգը և պայմանները, սակայն այդ հայեցողությունն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել վերոնշյալ սկզբունքները (ՍԴՈ-731),
6) կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է (ՍԴՈ-865)։
Վերահաստատելով իր որոշումներում արտահայտած վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք սույն գործով քննության առարկայի շրջանակներում ևս կիրառելի են վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս։
4.2. Դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարևորվում են նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։
Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված` Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներում արձանագրված է, որ «հաճախակի են անհամապատասխանություններն այդ սկզբունքների մասին պատկերացման և փաստական դրության միջև», և որ անհրաժեշտ է հաշվի առնել, «որ յուրաքանչյուր երկրում արդարադատությունը կազմակերպելիս և իրականացնելիս պետք է ղեկավարվել այդ սկզբունքներով և ջանքեր ձեռնարկել դրանք լիովին կենսագործելու նպատակով` .…հաշվի առնելով, որ դատավորների պարտականություններն իրագործելու վերաբերյալ նորմերը պետք է նպատակաուղղված լինեն դատավորներին այդ սկզբունքներին համապատասխան գործելու հնարավորություն տալուն»։ Միաժամանակ սահմանվում է, որ «դատավորների անկախությանը համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով» (11-րդ կետ)։
Նույնաբովանդակ սկզբունքներ են ամրագրված նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում (6.4-րդ կետ), որոնց համաձայն` օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին։ Միաժամանակ, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի և դրան կից բացատրական զեկույցի 6.2-րդ կետի համաձայն` դատավորների վարձատրությունը միմյանց համեմատ կարող է տարբերվել` կախված պաշտոնավարման ժամկետից, դատավորների կողմից իրականացվող պարտականությունների բնույթից և նրանց առջև դրված խնդիրների կարևորությունից, որոնք պետք է գնահատվեն թափանցիկ պայմաններում (Ստրասբուրգ, 1998 թ.)։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ:
Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված` «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով։ Նույն խորհրդի և «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն` «չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսավորման մակարդակը, որը երկիրը կարող է տրամադրել իր դատարաններին, քաղաքական որոշման արդյունք է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իշխանությունների բաժանման սկզբունքի վրա հիմնված համակարգի գործարկմանը՝ ապահովելու, որ ո՛չ գործադիր, և ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը որևէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա բյուջեի հաստատման ժամանակ», միևնույն ժամանակ, դատարաններին այդ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքով (ԵԴԽԽ, թիվ 1 կարծիք, 62-րդ կետ, թիվ 2 կարծիք, 5-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004, 46-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004)։
Վենետիկի հանձնաժողովի 82-րդ լիագումար նիստի շրջանակներում ընդունված` «Դատավորների (դատական իշխանության) անկախության վերաբերյալ» զեկույցում (2010 թվականի մարտի 12-13) վերահաստատվում է դատական իշխանության անկախության օբյեկտիվ չափանիշներով պայմանավորված իրավական երաշխիքներ սահմանելու կարևորությունը, միաժամանակ արձանագրվում է. «Դատական իշխանության անկախությունն ունի ինչպես օբյեկտիվ բաղադրիչ՝ որպես Արդարադատության պարտադիր հատկանիշ, այնպես էլ սուբյեկտիվ բաղադրիչ՝ որպես անհատի՝ իր իրավունքները և ազատություններն անկախ դատավորի կողմից սահմանվելու իրավունք: Առանց անկախ դատավորների չի կարող լինել իրավունքների և ազատությունների ճիշտ և օրինական իրականացում: Հետևաբար, դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ չէ: Այն դատավորների անձնական առավելությունը չէ, այլ պայմանավորված է դատավորների՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտությամբ» (բաժին 1, 6-րդ կետ):
Հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականի դրույթները, ընդլայնելով դատավորների մասնագիտական արժանապատվության և պատասխանատվության մակարդակին համապատասխան նրանց վարձատրության չափն օրենքով երաշխավորելու վերաբերյալ սկզբունքի կիրառումը` հանձնաժողովն իր զեկույցում արձանագրել է նաև դրանում կենսաթոշակի հարցերը ներառելու անհրաժեշտությունը (բաժին 6, 44-րդ կետ)։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ միջազգային իրավական վերոթվարկյալ փաստաթղթերում ամրագրված կարգավորումների համադրված վերլուծությունը վկայում է, որ.
- դատավորների անկախության սոցիալական երաշխիքներն ապահովող նորմատիվ կարգավորումները պետք է նպատակաուղղված լինեն դատավորների կողմից արդարադատություն իրականացնելու համար պատշաճ նախադրյալների ստեղծմանը,
- պետական բյուջեի շրջանակներում դատարանների ֆինանսավորման վերաբերյալ հարցերը, քաղաքական որոշման արդյունք լինելով հանդերձ, պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքի պահպանման պայմաններում,
- կախված դատավորի վարձատրության չափից՝ կենսաթոշակի չափի որոշման անհրաժեշտությունը դատավորների անկախության սոցիալական երաշխիքների կարևոր բաղադրատարր է,
- դատավորի կենսաթոշակը, դրա չափը և կենսաթոշակի անցնելու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով,
- դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք այնպիսի կենսաթոշակով, որը պաշտոնավարման ամբողջ ընթացքում զերծ կպահի նրանց կողմնակի ազդեցությունից,
- դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի որպես դատավոր նրանց ստացած վերջին աշխատավարձի չափին, ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց ստացած աշխատավարձի հետ,
- դատավորների վարձատրությունը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը միմյանց համեմատ կարող է տարբերվել` կախված պաշտոնավարման ժամկետից, դատավորների կողմից իրականացվող պարտականությունների բնույթից և նրանց առջև դրված խնդիրների կարևորությունից, պատասխանատվության աստիճանից:
4.3. Անդրադառնալով սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության գնահատման խնդրին` Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել Սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքները, որոնց շրջանակներում պետք է կարգավորվեն դատավորի կենսաթոշակի իրավունքի իրականացման պայմանները։
Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի համաձայն` դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են սահմանադրական օրենքներով` Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով, իսկ դատավորի վարձատրության չափը սահմանվում է սովորական օրենքով։
Սահմանադրության հիշյալ պահանջները մասամբ կոնկրետացվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի` ամրագրվում է Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրության պահանջ, իսկ նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնորեն պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:
Նույնաբովանդակ սկզբունքներ են նախատեսված նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` մյուս դատարանների դատավորների համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ ամրագրված և դրանից բխող՝ դատավորների սոցիալական անկախության ապահովման հիմնարար պահանջները պետք է դրված լինեն նրանց վարձատրության, այդ թվում` կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորող բոլոր օրենսդրական լուծումների հիմքում, մասնավորապես.
1) բացառապես դատավորի բարձր կարգավիճակով և պատասխանատվությամբ, այլ ոչ թե ընթացիկ քաղաքական, ներառյալ` սոսկ բյուջետային միջոցների խնայողության նկատառումներով պետք է պայմանավորված լինի դատավորի վարձատրության ցանկացած նորմատիվ կանոնակարգում, այդ թվում` վարձատրության և կենսաթոշակի չափերը, որոնք, իրենց հերթին, կոչված են, ի թիվս այլնի, զերծ պահել նրան կողմնակի ազդեցությունից, ինչը կանխորոշում է դատավորների բնականոն գործունեության համար առանձնահատուկ սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը,
2) դատավորների համար արդեն իսկ սահմանված սոցիալական երաշխիքների մակարդակը, այդ թվում` դատավորի աշխատավարձի (դրա նկատմամբ սահմանված հավելավճարների), ինչպես նաև նրա կենսաթոշակի չափը, կարող է նվազեցվել բացառիկ դեպքերում, որպես վերջին այլընտրանք` համարժեք բարձր կարգավիճակ և պատասխանատվություն ունեցող այլ պաշտոնատար անձանց համար դրա նվազեցման հետ միաժամանակ, ընդ որում, համաձայն Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, առանց այդ նվազեցումը կարգավորող օրենքին հետադարձ ուժ տալու,
3) դատավորների միջև վարձատրության, այդ թվում` կենսաթոշակի չափի տարբերակումը պետք է պայմանավորված լինի միայն օբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես` պաշտոնավարման տևողությամբ, դատավորների կողմից իրականացվող լիազորությունների բնույթով, ծավալով, նրանց պատասխանատվության աստիճանով, այլ ոչ թե առանձին դատավորների պաշտոնավարման առանձին ժամանակաշրջանով, այդ ժամանակաշրջանում ընթացիկ քաղաքականությամբ պայմանավորված լուծումներով, որևէ օրենքի ընդունման կամ ուժի մեջ մտնելու ամսաթվով, կամ դատավորի` կենսաթոշակի անցնելու որևէ ժամանակահատվածով,
4) թեև, ի տարբերություն դատավորի բարձր կարգավիճակի բոլոր մյուս երաշխիքները սահմանադրական օրենքներով սահմանելու սահմանադրական պահանջի (Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մաս), դատավորի վարձատրության, ներառյալ` կենսաթոշակի չափը, սահմանվում է սովորական օրենքով (Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասություն), այդուհանդերձ, այդ օրենքը ևս պետք է համարժեք նախադրյալներ ապահովի` դատավորի բարձր կարգավիճակին և նրա պատասխանատվությանը համապատասխանող վարձատրության, այդ թվում` կենսաթոշակային ապահովման համար, ինչը չի կարող կախվածության մեջ դրվել Ազգային ժողովում և Կառավարությունում քաղաքական ուժերի սոսկ ընթացիկ հարաբերակցությունից և այդ մեծամասնության ընթացիկ ֆինանսական քաղաքականությունից,
5) պետք է հաշվի առնել, որ դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը և դրա չափը, նրանց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են.
- իրենց կյանքը և գործունեությունը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնավարումից հետո պլանավորելը,
- կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններով կաշկանդված չլինելը:
Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվության աստիճանին, այլև ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել ևս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից:
4.4. Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը համադրելով դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ կարգավորումների հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
1) Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք է վերապահված դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած այն անձին, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (լրացել է նրա 65 տարին), ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով (Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),
2) Օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ (Օրենքի 4-րդ հոդված),
3) Օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ` Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, Հ-ն` Օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը, Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, ՄՍ-ն` մասնագիտական ստաժը, ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս),
4) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները (Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս),
5) Օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում (Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս),
6) մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս),
7) Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով (Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս),
8) Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում,
9) վերոնշյալ անձանց` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով,
10) եթե վերոհիշյալ կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով,
11) վերոհիշյալ կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։
Այսպիսով, ինչպես հետևում է դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգի վերոնշյալ իրավապայմանների վերլուծությունից՝
1) Օրենքով տարբերակվում են դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգի ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ (անցումային) իրավապայմաններ` ելնելով անձանց շրջանակներից (մասնավորապես` Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած կամ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված պետական պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակներից), ընդսմին` Օրենքի հիմնական մասով սահմանված նորմերի գործողությունը զուգորդվում է տարբերակված կարգավորումներ ամրագրող անցումային դրույթներով,
2) մեկից ավելի կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ, ինչը հնարավորություն է ստեղծում ընտրելու առավել նախընտրելի պայմաններով ու չափով կենսաթոշակը,
3) կենսաթոշակի չափի հաշվարկման ընդհանուր բանաձևում, ի թիվս այլ հավելումների, հաշվի է առնվում դատավորի պաշտոնի համար սահմանված դրույքաչափի առավելագույն գործակիցը, ինչը համահունչ է կենսաթոշակի չափը` որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի չափին հնարավորինս մոտ լինելու վերաբերյալ միջազգային չափանիշներին,
4) նախատեսված է սահմանված կենսաթոշակի չափը` վերջինիս բաղադրատարրերի չափերի փոփոխմանը համահունչ, վերահաշվարկելու հնարավորություն,
5) նախատեսված է Օրենքով հաշվարկված կենսաթոշակի և մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի միջև ընտրության հնարավորություն։
Սահմանադրական դատարանը միաժամանակ փաստում է, որ Օրենքով սահմանված կենսաթոշակի հաշվարկման ընդհանուր կարգը չի տարածվում այն անձանց վրա, որոնք նույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:
4.5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի նյութերից, մասնավորապես` նաև օրենքն ընդունած պատասխանող կողմի` Ազգային ժողովի բացատրություններից հետևում է, որ տարբեր դատավորների կենսաթոշակի չափը որոշելիս՝ կախված նրանց պաշտոնավարման դադարման կոնկրետ ժամանակահատվածից և այդ ժամանակահատվածում ընդունված օրենքներից, կենսաթոշակի հաշվարկման և տարբերակված մոտեցման հիմքում դրվել են հատկապես Հայաստանի Հանրապետությունում այդ օրենքների ընդունման պահին առկա տնտեսական գործոններին, պետության ֆինանսական հնարավորություններին վերաբերող` ընթացիկ քաղաքական նկատառումներ, և առկա չէ որևէ հիմնավորում` Օրենքի վիճարկվող դրույթի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների, հատկապես նաև դատավորների կենսաթոշակի չափի էական նվազեցմանը վերաբերող դրույթների ընդունմանը և ուժի մեջ մտնելուն նախորդող իրավակարգավորումները փոփոխելու վերաբերյալ, որը հրատապ անհրաժեշտություն և վերջին այլընտրանք կլիներ պետության ֆինանսական քաղաքականության հրամայական պահանջները կատարելու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում, հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքը՝ փոխկապակցված Սահմանադրության 3-րդ գլխում սահմանված օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների հետ, պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու հարցերում, այդ թվում՝ հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա՝ միևնույն ժամանակ այդ սահմաններում գործադրելով Սահմանադրությամբ կանխորոշված հնարավոր ջանքերը` սոցիալական ապահովության մակարդակը հետևողականորեն բարելավելու ուղղությամբ: Այս ոլորտում հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանադրականության գնահատումը ենթադրում է պետության նման հայեցողության և նրա սոցիալ-տնտեսական հնարավորությունների հաշվառման անհրաժեշտություն:
Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների անկախության բաղադրիչ հանդիսացող սոցիալական ապահովության հատուկ երաշխիքները չեն կարող նույնացվել սոցիալական ապահովության ընդհանուր երաշխիքների հետ, մինչդեռ այդ մոտեցումն է դրվել պատասխանողի դիրքորոշումների հիմքում:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ դատավորների` Սահմանադրությամբ երաշխավորված անկախությունը չի կարող ունենալ վերացական բնույթ: Այն ենթադրում է, ի թիվս այլնի, նաև սոցիալական անկախության այնպիսի պարտադիր նախադրյալներ, որոնք անհրաժեշտ և բավարար են դատարանների և ամբողջ դատական իշխանության բնականոն գործունեությունը երաշխավորելու համար: Ուստի, դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության սահմանադրորեն պահանջվող միջոց։
Հետևաբար, սույն որոշումից բխող իրավակարգավորումները դատավորների անկախության այլ երաշխիքների ապահովմանը զուգահեռ պետք է միտված լինեն դատավորների անկախության սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:
Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններից է նաև ոչ միայն դատավորի և դատարանների անկախության երաշխիքների առկա մակարդակի պահպանումը, այլև դրա շարունակական ամրապնդումը: Ուստի, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների անկախության սոցիալական երաշխիքների, ներառյալ` նաև նրանց կենսաթոշակի չափի նվազեցումը` առանց Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներից բխող հիմնավոր (օբյեկտիվ) պատճառի, հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված սկզբունքին:
Ինքնին թույլատրելի գնահատելով դատավորների միջև նախորդող և հետագա ժամանակահատվածների համար կենսաթոշակի չափի նվազեցումը՝ առանց դրան հետադարձ ուժ հաղորդելու, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հիմնավորելու համար բավարար չէ բյուջեի խնայողության կամ ընթացիկ քաղաքական և տնտեսական գործոնների մատնանշումը: Հետևապես, կենսաթոշակի չափի տարբերակումը՝ պայմանավորված ինքնին դատավորների կենսաթոշակի անցնելու որևէ ժամանակահատվածով կամ այդ ժամանակահատվածում որդեգրված ընթացիկ քաղաքականությամբ, չի կարող գնահատվել որպես դատավորների միջև կենսաթոշակի չափի օբյեկտիվ և Սահմանադրության տեսանկյունից արդարացված տարբերակում:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ չի խախտվել Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, քանի որ վիճարկվող իրավակարգավորումը չի տարածվում դրա ընդունմանը և ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Բացի դրանից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորն ինքնին չի կարող լեգիտիմ ակնկալիքներ (սպասելիքներ) ունենալ իր վարձատրության սահմանված չափի, այդ թվում` դեռևս չնշանակված կենսաթոշակի չափի անփոփոխելիության նկատմամբ՝ պայմանով, որ նրա կենսաթոշակի չափի փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրության գերակայող սկզբունքների և նորմերի երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն` արդարացվում է բացառիկ իրավիճակով, վերջին այլընտրանքային միջոցն է, և իրականացվում է հանրային ծառայության ամբողջ համակարգում` դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող այլ պաշտոնատար անձանց համար սահմանված համամասնություններին համապատասխան, ինչպես նաև խստագույնս պահպանելով դատական իշխանության և դատավորների անկախության այլ երաշխիքներ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը այնքանով, որքանով նույնպիսի չարդարացված հիմքերով տարբերակված մոտեցում է նախատեսել 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները սահմանափակելու մասով, նույնպես հակասում է Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դատական իշխանության անկախության երաշխավորման սահմանադրաիրավական նպատակների իրացման անհրաժեշտության տեսանկյունից խնդրահարույց են մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, ինչպես նաև դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը «գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանելու» իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահելու վերաբերյալ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով և 9-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումները։ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի ընդհանուր տրամաբանությունից, միջազգային իրավական պրակտիկայում ամրագրված սկզբունքներից է բխում դատավորների կենսաթոշակի չափին ու հաշվարկման կարգին վերաբերող հարաբերությունները բացառապես օրենքով կարգավորելու պահանջը։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1302 որոշմամբ Սահմանադրական դատարանն արդեն անդրադարձել է Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության հարցին՝ այն իր այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, ընդ որում, Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ի թիվս այլնի, հանգում էին նրան, որ Օրենքով դատավորների անկախության համարժեք սոցիալական երաշխիքներ չեն ապահովվում, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ Սահմանադրության 7-րդ գլխի դրույթները, ներառյալ սույն գործով սահմանադրականությունը գնահատելու հիմք ծառայած՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի՝ դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրության հատուկ պահանջին վերաբերող 10-րդ մասը, ուժի մեջ են մտել Հանրապետության ներկայիս նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 10-րդ մասի և 68-րդ հոդվածի 16-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրական դատարանը վերանայում է իր ՍԴՈ-1302 որոշումը, քանի որ սույն գործի քննության պահի դրությամբ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1302 որոշմամբ կիրառված դրույթները փոփոխված են եղել:
Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածների՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
2. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը` «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով, ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
3. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
4. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
5. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը, ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ դատավորներին վերաբերող մասով, ճանաչել Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
6. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետի և 19-րդ մասի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 10-րդ մասի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին նշված դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, այն է` կառաջանա իրավակարգավորման բաց՝ դատավորների կենսաթոշակային ապահովության ոլորտում, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի հոկտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:
7. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
18 հունիսի 2019 թվականի ՍԴՈ-1463 |